Оркестр армянских сирот в Эфиопии

Ինչպես 40 հայ որբեր Եթովպիայում կազմեցին կայսերական փողային նվագախումբը

1456
(Թարմացված է 19:45 14.04.2019)
Մարիաննա Փայտյան
Հիմա կասեք` Եթովպիան ուր, Հայաստանն ուր...Թե ինչպես հայերը եթովպական երաժշտության պատմության մեջ հավերժացան`հերթով, կարգով պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Մարիաննա Փայտյանը:

Տարբեր աշխարհամասերում գտնվող, իրարից հազարավոր կիլոմետրերով հեռու Եթովպիան և Հայաստանը կամրջված են ոչ միայն հավատքով, այլև երաժշտությամբ: 40 հայ որբեր կազմել են Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը, իսկ հայազգի Գևորգ Նալբանդյանն էլ հեղինակել է Եթովպիայի պետական օրհներգը: 

Չկա աշխարհի մի անկյուն, որտեղ թեկուզ մեկ հայ չապրի, չկա մի ոլորտ, որում գոնե մեկ հայ հաջողության հասած չլինի: Ինչպես ասում են, այդ ամենն, իհարկե, լավ օրից չի եղել` ջարդ ու կոտորած, ցեղասպանություն, հայրենազրկում, ընտանիքի կորուստ:

Օտարի երկիր մազապուրծ հասած հայերը ստիպված են եղել ամեն ինչ զրոյից սկսել: Ցեղասպանությունից հետո Հայաստանում և տարբեր գաղթօջախներում հիմնվեցին որբանոցներ` ծնողներին կորցրած, մեծ ու դաժան աշխարհում մենակ մնացած հայ որբերին ժամանակավոր տուն տալու համար: Արարատյան որբանոցը, որը սկզբնապես Իրանում էր, այնուհետև Իրաքում, 1921-ին տեղափոխվեց Երուսաղեմ` տուն դառնալով գրեթե 900 հայ որբերի համար:

1924թ.-ին եվրոպական ուղևորության ընթացքում Եթովպիայի վերջին կայսրը` Րաս Թաֆարի Մաքոննեն, (որն այդ ժամանակ դեռ պաշտոնապես կայսր չէր, սակայն թագաժառանգն էր և երկրի փաստացի ղեկավարը) մեկնում է Շվեյցարիա՝ Ազգային լիգայում Եթովպիան ներկայացնելու համար։ Ճանապարհին այցելում է նաև Երուսաղեմ, լինում Հայոց պատրիարքարանում, որտեղ նրան դիմավորում է Արարատյան որբանոցի 40-հոգանոց փողային նվագախումբը` «Ֆանֆարի խումբը»: Մոռացա ասել, որ մինչ այդ նախորդ տարի Երուսաղեմում էր եղել Թաֆարի կայսեր կինը, որին ճամփորդության ընթացքում ուղեկցում էր Եթովպիայում բնակություն հաստատած հայազգի Արաքսին, թերևս հենց նրա առաջարկով Եթովպիայի կայսրուհին այցելում է հայկական թաղամաս, հյուրընկալվում Արարատյան որբանոցում:

Արաքսին հիշողություններում պատմում է, թե որքան էր բարձրաստիճան տիկինը հուզվել մանուկներին տեսնելով, նրանց պատմությունները լսելով, անգամ խոստացել էր առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց հյուրընկալել Եթովպիայում: Հայ մանուկներով տպավորված կնոջ առաջարկով և խնդրանքով էլ կայսրն այս անգամ այցելում է Երուսաղեմ: Երաժշտասեր փոքրիկների կատարումն այնքան է դուր գալիս կայսր Թաֆարիին, որ նա դիմում է հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին, ցանկություն հայտնում որդեգրել փոքրիկներին և իր հետ տանել Եթովպիա` խոստանալով հոգ տանել որբերի մասին, նրանց ապահովել սնունդով, կացարանով, անհրաժեշտ բոլոր պայմաններով: Իսկ, քանի որ որբանոցում տեղի խնդիր կար, և սա հնարավորություն էր, որպեսզի գոնե այդ 40 որբերն ընտանեկան ջերմություն գտնեին, հայոց պատրիարքն ու որբանոցի ղեկավարությունը համաձայնում են:

1924-ի սեպտեմբերի 6-ին հայ մանուկներն ու նվագախմբի ղեկավարը՝ Գևորգ Նալբանդյանը, (Գ. Նալբանդյանն էր ստեղծել հայ որբերի փողային նվագախումբը, և հենց նրան 2 տարի հետո կայսրը խնդրում է գրել Եթովպիայի առաջին ազգային օրհներգը) արդեն Ադիս Աբեբայում էին: Ժամանման հաջորդ օրը կայսրն ընդունում է երեխաներին ու նրանց ասում. «Դուք իմ զավակներն ենք, ոչ մի բանի համար մի անհանգստացեք, ես ձեր մասին հոգ կտանեմ իմ զավակների նման»:

Այսպիսով, 40 հայ որբ ձևավորում են Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը, որը կոչում են «Աբպա լիճոճէ» (ամհարերենից` Եթովպիայի պետական լեզվից թարգմանաբար նշանակում է «Քառասուն մանուկներ»):

1925թ.-ին Ամանորի առիթով կազմակերպված երեկույթի ժամանակ «Աբպա լիճոճէ» - ը բարեգործական ելույթ ունեցավ` ամբողջ հասույթը տրամադրելով ՀԲԸՄ որբանոցների սաներին: «Ձեր ցուցաբերած բացառիկ լոյալությունը երկրի նկատմամբ խորապես հուզել է ինձ: Ես հպարտ եմ, որ հայասեր եմ: Դա մեր ընտանեկան մոտեցումն է. hայրս նույնպես հայասեր էր: Ես ձեզ սիրում եմ ոչ միայն որպես այս երկրի քաղաքացիների, իմ ենթակաների, այլև նրա համար, որ հայերը միշտ ջերմ են վերաբերվել Եթովպիային: Այսօր դուք լիովին ցուցաբերում եք Ձեր ջերմությունը, ինչպես հարիր է միևնույն ժողովրդի զավակներին», - այսպիսին էր կայսեր դիրքորոշումը հայ մանուկների ու հայերի հանդեպ:

1930թ.-ի նոյեմբերի 2-ին` կայսեր թագադրման արարողության ժամանակ (կայսրը ստացավ Հայլե Սելասիեն պատվանունը) հենց «Աբպա լիճոճէ» նվագախումբը կատարեց Եթովպիայի ազգային օրհներգը:

Եթովպացի և օտար երաժշտագետների կարծիքով՝ «Աբպա լիճոճէն» կարևոր նշանակություն է ունեցել առհասարակ Եթովպիայում ազգային երաժշտության զարգացման, երաժշտական նոր ուղղությունների և մոտեցումների ստեղծման համար

Հ. Գ. 1936-1941թթ., երբ ֆաշիստական Իտալիան նվաճեց Եթովպիան, նվագախումբը ցրվեց: Պատերազմից հետո թե՛ Գևորգ Նալբանդյանը, թե՛ նվագախմբի մասնակիցների մեծ մասը շարունակեց իր երաժշտական գործունեությունը Եթովպիայում, իսկ  օրինակ, «Աբպա լիճոճէի» անդամներից Կարապետ Հաքալմազյանը դեռ իտալացիների օկուպացիայի տարիներին` 1928-ից, ղեկավարեց մայրաքաղաքի ոստիկանական նվագախումբը։

1456
թեգերը:
Ցեղասպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը
Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը
Կազմողական վիրաբուժութեան 1-ին փրոֆէսորը. ինչպէ՞ս հայ բժիշկը Հարվըրտի մէջ հռչակաւոր դարձաւ