Կադր 1964 թ. արտադրության «Լիմոնադե Ջո» ֆիլմից

Լիմոնադե Ջոյին թանկացնում են. ակցիզային «գազեր» գազավորված ըմպելիքների վրա

181
Արմեն Հակոբյան
Վերջերս, ասում են, Վարդենիսի կողմերում Լիմոնադե Ջոն (նույն ինքը՝ Հովոն) է երևացել: Տեսնողներն ասում են, որ խիստ անտրամադիր է եղել. մի տեսակ «գազը թողած»: Երբ հարցրել են՝ ի՞նչ հաշիվ է, պատասխանել է՝ ակցիզայինով «գազ են տալիս» վրաս, չգիտեմ, թե ինչ եմ անելու…

Այժմ՝ ավելի լուրջ: Նորություն չէ, իհարկե, որ կառավարության ընդերքում խմորվել է մտադրություն ու ցանկություն, որով նախատեսվում է բարձրացնել գազավորված ըմպելիքների (բացառությամբ՝ առանց հավելումների հանքային ջրերի) ակցիզային հարկի չափը: Խնդրով հետաքրքրված թերևս բոլոր կողմերն արտահայտվել են:

      Կառավարության թիմից խնդրին ու դրանից բխող հարցադրումներին մի քանի անգամ, այդ թվում՝ Sputnik Արմենիայի եթերում, պատասխանել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Կառավարության մոտեցումն, ըստ այդմ, ամփոփվում է հետևյալ թեզերով.

ա) միանշանակ չէ, որ գազավորված ըմպելիքները սպառողների համար կթանկանան, որովհետև արտադրողների միջև մրցակցությունը կթելադրի, որ նրանք իրենց հասույթի հաշվին «ծածկեն» ակցիային հարկի բարձրացման բեռը

բ) գազավորված զովացուցիչ ըմպելիքներն առաջին անհրաժեշտության ապրանք չեն, ուստի եթե մի փոքր թանկանան էլ, ապա դա սոցիալական հետևանքներ չի ունենա

գ) ակնկալվում է, որ ակցիզային հարկի բարձրացման արդյունքում բյուջեի հարկային եկամուտները տարեկան 3 միլիարդ դրամով կավելանան:

      Գազավորված ըմպելիքներ արտադրողները, սակայն, այդքան լավատես չեն. ավելին, ի տարբերություն պետական պաշտոնյաների, արտադրողները տեսնում են տնտեսության այս ճյուղի վնասվելու, աշխատատեղերի ու արտադրության ծավալների կրճատման իրական ռիսկեր:

Ոլորտի ներկայացուցիչների ասածներն էլ հանգում են հետևյալ թեզերին.

1)  հարկային բեռի ավելացումն անխուսափելիորեն կբերի ապրանքատեսականու թանկացման, տեղական գազավորված խմիչքները կարող են գնային առումով անմրցունակ դառնալ հարևան երկրներում արտադրվող ու ներկրվող նույնատեսակ ապրանքների նկատմամբ

2) թանկացումը կարող է հանգեցնել սպառման, ապա և՝ արտադրության ծավալների կրճատման, իսկ դա արդեն կբերի աշխատատեղերի կրճատման, եթե ոչ՝ արտադրության դադարեցման

3) անհասկանալի է հարկման բեռի ավելացման տրամաբանությունը, խորությամբ հաշվարկված չեն դրա հետևանքները հարակից ոլորտների (մատակարարման, իրացման) վրա:

      Չնայած կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ հանրային լայն քննարկում եղել է, բայց արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հարցադրումները հուշում են, որ եթե եղել էլ է, ապա տակավին ահագին քննարկելու բան ու տեղ մնացել են:

Հասկանալի է, իհարկե, որ արտադրողները ձգտում են հնարավորինս պաշտպանել իրենց շահերը, հասնել նշված հարկատեսակը չկիրառելուն կամ գոնե՝ նախատեսվածի չափով չկիրառելուն: Բայց այնպես չէ, թե կարելի է անտեսել աշխատատեղերի կրճատման իրական հավանականության մասին նրանց ահազանգ-մտահոգությունները:

      «Հայ Կոլայի» տնօրեն Տիգրան Հովսեփյանն ընդհանրապես ձեռնարկության մահվան մասին էր խոսում, դառը կատակելով, թե՝ ««Հայ Կոլան» մահացավ «Նիկոլի թվին»», ու մեղադրանքներ ուղղելով ֆինանսների նախարարին և փոխվարչապետին:

Մյուս արտադրողներից, օրինակ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլերի» գլխավոր տնօրեն Գուրգեն Նարիմանյանն էլ, առանց դրամատիկ արտահայտությունների, բացատրում է, թե ինչո՞ւ է հնարավոր աշխատատեղերի կրճատումն այս ամենի հետևանքով, ըստ որում՝ ոչ միայն արտադրող ընկերություններում:

      Հենց այս վերջինն է, կարծում ենք, ամենից կարևորն ու հետաքրքիրը: Որովհետև, երբ թեման շոշափվում է հանրային հարթակներում, անպայման մեկնումեկն ասում է, թե այդ գազավորված ըմպելիքները (առհասարակ, առանց որևէ ապրանքանիշ մատնանշելու) «խմելու բան չեն», վնասակար են, լրիվ քիմիա են և այլն: Չենք վիճում: Ըմպելիքներ կան, որոնց բաղադրությանը ծանոթանալիս Մենդելեևի մասին եմ հիշում:

Հա, բայց այդ դեպքում թող պետությունը բռնի ու առհասարակ արգելի Հայաստանում գազավորված խմիչքների արտադրությունն ու վաճառքը: Ի դեպ, ասենք, որ ճարպոտ միսն և սպիտակ հացն էլ են ահագին վնասակար: Չէ, պարոնայք նախարարներ «առաջարկություն չենք անում», պարզապես հեգնական ակնարկով հիշեցինք, թե՝ դե եկեք հացի ու մսեղենի վրա էլ հարկային առումով «գազ տանք», որպեսզի ազգաբնակչությունը հնարավորինս զերծ մնա այդ վնասակար սննդատեսակներից: Դե, երշիկեղենի մասին չասենք: Բայց դեռևս կարծես մարդիկ չեն հրաժարվել շաուրմա կամ համբուրգեր ուտելուց, վրայից էլ գազավորված ըմպելիք կլլելուց:

Ամենից էականը սակայն այն է, որ այս կամ այն գազավորված ըմպելիքի ձեռնարկությունում աշխատող անծանոթ հայրենակիցները գործազուրկ չդառնան: Ոչ պակաս էական է և այն, որ 3 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտ ստանալու կանխատեսմամբ հրապուրված՝ հանկարծ չբռնենք ու տարեկան մի քանի միլիարդ հարկ վճարող ձեռնարկություններից զրկվենք:

Հա, մի փոքր հարց էլ կա: Կարելի է ասել՝ հարցիկ. խոշոր ու հանրաճանաչ ընկերություննե՞րը (Coca կամ Pepsi արտադրողները) ավելի հեշտ կտանեն հարկային բեռի ավելացումը, թե՞ անհամեմատ համեստ հնարավորություններ ունեցող, տեղերում լիմոնադ կամ այլ գազավորված խմիչքներ արտադրող միջին ձեռնարկատերերը:

Հարցիկն, ի դեպ, զուտ հռետորական է:

Իսկ Լիմոնադե Հովոն (նույն ինքը՝ Ջոն), ասում են արդեն ավիատոմս է գնել ոչ այն է՝ Դոնի Ռոստովի, ոչ այն է՝ Անտվերպենի ուղղությամբ:

181
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Երբ Պանիկովսկու «տուր ինձ միլիոն»-ը վերափոխվում է Մարուքյանի «միլիարդ որ տա, կներեմ»-ի
«Դուխով», «նյուխով», «սլուխով» բիզնեսմեննե՛ր, էստի՛ համեցեք
«Աչքալուսա՞նք», թե՞ «սև թուղթ». ԶԼՄ–ներ vs իշխանություն «տարածքային վեճը» թափ է հավաքում
Բռնությունը նետենք աղբարկղը. կստացվի՞