Հայկ Մարության

Հիմա էլ «Հայկո ջան, կարգին չի՞». ինչպես թե ո՞ւր է քաղաքապետը… «Ֆեյսբուքում» է

578
Անկախ այն բանից, թե որքանով է հիմնավորված կամ արդարացված Օպերային մերձակա սրճարանների ապամոնտաժումը, քաղաքապետը թերևս պետք է ավելին աներ, քան «Ֆեյսբուքում» ստատուս գրելը:

Հայաստանի ոստիկանությունը մարտի 14-ի կեսօրին, Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում հանկարծ հիշեց, թե նաև ինչի համար է վարձատրվում: Հիշեց և ուժի գործադրմամբ սկսեց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բանուկ խաչմերուկն ազատել այնտեղ փողոքի ինքնաբուխ ցույց-նստացույց սկսած քաղաքացիներից:

Ինչպես հայտնի է, քաղաքապետարանի որոշմամբ Ազատության հրապարակի (Օպերայի) մերձակա տարածքում եղած բազմաթիվ սրճարանների մեծ մասը ապամոնտաժվելու են, արդե՛ն ապամոնտաժվում են: Դա ու այդ որոշման կատարման ձևը հարուցել է սրճարանատերերի ու այնտեղ աշխատող բազմաթիվ հայրենակիցների բուռն դժգոհությունը: Մարդիկ էլ, իրացնելով բողոքն ու դժգոհությունը արտահայտելու իրենց իրավունքը, «թավշյա իշխանափոխությամբ» փորձարկված փողոցափակման էին դիմել:

Վերջին 10 ամսվա մեջ առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես են ոստիկանական ուժերը շրջապատում ցուցարարներին, քաշքշում, առանձին քաղաքացիների նույնիսկ բերման (տարման) ենթարկում: Ոստիկանների կտրուկ ու վճռական շարժումներից երևում էր, որ նրանք կարծես մի տեսակ խանդավառությամբ էին ներգրավվել այդ «գործին», ավելի ճիշտ՝ իրենց գործին անցել: Մի բան, որ պայմանական ասած «նոր Հայաստանում» դեռ այդպես բացահայտ չէր նկատվել:

Համենայն դեպս, Հայաստանի ոստիկանությունը այդպես չէր դրսևորվել ո՛չ Ամուլսարի շրջափակումային ցույցի, ո՛չ Էջմիածին տանող մայրուղու փակման, ոչ էլ այլ ցույցերի կամ ցույցային դրսևորումների դեպքում: Մնում է ենթադրել, որ կան «ձեռնտու» կամ անձեռնմխելի ցույցեր ու ցուցարարներ, և կան ցուցարարներ, որոնց կարելի է «ցրել» և նույնիսկ «բերման ենթարկել»: Կամ էլ պետք է ենթադրել, որ մարտի 14-ը շրջադարձային կետ է, և այսուհետ անխտիր բոլոր ճանապարհափակիչ ցույցերի դեպքում ոստիկանությունը գործելու է արագ ու անկաշկանդ, որպես պետական իշխանության պատժիչ ու հասարակարգի, կարգուկանոնի պահպանիչ մարմին:

Մինչ այս, մինչ այն, տրամաբանական հարց ծագեց, թե ո՞ւր է առհասարակ ժողովրդական քաղաքապետ Հայկ Մարությանը: Հարցը դեռ երեկ էր ծագել, երբ բողոքավոր «սրճարանականները» պահանջում և ակնկալում էին նրա ներկայությունը նախ՝ Ազատության հրապարակում, հետո՝ քաղաքապետարանում երեկոյան հանդիպման ժամանակ:

Մի տեսակ տարօրինակ տպավորություն էր ստեղծվում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետի մամուլի քարտուղարը, տեղական (քաղաքային) իշխանության այլ ներկայացուցիչներ իրադարձությունների վայրում ու կիզակետում էին: Մի խոսքով, շատերը երևացին… Երևանի ընտրյալ քաղաքապետից բացի: Դա անգամ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն արձանագրեց ֆեյսբուքյան գրառմամբ. «Տպավորություն է, որ այս երկրում որևէ բան չի փոխվել. նույն կարմիր բերետավորները՝ անտանելի պահվածքով ու կեցվածքով, ժողովրդին քաշքշող ու հարվածող ոստիկանները, նույն գործելաոճը... Դե քաղաքապետն էլ նույն աշխատասենյակում նստած ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ՝ թաքնվելու փոխարեն:
Հը՞։ Բա՞ն էր փոխվել։ Չէէէ, չեմ լսել...

Հ. Գ. Նամուսն էլ ա լավ բան»։

Ի վերջո, քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց… «Ֆեյսբուքում»: Համենայն դեպս, երբ ոստիկաններն ու բողոքավորները հրմշտվում էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում ու մերձակայքում, Երևանի քաղաքապետը գրեց. «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»:

Պետք է ենթադրել, որ քաղաքապետարանի գործելակերպի դեմ բողոքողները կա՛մ երևանցի չեն, կա՛մ Հայկ Մարությանի ընտրազանգվածից չեն:

Ինքս էլ, օրինակ, ոչ միայն կողմ չեմ այդ ու մայրաքաղաքի սակավ զբոսայգիները ուտելատեղերի վերածած բազմաթիվ այլ սրճարանների ու զվարճաօբյեկտների առկայությանը, այլև տարբեր առիթներով ու հրապարակումներով դեմ եմ արտահայտվել դրանց էլ, սրճարանապատման երևույթին էլ: Բայց կոնկրետ այս պարագայում, անկախ այն բանից, թե որքանով է հիմնավորված կամ արդարացված

Օպերային մերձակա սրճարանների ապամոնտաժումը, քաղաքապետը թերևս պետք է ավելին աներ, քան «Ֆեյսբուքում» ստատուս գրելը: Թե՞ հիմա էլ այնքան պիտի այդ ամենը «պտտվի», մինչև ղեկավարությունից ասեն՝ «Հայկո ջան, կարգին չի…»:

Հարցը սրճարանների ապամոնտաժումը չէ սոսկ, դա հանրագումարում լուծվող ու լուծելի խնդիր է: Հարցը վերաբերմունքն է: Թե՞ բողոքողները «սևերն» են, ու դրանով ամեն ինչ ասվա՞ծ է:

Հնարավոր է, ի վերջո, նա ոչ միայն ֆեյսբուքյան տարբերակով արձագանքի: Բայց դա դիտողությունից հետո բարևելու տպավորություն կարող է թողնել:

578
թեգերը:
Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Օպերայի հարակից տարածքի սրճարանները ուրվական են դարձել. ֆոտոշարք
Take Away հայկական ձևով. թրեյլեր-սրճարանները խանգարո՞ւմ են քաղաքապետարանին
«Որտե՞ղ տեղավորվեմ». սրճարանատերերը պատրաստ են փոխզիջումների, քաղաքապետարանն անդրդվելի է
«Ես լա՜վ տղա եմ… էս երգն իմ մասին ա…». ապամոնտաժվող սրճարաններից «կարապի երգը» հնչեց