Հայրենական պատերազմի մասնակիցներ

Կրակոցներ քոչարու տակ և հարբած հերոսներ. երբ թոռները ստիպում են պապին հիշել մանկությունը

222
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշել է, թե ինչպես է առաջին անգամ Երևանում տոնել մայիսի 9-ը։ Հայրենական մեծ պատերազմի վետերան–հարևանների հետ ջերմ խնջույքը մինչև այսօր էլ ավելի լավ է հիշում, քան շքերթներն ու հրավառությունները։

Դպրոցահասակ թոռնիկներիս տնային առաջադրանք էին տվել. Հաղթանակի օրվա կապակցությամբ բերել Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռված տատիկների և պապիկների լուսանկարները։ Տատիկ–պապիկների հարցում չէր ստացվի, ստիպված էինք փնտրել ավելի ավագ սերնդին` ապուպապերին ու ապուտատերին։ Այսօր շատ քիչ ընտանիքներ կան, որոնք այդ պատերազմի մասնակից անդամներ ունեն, իսկ նրանց երեխաները թեև պատերազմ տեսել են, բայց ուրիշ։ Միևնույն ժամանակ նաև այլ խնդիր առաջացավ։

Այսօր ընտանեկան ալբոմներ չեն պահում, հեռավոր անցյալի լուսանկարները, գունաթափ, կողքից ծալված, ճաքած, փնտրում են տոպրակներում կամ տուփերում, բայց գտնում են միայն այն դեպքում, եթե գիտեն, թե ինչը որտեղ է դրված։

Լուսանկարչական ժամանակակից տեխնոլոգիաները հեշտությամբ լուծել են խնդիրը. Ցանկացած թվային սարք իր հիշողությունն ունի, հաճախ անտակ, և այս առումով սովորական մարդկային հիշողությունները, որոնք հավերժացել են գունաթափ սև ու սպիտակ լուսանկարներում, ձեռքերը պարզում են ու հանձնվում։ Այսօր կարող ես մատով սեղմել սմարթֆոնին,և ձեր դիմաց կհայտնվի լուսանկարների անծայրածիր օվկիանոսը։

Այդուհանդերձ, ես երեք լուսանկար գտա ռազմաճակատից։ Հայրս` դեռ տակավին երիտասարդ, մայորի ուսադիրներով, գունաթափ հագուստով, գլխարկով, գոտու ճարմանդին` աստղ, երկարաճիտ կոշիկներով։ Կողքին` ոչ կովկասցի 6 մարտիկ (Թամանյան դիվիզիա), դաշտում` փոքր բեռնատար` դուրս գցած կողերով, թափքում` գնդացիր, կողքին` երկու ձի։

Եվս մեկ լուսանկար զարմուհիս ուղարկեց Երևանից, ստացվեց 6, բայց դպրոց էր պետք տանել մեկը։ Ընտրելու իրավունքը տվեցի թոռնիկներիս. ձիավարության դասընթացների հաճախող աղջիկներն ընտրեցին ձիերով լուսանկարը...

...Ժամանակը ոչ միայն ջնջում է այն, ինչ եղել է, այլև շուռ տված հեռադիտակի նման փոխում է հեռանկարը։ Այսօր Ստալինգրադը կամ Կուրսկի աղեղը թոռներիս համար նույնն է, ինչ իմ մանկության համար Բորոդինոն կամ Սառցամարտը։

Պատմության փաստ, ոչ մի անձնական բան։ Միևնույն ժամանակ, անձնական` գրեթե յուրաքանչյուր հայի համար։ Որովհետև պատերազմ էին գնացել ավելի քան 600 հազար հայ, իսկ գրեթե կեսը տուն չէին վերադարձել։

Հաղթանակած մարտիկների թիվն օրեցօր պակասում է, ու հեռու  չէ այն ժամը, երբ արդեն պատերազմի տարիների երեխաների թիվն էլ հաշված կդառնա։

Յուրաքանչյուրը հիշում է իր Հաղթանակի օրը յուրովի, հիշում եմ նաև ես։

Մայիսի 9, կեսօր, բակ։ Թթենու տակ փայտե սեղան է գցած, ժողովուրդն արդեն աղմկում է։ Հատկանշական մանրուք. այն ժամանակ կոնյակ ավելի շատ էին խմում, քան օղի, բայց քանի որ շատ էին խմում, հարբում էին այնպես, ասես օղի խմած լինեին։

Ովքե՞ր էին սեղանի շուրջ։ Նշում եմ նրանց, ում հիշում եմ. Գուրգեն հորեղբայրը` ԿԿ–ի դեմքերից մեկի միաչքանի վարորդը, որին աշխատանքի էին վերցրել այդ մարդու հովանավորությամբ` նույնպես պատերազմի մասնակից։ Քեռի Արտաշը` շրջանային պոլիկլինիկայի բժիշկ, ոչ վաղուցվա զինվորական բժիշկ, հորեղբայր Կոլյան` նախկին հրետանավոր, որը հաճախ էր գալիս տեսակցելու քրոջը, հորաքույր Մանյան` «Երևան» ռեստորանի մատուցողուհի, ռազմաճակատային անցյալում կապավոր, Վարդան հորեղբայրը` ոտքեր չունեցող հաշմանդամ, ռազմաճակատային հետախույզ։ Բոլորը շքանշանակիրներ և մեդալակիրներ։

Ամենաշատ պարգևներն ունի Վարդան հորեղբայրը, բայց դա, ըստ երևույթին, այդպես էր թվում այն պատճառով, որ նրա մարմնի ներքևի հատվածը չկար, իսկ այն, ինչ կար, ամբողջությամբ պատված էր պարգևներով, որոնց վրա շողշողում էր Խորհրդային Միության հերոսի աստղը։

Վարդան հորեղբայրը մենակ էր ապրում, շատ էր խմում, և եթե չլիներ հորաքույր Մանյան` հարևանուհին, որը թույլ չէր տալիս, որ նա խմի, ապա իսկական հարբեցող կդառնար։ Նման դեպքերում Մանյան լուռ հանում էր անվասայլակից, գրկում, պառկեցնում մահճակալին և կողպում դուռը։ Օգնում էր։

Մայիսի 9-ին Վարդան հորեղբայրն արդեն առավոտից գինովցած էր։ Դա կռահում էինք նաև մենք` երեխաներս, նրա անհասկանալի հայհոյանքներից. ինչպես հետագայում պարզվեց, ռազմաճակատային հետախույզը գերմաներեն վատ էր խոսում, բայց խոսում էր խրոխտությամբ։

Սեղանի շուրջ հավաքված մարդիկ ինչ–որ բան էին պատմում, ժամանակ առ ժամանակ ոտքի կանգնում, բաժակները զարկում և մինչև վերջ խմում։ Հետո միմյանց ընդհատելով` նորից էին խոսում, նորից էին ոտքի կանգնում և նորից խմում։ Երբ բոլորը կանգնեցին, իսկ Վարդան հորեղբայրը չէր կարող, տեղը–տեղին կոնծած հերոսը սկսեց հայհոյել (հարազատ հայերենով) և բռունցքը խփեց սեղանին։ Գործը հասավ նրան, որ Մանյա հորաքույրը լուռ կանգնեց ու նախկին հետախույզին տարավ տուն։

Տոնական կերուխումը շարունակվեց։ Ավելի ուշ Արտաշ քեռին բղավեց. «Բե˜ր»։ Կինը բերեց պատեֆոնը։ Հնչեց երաժշտությունը, քոչարու ժամն եկավ։ Հետո նորից. «Բե˜ր»։ Այս անգամ կինը բարձերեսի մեջ փաթաթած ինչ–որ բան բերեց։ Նախկին զինվորական բժիշկը միջից հանեց ավար բերած «պարաբելլումը» և ամբողջ պահունակը դատարկեց օդում` հրճվանք պատճառելով մեզ։

Մանկական ամուր հիշողությանս մեջ այսպես դրոշմվեց Երևանում անցկացրած իմ առաջին Հաղթանակի օրը։ Հետո բազմաթիվ նման օրեր եղան` զորահանդեսներով, հրավառություններով, ողջ մնացածներին մեծարելով, զոհվածերին հիշատակելով, հանդիսավոր նիստերով, որտեղ սեղանի շուրջ գեներալներ ու մարշալներ էին նստած, բայց Երևանի բակը` խորդուբորդ  սեղանով, պատերազմի շարքային հերոսներով, որոնք պարզապես հարևաններ էին, հիշում եմ մինչև այսօր։

Կարո՞ղ եմ արդյոք զգացողություններս թոռներիս փոխանցել։ Կասկածում եմ։ Կան իրադարձություններ, որոնք պետք է ինքդ վերապրես։ Արդյո՞ք հաղթանակած մարտիկների ծոռները պետք է հիշեն մայիսի 9-ը։ Անպայման։ Պատմությունը անիվների վրա դրված պայուսակ չէ, որը կարելի է վերցնել ու տանել։

Իսկ ի՞նչ է պետք անել, որ չմոռացվի։

Նախ` ամեն տարի դուրս գալ և մասնակցել «Անմահ գունդ» ակցիային, որը Երևանում անցկացվեց նաև այս տարի։ Որքան ավելի շատ երիտասարդներ և պատանիներ են մասնակցում նման ակցիաներին, այդքան ավելի երկար կհիշվի մայիսի 9-ը։ Բացի այդ նաև Բեռլինում ռեյխսթագի գրավումը և Շուշիի ազատագրումը հանդիպեցին միմյանց օրացույցի նույն էջին, և դա հայերի համար կրկնակի տոն է։

Իսկ Մոսկվայում այլ կերպ վարվեցին, որոշեցին օգնել պահպանելու այն տարիների մասունքների բնօրինակները` մայրաքաղաքի գլխավոր արխիվային վարչությանը փոխանցելով Հայրենական մեծ պատերազմի հետ առնչվող նյութերը (ռազմաճակատային օրագրեր, լուսանկարներ, բացիկներ, լրագրերի էջեր)։ Բայց այնպես չէր, որ իրենցից պոկեցին, տվեցին։ Պատճենը կանեն, բնօրինակները կվերադարձնեն տերերին։ Ինչո՞ւ մենք էլ այդպես չանենք։

Հ.Գ. Պրիմակովի անվան գիմնազիայից էլեկտրոնային նամակ է եղել։ Մայիսի 9-ին հորս`երեխաներիս պապի և թոռնիկներիս ապուպապի լուսանկարը տեղադրվել էր պատերազմի մասնակիցների ցուցատախտակի վրա։ Թոռնուհիներիս դուր եկավ։

222
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ԽՍՀՄ, Հայրենական մեծ պատերազմ
Ըստ թեմայի
Երկարակեցության գաղտնիքը բացահայտել է Մեծ Հայրենականի 101–ամյա վետերանը
Հերոսների քարե վկաները. Հայրենականին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարածքում. ֆոտոշարք
Հաղթանակի ու խաղաղության օր. տոնի բոլոր գույները`Sputnik Արմենիայի ֆոտոշարքում
«Անմահ գնդի» երթը Երևանում. ՀՀ նախագահի ձեռքերում լեգենդար հետախույզի դիմանկարն է
«Ծնկի եմ գալիս, հպարտանում ու հիշում եմ». Մեծ Հայրենականի մասին Սիմոնյանի գրառումը
Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը

Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը

137
(Թարմացված է 09:58 06.06.2020)
Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլի փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվեց հայազգի Սարո Մարդիրյանը։ Ինչ կշիռ ունեն հայերը բարեկամ Ֆրանսիայում համայնքի հենասյուների՝ Շառլ Ազնավուրի և Պատրիկ Դևեջյանի մահից հետո. Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է ունեցել նորանշանակ պաշտոնյայի հետ։

Ալֆորվիլ քաղաքը Ֆրանսիայում հայտնի է որպես «փոքրիկ Հայաստան» ոչ միայն շնորհիվ հայկական մեծ համայնքի, այլև հայկական այն կառույցների, որոնք ազատորեն գործում են քաղաքում։ Հենց այդ էր պատճառը, որ տարիներ առաջ Մարդիրյանների ընտանիքը որոշեց Թուրքիայից Ալֆորվիլ տեղափոխվել, ապրել մի երկրում, որտեղ պետք չէ վախենալ հայ լինելու համար։

Թուրքիայում հայ լինելը խիզախություն է

Նախնիներս մուսալեռցի են, Վաքըֆ գյուղից։ 1915 թվականին նրանք մասնակցել են Մուսալեռի հայտնի հերոսամարտին։ 1939թ.-ին, երբ լեռան շրջակա գյուղերը նորից թուրքերի ձեռքն են անցնում, շատերը որոշում են հեռանալ, բայց իմ նախնիները մնում են։ Թուրքերը ստիպում են մնացողներին փոխել իրենց հայկական ազգանունները։ Այդպես պապիկս ծնվել էր Մարդիրյան, 16 տարեկանում ստիպված դարձավ Սիլահլի։

Новоизбранный мэр Алфорвиля и 16 заместителей
© Photo : provided by Saro Mardirian
Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ

Հետո զավակներին հայերեն կրթություն տալու համար պապիկս հորս և հորաքրոջս ուղարկել Պոլիս, որտեղ հայրս հանդիպել է մորս հետ։ Ես Պոլիսում եմ ծնվել։ Թուրքիայում հայերի համար լավ չէ, այնտեղ հայ լինելը պատիվ չէ, շատերը վախենում են ցույց տալ իրենց հայությունը։ Ինչպես ժամանակին մեծ հայրիկս զավակների կրթության համար ստիպված եղավ նրանց Պոլիս տանել, այնպես էլ հայրս, մտահոգվելով ապագայիս ու կրթությանս մասին, Ֆրանսիա տեղափոխվելու որոշում կայացրեց։ 

Փոքրիկ Հայաստան՝ Ֆրանսիայի սրտում

Հաստատվեցինք Ալֆորվիլ քաղաքում, որովհետև սա Փարիզի շրջանի փոքրիկ Հայաստանն է. կա հայկական դպրոց, եկեղեցի, հայկական անուններով փողոցներ՝ Կոմիտասի, Մանուշյանի, Երևանի պողոտա, Օշական, Աշտարակ հրապարակներ և այլն։ Քաղաքում, քաղաքապետարանում ծածանվում են Հայաստանի և Արցախի դրոշները, ունենք հայկական խանութներ։

Саро Мардирян с семьей
© Photo : provided by Saro Mardirian
Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը ընտանիքի հետ

Քաղաքը 44 հազար բնակչություն ունի, որից 7-8 հազարը հայեր են։ Այստեղ՝ Ալֆորվիլում, տարիներ անց մեր ընտանիքը հայկական ազգանունը վերադարձրեց։ Պապիկս դեռ ողջ էր. նա ծնվեց Մարդիրյան, կյանքի մաս մեծը պարտադրված ապրեց Սիլահլի, բայց մահացավ Մարդիրյան։ 

Ինչու չեղարկվեցին Ֆրանսիայի և Արցախի «քույր քաղաքների» համաձայնագրերը

Ալֆորվիլն ու Արցախի Բերձորը քույր քաղաքներ էին։ Ֆրանսիայում մի քանի քաղաքներ նման բարեկամական համաձայնագրեր ունեին Արցախի քաղաքների հետ։ Բայց մի քանի տարի առաջ նախագահ Էմանուել Մակրոնն ասաց, որ Արցախը ճանաչված պետություն չէ, հետևաբար չեն կարող նման պայմանագրեր լինել, ու դրանք լուծարվեցին։ Շատերս կասկածում ենք, որ այս գործում իրենց դերն են ունեցել ադրբեջանցիներն ու թուրքերը, թեպետ դրա ապացույցը չունենք։

Саро Мардирян с бабушкой матери
© Photo : provided by Saro Mardirian
Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը մեծ տատի հետ

Իհարկե, հայերը սիրված են Ֆրանսիայում, դրա համար էլ քաղաքների ղեկավարներից շատերը հայտարարեցին, որ պայմանագրերի չեղարկումը ոչինչ չի փոխում, իրենց բարեկամությունը շատ ավելին է։ Ալֆորվիլի նախկին քաղաքապետն Արցախում եղել է, նորընտիր քաղաքապետն էլ այս տարի սեպտեմբերին պետք է Արցախ այցելի, եթե վիրուսը չխանգարի։

«Բոլոր հայերն իմ ընտանիքի անդամներն են». Ազնավուրը` հայերի ու իր հայկական ինքնության մասին

Հիմա Ալֆորվիլի 16  փոխքաղաքապետներից երեքը հայեր են։ Հայերը պետք է շատ ակտիվ լինեն, որ կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել, ներկայացնել իրենց շահերը քաղաքապետարաններում, Սենատում, բարձր մակարդակներում։ Շառլ Ազնավուրն ու Պատրիկ Դևեջյանը մեծ հեղինակություն ունեին Ֆրանսիայում, նրանք խոսում էին Հայաստանի, հայերի, Ցեղասպանության մասին։ Հիմա նրանք չկան, և այս իրավիճակում թուրքերն ու ադրբեջանցիներն ավելի են ակտիվանում։

Ադրբեջանցիներն ու թուրքերն ամրացնում են դիրքերը

Էրդողանը Ֆրանսիա եկող թուրքերին ասում է, որ յուրաքանչյուրդ այդտեղ Թուրքիայի դեսպանն եք, հաջողության հասեք, ակտիվ եղեք, մտեք քաղաքականություն, Ազգային ժողով, զբաղեցրեք պաշտոններ։ Ադրբեջանն էլ միլիոնավոր գումարներ է ծախսում։ Շուտով Փարիզի քաղաքապետի ընտրություններն են, շատ հավանական է, որ քաղաքապետ ընտրվի ադրբեջանամետ Ռաշիդա Դատին։

Саро Мардирян с дедом, отцом и сыном
© Photo : provided by Saro Mardirian
Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը հոր, պապի և որդու հետ

Նա արաբական ծագումով ֆրանսուհի է, որին ադրբեջանցիները մեծ գումարներ են տալիս։ Ադրբեջանցիները շատ ակտիվ են մասնակցում ընտրություններին իրենց թեկնածուին առաջ մղելու համար։ Մենք էլ պետք է այդպես վարվենք։ Իրենք շատ փող ունեն, իսկ մենք՝ ոչ։ Ադրբեջանցիների և թուրքերի ակտիվացումը շատ վատ է, որովհետև իրենք կարողանում են Ֆրանսիայի վրա ճնշումներ գործադրել։

Սփյուռքում հայերն ապագա չունեն

100 տոկոս հայ, 100 տոկոս ֆրանսիացի. Ազնավուրն էր իր մասին այսպես ասում։ Ես համաձայն եմ այս մտքի հետ, բայց ինձ համար այս երկուսը նույն արժեքը չունեն։ Իմ ազգությունն է հայ, քաղաքացիությունս՝ ֆրանսիացի, ես կարող եմ այլ երկրում ապրել՝ Ուրուգվայում, ԱՄՆ-ում, իմ քաղաքացիությունը կարող է փոխվել, բայց ազգությունս՝ ոչ։

Ես հիմա Ֆրանսիայի քաղաքացի եմ և արդեն նաև պետական պաշտոն եմ զբաղեցնում, այնպես որ պիտի նվիրումով ծառայեմ իմ քաղաքին՝ Ալֆորվիլին։ Բայց ես իմ ապագան Հայաստանի հետ եմ կապում, քաղաքականություն էլ մտա Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից հետո։ 2008թ.-ին՝ մարտի 1-ի դեպքերից հետո, սփյուռքը կարծես թե լուռ էր, չէր արձագանքում Հայաստանում կատարվածին, իսկ ինձ համար մեծ ցավ էր, որ հայի թշնամին թուրքն է, բայց այդտեղ հայը հայի վրա կրակեց։ Ես հասկացա, որ սփյուռքի այդ լռությունն ինձ չի ներկայացնում, իմ ձայնը չի արտահայտում, ուրեմն ես դա պետք է անեմ։ Վստահ եմ, որ սփյուռքում հայերն ապագա չունեն։

Ես նաև եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, տեսնում եմ, թե ինչքան խառնամուսնություններ են գրանցվում։ Մի քանի սերունդ հետո հայկականությունը կորչում է։ Այդպես է ամենուր։ Դրա համար էլ ընտանիքիս ապագան Հայաստանում եմ տեսնում, կուզեմ այնպիսի դեմոկրատիկ, հզոր երկիր դառնա, որ զավակներիս հետ Հայաստան տեղափոխվեմ։ Ամեն ամառ Հայաստան ենք գալիս, երեխաներս երկու-երեք ամիս այդտեղ են մնում։ Տղաս հինգ տարեկան է, ֆրանսերեն բառ չգիտի։ Ինձ համար կարևոր չէ, որ նա հիմա ֆրանսերեն խոսի. ֆրանսերեն, անգլերեն, ցանկացած այլ լեզու վաղը կսովորի, ինձ համար կարևոր է, որ նա հայերեն խոսի։

Вице-мэр Алфорвиля Саро Мардирян
© Photo : provided by Saro Mardirian
Ալֆորվիլի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը հայկական խաչքարի մոտ

Հայաստանը մեր պատիվն է, մեր հպարտությունն է, յուրաքանչյուր հայ պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանը դառնա աշխարհի ամենալավ տեղը հայերի  համար։

137
թեգերը:
հայ, Ֆրանսիա, Ալֆորվիլ, Սարո Մարդիրյան, փոխքաղաքապետ
Ըստ թեմայի
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը
Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի
Հայաստանում կանայք Շվեյցարիայից դեռ 53 տարի առաջ ընտրելու իրավունք ունեին
Իսրայել, լիալուսին. արխիվային լուսանկար

Ինչպես էին իսրայելցիները պատրաստվում ատոմային ռումբ պայթեցնել անապատում

140
(Թարմացված է 21:35 05.06.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, միջուկային զենք ունի։ Բայց արդյո՞ք եղել է այնպիսի պահ, երբ հրեաները պատրաստ են եղել կիրառել այդ մահաբեր զենքը։
Ինչպես էին իսրայելցիները պատրաստվում ատոմային ռումբ պայթեցնել անապատում

Այսօր արդեն այդ հարցին երևի թե կարելի է դրական պատասխան տալ։ Այո, նման բան պատահել է ուղիղ հիսուներեք տարի առաջ՝ 1967 թվականի հունիսի սկզբին` այսպես կոչված Վեցօրյա պատերազմի ժամանակ։ Համենայն դեպս, հենց այդպես է պնդում իսրայելցի գեներալ Իցհակ Յաակովը, որի մեկնաբանությունները հրապարակել է Վուդրո Վիլսոնի անվան միջազգային հետազոտական կենտրոնը։

​Մի փոքր նախապատմություն։ Իսրայելը, երևի գիտեք, պաշտոնապես երբեք չի խոստովանել, որ միջուկային զենք ունի։ Միշտ պահպանել է այսպես կոչված «միջուկային անորոշությունը»։ Համաձայնեք՝ չափազանց շահեկան կեցվածք է։ Մի կողմից թույլ է տալիս չենթարկվել որևէ վերահսկողության միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԳԱՏԵ-ի կողմից, որովհետև հենց որ քեզ ասում են՝ ցույց տուր միջուկային զենքդ, անմեղ տեսքով պատասխանում ես՝ ի՞նչ զենք, ես երբեք էլ ատոմային ռումբ չեմ ունեցել։ Բայց մյուս կողմից՝ հակառակորդներդ կասկածներ ունեն, որ սուտ ես ասում և իրականում շատ լավ էլ ունես միջուկային ռումբ։ Ու այդ կասկածները նրանց համար ամենալուրջ զսպող գործոնն են։

​Այդուհանդերձ, բազմաթիվ վկայություններ կան, որ 60-ականների կեսերին Իսրայելն արդեն ունեցել է ատոմային ռումբ։ Այդ մասին ժամանակին ակնարկել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները։ Իսկ երեք տարի առաջ հրապարակված հարցազրույցները իսրայելցի գեներալ Իցհակ Յաակովի հետ վկայում են, որ Իսրայելը ոչ միայն ունեցել է ռումբ, այլև մտադիր է եղել օգտագործել այն։ Գեներալ Յաակովը մոտ 15 տարի առաջ կյանքից հեռացել է 87 տարեկան հասակում։ Եվ այսպես՝ գեներալի խոստովանությունը։

Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել

​1967 թվականի սկզբին պարզ դարձավ, որ մի քանի արաբական երկիր՝ Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը և Հորդանանը մտադիր են միաժամանակ հարձակվել Իսրայելի վրա։ Պատկերացրեք համատեղ գրոհ բոլոր կողմերից՝ չորս բանակի մասնակցությամբ։ Եվ, ինչպես պնդում է իսրայելցի գեներալը, որոշվեց դիմել աննախադեպ քայլի՝ ցուցադրաբար ատոմային ռումբ պայթեցնել՝ հակառակորդին սարսափեցնելու և կանգնեցնելու համար։

«Նյու Յորք Թայմսը» մեջբերում է Իցհակ Յաակովի խոսքերը.

«Դա շատ բնական էր։ Ձեր առջև կա թշնամի, որն ասում է, թե ծովը կնետի ձեզ։ Դուք վստահ եք, որ թշնամին հենց նման մտադրություն էլ ունի։ Ինչպե՞ս կարող եք կանգնեցնել նրան։ Վախեցնելով։ Եթե կարող եք սարսափեցնել թշնամուն ինչ-որ բանով, դուք անում եք դա»։

​Ատոմային ռումբը իսրայելցի զինվորականները որոշել էին պայթեցնել Սինայի թերակղզու բարձունքներից մեկում` անապատում, որտեղ բնակիչներ գրեթե չկային։ Նպատակը հակառակորդին հսկայական կորուստներ պատճառելը չէր, այլ ցուցադրելը, թե՝ տեսեք մենք ինչ զենք ունենք, եթե չհրաժարվեք մեզ` հրեաներիս, այստեղից վռնդելու ձեր ծրագրերից, մենք ձեզ հետ նույնը կանենք, ինչ ամերիկացիները 45 թվականին արեցին Հիրոսիմայում և Նագասակիում։

​Գեներալ Յաակովին, որն այն ժամանակ գտնվում էր Կալիֆորնիայում, շտապ կանչեցին Իսրայել և ծանոթացրին ծրագրին, որի էությունն այսպիսին էր։ Իսրայելը դեսանտ է իջեցնում Սինայի թերակղզու բոլորովին այլ վայրում, որպեսզի շեղի հակառակորդի ուշադրությունը։ Մինչ եգիպտացիները զբաղվելու էին դեսանտայիններին չեզոքացնելով, իսրայելական երկու խոշոր ուղղաթիռ տեղ էին հասցնելու ատոմային ռումբը և մոտակայքում հիմնելու էին կառավարման կետ։ Եթե հրաման արձակվեր գործի դնել ռումբը, դրա հզոր պայթյունը երևալու էր Սինայի և Նեգևի անապատների ողջ տարածքում՝ ընդհուպ մինչև Կահիրե։

​Թե ինչպիսին էին լինելու ատոմային ռումբի պայթեցման հետևանքները, հիմա արդեն անհնար է ստույգ ասել։ Դա բազմաթիվ գործոններից է կախված՝ ռումբի հզորությունից, մոտակա տարածքում ապրող բնակչության խտությունից, քամու ուժգնությունից և ուղղությունից և այլն։

Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ

«Այն ժամանակ մենք ինքներս մեզ հարցեր էինք տալիս՝ արդյո՞ք ռումբը կպայթի։ Եթե պայթի, արդյո՞ք մենք կառավարման կետում ողջ կմնանք»,– տարիներ անց անկեղծացել է գեներալը։

Այդ հարցերն ի վերջո անպատասխան մնացին։ Իսրայելի զինված ուժերը հաղթանակ տարան արաբական չորս բանակների նկատմամբ` նվաճելով մի տարածք, որը չորս անգամ մեծ էր Իսրայելից և դրանով իսկ դառնալով առաջատար ռազմական ուժ ողջ տարածաշրջանում։

Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին

140
թեգերը:
ռումբ, Իսրայել, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Ինչո՞ւ Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների վրա». Անաստաս Միկոյան
Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները
Տարօրինակ աշխարհ, կամ խելոք հավերի, թռչող թագավորների և փոխխոսնակ դարձած տաքսիստների մասին

Կորոնավիրուսը Հայաստանում ևս 7 մարդու կյանք է խլել. մեծ մասը կանայք են

16
(Թարմացված է 11:24 06.06.2020)
ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ։ Նրանցից ամենաերիտասարդն ուղեկցող որևէ խրոնիկական հիվանդություն չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12 364-ի։

Այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

16
թեգերը:
Հայաստան, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
ՀՀ–ում կորոնավիրուսից մահացածներից մեկը 44 տարեկան կին է. նոր տվյալներ
Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է