Ազատ Ադամյան

Ուզո՞ւմ ես անվճար գիշերել ավտոբուս-հոսթելում, բողոքիր Google-ին. արցախյան նոր տուրիզմը

1540
(Թարմացված է 14:00 31.03.2019)
Ազատ Ադամյանը մասնագիտությամբ ջութակահար է, տարիներ շարունակ նվագել է Արցախի Պետական կամերային նվագախմբում, ապա անցել ալտին։ Բանակում անցկացրած 2 տարին լրիվ բավական էր հասկանալու համար, որ իրենը չէ՝ պետք է ժամեր շարունակ նստել, պարապել, իսկ ինքն ավելի ակտիվ մի բան է ուզում։

Ի՞նչ անել․․․Գաղափարը ծնվեց «ընկերական ավանդույթից»՝ ընկերներով սիրում էին քաղաքից դուրս գնալ, զբոսնել հետաքրքիր ու անսովոր երթուղիներով, բացահայտել զբոսաշրջային անհայտ բնակավայրեր։ Իսկական ճամփորդների նման նույնիսկ վրան էին ձեռքբերել գիշերակացի համար։ Սրանի՞ց էլ լավ, հետաքրքիր և «ակտիվ» գաղափար․․․

Азат Адамян
provided by Azat Adamyan
Ազատ Ադամյան

2010թ․-ին Ազատը հիմնեց «Free step» լեռնային և էքստրեմալ տուրիզմի ակումբը։ Սկզբում ակումբի կազմակերպած արշավներին մասնակցում էին միայն տեղացիները։ Հետո ծանոթացավ արշավների երևանցի կազմակերպիչների հետ, որոնք նաև տուրիստական խմբերի էին բերում դեպի Արցախ։ Ազատը նրանց ցույց տվեց «իր Արցախը»՝ ոչ թե դասական, այլ հեղինակային, յուրօրինակ երթուղիներով։ Այդպես ընկերացան և սկսեցին իրենց զբոսաշրջիկներին վստահել նրան։ Մոտ երկու տարի անց էլ արդեն հայ զբոսաշրջիկներին միացան օտարերկրացիները՝ ՌԴ–ից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսրայելից... Բնականաբար, հայ-ադրբեջանական հակամարտության մասին լսած յուրաքանչյուր օտարերկրացու հետաքրքրում է, թե ի վերջո ու՞մ տարածքն է Արցախը, ինչի՞ համար է կռիվը, ո՞վ է ում հողը զավթել։

«Առաջինն ասում եմ՝ մենք իրենց հետ խնդիր չունենք, իրենք մեզ հետ ունեն, մենք մեր հողն ենք պաշտպանում, իրենցը մեզ պետք չէ։ Մենք պատրաստ էինք իրենց հետ բարեկամություն անել, բայց իրենք ամեն ինչ փչացրին»,- պատմում է Ազատն ու ավելացնում, որ երբ զբոսաշրջիկներին ուղեկցում է, հայտնի «Զոնտիկներ», հիշում է պապիկի պատմությունները, որ ադրբեջանցիները վերևից քարեր էին նետում, վառում չորացած խոտերը, իսկ «իրենց Նովրուզ Բայրամի ժամանակ գյուղից մարդիկ էին գողանում, մորթում»։

Ազատը 1990 թ․-ին է ծնվել, պատերազմից շատ բան չի հիշում, բայց կան պատկերներ ու ձայներ, որ աչքի առաջից չեն հեռանում՝ «ռումբը հարևանի բակն է ընկնում, մարդիկ այս ու այն կողմ են վազում, ուղղաթիռի ձայն, վիրավորված եղբորը ուղղաթիռով Երևան են տանում»։ Նա պատերազմ տեսավ ապրիլյան դեպքերի ժամանակ․ամսի 2-ին ընկերոջ հետ արդեն գրանցվեցին որպես կամավոր։ Շատ չի խոսում այդ օրերի մասին, միայն ասում է, որ ապրիլյան դեպքերը դաս էին բոլոր երիտասարդների համար, ովքեր 90-ականների պատերազմին չէին մասնակցել․ հասկացան, որ հրամանի չպիտի սպասել, երբ հարցը հայրենիքի պաշտպանությանը, լինել-չլինելուն է վերաբերում։ Ասում է, որ այդ դեպքերից հետո աշխարհում շատերն իմացան Արցախի մասին։ Հիշում է` 4 հրեա պատմաբանների, որոնց Արցախ էր բերել իրենց մասնագիտական վեճը՝ Արցախը հայկական, թե՞ ադրբեջանական հող է։

«Ես նրանց պարզապես տարա, ցույց տվեցի մեր պատմական վայրերը, խաչքարեր և այլն․իրենք ամեն ինչ հասկացան»։

Азат Адамян
provided by Azat Adamyan
Ազատ Ադամյան

Այսպիսով, Ազատն Արցախում ոչ միայն զբոսաշրջությունն է զարգացնում, այլև «դիվանագիտական հարցեր լուծում»։ Վստահ է՝ ինչքան շատ արտասահմանից հյուրեր գան, ճշմարտությունն իմանան ու այդ մասին պատմեն իրենց հայրենիքում, այնքան դա կօգնի Արցախի միջազգային ճանաչմանը։ Դիվանագետ-զբոսավարը պարբերաբար նաև «բողոքում է» Google-ին՝ Ստեփանակերտի անունն ուղղելով և վայրը (location) դարձնելով Արցախ, Հայաստան (Google-ում Ստեփանակերտը նշված է Խանքենդի, Ադրբեջան)։ Սրա վերաբերյալ Ազատը մի ամբողջ ռազմավարություն է մշակել։ Սկսենք սկզբից։

Մի քանի տարի առաջ Ստեփանակերտում նա հիմնեց «Բառդակ» փաբը․կարճ ժամանակում այն դարձավ ոչ միայն ստեփանակերտցիների, այլև Արցախ ժամանող հյուրերի սիրելի վայրը։ Զբոսաշրջիկներից շատերն անգամ գիշերել են փաբում՝ հենց այնպես, առանց վարձատրության։ Իրենց հյուրերն են և Արցախից պիտի լավ տպավորությամբ հեռանան։ Այդպես Ազատը սկսեց մտածել՝ ի՞նչ այլընտրանք կարող է գտնել փաբի համար։

Ամենաքիչ ծախսատար և կրեատիվ տարբերակը ավտոբուսն էր։ Ընկերների օգնությամբ գործը համարյա ավարտին է հասնում։ «Ավտոբուս հոսթելը» կոմերցիոն նախագիծ չէ․ իմաստը սա է՝ անվճար տրամադրում է օտարերկրացի զբոսաշրջիկին այն պայմանով, որ զբոսաշրջիկը Google-ին բողոքի Ստեփանակերտի անվան և տեղադրության նշման համար։ Այս հարցում Ազատը մտահոգ է, որովհետև Google-ը նոր սահմանափակում է մտցրել. արդեն որքան ժամանակ է՝ Արցախից ոչ մի կերպ չի ստացվում բողոքել։ Այստեղ էլ Ազատի դիվանագիտական միտքն աշխատեց՝ challenge․ զբոսաշրջիկը կնկարվի, կնշի ընկերոջը՝ տեղադրելով #Artsakh_is_Armenia հեշթեգը։ Challenge-ի կանոնները պահպանած զբոսաշրջիկն անվճար կգիշերի «ավտոբուս հոսթելում»։ Սա, իհարկե, համարժեք չէ Google-ին բողոքելուն, բայց էլի մի բան է։

Азат Адамян
provided by Azat Adamyan
Ազատ Ադամյանը

Ազատը հիմա նոր նախագծի վրա է աշխատում՝ զբոսաշրջիկների համար ճամբար-բազա։ Ճամբարն, այսպես ասած, երկու մասից է կազմված լինելու․մի մասում տեղադրված են լինելու փոքրիկ տնակներ, որոնք վերանորոգվում են, թարմացվում են զբոսաշրջիկների համար, մյուս կեսը նախատեսված է լինելու վրանով ճամփորդողների համար։ Ազատի դիտարկմամբ՝ վրանով ճամփորդողներից շատերը տարբեր երկրներից բլոգերներ են, և կարևոր է, որպեսզի բլոգերները ճիշտ միջավայրում կանգ առնեն, մարդկանց հետ շփվեն և անհրաժեշտ ինֆորմացիա ստանան, որպեսզի հետո իրենց բլոգային պատմություններում Արցախի մասին ճիշտը գրեն։

«Որքան շատ գրեն և նկարներ համացանցում տարածեն, այնքան մեր օգուտն է, իսկ դրա համար պետք է, որ իրենց հեռախոսներն ու համակարգիչները միշտ լիցքավորված լինեն»,- ասում է Ազատն ու շարունակում, որ արևային էներգիայով լիցքավորման համար հատուկ վահանակներ են տեղադրվելու։

«FoRRest Camp Artsakh»- ում կան 3 գետնափոր մառաններ, որոնք հիմա իրենց նպատակին չեն ծառայում։ Ազատը որոշել է դրանք վերածել հոբիթային տնակների՝ «hobbiton»-ների․ դեռ չգիտի, թե դրանք ինչի համար կծառայեցնի՝ զբոսաշրջիկների գիշերակացի, թե մեկ այլ բանի, բայց որոշել է տարածքի բոլոր հնարավորություններն ու դրանից ավելին օգտագործել։

LAVԸ՝S
provided by Azat Adamyan
Կարուձևի արտադրամաս «Made in Artsakh»

Չեք հավատա, բայց սրանով Ազատի և նրա կրեատիվ նախաձեռնությունների մասին պատմությունը չի ավարտվում. նա նաև հիմնել է կարուձևի արտադրամաս՝ «Made in Artsakh», որտեղ տարատեսակ արտադրանք է ստեղծվում՝ հայտնի բրենդային անուններն ու արտահայտությունները արցախյան ձևակերպում են ստանում, օրինակ, «Lavը՞s», «Don’t դիլխոր, be ուրախ» և այլն։ Հիմա արտադրությունը ժամանակավորապես կանգնել է, որովհետև հումքի խնդիր կա․ սկզբունք է՝ թուրքական ոչինչ չի օգտագործվելու։

футболка LAVԸ՝S
provided by Azat Adamyan
Կարուձևի արտադրամաս «Made in Artsakh»

Այլ վայրում ապրելն Ազատի մտքով չի էլ անցնում․ «Ինչու՞ պիտի ուրիշի համար աշխատեմ․ իմ նպատակը հարստանալը չէ․․․Եթե մի խնդիր է լինում, ընկերներս արագ հավաքվում են ու ինձ օգնում, եթե ոտքս քարին դեմ է առնում, ընկերներս այդ քարն օգնում են տեղաշարժել, իսկ դրսում մի քար էլ իրենք կբերեն, ոտքիս տակ կդնեն։ Բացի դա, գնալու լինեի, 90թ․-ին կգնայի ընտանիքիս հետ, հիմա էլ ու՞ր գնամ»,- եզրափակում է իր պատմությունն Ազատ։ Իսկ մենք պայմանավորվում ենք շուտով հանդիպել Արցախում, որպեսզի այն, ինչ պատմեց, ցույց տա, նաև ներկայացնի իր նոր գաղափարներն ու նախաձեռնությունները։

Հ․Գ․Ազատի հետ գրեթե 1 ժամ զրուցում էի վայբեր տեսազանգով։ Հարցերս չէին ավարտվում, զրույցն ընդհատել ստիպեց միայն հեռախոսի մարտկոցի լիցքաթափումը։ Մի քանի րոպե ժպիտը դեմքիս նստած էի, հետո Ազատին նամակ գրեցի՝ «Շնորհակալ եմ»։ Ու շնորհակալությունս միայն հարցազրույցի համար չէր․ Ազատն ինձ հայրենիքը սիրելու դաս տվեց։

1540
թեգերը:
Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Նոստալգիա, թե՞ էքստրեմալ տուրիզմ. ռուս զբոսաշրջիկներին գրավում է Հայաստանը
Արագություն, վտանգ ու ադրենալին. էքստրեմալ սպորտաձևն արդեն Հայաստանում է
Էքստրեմալ զբոսաշրջություն. Discovery–ն հիացել է Ենոքավանի զիփլայնով
Քիմ Քարդաշանն ու Քանյե Ուեսթը. արխիվային լուսանկար

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

48
​Եկեք անկեղծ լինենք։ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, սիրում է անակնկալներ մատուցել։
Համ Ամերիկայի ապագա նախագահի կինը մեր հայրենակցուհին կլինի, համ էլ կհպարտանանք, որ այդ նախագահը լողացել է Կարապի լճում

Երևի կհիշեք, թե ինչպես տարիներ առաջ Հայաստան այցելելիս նա անսպասելիորեն նախօրոք չհայտարարված համերգ կազմակերպեց մեր Օպերայի մոտ՝ Կարապի լճի ափին, հետո էլ անսպասելիորեն ցատկեց ու երգը շարունակեց ջրի մեջ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Քանյե Ուեսթը շատ ավելի մեծ անակնկալ մատուցեց, հայտարարելով, որ մտադիր է մասնակցել Ամերիկայում այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։

​Հիմա կասեք՝ դե լավ էլի, ինչպե՞ս կարող է երգիչը, երաժիշտը երկրի բարձրագույն ղեկավար դառնալ։ Կներեք, ուրեմն մեզ մոտ՝ Հայաստանում, լրագրողը կարող է, Ուկրաինայում հեռուստաաստղը կարող է, իսկ Ամերիկայում երգիչը չի՞ կարող։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ ամերիկացի նախագահներից շատերը նաև լրջորեն զբաղվել են երաժշտությամբ։

«Ուոլ սթրիթ ջորնալ» թերթը վկայում է, որ ԱՄՆ-ի երրորդ նախագահ, Անկախության հռչակագրի հեղինակ Թոմաս Ջեֆերսոնը հենց ջութակի շնորհիվ է գերել իր ապագա կնոջը՝ Մարթա Սքելթոնին։ Բայց ինչո՞ւ հեռու գնանք. Բարաք Օբաման բազմիցս երգել է հենց Սպիտակ տանը կազմակերպված տարբեր միջոցառումների ժամանակ։ Իսկ Պրահայի կենտրոնում ինքս եմ տեսել այն ջազ ակումբը, որի մուտքի մոտ գրված էր. «Այստեղ սաքսոֆոն է նվագել Բիլ Քլինթոնը»։

Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները

​Բայց վերադառնանք Քանյե Ուեսթին։ Ո՞ր կուսակցությունից է պատրաստվում մասնակցել նախագահական ընտրություններին։

Համաձայնեք` շատ հետաքրքիր հարց է, որովհետև հաջողության հասնելու համար պիտի կա՛մ դեմոկրատ, կա՛մ հանրապետական լինես։ Սևամորթները ավանդաբար դեմոկրատներին են հարում, բայց Քանյե Ուեսթը ժամանակին իր աջակցությունն էր հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին։ Իսկ երկու օր առաջ Forbes հանդեսին տված ծավալուն հարցազրույցում Քանյե Ուեսթն ասել էր.

«Այ հենց հիմա հանում եմ այն գլխարկը, որի վրա գրված է Թրամփի կարգախոսը՝ «Մենք կրկին հզոր կդարձնենք Ամերիկան»»։

Վերլուծաբաննները, սակայն, համոզված են, որ եթե Քանյե Ուեսթի նախագահական հավակնությունները լուրջ են և նա իրոք մտնի ընտրապայքարի մեջ, շահողը հենց Դոնալդ Թրամփն է լինելու, որովհետև սևամորթ ռեփերը աֆրոամերիկացիների ձայները կխլի դեմոկրատների հիմնական թեկնածուից՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից։

Ի դեպ, Քանյե Ուեսթն արդեն դատապարտել է Բայդենի իրոք խիստ վիճահարույց արտահայտությունը՝ «Եթե սևամորթը չի քվեարկում դեմոկրատների օգտին, ուրեմն ինքն իսկական սևամորթ չէ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

Մյուս կողմից, Դոնալդ Թրամփը շատ հանգիստ է արձագանքել նախագահ դառնալու` ռեփերի մտադրությանը.

«Թող փորձի էլի»,–ասել է Թրամփը։

​Ինչևէ՝ ռեփերը մտադիր է ստեղծել իր սեփական կուսակցությունը և անվանել այն The Birthday Party։ Երևի հասկանում եք, որ սա բառախաղ է, քանզի «փարթի» բառն անգլերենում նշանակում է թե՛ կուսակցություն, թե՛ երեկույթ։

Քայնե Ուեսթի բացատրությունը սա է.

«Եթե մենք հաղթենք, բոլոր ամերիկացիները կզգան, որ դա իրենց ծննդյան օրվա երեկույթի նման մի բան է»։

Համաձայնեք՝ մի քիչ տարօրինակ, բայց հաճելի բացատրություն է։

​Կարելի է ասել, որ ընդամենն այսքանն է հստակ։ Նույնիսկ պարզ չէ, թե ով է լինելու Ամերիկայի ապագա փոխնախագահը, քանզի ռեփերն ինչ-որ հոգևորականի անուն է տվել, որին լայն հասարակայնությունն ընդհանրապես չի ճանաչում։ Արտաքին և ներքին քաղաքականության մասին Քանյե Ուեսթը նույնպես շատ անորոշ կերպով է արտահայտվել, ասելով միայն, որ կհամագործակցի լավագույն մասնագետների հետ և կհրավիրի նրանց Սպիտակ տուն։

Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք

​Ինչ կարելի է ասել։ Պարզ է ընդամենը մի բան` եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը։

Չինաստանի մասին Քանյե Ուեսթն արդեն դրվատանքով է արտահայտվել, կարծիք հայտնելով, որ այդ երկիրը կորոնավիրուսի տարածման համար մեղավոր չէ և ավելացնելով. «Ես սիրում եմ Չինաստանը։ Չինաստանը փոխեց իմ կյանքը»։

Իսկ թե ինչու է Քանյե Ուեսթի նախագահ ընտրվելը շահեկան լինելու մեզ համար, կարծում եմ բացատրության կարիք չկա՝ բա աշխարհի ամենահզոր երկրի առաջին տիկինը մեր հայրենակցուհին է լինելու։

48
թեգերը:
Կարապի լիճ, ամուսին, Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ, Նախագահ, ԱՄՆ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն
«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»
Грусть

Ինչպես հայերը պատրաստվեն COVID-19–ի երկրորդ ալիքին. փորձառու մարդկանց խորհուրդներ

258
(Թարմացված է 00:45 10.07.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի, կարանտինի և ինքնամեկուսացման դժվարությունների մասին, ինչպես նաև ներկայացնում այն մարդկանց խորհուրդները, որոնք գիտեն` ինչպես է մարդը գոյատևում, երբ մնում է ինքն իր հետ։

Կորոնավիրուսի, այսպես կոչված, «երկրորդ ալիքը» կլինի՞, թե՞ բախտներս կժպտա։ Կարծես թե առաջին տարբերակն է լինելու։ Այդ մասին են վկայում բազմաթիվ վարակաբանները, փորձագետներն ու նույնիսկ հասարակ դիտորդները։ Ի՞նչ են ասում նրանք։

Լսում ենք. Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկո. «Կորոնավիրուսը կվերադառնա աշնանը»։

WMA բժիշկների համաշխարհային արհմիության նախկին ղեկավար, պրոֆեսոր Լեոնիդ Էյդելման. «Սուր շնչառական վիրուսային վարակի սեզոնային դրսևորմամբ սրված նոր տիպի կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի բռնկմանը պետք է սպասել նոյեմբեր–դեկտեմբերին»։

Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վիկտոր Զուև. «Երբ համավարակի անկում նկատվի, COVID-19–ի վարակիչ հատկությունը մի փոքր կնվազի, իսկ երկրորդ ալիքը կսկսվի հոկտեմբերից»։

Ստացվում է, որ թուլանալը դեռ վա՞ղ է։ Այո՛։ Այնտեղ, որտեղ շտապել են կարանտինը չեղարկել, կորոնավիրուսն արդեն վերադարձել է` չսպասելով աշնանը, և ստիպված են դարձյալ խիստ միջոցներ ձեռնարկել։ Նախկինից էլ խիստ։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

Իտալական Վենետոյում (Վենետիկ) կորոնավիրուսով վարակված, սակայն ստացիոնար բուժումից հրաժարված բնակիչներին ազատազրկում է սպառնում։

COVID-19–ի հետ կապված իրավիճակի բարդացման պատճառով Սերբիայի նախագահը խոստանում է Բելգրադում պարետային ժամ սահմանել։ Այդ պատճառով բողոքի ակցիաները չեն դադարում։

Եվ այսպես շարունակ։ Ասածս ի՞նչ է։ «Կորոնայի» առաջին ալիքն ամբողջությամբ չմարելով` աշնանը կամ սպասվող ձմռան սկզբին կարող ենք հայտնվել երկրորդի հարվածի տակ, և այդ ժամանակ ինքնամեկուսացման կամ հարկադիր մեկուսացման խստացումներն ավելի սարսափելի պատկեր կստանան։ Խիստ կարանտինը կվերադառնա, և դա որևէ լավ բան չի խոստանում։

Այդ «պատժամիջոցը»՝ մեկուսացումը, ինչպես արդեն գիտենք, ամենաբարդն է մեզ համար․ բակերը, ընկերները, հարևանները, նարդին, սուրճը, մանղալը, գրկախառնություններ-համբույրները և խիստ հայկական «ջիգյարի» այլ արտահայտումները՝ ամեն բան գրողի ծոցն է գնում և վճռական հակասության մեջ է մտնում չորս պատերի մեջ փակված մնալու հեռանկարի հետ։ Դե, սովոր չենք, չենք կարողանում, չենք ցանկանում․․․

Իսկ այժմ՝ նրանց մասին, ովքեր կարողանում են, գիտեն և անգամ հաճույք են ստանում դրանից։ Օգտակար կլինի իմանալ հնարավոր տհաճություններից առաջ։

Աշխարհում բազմաթիվ մասնագիտություններ և սիրողական զբաղմունքներ կան, որոնք տևական ժամանակ հասարակությունից հեռու ապրելու ունակություն են ենթադրում՝ երկրաբաններ, տիեզերագնացներ, միայնակ ճանապարհորդներ, սուզանավերի նավաստիներ, էլ չասենք նրանց մասին, ովքեր նստած են ճաղերի հետևում։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Օրինակ` գործարար Վարդա Ա․-ն, որը տնտեսական հոդվածով անազատության մեջ էր հայտնվել։ Բանտախցում նստած է եղել գրեթե մեկ տարի, այն էլ` մենախցում։ Վարդան Ա․-ն չի հասկանում նրանց, ովքեր չեն կարողանում իրենք իրենց հետ մենակ մնալ․ միայնության մեջ ավելի լավ ես մտածում, ավելի արագ ես լուծումներ գտնում, կոնֆլիկտների ավելի քիչ առիթներ կան։ Թեև բանտը, իհարկե, քաղցր բան չէ, ավելին` առանձնանալու վատագույն վայրն է։

Կարող ես մենակության զգացողությունը «վայելել» ոչ միայն բանտախցում, այլև տիեզերքում։ Քանի որ մենք սեփական տիեզերագնացներ դեռ չունենք, հիշենք ռուս տիեզերագնացներին։ Տիեզերագնաց-փորձարկող Ալեքսանդր Միսուրկինի խոհերից․ «Փոքրիկ, փակ տարածքում երկար ժամանակ միևնույն մարդկանց հետ ծանր է ապրել, բայց պետք է հասկանալ, որ կայանի ներսում անվտանգ է, իսկ եթե դուրս գաս, կմեռնես, չէ՞ որ դրսում վակուում է»։

COVID-19-ի հետ համեմատությունը ակամա է ծնվում․ ինքնամեկուսացումը չարիք չէ, այլ բարիք, իսկ համաճարակաբանորեն ոչ բարենպաստ տարածություն դուրս գալը վտանգավոր է յուրաքանչյուրիս և մեր մտերիմների համար։ Տիեզերագնացը նաև նշում է, որ փակ տարածության մեջ շատ կարևոր են մարդկանց միջև հարգալից և փոխվստահելի հարաբերությունները։

Բնակարանի չորս պատերի մեջ երկար ժամանակ մենակ մնացած մարդկանց մասին․ այստեղ տեղին է հիշել հայտնի ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովի խորհուրդները։ Առավելագույն ժամանակը, որ նա անցկացրել է ինքն իր հետ, 222 օր է՝ զբոսանավով շուրջերկրյա ճամփորդություն կատարելու ընթացքում, առանց նավահանգիստներ մտնելու և առանց բջջային հեռախոսների. 1990թ․-ին դրանք դեռ չկային։

Հայտնի ճանապարհորդը հաստատում է գործարար-բանտարկյալի կարծիքը․ «Մենակությունը շուրջդ դիտելու, ինքդ քո մեջ նայելու հնարավորություն է տալիս»։

Բայց նույն այդ Կոնյուխովը Esquire ամսագրին տված հարցազրույցում խոստովանում է․ «Գիտարշավների ժամանակ ձանձրանալու, տաղտուկին տրվելու ժամանակ չկա, պետք է աշխատես, դու ունես նպատակ, դրան հասնելու միջոցներ, հեռանկարները հստակ են և հասկանալի։ Այդ առումով, իհարկե, օվկիանոսում ավելի հեշտ է, քան Մոսկվայում ինքնամեկուսացման մեջ»։

Կոնյուխովը, իհարկե, չգիտի, որ Երևանում շատ ավելի դժվար է ինքնամեկուսացած լինել, փոխարենը մենք գիտենք։ Եվ երևի սկսում ենք գիտակցել, որ փորձությունների շրջանում ամենավատ բանը մենակությունը չէ․ ամենավատը ձեռքերը ծալած նստելն է։

Իսկ մինչ այդ կորոնավիրուսի երկրորդ ալիքը թափ է առնում։ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Լուգո գավառում, դրա պատճառով կրկին կարանտին են հայտարարել։ Լուգոն արդեն երկրորդ մարզն է Իսպանիայում, որտեղ կրկնակի կարանտին է։ Հուլիսի 4-ին նույնը տեղի ունեցավ ավելի քան 200 հազար բնակչություն ունեցող Սեգրիայում (կատալոնական Լյեյդա գավառ)։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին ալիքն անգամ դեռ չի ավարտվել։ Պատրաստվել է պետք։

258
թեգերը:
քաղբանտարկյալ, տիեզերագնաց, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական
Գիտնականները կանխատեսո՞ւմ էին համավարակի բռնկումը
Երևան. փակ խանութ

Մարդիկ մի հատով են ձու գնում, իսկ դուք ասում եք` պայուսակ...

0
Համավարակն ուժգին հարված է հասցրել մասնավոր հատվածին, և հիմա սիրելի սրճարանում մի բաժակ սուրճ խմելը կամ նախընտրելի բուտիկից հագուստ գնելն այնքան էլ հեշտ չէ։ Երբեմնի ծաղկող բիզնեսների ներկայացուցիչներից շատերն այսօր ջրի երեսին մնալու պայքար են մղում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Փակ է», «Լիկվիդացիա», «50-70% զեղչ»։ Այսպիսի ցուցանակների կարելի է հանդիպել բառացիորեն ամենուր, եթե քայլում ես Երևանի կենտրոնական փողոցներով, որտեղ դեռ մի քանի ամիս առաջ կյանքը եռում էր, ռեստորաններում սեղանների համար պայքարում էին, իսկ բուտիկներում հանդերձարանների մոտ հերթեր էին գոյանում։

Այսօր ամեն ինչ այլ է․ կիադատարկ խանութներ և մեկ-երկու սրճարան, որտեղ մարդիկ նստած են բացօթյա տարածքներում։ Կորոնավիրուսի համավարակը փոխել է քաղաքացիների կենսակերպը, գրպանների պարունակությունը, նաև մտածելակերպը։

Ինչպես են գոյատևում հանրային սննդի ոլորտն ու առևտրային կետերը՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հանրային սնունդ

Ամբողջ Հայաստանում գործում է հանրային սննդի ընդհանուր առմամբ մոտ 4000 կետ, որոնցից գրեթե 2000-ը դասական ռեստորաններն ու սրճարաններն են, չհաշված արագ սննդի կետերը։ Համավարակի պատճառով արդեն իսկ փակվել են այդ հաստատությունների 15-20%-ը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդսիսի վիճակագրություն ներկայացրեց Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը։

Այդ ցանկում են նաև խոշոր բրենդները, որոնք կրճատել են իրենց մասնաճյուղերը (օրինակը՝ Segafredo-ն), նաև երաժշտական ակումբները (Mezzo-ն)։

Գևորգյանի խոսքով՝ եթե երկրում համաճարակաբանական իրավիճակը չփոխվի, իրավիճակը կարող է ավելի վատանալ։ Այն հաստատությունները, որոնք աշխատում են բացօթյա տարածքների հաշվին, ցրտերի հետ պարզապես կփակվեն։

«Եթե համաճարակաբանական իրավիճակը չլավանա, որոշ ժամանակ անց գլորվող ձնագնդի էֆեկտով ստիպված կփակվեն նաև վերանդաների հաշվին աշխատող հաստատությունները։ Այսինքն՝ ժամանակավոր փակվածների տոկոսը կաճի, ինչի արդյունքում ռեստորանային ոլորտի ճգնաժամը կխորանա»,-ասաց Գևորգյանը։

Ամենաշատը տուժել են այն հաստատությունները, որոնք ի սկզբանե բաց պատշգամբներ չեն ունեցել, կամ ներկայացել են առաջին հերթին որպես երաժշտական ակումբներ։

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Հայկական շուկայի որոշ խոշոր բրենդներ կրճատումներ անելու որոշում են ընդունել։ Նրանք պարզապես փակել են մասնաճյուղերի մեծ մասը և մեկ-երկու գործող մասնաճյուղ թողել։

Միության նախագահը նշեց, որ ոլորտը ճգնաժամի մեջ է և հաստատությունները նախորդ տարվա եկամտի ծավալի ընդամենը 10%-ն են ստանում։ Մինչդեռ նորմալ աշխատանքի համար 70% շրջանառություն է հարկավոր։ Դրա 50%-ը ծախսվում է վարձակալության և աշխատակիցներին վճարելու համար։ Իսկ եթե շրջանառությունը 10% է, ապա հաստատությունն աշխատում է 50-60% վնասով։

«Ոլորտը վնասով աշխատում է պարզապես աշխատակիցներին գործազուրկ չթողնելու համար` շունչը պահած սպասելով իրավիճակի լավացմանը»,-ասաց Գևորգյանը։

Գևորգյանը կարճաժամկետ հեռանկարում իրավիճակից ելք է համարում վաուչերների համակարգի ստեղծումը։ Օրինակ՝ կառավարությունը կարող է հաստատություններից զեղչով վաուչերներ գնել (3-5 հազար դրամով) և բաժանել նրանց, ովքեր ներգրավված են եղել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ ոստիկաններին, բժիշկներին, կամավորներին և այլն։

Նման միջոցառումը թույլ կտա փոքր-ինչ ակտիվացնել ռեստորանային կյանքը։ Բիզնեսը նախատեսում է նաև երկարաժամկետ զեղչային վաուչերները հաջորդ տարի կիրառել արտասահմանցի զբոսաշրջիկների համար, որոնք կարող են վաուչերները ձեռք բերել տուր-փաթեթների հետ միասին և այլն։ Այս ամենը դեռևս միայն առաջարկներ են։ Դրանց գործնական կիրառման համար հարկավոր է, որ երկրում COVID-19-ի հետ կապված իրավիճակը փոքրիշատե հստակ լինի, իսկ իշխանությունները զբոսաշրջային ոլորտի զարգացման 2021թ․-ի ռազմավարություն ունենան։

Իրավիճակը փոքր ինչ մեղմելու հարցում կարող են օգնել նաև միջազգային դոնորները, որոնց կարելի է ներգրավել համավարակից տուժած բիզնեսներին (ռեստորաններ, հյուրանոցներ) աջակցելու համար։

Ռեստորանների հայկական միությանը խիստ անհանգստացրել է Թորոսյանի կոչը. նրանք առաջարկ ունեն

Հայաստանի մի շարք ռեստորանների մարքեթինգով զբաղվող «ProReca» ընկերության հիմնադիր ղեկավար Սյուզի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ հաստատություններ փակվում են, քանի որ վարձակալության գումարը մուծելու և աշխատակիցներին վճարելու հնարավորություն չունեն։

«Հենց միայն մեր ցանցից 15 հաստատություն է փակվել`որոշները մինչև սեպտեմբեր, մի մասն էլ` վերջնական»,–նշեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակը շատ ծանր է հատկապես այն հաստատություններում, որոնք գոյատևում էին խոշոր միջոցառումների հաշվին։

Խանութներ

Կոշիկի մասնագիտացված խանութներից մեկում նշեցին, որ մեծ զեղչերով վաճառք են նախաձեռնել, որպեսզի ներդրված միջոցների գոնե կեսը վերադարձնեն։

«Այստեղ մոտ 200 հազար դոլարի ապրանք կա, հիմա բոլորը վաճառում եմ 10 հազար դրամով՝ թե կաշին, թե զամշը։ Իհարկե, զեղչերից տուժում ենք, բայց գոնե այդ 10 հազարը կվերադարձնեմ և կկարողանամ գումարը ներդնել աշուն-ձմեռ հավաքածուն գնելու համար։ Ավելի լավ է այսպես, քան առհասարակ չաշխատել»,-ասաց նա։

Մեկ այլ՝ աքսեսուարների մասնագիտացված խանութում նշեցին, որ մեծ թվով զբոսաշրջիկների էին սպասում։ Ամռանը խանութների հաշվարկների հիմքում հիմնականում հենց զբոսաշրջիկներն են։ Առանց նրանց այս ոլորտում առանձնապես հույս չկա։

«Ռուսական մաֆիան» հայկական դեմքով, կամ ինչպես Ղազարյանը փրկեց Սան Դիեգոյի իր ռեստորանը

«Մթերային խանութ մտեք, մարդիկ մի հատով են ձու գնում, որ ձվածեղ սարքեն ու կիսեն երկու երեխաների միջև, իսկ դուք ասում եք՝ պայուսակ։ Ո՞ւմ են դրանք պետք, եթե ստամոքսը դատարկ է»,-ասաց մենեջերը։

Նշենք, որ բազմաթիվ խանութներում պարզապես հրաժարվեցին խոսել այդ թեմայով, հուսահատ ձեռքերը թափ տվեցին՝ «բոլորի մոտ է վատ, ի՞նչ խոսենք»։

Հիշեցնենք` հուլիսի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 30 903-ի։

0
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Ռեստորան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ինչո՞ւ դիմակով չեք․ ճապոնացին ոտքով հասել է Հայաստան ու համավարակի պատճառով մնացել այստեղ
Sputnik–ի ու «Ոսկե ծիրանի» Կարենի անհավանական արկածները Երևանում, Փարիզում ու Դաքքայում
Հայաստանն «անբավարար» ստացավ, կամ ինչու է Վրաստանը երկար ժամանակով փակել դռները մեր առաջ