Գալուստ Գյուլբենկյանի թանգարան

Նավթային մագնատ Գյուլբենկյանը լցանավ չէր տեսել. ո՞ւմ էր «Պարոն 5%»–ը «դիագնոզ» տվել

410
(Թարմացված է 22:13 23.03.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Հաջողակ ուսանողից նավթային մագնատ դառնալու համար Գալուստ Գյուլբենկյանին մոտ տասը տարի էր հարկավոր։ Նրան «Պարոն 5%» անվանեցին, որովհետև այդքան էր ստանում նավթի յուրաքանչյուր տոննայից, որ արդյունահանում էին այնտեղ, որտեղ այսօր գտնվում են Իրաքն ու Սաուդյան Արաբիան։ Նավթը գումար էր բերում, իսկ հոգուն ծառայում էր արվեստը։

Նավթային արքա, ֆինանսիստ, բարերար, գեղարվեստի մեծ սիրահար Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է ուղիղ 1.5 դար առաջ, նավթի և գորգերի առևտրով հարստացած մարդկանց ընտանիքում։ Նրա ծնողները, իհարկե բավականին խելացի էին որդուն անթերի կրթություն տալու համար։ Որդին էլ հուսախաբ չարեց, ավարտեց ֆրանսիական լիցեյն ու լոնդոնյան քոլեջը (բնականաբար` արքայական)։

Գալուստ Գյուլբենկյանը Բրիտանիայի հպատակ էր, բայց հիմնականում Փարիզում էր ապրում, իսկ մեծ կարողությունը, արվեստի նմուշների անհավանական հավաքածուի հետ մեկտեղ, թողեց Պորտուգալիային։ Գյուլբենկյանի 100-ամյա հոբելյանին` 1969 թվականին, Լիսաբոնում բացառիկ թանգարան բացվեց, իսկ 150-ամյակին, ՀՀ ԿԲ–ն հոբելյանական մետաղադրամ թողարկեց։

Լիսաբոնի թանգարանը հիմնադրվեց Գյուլբենկյանին պատկանող արվեստի գործերի հավաքածուի հիման վրա։ Հավաքածուն սկսել էր համալրել փոքր տարիքից, երբ հավաքում էր հին հունական մետաղադրամներ, իսկ արդեն Գյուլբենկյան դառնալով` նա բացառիկ արժեքավոր իրեր ձեռք բերեց Պետերբուրգի Էրմիտաժից։ Խորհրդային իշխանություններն արժույթի կարիք ունեին և իրենց ոչնչով չէին կաշկանդում, իսկ Գյուլբենկյանն իրեն չէր ների, եթե այդ գանձերն աշխարհով մեկ տարածվեին և հայտնվեին կորչելու վտանգի տակ։ Կամ լավագույն դեպքում որևէ մեկի` տասը կողպեքով փակված մասնավոր հավաքածուում։ Այդ ժամանակ էլ հենց նա ասաց իր հայտնի խոսքերը. «Վաճառեք, ինչ ցանկանում եք, սակայն ոչ այն, ինչ գտնվում է թանգարանի ցուցանմուշների թվում։ Վաճառել այն, ինչը ազգային արժեք է կազմում, լուրջ ախտորոշման հիմք է տալիս»։ Եվ ավելացրեց, որ այդ հավաքածուն հոգու և սրտի մի մաս է։

Ախտորոշումն իսկապես լուրջ էր, քանի որ միայն Գյուլբենկյանը Էրմիտաժից ձեռք բերեց XVIII դարի ֆրանսիացի վարպետների ոսկե և արծաթե գործերը, ֆրանսիացի Ռիզեների` կարմիր փայտից պատրաստած գույքը, Ռոբերի, Բոութսի, Ռուբենսի, Տերբորխի, Վատտոյի և Լակրեի կտավները, Գուդոնի «Դիանա» քանդակը (որը ժամանակին պատկանում էր Եկատերինա II–ին)։ Դե իհարկե, նաև մեծն Ռեմբրանտի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ծերունու դիմանկարը»։

Նա կարող էր այդ ամենը իրեն թույլ տալ կյանքի վերջում։ Եթե գումարը ժամանակակից փողի վերածենք, նրա կարողությունը գերազանցում էր 5 մլրդ ֆունտ ստեռլինգը։ Եվ ոչ միայն գերազանցում էր, այլև անդադար ավելանում։

Գյուլբենկյանի ակտիվ ներգրավվածությունը նավթային բիզնեսում և, հատկապես, դրա վերափոխման հարցում Առաջին համաշխարհային պատերազմից հետո դեռ երկար էր շարունակվում. նա ամեն ինչ այնպես դասավորեց, որ առաջատար մերձարևելյան նավթային ընկերությունները 1914 թվականին նրան էին տալիս իրենց ակտիվների 5%–ը, այստեղից էլ առաջացել է նրա հայտնի մականունը։ Ինչ–որ անհասկանալի կերպով Գյուլբենկյանը միշտ կռիվներից զերծ էր մնում` ղեկավարելով դրանք և վերևից նայելով։ Այդ պատճառով իրավունք ուներ ասելու, որ նավթարդյունաբերողները «կատուների են նման. իրենց ճիչերից երբեք չես հասկանա` կռվում են նրանք, թե՞ սիրով զբաղվում»։

Նա հաջողացնում էր զբաղվել նավթի առուվաճառքով` առանց ուղեղը տեխնիկական գիտելիքներով ծանրաբեռնելու. դա թողնում էր իր կառավարիչներին։ Զավեշտալի դեպքեր էին լինում։ Մի օր Մարսելի խարսխակայանում նա տարօրինակ խողովակով արտասովոր նավ է տեսնում և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչ նավ է դա։ Դուստրը բացատրում է Գյուլբենկյանին` հենց այդպիսի տեսք են ունենում նավթի լցանավերը, որոնք տեղափոխում են այն, ինչի առուվաճառքով զբաղվում է սիրելի հայրիկը։

... Հետո սկսվեց լուրջ բարեգործությունը` «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունից», որի նախագահն էր նա։ Նույնիսկ ոչ թե լուրջ, այլ աննախադեպ. չէ՞ որ Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Հորդանանում կառուցվում ու բացվում էին բազմաթիվ հայկական դպրոցներ և հիվանդանոցներ, հայկական եկեղեցիներ` Միջին արևելքում, Իրաքում և Լիբանանում` ամենուր, որտեղ նշանավոր հայկական համայնքներ կային (և կան այսօր)։

1929 թվականին Գյուլբենկյանը կառուցեց Երուսաղեմի հայկական պատրիարքարանի հայտնի գրադարանը և մշտական վարձակալություն սահմանեց, որի գումարը, Գյուլբենկյանի կտակի համաձայն, վճարվում էր նաև նրա մահից հետո։ Դեռ իր ծնողների հանգանակությամբ Կոստանդնուպոլսում կառուցած Սուրբ Փրկիչ հիվանդանոցը նույնպես շարունակում էր վայելել նրա շռայլ հովանավորությունը։

Գյուլբենկյանը Լիսաբոն տեղափոխվեց գերմանացիների բռնազավթած Փարիզից, սիրեց այն ժամանակ դեռ հանգիստ, գրեթե գավառական (համենայնդեպս Ֆրանսիայի մայրաքաղաքի համեմատ) այդ քաղաքը։ Լիսաբոնում ապրեց մինչև մահ, այնտեղ էլ կազմեց իր կտակը, որով էլ ստեղծվեց հիմնադրամը։ Թանկարժեք հավաքածուն պահպանելու համար Գյուլբենկյանը հիմնադրամին ավելի քան 2.5 մլրդ դոլար թողեց և տարեկան 102 մլն դոլարի բյուջե ապահովեց։

Գյուլբենկյանի ջանքերով Պորտուգալիայի Օեյրաս քաղաքում գիտական ինստիտուտ բացվեց, որն ավելի ուշ կոչվեց մեկենասի անունով. այստեղ ուսումնասիրություններ են արվում մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի և գենետիկայի ոլորտում։

Գյուլբենկյանի աճյունը տեղափոխեցին Լոնդոն` նրա կառուցած Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այնտեղ էլ 1955 թվականին հուղարկավորեցին բրիտանական անձնագրով աշխարհի քաղաքացուն, որը սակայն արյունով և համոզմունքներով հայ էր։

410