Մարտակերտ. 1992

Ինչու ԽՍՀՄ ղեկավարությունը Բաքվի հետ ձեռք ձեռքի տված քաշեց «Օղակը»

291
(Թարմացված է 18:32 08.05.2019)
Ինքնորոշման ուղին բռնած Արցախի, այն ժամանակ ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հայության պայքարը, որ տևական ժամանակ բացառապես խաղաղ ցույցերով ու քաղաքական ընդունելի այլ եղանակներով էր դրսևորվում, 1991 թվականի այս օրերին, հերթական անգամ բախվեց Բաքվի ու այն ժամանակ նաև ԽՍՀՄ իշխանությունների բացահայտ արյունոտ ու անմարդկային հակազդեցությանը:

Դեռևս 1988-ին, շարժման մեկնարկելուն պես, Արցախի հայության օրինական ու տրամաբանական պահանջի պատասխանը եղավ Սումգայիթը: Երեք օր քաղաքում հայերի վրա զանգվածային հարձակումներ էին կատարվում` գազանության բոլոր դրսևորումներով: Իսկ, ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը ցինիկաբար հայտարարում էր, թե Սումգայիթում խորհրդային բանակն, իբր, ընդամենը երեք ժամ է ուշացել:

Հետո, 1990-ին բանակը երևի չէր ուշացել, բայց արդեն ուշացել էր ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը, և տեղի ունեցան Բաքվի ջարդերը: Հանրագումարում խորհրդային Ադրբեջանի տարածքից` սկսած մայրաքաղաք Բաքվից, վերջացրած Գանձակով, տեղահանվեցին ու բռնագաղթի ենթարկվեցին գրեթե բոլոր հայերը՝ շուրջ 300 հազար մարդ: Իսկ 1990-91 թվականներին գրեթե համատարած ու պարբերական բնույթ էին կրում զանազան ավազակախմբերի հարձակումները հայկական բնակավայրերի վրա։ Դրանք ուղեկցվում էին սպանություններով, մարդկանց առևանգումներով, ունեցվածքի և անասնագլխաքանակի գողություններով:

Այդ ամենը մղեց նրան, որ չնայած պարետային ժամերին, ԽՍՀՄ իշխանությունների, նաև Արցախում այդ ժամանակ հաստատված Պոլյանիչկոյի հակամարդկային ռեժիմին ու վայրագություններին, հայությունը ինքնակազմակերպվում էր, ձևավորվում էին ինքնապաշտպանական ջոկատներ՝ ապահովելու համար սեփական հայրենիքում ու սեփական հողի վրա մեր ժողովրդի ապրելու իրավունքը:

Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը` Գորբաչովի գլխավորությամբ, ակնհայտորեն ցանկություն չուներ այդ խնդիրը լուծելու համար, չուներ որևէ ընկալելի մոտեցում և առավելապես շեշտը դնում էր «զսպման քաղաքականություն» վարելու, ճնշումների և հետապնդումների միջոցով հարցը փակելուն նպատակաուղղված քայլերի վրա:

Եվ, եթե մինչև 1991 թվականի այս օրերը փորձ էր արվում ինչ-որ արտաքին շղարշ պահել, ապա տխրահռչակ «Կոլցո օպերացիան» կամ «Օղակ» գործողությունը վերջնականապես ու ի տես բոլորին պատռեց այդ՝ արդեն միանգամայն թափանցիկ շղարշը:

Мардакертский район, Карабах, 1992 год
© Sputnik / Р. Мангасарян
Մարտակերտ. 1992

Այո, 1991 թվականի ապրիլի 30-ին է սկսվել «Կոլցո օպերացիան», որի ընթացքում Կիրովաբադում (Գանձակ) տեղակայված ԽՍՀՄ 4-րդ բանակի ստորաբաժանումները, ռազմական տեխնիկայի և մարտական ուղղաթիռների գործադրմամբ, այսինքն՝ հնարավոր ամբողջ մարտական ուժով, ադրբեջանական ՕՄՕՆ-ի (հատուկ նշանակության միլիցիայի ջոկատ) հետ սկսեցին Շահումյանի շրջանի Գետաշենի հայաթափումը:

Դա էթնիկ զտման բացահայտ գործողություն էր, որի անմարդկային բնույթն ու ընթացքը հայտնի են բոլորին։ Հայտնի է նաև մեր բազմապատիկ փոքրաթիվ ինքնապաշտպանական ջոկատների, մեր ազատամարտիկների հերոսական դիմադիրությունը, Թաթուլ Կրպեյանի, Սիմոն Աչիկգյոզյանի և իրենց մարտական ընկերների սխրանքը։ Դրանք նկարագրված են բազմաթիվ վկայություններում ու հրապարակային աղբյուրներում: Հայտնի են նաև դաժան ու դեռևս չշտկված հետևանքները՝ հայաթափված և օկուպացված Գետաշեն` մերձակա բնիկ հայկական բնակավայրերով…

Այն, որ Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները` Այազ Մութալիբովի գլխավորությամբ, խնդիր էին դրել վերջնականապես հայաթափել Արցախը, ճնշել ազգային ինքնորոշման կամ, եթե կուզեք՝ ազգային-ազատագրական պայքարը, այնքան ակնհայտ է, որ նույնիսկ չարժե այստեղ մի ավելորդ անգամ ներկայացնել կամ հիմնավորել:

Բայց այն, որ խորհրդային բանակը ուղղակիորեն ներգրավվել է Բաքվի այդ ծրագրերի իրականացման մեջ, խիստ բնութագրական և շրջադարձային պահ է: Այնպես չէ, թե նախքան այդ խորհրդային զինված ուժերը կամ ՆԳՆ ստորաբաժանումները մի կողմ քաշված էին: Սակայն կար նաև որոշակի հավասարակշռություն և նման բացահայտ ու միայն մեկ կողմին աջակցելու դրսևորում չկար: Իսկ այստեղ բանակային ստորաբաժանման մշակված ռազմական գործողություն էր: Այն, ի դեպ, շարունակություն գտավ նաև Հայաստանի սահմանամերձ հատվածներում: ԽՍՀՄ բանակի ներգրավմամբ ամենախայտառակ դեպքերից մեկը 1991-ի մայիսի առաջին օրերին՝ 6-8-ը, Ոսկեպար գյուղի շրջապատումն էր, ու այն պաշտպանող 24 հայ միլիցիոներներին ծուղակի մեջ առնելը սպանությունն էր սովետական բանակի կողմից: Զոհվեց 14 հայ միլիցիոներ, իսկ մյուսներին սովետական զինվորականները ադրբեջանական ՕՄՕՆ-ին գերի հանձնեցին:

Եվ հիմա էլ, տարիների, տասնամյակների հեռվից, հնչում է հարց, թե ինչո՞ւ էր ԽՍՀՄ ղեկավարությունը Բաքվի հետ ձեռք-ձեռքի տված, քաշում այդ «Օղակը»: Այն ժամանակ արդեն իսկ ակնհայտ էր, որ Հայաստանը գնում է անկախության ճանապարհով, ինչպես ասենք, խորհրդային մյուս հանրապետությունները: Եվ չունենալով այդ հանրապետությունները «պահելու» ծանրակշիռ փաստարկներ, քաղաքական լուծումներ և մոտեցումներ, խորհրդային ղեկավարությունը ավելի ու ավելի հաճախ էր դիմում «մտրակի», այսինքն՝ կոշտ ուժի կիրառմամբ շարժումը ճնշելու տարբերակին: Սա հնարավորների շարքում եղած բացատրություններից մեկն է, թե ԽՍՀՄ ղեկավարությանն ու խորհրդային բանակի հրամանատարության ինչին էր պետք նման բացահայտ կերպով Բաքվի հետ ձեռքերը արյունոտել:

Բայց այդ «մտրակային» քայլերն ու դաժանությունները շատ ավելի արագացրեցին Խորհրդային Միության փլուզման՝ այդ ժամանակ արդեն իսկ պարզ երևացող ընթացքը: Եվ, միաժամանակ, այդ զանգվածային ու զինուժի լայն ընդգրկմամբ իրականացված հանցագործությունները  պարզորոշ ու վերջնականապես ցույց տվեցին, որ նման ռազմական ագրեսիային հնարավոր է դիմակայել միայն կազմակերպված ու համագործակցված մարտական խոշոր ստորաբաժանումներ ու սեփական զինված ուժեր ձևավորելով: Արյունոտ այդ իրադարձությունները, ըստ էության, էլ ավելի խթանեցին հայության պայքարը`հուշելով, որ կամ մենք թույլ ենք տալիս ցեղասպանության կրկնություն, կամ պայքարում ենք ու հաղթում:

291
թեգերը:
Սումգայիթ, Արցախ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (395)
Ըստ թեմայի
Սումգայիթ, 30 տարի անց. պատմություն` առանց վերջակետի
ԱԺ նախագահը խոսեց Բաքվի հայկական ջարդերի մասին
Արյունոտ հունվարի 30-ամյա հետքը. հայ փախստականների մասին լռում է անգամ Հայաստանը
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

1401
(Թարմացված է 23:32 02.03.2021)
Ադրբեջանը մտադիր է Արցախից իր տիրապետության տակ անցած տարածքում 3 օդանավակայան կառուցել՝ Ֆիզուլիում, Լաչինում ու Զանգելանում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինչի համար է Ադրբեջանին 3 օդանավակայան պետք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել հարցի պատասխանը։

Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։

Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։

Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ

Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։

Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։

Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:

ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում

Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։

Արամ Թաթոյան
© Photo : Tatev Duryan / Office of Human Rights Defender of Armenia

Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։

Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․

«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։

«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:

Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։

Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։

Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

1401
թեգերը:
Իլհամ Ալիև, Քաղավիացիա, օդանավակայան, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. 1 մարտի, 2021

Անքննելի է ընտրողների վարքագիծը

143
(Թարմացված է 21:15 02.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Մենք միշտ փորձում ենք կանխատեսել առաջիկա ընտրությունների արդյունքները։
Անքննելի է ընտրողների վարքագիծը

Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում  այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։

Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։

Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։

​Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։

Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն  տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։

​Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։

Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում

Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։

2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։

​Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։  Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։

Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը

Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։

Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։

143
թեգերը:
Հայաստան, Մեծ Բրիտանիա, Ընտրություններ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան
Հայտնի է, թե ինչու են Արցախում հետաձգվել ՏԻՄ ընտրությունները
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

0
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

0
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը