Տու-4

«Քըխ-քըխ»–ի գաղտնիքը․ ինչպես ակադեմիկոս Իոսիֆյանն օգնեց հզոր ռմբակոծիչ ստեղծել

98
Ռուբեն Գյուլմիսարյան
Անդրանիկ Իոսիֆյանը գիտական ու կոնստրուկտորական շրջանակներում ճանաչման է հասել դեռ 1930-ականներին․ նա մեքենաներում ու ուղղաթիռներում էլեկտրաշարժիչների կիրառման ինքնատիպ լուծում է առաջարկել։ Նախագծերը նկատել են ու գնահատել, Իոսիֆյանին ուղարկել են զինվորական տեխնիկայով զբաղվելու և «փակի տակ» են դրել։ Հետո պիտի պարզվեր` մինչև կյանքի վերջ։

Հենց Իոսիֆյանն է ուղեծիր հանել օդերևութաբանական արբանյակները, և հետո մեծ մասամբ նրա մշակումների վրա է հիմնվել «Սոյուզ» սերիայի տիեզերանավերի, «Պրոգրեսի» ավտոմատ տրանսպորտային բեռնատար նավերի, «Սալյուտ» և «Միր» բազմակի օգտագործման ուղեծրային կայանների էլեկտրատեխնիկան։

Նրա յուրաքանչյուր խոշոր աշխատանքը լեգենդ է դարձել, իսկ հեղինակը՝ լեգենդար։ Կոնստրուկտոր Միխայիլ Յանգելն Իոսիֆյանին անվանել է «ամենայն հայոց էլեկտրիկոս»։

Ղարաբաղի Ծմակահող գյուղում ծնված Իոսիֆյանը Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է ստացել «հրթիռային տեխնիկայի ու նմուշների ստեղծման և մարդու տիեզերական բարեհաջող թռիչքն ապահովելու գործում ունեցած ավանդի համար»։ Խոսքը Գագարինի առաջին թռիչքի մասին էր, որն իրականացվել է 1961 թվականի ապրիլի 12-ին։

Վերջապես նա է հասել Տու-4-ի ստեղծմանը, որն ամերիկյան В-29–ի կրկնօրինակն էր, ծանր ռմբակոծիչ։ 1944 թվականին չորս այդպիսի ինքնաթիռ հայտնվեցին խորհրդային աերոդրոմներում․ ճապոնացիներն էին խփել։ Ինքնաթիռները հասան խորհրդային վայրէջքի հրապարակներ, ցավոք, մեկը կործանվեց Խաբարովսկի մոտակայքում։

Խորհրդային ինքնաթիռաշինությունն այդ ժամանակ արդիական, կիրառական խնդիրներով էր զբաղված, որոնք բխում էին պատերազմի` հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտությունից, այդ պատճառով նման կարգի ռմբակոծիչներին ԽՍՀՄ-ում նույնիսկ չէին մոտենում։ Բայց արդեն 1945 թվականի մայիսին նման ռմբակոծիչ ստեղծելու խնդիր դրվեց, ու ամենաարագ տարբերակը կրկնօրինակելն էր։

Андраник Иосифьян
© Photo :
Անդրանիկ Իոսիֆյան

Բայց հեշտ է ասել՝ վերցնել ու կրկնօրինակել։ Իրականում դժվար գործ է. կոլխոզի համար ցանող մեքենա չպիտի ստեղծեին, թեև ցանող մեքենայի համար էլ է խելք պետք․․․ Մի խոսքով՝ Ստալինն այդ գործը հանձնարարեց ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևին․ «թռչող ամրոց» (այդպես էին անվանել В-29-ը) սարքել հնարավորինս սեղմ ժամկետում։

Տուպոլևի մոտ ռմբակոծիչի էլեկտրասարքավորման հետ կապված խնդիրներ առաջացան․ կոնստրուկտորներն ու գիտնականները հասկանում էին` «ինչպես է դա աշխատում», բայց պետք էր մանրամասն հասկանալ անգամ ամենափոքր պտուտակի աշխատանքը։ Այստեղ էլ միացավ Իոսիֆյանն իր խմբով։

Տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են պատմում այդ պատմությունը։ Երկու վարկած կա։ Ըստ մեկի՝ Տուպոլևը Իոսիֆյանին բերել է Գրիգորի Մալենկովի մոտ, որը կարևոր ռազմական նախագծեր էր համակարգում։ Երկրորդ վարկածի համաձայն՝ այդ հայ «էլեկտրիկոսն» իր նախաձեռնությամբ է խոսել Մալենկովի հետ։ Ամեն դեպքում կարևոր է, որ արդեն 1949 թվականին Տու-4-ը համալրեց ԽՍՀՄ–ի զինանոցը։

Երկար ու քրտնաջան աշխատանքը չի ձանձրացնում նաև այն պատճառով, որ ընթացքում չնախատեսված ծիծաղելի դեպքեր են լինում։ Մի ամբողջ ռմբակոծիչ կրկնօրինակելու համար պետք էր բազում տեխնիկական նկարագրություններ ու շահագործման վերաբերյալ թղթեր թարգմանել, դրանք ծավալով տարբերվում էին փոշեկուլի համար նախատեսված գրականությունից։

Թարգմանելը հեշտ էր, ամերիկացիներն իրենց համար պարզ լեզվով էին գրում՝ ընթերցողի խնդիրը հնարավորինս պարզեցնելու համար։ Բայց խորհրդային մասնագետները չէին կարողանում հասկանալ հետևյալ արտահայտությունը. «...որից հետո անհրաժեշտ է գործարկել քըխ–քըխ–ը»։ Բոլոր թարգմանիչներին հարցրին, ունեցած բոլոր բառարաններում նայեցին։ Անօգուտ էր։

Նստած մտածում էին, թե ինչ կարող է դա նշանակել, եկավ Իոսիֆյանը։ Կարդաց «քըխ-քըխ»–ը, նայեց գծագրությունները և մատը դրեց դրանցից մեկի վրա` սա է պետք միացնել։ Սարքը վթարային գեներատորի շարժիչն էր, հենց միացրին, արտաժայթքման խողովակը սկսեց «քըխ-քըխ» անել։

․․․Անդրանիկ Իոսիֆյանը երկար է ապրել ու աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը։ Մահկանացուն կնքել է խորհրդանշական մի օր՝ 1993 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը` Տիեզերագնացության օրվա առաջին գիշերը...

98
Ըստ թեմայի
«Երկաթե ավիալեդի» Շախատունին, կամ ինչպես է նուրբ հայուհին տանկեր «սանձել»
Արյան ու փետուրների միջով՝ ի հեճուկս դավադիր ֆրանսիացու. ինչպես Յոլյանը վայրէջքի գնաց
Ռաֆայելյանցի աստեղային ժամը. ինչպես վարորդի օգնականը դարձավ հայտնի ավիակոնստրուկտոր