Դավիթ Սանասարյան

Սանասարյանի գործը. քավության նոխա՞զ է, թե Փաշինյանի «ներում չի լինելու» սկզբունքի թիրախ

560
Արմեն Հակոբյան
Արդեն պարզ է, թե կառավարության նիստում ինչու էին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նստել այդ պահին դեռևս ՊՎԾ ղեկավարի անմիջական հարևանությամբ: Հավանաբար դա «թավշյայից» դեռ շատ առաջ որպես հեղափոխական հանդես եկող Դավիթ Սանասարյանի գլխին կուտակվող սև ամպերի խտացման ու մոտալուտ կարկուտի փոխաբերական ու թափանցիկ ակնարկ էր:

Հինգշաբթին ուրբաթից շուտ վրա հասավ, ու երեկոյան լրահոսը ցնցվեց ԱԱԾ տարածած սպասելի հաղորդագրությունից՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրված:

Ճիշտ է, տարբեր մեղադրյալների արագ կալանավորելու հարցում աչքի ընկնող իրավապահ մարմինները թերևս որոշ ներողամտություն են ցուցաբերել Դավիթ Սանասարյանի նկատմամբ ու բավարարվել են «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելով:

Գործը վարող քննիչը այսօր որոշում է կայացրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Մինչդեռ, ընդամենը մեկ օր առաջ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հեգնախառն էր արձագանքել իրեն որպես կասկածյալ ներգրավելու վերաբերյալ լուրերին ու հարցերին:

Մասնավորապես գրել էր. «...ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի: Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում: Դուխով...

Սիրում եմ բոլորիդ»:

Դուխով, թե ոգևորյալ, «նյուխով», թե՝ «աննյուխ», սիրով, թե՝ անսեր, փաստը ակնհայտ է. Անցյալ տարվա ապրիլյան հուզումնառատ զարգացումների առաջին պլանի առավել նկատելի դեմքերից մեկին, որ իշխանափոխությունից հետո, թիվ 1 հակակոռուպցիոների հավակնություններ ուներ, մեղադրանք է առաջադրվել բավականին աղմկահարույց ու կոռուպցիոն քրեական գործի շրջանակներում: Եթե այլ բան չասվի՝ պետության գլխավոր վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի քթի տակ, իր անմիջական ենթակայի մասնակցությամբ կատարվել են բաներ, որոնք հենց կոռուպցիոն բնույթի մեղադրանք առաջադրելու բավարար հիմքեր են տվել իրավապահ ու քննչական մարմիններին:

Խոսքը հեմոդիալիզի սարքավորումներ ձեռքբերելու հարցում ՊՎԾ կոնկրետ աշխատակիցների կողմից կառավարվող ընկերությանն «առաջ հրելու» աղմկոտ պատմության մասին է:

Ի դեպ, ԱԱԾ հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ անմեղության կանխավարկած գոյություն ունի: Հրաշալի կլիներ, եթե ամեն մի հարցաքննության սկզբում, միջնամասում ու վերջում քննիչը այդ կանխավարկածի մասին հիշեցներ անձամբ Դավիթ Սանասարյանին: Արժե դա անել թեկուզ այն բանի համար, որ մոտ մեկ տարի առաջ, երբ հեղափոխական Դավիթ Սանասարյանը ստանձնեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնը, դրանից հետո արագորեն հասցրեց մի շարք աղմկահարույց հայտարարություններ անել ամենատարբեր անձանց ու պաշտոնյաների հասցեին, ըստ էության, արհամարհելով անմեղության կանխավարկած ասվածը:

Մեկ կամ երկու դեպք չէ: Դեռ իր կառույցի ուսումնասիրությունները չավարտած, մեկ էլ հնչում էին Դավիթ Սանասարյանի՝ մեղադրական դատավճռի տոնայնությամբ հայտարարությունները:

Մենք, իհարկե չենք խախտի անմեղության կանխավարկածն ու կսպասենք գործի քննության ու դեպքերի հետագա ընթացքին: Բայց և արժե արձանագրել. Շատերն այսօր  նկատեցին, որ այն ամենի մեջ, ինչ կատարվում է Դավիթ Սանասարյանի շուրջ, արդարության տարր կա: Իսկ արդարադատությունը հետո կարտահայտվի:

Այս ամենը նաև այլ մտորումների առիթ է տալիս: Նախ, կյանքը ևս մեկ անգամ հուշեց, որ չնայած ցանկություններին ու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ կոռուպցիան վերացված է և այլն, դրա հախից գալը այդքան էլ հեշտ չէ:

Անկասկած, պետք է նշել այն իրողությունը, որ իշխանությունները մինչ այս պահը ծածկադմփոց չարեցին այս աղմկահարույց ու խայտառակ պատմությունը, իսկ իրավապահ մարմիններն էլ կատարեցին իրենց պարտականությունները, չնայած խոսքը վերաբերում էր նաև հրապարակայնորեն ակտիվ պետական բարձրաստիճան պաշտոնյայի:

Դա տեղավորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ներում-բեկում չի լինելու» մոտեցման շրջանակներում:

Այս ամենը նաև ցրում է այն հեղափոխական առասպելը, թե մեկ տարի առաջ իշխանության են եկել բացարձակապես նոր տեսակի, այլ համաձուլվածքից կոփված անհատներ, այսպես՝ սպիտակ ձեռնոցներով անխոցելի անձինք: Ոչ, հարգելիներս, մարդկային գայթակղություններն ու թուլությունները մնում են, կան ու դեռ կլինեն:

Միաժամանակ, կարող են հարցեր ծագել և այն առումով, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, համաձայնեց, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվի ու նրա հետ այդպես վարվեն:

Շարժառիթները տարբեր կարող են լինել: Մեկը հիշատակեցինք՝ աններում լինելու մասին սեփական հայտարարությանը անդավաճան մնալը: Բայց հնարավոր է նաև, որ Դավիթ Սանասարյանը «նեղ թիմի» տեսանկյունից այնքան էլ յուրային չէր: Իսկ այսպես, և՛ նրանից կազատվեն, և՛ ավելի թրծված թիմակցի առաջ կբերեն:

Հնարավոր է նաև, որ սա պարզ հաշվարկ է. Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը կարող է որոշ չափով բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը:

Իսկ ինչո՞ւ ոչ: Քաղաքականության մեջ դրանից բեթար բաներ էլ են հնարավոր:

Եվս մեկ անգամ հարգելով Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը, պարզապես նկատենք՝ մի արա այլոց հանդեպ այն, ինչ չէիր ցանկանա, որ քեզ հետ անեին:

560
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Դավիթ Սանասարյան
Ըստ թեմայի
Դավիթ Սանասարյանը էթիկայի հանձնաժողովի որոշումը կբողոքարկի դատարանում
Անմեղության կանխավարկածը խախտվել է. ԵՊՀ–ն հերքում է ոստիկանության հայտարարությունը
ԵՊՀ-ի ռեկտորը մերժում է իրեն առնչվող քրեական գործն ու հակադարձում նախարարին
Սանասարյանն առաջվա պես սիրում է բոլորին. նա մեկնաբանել է իր անվան շուրջ պտտվող լուրերը
Սիմոնյան. «ԵՊՀ-ի ղեկավարությանը հասցեագրված մեղադրանքները ոչ մի կարգին հիմնավորում չունեն»
ՀՀ գլխավոր դատախազը չի հերքում` Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել
Պետք է հրաժարական ներկայացնեն և՛ Արամ Սիմոնյանը, և՛ Դավիթ Սանասարյանը. Նարեկ Սամսոնյան