Ես ծնվել, մեծացել եմ Երևանում, ծնողներս` նույնպես: Հորական պապիկս Շամշադինից է (հիմա Բերդի տարածաշրջան է կոչվում, բայց Շամշադին բառի մեջ այդ կողմերի արևը կա, դրա համար էլ ժողովուրդը շարունակում է տարածաշրջանը Շամշադին կոչել), մորական պապս` Կոտայքից: Երբ ինձ հարցնում են` որտեղից ես, առանց երկար - բարակ մտածելու ասում եմ`Շամշադինից: Միշտ չէ այդպես եղել: Եղել է ժամանակ, երբ ես անցումային քաղքենիությունն էի հաղթահարում՝ կարծելով, թե քաղաքում ծնված լինելն ինչ-որ առավելություն ունի գյուղում ծնված լինելու համեմատ, հետևաբար, երբ ասում էին՝ «Փայտյանները Շամշադինից են, չէ», ասում էի. «Դե հա, արմատներս այնտեղից են, բայց մենք բոլորս Երևանում ենք ծնվել, ես անգամ չեմ էլ եղել Շամշադինում». անցումային դատարկությամբ գլուխ էի գովում` մայրաքաղաքում ծնված լինելու փաստով:
21 տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա Շամշադինը. չէ, ո՛չ արյան կանչով էի գնացել, ո՛չ պապիկիս գերեզմանին այցի, ընդամենը գնացել էի նկարահանումների: 3 օրում եղա Շամշադինի մի քանի գյուղերում, սիրուն էր, հետաքրքիր, մաքուր…Խոսում եմ ոչ թե փողոցների մաքրության մասին, այլ մարդկանց. սովոր չէի: Վերջին օրը` Երևան վերադառնալուց առաջ, մեր ուղեկիցը որոշեց մեզ Չինարի տանել: Երեկոյանում էր, գյուղամեջ հասանք, օպերատորիս ասացի.
«Դե եկել ենք, հասել, մի 2 կադր նկարի, գնանք»: Հետո շատ անտարբեր հարցրեցի`բա սահմանը ո՞ր կողմում է:
Գյուղացի տղամարդիկ նարդի էին խաղում, մեկը զառը գցեց ու ձեռքով ցույց տվեց դիմացի սարը: Օպերատորս ասաց. «Գնացինք, Մարիաննա, դու մեզ խփել ես տալու»:
Նստեցինք մեքենան ու հետ եկանք: Այդ օրվանից հետո, երբ լուրեր էին հաղորդում սահմանամերձ գյուղերի գնդակոծության մասին, այդ լուրերն արդեն այլ կերպ էի ընկալում, որովհետև իմ աչքով էի տեսել հեռավորությունը բնակելի տների և սահմանի միջև:
Մի քանի տարի անց, երբ արդեն այլ հեռուստաընկերությունում էի աշխատում, առաջարկեցի ֆիլմաշար նկարահանել սահմանամերձ գյուղերի մասին: Համաձայնությունը ստանալուց հետո առաջին բանը որ արեցի, Չինարի վերադառնալն էր: Ռեժիսորի հետ գյուղապետին խնդրեցինք ցույց տալ սահմանին ամենամոտ տունը. տեղ հասանք, դեռ մեքենայից չէինք իջել գյուղապետը վարորդին հրահանգեց մեքենան հեռու կանգնեցնել՝ տների հետևում, որ հանկարծ մի բան չլինի, չխփեն: Մեքենայից իջա ու հասկացա, որ սահմանից մի քանի հարյուր մետր եմ հեռու: Խոստովանում եմ, որ վախից ոտքերս հազիվ էին ինձ ենթարկվում, դժվարությամբ էի առաջ գնում՝ չհասկանալով, եթե սկսեն կրակել, որտեղ թաքնվել, ինչ անել. ախր այս հեռավորությունից թաքնվել չի լինի: Մտանք տուն, պատուհաններից հեռու կանգնեցի…
Առաջին մի քանի րոպեները չէի կարողանում ընկալել, թե շուրջս ինչ է կատարվում, ում տուն ենք եկել, ինչ ենք անելու: Ինձ ուշքի բերեց տանտիկնոջ հարցը՝ «Սուրճը քաղցր, թե՞ դառը»: Ասացի, որ սուրճ չեմ խմում, նայեցի շուրջս, տեսա, երիտասարդ հարսիկին, նրա ամուսնուն: Ամաչեցի զգացածիցս. ես առավելագույնը կես ժամ եմ այստեղ անցկացնելու՝ գործս անելու եմ և գնամ իմ ապահով Երևան, իսկ այս մարդիկ ապրում են, ընտանիք են կազմում, պատրաստվում են երեխա մեծացնել այս տանը…
Ֆիլմաշարի նկարահանումների ընթացքում տարբեր գյուղերում եղանք, տեսանք կրակոցներից ավերված տներ, վնասված մեքենաներ, նկուղներ, որոնցում ամեն բան կահավորված է այնպես, որ հարկ եղած դեպքում ապաստարան դառնան, մի տեղ կարկուտն էր խփել, բերքը վերացրել, մի տեղ գյուղացիները վարկերի տակ էին կքած, մեկ այլ տեղում անգամ վարկ չէին տալիս, որովհետև տան դիրքն այնքան վտանգավոր էր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները նման ռիսկ իրենց վրա պատրաստ չէն վերցնել: Շատ խնդիրներ ու ոչ մի բողոք… Գյուղացիներից մեկը մի օր ասաց. «Մենք սահման ենք պահում, մենք չենք կարող փողոց փակել, որովհետև մեր փողոց փակելը սահմանի մյուս կողմում են տեսնելու. չի կարելի»:
Հետադարձ ճանապարհին մտածում էինք գյուղացու ասածի մասին, օպերատորս հունից դուրս եկած ասաց. «Մարդիկ նման պայմաններում են ապրում ու չեն բողոքում, չեն «թքում» էս երկրի վրա, իսկ մեր Wi-Fi-ը 1 ժամով անջատվում է, հիստերիա ենք անում, թե սա երկիր չէ, թողնեմ, գնամ»:
Սահմանապահ գյուղերում ես հասկացա, թե ինչ է նշանակում՝ հայրենիքը սահմաններից է սկսվում արտահայտությունը, սահմանամերձ գյուղերն ինձ սովորեցրեցին հպարտ լինել, որ արմատներս սահմանապահ Շամշադինից են ու հարցնողին արդարանալով պատասխանել, թե ինչու ծնողներս Շամշադինում չեն ապրել, կամ թե ինչու ես տեղական բարբառով չեմ խոսում ու համարյա չեմ էլ հասկանում:
Սահմանամերձ գյուղերում ես հասկացա, որ պարտք եմ սահմանապահ ամեն մի գյուղացու. մի ասեք, որ իրենց տունն է, բա պիտի ապրեն, ուրիշ ինչ անեն: Այս տողերը կարդացող քանիսդ եք ապրում այն հողում, որտեղ ծնվել եք: Մի ասեք այդպես, քանի դեռ չեք տեսել սահմանամերձ գյուղում ապրող մոր աչքերը, երբ առավոտյան երեխային համբուրում ու դպրոց է ուղարկում այն ճանապարհով, որի ուղղությամբ նախորդ օրը հակառակորդն էր կրակել: Ես պարտք եմ նրանց, որովհետև իրենց անհանգիստ քունն ապահովում է իմ, մայրիկիս, ամուսնուս, քույրիկիս զույգ աղջիկների հանգիստ քունը:
Սահմանամերձ գյուղերում ես սովորեցի, որ հայրենիքի հանդեպ սերը Wi-Fi-ի արագությամբ չեն չափում, հայրենիքը պաթոսով չեն սիրում, հայրենիքը սիրելու մասին առհասարակ չեն խոսում, չեն բարձրաձայնում, չեն գոռում…Հայրենիքը սիրում են առանց կուրծքը ծեծելու, սիրում են զուսպ, կշռադատված քայլերով այն պաշտպանելով… Հայրենիքը սիրում են անգամ առանց մտածելու էլ, որ այն սիրել է պետք, ինչպես չես մտածի ծնողին, երեխային սիրել պետք է, թե պետք չէ… Սահմանապահ գյուղերում ես սովորեցի, որ հայրենիքը չեն սիրում ինչ-որ բանի համար, հայրենիքը պարզապես սիրում են…
Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։
Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։
Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։
Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։
Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա
«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։
Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․
«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։
«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:
Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։
Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։
Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։
Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։
Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։
Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։
2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։
Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։ Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։
Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը
Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։
Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ բնակավայրի շրջանում իրականացրած ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր են վնասազերծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«2020թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում. պայթեցման աշխատանքների ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները:
Հաղորդագրության համաձայն՝ մարտական գործողություններից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող հաղորդակցությունների վերականգնումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են



