Հայրենական Մեծ պատերազմ

Ուսուցիչ դառնալ չվիճակվեց. ինչպես լեյտենանտ Գրիգորյանն իր կյանքի գնով փրկեց հրամանատարին

160
(Թարմացված է 21:07 14.04.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Դու դեռ քսան տարեկան էլ չկաս, ընտրել ես ամենախաղաղ մասնագիտությունը, բայց պատերազմը ներխուժել է քո կյանք։ Հերոսներից ոչ ոք, հավանաբար, չի մտածում հերոսության մասին, ուղղակի անում է այն, ինչ պետք է անի որպես տղամարդ, որի թիկունքին հայրենիքն է։ Ու առանց պաթոսի, ինչպես Սերգեյ Գրիգորյանը՝ մանկավարժական ինստիտուտի հասարակ ուսանողը։ Փրկել է տասնյակ կյանքեր, զոհվել․ ահա պատերազմի դաժան վիճակագրությունը։

Գրիգորյանների ընտանիքը 1923թ-ին ապրիլի 14-ին որդու՝ Սերգեյի ծնունդից հետո Հյուսիսային Օսեթիայից տեղափոխվել է Վրաստան, Օրջոնիկիձեից՝ Տետրի Ցկարո գյուղ։ Վրաստանի այդ օրհնյալ անկյունում Սերգեյն ավարտել է դպրոցը, իսկ հետո տեղափոխվել է Թբիլիսի՝ մանկավարժական ինստիտուտ ընդունվելու։

Ամառային քննաշրջանի ընթացքում ստուգարքները և քննությունները հանձնելուց հետո, որը նշանակում է առաջին կուրսի ավարտ, կյանքը հրաշալի է թվում և հույսերով լի։ Այդպես էր և Սերգեյի մոտ, ընդհուպ մինչև այն սև օրը, երբ բոլորի կյանք ներխուժեց պատերազմը։ Այն արդեն մի քանի ժամ էր ինչ սկսվել, երբ 1941թ.-ի հունիսի 22-ի երեկոյան Թբիլիսիի զինվորական կոմիսարիատը կարգադրեց Սերգեյ Գրիգորյանին ներկայանալ հավաքակայան։

Ռազմաճակատը բժիշկների կարիք ուներ։ Բայց Սերգեյը բժշկական ուսումնարանում ուսումը շարունակեց ևս մեկ տարի. 1942թ.-ի տագնապալի աշնանը բուժեղբայր Սերգեյ Գրիգորյանը՝ կոչումով կրտսեր լեյտենանտ, ուղարկվեց գործող բանակ։ Նրան նշանակեցին Տափաստանային ճակատի օդային-դեսանտային դիվիզիայի սանիտարական դասակի հրամանատար։

Պատերազմի առաջին տարիներին խորհրդային զորքերի բոլոր տեսակներում կորուստները չափազանց շատ էին, իսկ ռազմական-դեսանտային զորքերն ավելի շատ զոհ էին տալիս, դա վտանգավոր գործ է, նույնիսկ պատերազմի դաժան չափանիշներով։ Գրիգորյանի դասակը մնացած սանիտարական ստորաբաժանման նման անգործ չի մնացել։

Քանի հազար վիրավորների է մարտի դաշտից հետ բերել այդ դասակը, այդ հազարներից քանի հարյուրն է փրկվել`ստույգ հայտնի չէ, այդ օրերին հազիվ թե հաշվարկ անեին։ Բայց բուժեղբայրների, բուժքույրերի և բժիշկների անձնազոհությունը մտել է Հայրենական մեծ պատերազմի լեգենդների պատմության մեջ։ Նրանց նկատել են․1943թ.-ի ամռան վերջին և աշնան սկզբին Գրիգորյանը պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի շքանշաններով, «Արիության համար» մեդալով։

Նա ասես զգացել է, որ չի վերադառնա այդ պատերազմից, ինչպես գրել է հազվադեպ տուն ուղարկած նամակներում։ Նրան մնում էր ստանալ վերջին շքանշանը և վերջին կոչումը։

1943թ.-ի հոկտեմբերի սկզբին մարտեր են ընթացել Դնեպրի աջ ափին, տեղի գյուղերից մեկից ոչ հեռու գտնվող կարևոր տարածքի համար։ Մի քանի օրում դասակը` Գրիգորյանի հրամանատարությամբ, մարտի դաշտից դուրս է բերել ավելի քան երեք հարյուր վիրավորների. նա անձամբ դուրս է բերել քառասուն հոգու, ընդ որում, զենքի հետ միասին, որպեսզի թշնամուն բաժին չընկնի։ Փորձիր քաշելով դուրս բերել ծանր վիրավորին` այն էլ զենքով, և այդպես երկու օրում քառասուն անգամ․․․

Գրիգորյանի դասակը հրաձգային գումարտակի հետ երկու օր շարունակ գտնվել է փոթորկալից կրակի տակ։ Շրջափակումից պետք էր դուրս գալ, և գումարտակի հրամանատարն արդեն վիրավոր մարդկանց հանել է գրոհի։ Արդյունքում գումարտակը դուրս է եկել շրջափակումից, բայց ծանր կորուստներով, հրամանատարը կրկին վիրավորվել է, իսկ լեյտենանտ Գրիգորյանը` իր մարմնով ծածկելով հրամանատարին, մահացու վիրավորվել է։

Այլ պայմաններում միգուցե հասցնեին փրկել, իսկ այստեղ մինչև դուրս են եկել շրջափակումից, մինչև վիրավորներին հասցրել են բուժկետ։ Գրիգորյանը մահացել է վիրակապարանում, նրա շիրիմը գտնվում է Անովկա գյուղի մոտ՝ Դնեպրի ափին։

Իսկ Հերոսի աստղը և Լենինի շքանշանը դեկտեմբերին նրա փոխարեն ստացել է հայրը, Վրաստանի Տետրի Ցկարո գյուղում։

160
թեգերը:
Հայաստան, Հայրենական մեծ պատերազմ
Ըստ թեմայի
Աշոտ Կասպարով. անցավ Հայրենական պատերազմի միջով, որդիներին կորցրեց Արցախյան ազատամարտում
Հայրենական պատերազմի մասնակից ձեր նախնիների նկարները կարող են հայտնվել «Հիշատակի ուղիում»
«Ամեն ինչ, բացի ռադիոյից ». հայուհին, որն առաջինն իմացավ Հայրենական պատերազմի ավարտի մասին