Քաղաքացու օր

Սարգսյանի հրաժարականը տոնելու մեկ տարին. ո՞ւմ տոնն է Քաղաքացու օրը

186
Ժաննա Պողոսյան
Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը։ Ոմանք համարում են, որ սա զուտ Երևանի տոնն է, մյուսները` ուրախանում, որ լացի ու տխրության օրվան հաջորդում է ուրախության օրը։

Հայերի համար ապրիլի նենգությունը վերջին երկու տարում կարծես մեղմվել է։ Նախորդ տարի ժողովուրդը տոնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, այս տարի` այդ հրաժարականը տոնելու մեկ տարին։

Երկրի բոլոր մարզերում և մայրաքաղաքում Քաղաքացու օրվան նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվել։ Երևանով զբոսնող քաղաքացիների մեծ մասը որևէ հատուկ միջոցառման համար դուրս չի եկել, կտեսնեն՝ ինչ հետաքրքրաշարժ բան կա ու կմիանան։

Միջոցառման՝ նախօրոք հրապարակված օրակարգից դուրս փոքր ցուցահանդես էր բացվել Մոսկվա կինոթատրոնի շրջակայքում։ Այստեղ օրվա երկրորդ կեսից տարբեր մարզային կազմակերպություններ ու դպրոցներ ներկայացնում էին իրենց սաների ձեռքի աշխատանքները ու տեղական կոլորիտը։ Հարցին՝ Երևանո՞ւմ են ավելի լավ նշում Քաղաքացու օրը, թե՞ մարզերում, երիտասարդներից մեկը պատասխանեց.«Մեզ մոտ Վարդավառից բռնած ամեն տոն ավելի հավեսով ենք նշում։ Բայց Երևանում էլ վատ չի»։ Նրա կողքին կանգնած աղջիկը ավելացրեց. «Մի տեսակ էս տոնը ավելի շատ Երևանին ա սազում»։

Գրեթե միևնույն ժամանակ քաղաքում զբոսնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողներից մեկը ասաց՝ տեղյա՞կ եք, որ մարզերի ժողովուրդը չի համարում, որ սա իր տոնն է, կարծում է՝ միայն երևանցիների տոնն է։ Վարչապետը սկզբում ծիծաղելով ասաց. «Դե դա կախված է նրանից, թե որ լրատվամիջոցն է հարցումներ անցկացնում», հետո ավելացրեց, որ նախորդ տարի մարտի 31-ին էլ քաղաքացիների մեծ մասը չէր ընդունում, որ ժողովուրդը շուտով հաղթանակելու է։

«Քաղաքացու օրը կարևոր ա նշել, որ ժողովուրդը չմոռանա` անցյալ տարի ոնց ա պայքարել ու հաղթել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Ոնց ամերիկացիներն են նշում իրենց անկախության օրը, էդպես շուքով էլ մենք պետք ա նշենք Քաղաքացու օրը», - ինձ հետ զրույցում իրար փոխլրացնելով ասաց տարիքով մի զույգ։ Դիտարկմանը, թե Հայաստանում առանձին անկախության տոն է նշվում սեպտեմբերի 21-ին, կինն առանց ամուսնու ասաց՝ դե ինչ վատ ա, թող ինչ-ինչ, տոները շատ լինեն։

Քաղաքացու տոնը հատուկ ուրախություն էր տուրիստական մեքենաների համար։ Եթե սովորական ոչ աշխատանքային օրերին նման մեքենաներ կարելի է տեսնել միայն Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրին կից հատվածում, ապա այսօր դրանք կայանել էին թե՛ Ամիրյան փողոցում, թե՛ Մաշտոց և Տիգրան Մեծ պողոտաներում։ Վարորդների՝ օտար լեզուների թերի իմացությունը, սակայն, թույլ չէր տալիս նրանց շատ մարդկանց գրավել։ Միջին տարիքի ամերիկահայ երկու կանայք ոչ մի կերպ չէին կարողանում վարորդին բացատրել՝ ուր են ուզում գնալ։ Նրանց խոսքը վարորդին թարգմանելուց հետո հարցրի՝ տեղյա՞կ են, որ քաղաքում տոն է։

«Իհարկե, մենք հատուկ ապրիլի 24-ի համար ենք եկել, ու շատ լավ ստացվեց, որ այս տոնն էլ տեսանք։ Շատ կարևոր է, որ տխրության ու լացի օրվան հաջորդի ուրախության օրը»։

Քաղաքացու օրը մարզկենտրոններում ու Երևանում կավարտվի հրավառությամբ։ Կառավարության որոշմամբ՝ այն նշվելու է ամեն տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը։

 

186
Ըստ թեմայի
«Դուխով» տոն Հայաստանում կամ ի՞նչ են մտածում երևանցիները Քաղաքացու օրվա մասին
Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին
Ես հեղափոխության միայն 10 տոկոսն եմ տեսել. Փաշինյան
Երևանում ծածկել են արագաչափերը. քաղաքացիները Փաշինյանին հիշեցրել են չկատարած խոստումը