Հայկ Մարության

«Կամազային» տենդեր և աղբով լցված Երևան. քաղաքապետարանը խնդիրը կրիտիկականի է հասցրել

233
Ռուբեն Գյուլմիսարյան
Երևանում «աղբային» ճգնաժամը որակական նոր փուլի է հասել։ Աղբը նույնիսկ երկրորդ պլան է մղվել, իսկ առաջին պլանում են հայտնվել տենդերի հետ կապված սկանդալն ու քաղաքապետարանի հասցեին հնչող մեղադրանքները։ «Սանիթեքը» քաղաքապետարանին կշտամբում է կողմնապահության համար, իսկ Դավիթ Խաժակյանը խախտումներ է հայտնաբերում։

Երևանում աղբահանության հետ կապված ճգնաժամային իրավիճակը մինչ օրս ոչ մի կերպ չի կարողանում ճեղքել քաղաքապետարանի օլիմպիական հանգստությունը։ Բայց երեկ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն տարածեց և կողմնապահության մեջ մեղադրեց քաղաքապետարանին, որը տուգանել էր ընկերությանը։ «Սանիթեքի» հայտարարության մեջ նաև կոչ հնչեց` լինել անաչառ և հրապարակել այն նամակներն ու նախազգուշացումները, որոնք ընկերությունը դեռ նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին`պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա:

Հայտարարությունն ինքնին, իհարկե, հազիվ թե քաղաքապետարանին որոշակի գործողությունների մղեր։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ 13 միլիոն դրամ (26 հազար դոլար) տուգանքն արդեն դուրս է գրված, կարելի է շարունակել գործուղումներ ծրագրել։ Սակայն այստեղ միջամտեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անհանգիստ ղեկավար Դավիթ Խաժակյանը`անդրադառնալով քաղաքապետարանի հայտարարած՝ 24 աղբատար մեքենաների մրցույթին, և հայտարարեց, որ քաղաքապետարանը որոշակի մախինացիաներ է արել։

Խաժակյանը համոզված է, որ քաղաքապետարանի գործողություններն անօրինական են. մրցույթ է հայտարարել աղբահավաք մեքենաներ ձեռք բերելու համար (ընդհանուր` ավելի քան 1 մլրդ դրամ գումարի), նշվել են պարամետրեր, որոնց համապատասխանում են միայն «ԿամԱզ» մեքենաները։ Խաժակյանը ժամանակին հրավիրել է քաղաքապետի ուշադրությունն այս հարցի վրա, բայց դրան լուրջ չեն վերաբերվել։ Արդյունքում ուրիշ հավանական մասնակիցները չեն կարողացել մասնակցել մրցույթին, ինչն էլ դժգոհելու պատճառ է դարձել։ Նրանք դիմել են դատարան, և, որքան էլ տարօրինակ է, պատասխան հայցով դիմել է նաև քաղաքապետարանը։

«Ակնհայտ էր, որ դատավարությունն անորոշ ժամանակով կհետաձգեր աղբահանության սուր խնդրի լուծումը։ Սակայն քաղաքապետարանը դիմեց այդ քայլին, ինչպես և ապօրինի մրցույթ անցկացրեց։ Տպավորություն է ստեղծվում, որ հաղթողի հարցը վաղուց էր որոշված, իսկ մեքենաները` պատվիրված», – ասում է Խաժակյանը։

Մեքենաների գնումը 1 մլրդ դրամ է արժեցել, բայց Խաժակյանը կարծում է, որ եթե մրցույթը պատշաճ կերպով անցկացվեր, հնարավոր կլիներ տնտեսել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դրամներ։

Եվ ահա Խաժակյանի այս ելույթը, կարծես թե, կարողացավ քաղաքապետարանին կտրել անուրջներից, որոնք երևի կապված էին Ամանորի տոնածառի մասին, որը կրկին կհավաքեն դեկտեմբերին։ Տոնածառի տեղադրումն ու հանումը քաղաքապետարանի մոտ լավ է ստացվում, սակայն, ցավոք, այդքանով սպառվում են նրա կարողությունները։

Կարճ ասած, սկանդալն ակնհայտ էր, և քաղաքապետարանը հրատապ մամուլի ասուլիս հրավիրեց. չէ՞ որ կարողանում է արագ արձագանքել, երբ պատին է դեմ առնում։ Ճիշտ է` ասուլիսը վարում էր քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, իսկ քաղաքապետը, մետրոպոլիտենի նոր գծի գործարկման հրատապ աշխատանքներից չկամությամբ կտրվելով, շտապել էր կառավարություն` չարաբաստիկ մրցույթը հաստատելու։ Արդյունքում կառավարությունը թույլատրեց Երևանի քաղաքապետարանին մրցույթ անցկացնել նույն ապրանքանիշի մեքենաներ գնելու համար, որպեսզի կարգավորի մայրաքաղաքի աղբահանության խնդիրը։

Աստված գիտի` հիմա աղբը կհավաքեն, թե ոչ, որովհետև քանի դեռ քաղաքապետը կառավարությունում էր, մամուլի քարտուղարը «Սանիթեքին» մեղադրում էր, որ ոչ բավարար քանակի աղբամաններ է տրամադրում։ Թե ինչ կապ ունի աղբամանների քանակը աղբահան տեխնիկայի բացակայության հետ, հայտնի է միայն մեր քաղաքապետարանին։ Դա նույնն է, ինչ դիվիզիոնի խոհարարը հանի գլխարկն ու գոգնոցը, հրաժարվի շիլա եփել` պատճառաբանելով, որ 8 հազար անձնակազմի զինվորներից հիսունն աման չունեն։ Բավականին ծանրակշիռ փաստարկ է։

Եվ այսպես, կառավարությունը թույլ տվեց, որ քաղաքապետարանը նույն ապրանքանիշի մեքենաներ գնի։ «Տենդեր» բառն այստեղ կարելի է արդեն չօգտագործել, քանի որ ավելորդ է դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. իրավիճակը ծայրահեղ աստիճանի է հասել, և նոր մրցույթ հայտարարելը (որպեսզի բոլոր կանոններով լինի` մրցունակության սկզբունքի պահպանմամբ) խնդրի լուծումը ևս մի քանի ամսով կձգձգեր։ Իսկ խոսքը, հանդգնեմ հիշեցնել, աղբի մասին է, իսկ ամառն էլ արդեն չափազանց մոտ է։

Իհարկե, ոչ մի վեճում հարյուր տոկոսով ճիշտ և բացարձակ մեղավորներ չեն լինում։ «Սանիթեք» ընկերությունը, բնականաբար, իր մեղքի բաժինն ունի համաքաղաքային աբսուրդի թատրոնի աղբային սյուժեով ներկայացման մեջ։ Բայց եթե քաղաքապետարանն իր գործով զբաղվեր, և այնպես զբաղվեր, ինչպես հարկն է, ապա թերի մրցույթի հետ կապված պատմությունը չէր լինի, և ստիպված չէին լինի այն հրատապ հաստատել կառավարությունում։

Նաև ստիպված չէին լինի անհաջող արդարացումներ փնտրել, իսկ ամենակարևորը` աղբահանության խնդիրը վաղուց լուծված կլիներ։

233
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Աղբային մղձավանջը Երևանում շարունակվում է. քաղաքապետարանը սպառնում է, Sanitek-ը` անտեսում
Երևանին սպառնում է աղբի կոլապս. կառավարությունը փորձում է լուծել աղբահանության խնդիրը
Աղբի հարցը հասավ կառավարություն. վարչապետը կանչեց Հայկ Մարությանին