Մեծ Հայրենական պատերազմ

Անհանգիստ Բաղյանները, կամ ինչպես արցախցին ուսուցչից դարձավ գեներալ-մայոր

193
(Թարմացված է 19:25 31.03.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Գրիգոր Բաղյանի ընտրած ուսուցչի խաղաղ մասնագիտությունը զբաղվածության կտրուկ շրջադարձեր չէր ենթադրում։ Բայց պատերազմներն առանց հարցնելու ներխուժում են մարդկանց կյանք ու տիրակալ դառնում, և երեկվա գյուղական ուսուցիչը հասնում է զինվորական բարձրագույն պաշտոնների ու հերոս դառնում։

Գրիգոր Բաղյանը  ծնվել է 1912 թվականի մարտի 31-ին Արցախի գյուղերից մեկում, ռանչպարների ընտանիքում, մեծացել գյուղական կենցաղով։ Գյուղական գործերում օգնելը սովորական էր փոքրերի համար, բայց ի՞նչ անել ուսման ծարավի հետ։ Գրիգորը լուծում էր գտել․սովորում էր՝ ինչպես կարող և որտեղ կարող էր, իսկ միջնակարգ դպրոցն ավարտել է 19 տարեկանում, արդեն Բաքվում։

Բաղյանները ընտանեկան մի պատմություն ունեն, ասում են՝ երբ Գրիգորը ծնողներից թաքուն Բաքու է գնացել ուսումն ավարտելու, կրտսեր եղբորը կապել է տնից հեռու ծառին (այնքան հեռու չէ, որ չգտնեն)։ Դա արել է, որ եղբայրը միանգամից չգնա ծնողների պատմի, որ նա փախել է, թե չէ նրան հետ կբերեին։

Գրիգորը երեխաներին պատմություն էր ուսուցանում (համապատասխան դասընթացներ անցնելուց հետո), հետո աշխատում էր որպես ուսմասվար, Մարտակերտի ժողովրդական կրթության շրջբաժնի տեսուչ, հետո Լեռնային Ղարաբաղի ժողովրդական կրթության բաժնի պետն էր։ Իսկ հետո պատերազմը սկսվեց։

Ռումբերն ու մեծ պատերազմի ձայները Արցախ չէին հասնում, բայց Գրիգորը մինչև ձմեռ դիմացավ դպրոցում։ Փետրվարին կամավորի իր դիմումն ընդունվեց, բայց, քանի որ 30-ամյա տղամարդը ընդհանրապես մարտական փորձ չուներ, նրան գնդի քարոզիչ նշանակեցին։ Թվում էր` խաղաղ գործ է, բայց, միևնույնն է, ճակատում քարոզիչն էլ է ստիպված կրակել։

Հրաձիգների գունդ էր, այնպես որ արագ զենքին սովորեցրեցին։ Այսպեղ Բաղյանի մեջ ևս մեկ տաղանդ բացահայտվեց՝ հակվածություն զինվորական գործի հանդեպ, գրագիտությունն ու ձեռք բերված  խորաթափանցությունն էլ ոչ մի տեղ չէին կորել, ու նման փայլուն սպան մեկ ճանապարհ ուներ՝ դառնալ գնդի կոմիսար։ Նա հետևազորի համար սովորեց անել, թերևս, ամենադժվարը՝ առաջին շարքերում հարձակման գնալ ու քաղաքային պայմաններում մարտ վարել։ 1942 թվականի ամառն անցավ Ստալինգրադում, աներևակայելի դաժան մարտերում։ Քչերին էր հաջողվում այդ մսաղացից ողջ դուրս գալ, ու միայն մի քանիսին էր հաջողվում առանց վիրավորում ստանալու մնալ։ Գրիգոր Բաղյանի բախտը շատ էր բերել։

Նույնիսկ այդ անողոք տարիներին հրամանատարությունը գիտեր, որ չի կարելի մարդկանց մի սարսափելի վայրից մյուսը գցել։ Ստալինգրադից հետո հանգիստ էր պետք, ու Բաղյանը մի քանի ամիս անցկացրեց Մոսկվայի մարզում, որտեղ գնդերի հրամանատարների էին պատրաստում։ Նա գնդի հրամանատար դարձավ արդեն չորրորդ Ուկրաինական ճակատի կազմում, կռվեց Դնեստրում ու ազատագրեց Չեխոսլովակիան։

1944 թվականի երկրորդ կեսը հենց Չեխոսլովակիայում անցավ։ 71-րդ հրաձգային գունդը  Բաղյանի հրամանատարության ներքո մեկը մեկի հետևից բարձունքներ էր հաղթահարում, ճեղքում էր ցանկացած պաշտպանություն, մի խոսքով, այդ տղաների դեմն առնել չէր լինում։ Երբ ազատագրված բնակավայրերի թիվը հարյուրից անցել էր, գունդը վերջապես Լեհաստանի սահման հասավ։

Խնդիրը կատարված էր։ Մնում էր գործը վերջնական լուծման հասցնել։

1945 թվականի ամռանը, երբ հսկայական երկիրը նոր էր սթափվում սարսափելի պատերազմից, ժամանակն էր հրաժեշտ տալ մահացածներին ու արժանին հատուցել հերոսներին։ Փոխգնդապետ Բաղյանին Խորհրդային Միության հերոսի կոչում տալու մասին հրամանը եղել է հունիսի 29-ին։

Բաղյանը կապերը չխզեց բանակի հետ, նա մինչ կյանքի վերջը գնդերի ու դիվիզիաների հրամանատար էր, դասավանդում էր, հերթական կոչումներ էր ստանում։ Թեև, հերթականը որն է, գեներալ-մայորի կոչումը հենց այնպես չեն տալիս, այն պետք է վաստակել։

Գրիգոր Բաղյանը կյանքից հեռացավ Երևանում, շատ վաղ՝ 53 տարեկան հասակում։ Ընդհանրապես ասում են, Բաղյանների ցեղը ծավալուն է, մի ճյուղն Արցախում է, մյուսը՝ Ռուսաստանում։ Մեկն էլ ԱՄՆ-ում է հիմնավորվել։ Տեղացի Բաղյանները պնդում են, որ ամերիկյան ճյուղից է ծագել Ջեյմս Բաղյանը` տիեզերագնացը, որը տիեզերք է թռել «Դիսքավերիով» ու «Կոլումբիայով»։

Անհանգիստ ցեղ են այդ Բաղյանները․․․

193
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ
Մարշալ Բաղրամյանի ժամացույցը կմնա Մինսկում
Մի գնդակահարության պատմություն. Հայկ Հովսեփյանին նույնիսկ մարշալ ընկերները չփրկեցին