Դպրոցական

«Հարցերը սիրո մասին էին, տղաների մոտ ամաչեցի». Երևան եկած սումգայիթցի աղջկա պատմությունը

836
(Թարմացված է 21:14 21.09.2017)
Դմիտրի Պիսարենկո
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն պատմում է Սումգայիթից փախած մի աղջկա մասին։

1988 թվականի աշնանը Երևանի ռուսական դպրոցների աշակերտների թվում ավելացան Ադրբեջանից փախած ընտանիքների երեխաները։ Սումգայիթից եկած մի աղջկա բերեցին Սվետլանա Ալեքսանդրովնայի դասարան։ Աղջիկը շատ էր տարբերվում մյուսներից։

Սանրվածքով, հագուստով և…  ընկճվածությամբ։ Նրան կարեկցում էին, ընդառաջում, սակայն հետո ամեն ինչ կարծես դպրոցական քմահաճ կյանքի սովորական մի մաս դարձավ։ Ընդօրինակում էին նրա ռուսական  երգեցիկ խոսքը (Բաքվի ակցենտով), ծաղրում պայուսակի ու կոշիկների համար, մեղադրում հայերեն տառերն ու լեզուն չիմանալու համար։

Այդ ամենն արտահայտվում էր նրա պահվածքի վրա։ Վախենում էր դաս պատասխանել գրատախտակի մոտ։ Վախենում էր համադասարանցիների կծու կատակներից և ուսուցիչներին խնդրում էր իրեն առանձին դաս հարցնել, առանց վկաների։ Դասերի ժամանակ երբեք չէր խոսում։ Նստում էր առաջին նստարանին` մեջքը ձիգ, ձեռքերը սեղանին դրած, և հետաքրքրությամբ նայում էր ուսուցիչներին։ Նրանց միշտ անուն-հայրանունով էր դիմում։ Սվետլանա Ալեքսանդրովնան նկատել էր, թե ինչպես է ջանասիրաբար ինչ-որ բան գրում օրագրի վերջին էջում։

— Մեր բոլոր ուսուցիչների անուններն եմ գրում։ Մայրիկն ու տատիկն են խնդրել։ Նրանց այդպես են սովորեցրել, — պարզաբանեց աղջիկը։

Յուրաքանչյուր անուն-հայրանուն ջերմեռանդությամբ էր գրում։ Գրառումներն անում էր կանաչ ու կարմիր գրիչներով, իսկ առարկայի անվան դիմաց համապատասխան խորհրդանիշ էր նկարված։

Օրինակ` ռուսաց լեզու և գրականություն առարկայի տողի վերջում, որը դասավանդում էր Սվետլանա Ալեքսանդրովնան, Պուշկինի գրիչն էր պատկերված…

Այդ ուսումնական տարին Երևանում տարբերվեց նախորդներից։ Ցույցեր, գործադուլներ, հանրահավաքներ… Սկզբում գիտակցաբար, իսկ հետո չարաճճիությամբ բարձր դասարանցիները սկսեցին փախչել դասերից ու շտապեցին Թատերական հրապարակ Գորբաչովից արդարություն պահանջելու։ Սումգայիթցի աղջիկը հետևեց բոլորի օրինակին։

Նրա ընտանիքին կացարան էին տվել քաղաքի ծայրամասում գտնվող գործարանի հանրակացարանում։ Հատկապես քաղաքային տրանսպորտի բացակայության ժամանակ տուն հասնելը դժվար էր։ Տեղացիների համար ավելի հեշտ էր։ Գրեթե բոլորը կենտրոնում էին ապրում, դպրոցից քիչ հեռու։ Բուհ ընդունվելու համար լրացուցիչ էին պարապում` կրկնուսույցի մոտ։

Пристань в Севастополе.
© Sputnik / Сергей Мальгавко

Վրա հասավ 1989 թվականի ամառը։ Սումգայիթից գաղթած աղջիկը գրականության ավարտական քննությանը շատ էր ամաչում, անհանգստանում, լուռ էր և արդյունքում ոչ մի հարցի չպատասխանեց։ Աղջիկը մտադիր էր մանկավարժական համալսարան ընդունվել Ուկրաինայում։ Առանց երեքների ատեստատ էր հարկավոր։ Սակայն նույնիսկ Սումգայիթի երեխաներին ներքին կարգով խնայելու հրամանը նրան չփրկեց այս իրավիճակում։ Աղջկան խնդրեցին դուրս գալ։

— Ինչո՞ւ չկարողացար պատասխանել, պատրա՞ստ չէիր, — հարցրեց Սվետլանա Ալեքսանդրովնան` նրա հետևից միջանցք դուրս գալով։

— Ոչ, ոչ, ոչ։ Ես ամբողջ գիշեր չեմ քնել, պատրաստվում էի, —շուտասելուկի նման ասաց աղջիկը։

— Այդ դեպքում ինչո՞ւ չպատասխանեցիր։

— Վախեցա։ Սիրո մասին էին հարցերը։ Ամաչեցի տղաների մոտ… — ամոթխած արտաբերեց նա ու հայացքը հառեց գետնին։

— Լավ, ես հնարավոր ամեն բան կանեմ, — վստահ ասաց ուսուցչուհին և ավելացրեց։ — Ինչ էլ չկարողանամ անել, անպայման կփորձեմ։

Սվետլանա Ալեքսանդրովնան երկար համոզեց քննական հանձնաժողովին, որ աղջկան երեք չնշանակեն։ Տարբեր պատճառաբանություններ ներկայացրեց, բայց հանժնաժողովի անդամներին համոզեց միջանցքում արված խոստովանությունը։ Սվետլանա Արտաշեսովնան հուսահատված պատմեց այդ մասին։

… Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ սումգայիթցի աղջիկը երջանկությունից փայլում էր։ Մի քանի անգամ իր դիպլոմը համբուրելով` նա վազեց Սվետլանա Ալեքսանդրովնայի մոտ և խնդրեց առանձնանալ։

— Սա նվեր է մայրիկիցս ու տատիկիցս, — ուրախ ձայնով, բայց խնդրողական տոնով ասաց նա։ — Շնորհակալ ենք ձեզ անչափ, ես երբեք չեմ մոռանա այն, ինչ Դուք արեցիք ինձ համար։ Խնդրում եմ, վերցրե՛ք նվերը, մի՛ մերժեք։ Սա մեր ամենաթանկ բանն է։

Սվետլանա Արտաշեսովնան նայեց նվերին։ Ֆրանսիական օծանելիքի կիսադատարկ սրվակ էր…

836
թեգերը:
Ադրբեջան, Սումգայիթ
Ըստ թեմայի
Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Սարգսյան
Սումգայիթի ջարդերն ատելության և քսենոֆոբիայի շարունակական դրսևորումն են. ԱԳՆ
Կառավարության նիստը սկսվեց Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը հարգելով
Բաքվում առաջ են մղում դեպքերի ամենաանհեթեթ վարկածը. փորձագետը` Սումգայիթի ջարդերի մասին