Թմրանյութ

Մարիխուանայի «լեգըլայզ», կամ ո՞վ է «վառել» թեման, որտեղից է «ծուխը» լրահոս լցվել

426
(Թարմացված է 20:55 26.02.2019)
Մարիխուանան օրինականացնելու թեման բուռն արձագանք գտավ հասարակության շրջանում և քննարկումների արժանացավ սոցիալական ցանցերում։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանը փորձել է հասկանալ` որտեղից է քամին փչում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, թեպետ ֆեյսբուքյան գրառմամբ, բայց կարելի է ասել՝ պաշտոնական հայտարարությամբ փարատեց մարիխուանայի օրինականացման վերաբերյալ կասկածները: Թերևս, արժե թեթևակի հիշեցնել Արսեն Թորոսյանի փետրվարի 25-ի գրառման այդ հատվածը. «Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել և ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ: Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի: Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»:

Ուղղակի հրաշալի է, որ առողջապահության նախարարը համոզված ու նման վստահությամբ է արտահայտվում նաև ամբողջ կառավարության կամ կառավարության ամբողջ կազմի վերաբերյալ:

Իսկ ինչո՞ւ հանկարծ անհրաժեշտություն առաջացավ, որ առողջապահության նախարարը նման հայտարարությամբ հանդես գա: Բանն այն է, որ հանրային հարթակներում, նույն է թե սոցցանցերում բավականին ակտիվ շրջանառվում էին խոսակցություններ, տարբեր անհատների մտավախություններ, որ նախ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարող է որոշ երկրների օրինակով հանդես գալ մարիխուանայի, նույն ինքը՝ կանեփի, «պլանի» ազատ շրջանառության և օգտագործման նախաձեռնությամբ: Ի լրումն, նկատի ունենալով ծխելու, կոնկրետ՝ ծխախոտի գլանակների և սիգարետների դեմ ծավալված կամ դեռ ծավալվելիք խիստ պայքարը, մարդիկ սկսեցին սրամտել, թե՝ «չհասկացանք, ծխախոտն արգելելո՞ւ են, որ «պլանն» օրինականացնե՞ն»…

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր վերոհիշյալ գրառումը հենց այդօրինակ արտահայտություններին հակադարձելուց էլ սկսել է ու, մասնավորապես, նշել. «Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա»:

Հարց է ծագում` իսկ որտեղի՞ց եկավ այս մարիխուանայի թեման, ի՞նչ մանիպուլյացիայի ու խարդավանքների մասին է խոսքն առհասարակ: Թե՛ առողջապահության նախարարի գրառման տողատակում, թե՛ գործող իշխանություններին աջակցողների զանազան գրառումներում զարգացվում է քարոզչական թեզ, որ ոչ մի նման բան չկա ու չէր կարող լինել։ Իբր «հակահեղափոխական չար ուժերը» ստեր են հորինել, թեմա են դաշտ նետել, որն էլ դարձել է հանրային կարծիքի «ծամոն»:

Իրենց որ լսես, կստացվի, թե ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք ու երբեք կապ էլ չի ունեցել մարիխուանայի օրինականացման, ինչպես իրենք են սիրում ասել՝ «լեգըլայզի» թեմայի հետ, և «հանցավոր ռեժիմի» կողմից հրահրվող «հակահայկական լրատվամիջոցները», «ծախված լրագրողները», «կեղծ լուրեր հորինողները», շինծու ու սուտ բաներ տարածելով վարկաբեկում են ժողովրդական իշխանություններին և իշխանավորներին: Մանիպուլյատորները մանիպուլյացիաներ են անում, մի խոսքով:

Նման պարագայում ավելի է սրվում հետաքրքրությունը, թե ով կամ ովքեր են ժամանակին «վառել» մարիխուանայի օրինականացման թեման, որտեղից է դրա, պատկերավոր ասած՝ «ծուխը» լցվել լրահոս և հասարակական-քաղաքական միջավայր:

Մարիխուանայի «լեգըլայզի» վերաբերյալ ժամանակին խոսել է օրինակ Երևանի ավագանու (նախորդ գումարման) «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Խոսել է մասնավորապես 2017 թվականի ամռանն արված ֆեյսբուքյան գրառման մեջ, որից, ասում են, միայն «սքրինշոթերն» են պահպանվել, խոսել է նաև 2017 թվականի դեկտեմբերին, Պոլիտիկ.ամ-ին տված հարցազրույցում, որն այս հրապարակումը պատրաստելու պահին դեռ հեռացված չէր ու հասանելի էր:

Հա, ու միայն մարիխուանայի (նույն ինքը՝ կանեփ, «պլան») մասին չէր նա խոսել ակնարկյալ գրառման մեջ, այլև հասարակության մեծամասնության կողմից դեռևս ցավոտ ընկալվող ու արձագանքվող այլ երևույթների (ԼԳԲՏ, մարմնավաճառություն և այլն), բայց չշեղվենք:

Կոնկրետ հիշյալ՝ «Մարիխուանայի օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է. Ա. Սիմոնյան» վերնագրով հարցազրույցում, որ հրապարակվել է 2017թ. դեկտեմբերի 15-ին, «Իմ քայլի» առաջնորդներից մեկը համարվող Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Մարդկանց թվում է, որ բոլոր այն մարդիկ ովքեր ասում են՝ եկեք օրինականացնենք, ցանկանում են մարդկանց թմրամոլ դարձնել, սակայն մենք պնդում ենք, որ դրա օրինականացումը խոսում է բոլորի շահերից՝ պետության շահերից, չէ՞ որ երևույթը անկախ բոլորիս կամքից առկա է։ Մենք ասում ենք՝ եկեք ստվերից տեղափոխենք օրինական դաշտ,անվերահսկելին վերցնենք վերահսկողության տակ, չէ որ ահռելի գումարներ են շրջանառվում այդ ոլորտում, ինչը օրինական ճանապարհով կփոխանցվի բյուջե»:

Շարունակության մեջ Ալեն Սիմոնյանը, ի շարս այլ արտահայտությունների, ասել է նաև հետևյալը. «Ես ասել եմ այն, ինչ մտածել եմ…  և շարունակելու եմ պնդել իմ տեսակետը` ասելով, որ այո, դա մեր երկրի համար է, այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց երեխաները օգտագործեն, այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել, և բոլորի համար ճիշտ որոշում է, քանի որ այդ դեպքում ովքեր չեն օգտագործում և չեն ցանկանում, որ որևիցե մեկն օգտագործի, ապահովված կլինեն դրանից, իսկ ցանկացողներն էլ կօգտագործեն նորմալ մի բան, այլ ոչ թե թունավոր փայտի կտորներ»:

Ընթերցողներին ու նաև առողջապահության հարգարժան նախարարին թեթևակի հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն այժմ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն է, այլ կերպ՝ երկրի խորհրդարանի փոխխոսնակ, էլ ավելի այլ կերպ՝ պետական բարձրաստիճան այր:

Բայց շարունակենք: Նույն 2017 թվականին, կոնկրետ նոյեմբերի 18-ին (այսինքն՝ Ա.Սիմոնյանի մեջբերյալ հարցազրույցից մոտ մեկ ամիս առաջ) նույն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ, «Քաղպայմանագրի» վարչության անդամ ու հետո էլ «Իմ քայլի» նկատելի առաջնորդներից Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում արել է գրառում, որն այս հրապարակումը պատրաստելու պահին դեռ հասանելի էր և որը կասկածի տեղ չի թողնում, որ տվյալ քաղաքական ու արդեն նաև պետական գործիչը ոչ միայն կողմ է մարիխուանայի օրինականացմանը, այլև դրա համոզված, անգամ կարելի է ասել՝ գաղափարական կողմնակիցն է ու վաղուց: Խնդրեմ, Արայիկ Հարությունյանի տվյալ գրառման հետգրությունից հատված. «Երբ 2015-ին քաղաքական կուսակցությունների պատմության մեջ առաջին անգամ բարձրաձայնեցի մարիխուանայի օրինականացման անհրաժեշտության մասին, մեր կուսակցության անդամներին բողոքում էին, թե էս ինչեր է ասում ձեր կուսակցության վարչության նախագահը, բա մեր ազնիվ ցեղը հո չի գնա կորի…»:

Ի դեպ, Արայիկ Հարությունյանի այդ գրառման տակ այն ժամանակ ոչ այնքան հստակ ընկալվող մեկնաբանություն էր թողել Հակոբ Արշակյանը, թե՝ «…ապեր, ծխի, վայելի, աճացրու, ծախի, ինչ ես ընկել մեր «տկար հասարակության» հետևից, թող մենք մեր ձևերով կվերանանք կգնանք»: Դժվար է ասել՝ տրանսպորտի, կապի և ՏՏ ներկայիս նախարարը հանդիմանո՞ւմ, թե՞ խրախուսում էր մարիխուանայի օրինականացման առնչությամբ կուսակից ընկերոջ մոտեցումները:

Սա էլ ամենը չէ, իհարկե: Արդեն «թավշյա հեղափոխությունից» հետո, Նիկոլ Փաշինյանի մերձավոր քաղաքական զինակիցներից թերևս ամենանկատելին՝ Արարատ Միրզոյանը, արդեն առաջին փոխվարչապետի կարգավիճակում, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում 2018թ. հունիսի 22-ին, այսպես ասենք՝ ոչ այնքան հաջող արտահայտություն էր թույլ տվել, որից կարելի էր հասկանալ, որ նա էլ դեմ չէ մարիխուանայի «լեգըլայզին», ավելին` դա թմրանյութ չի համարում: Հետո, իհարկե, Արարատ Միրզոյանն առանձին հայտարարությամբ հանդես եկավ, սկսվեց արդեն «ավանդական» դարձող քարոզչասատարումը, որ մարդու ասածը կամ խեղաթյուրել են կամ ճիշտ չեն հասկացել, կամ այլ բան է նկատի ունեցել (ինչպես այլ տարբեր դեպքերում տարբեր նոր իշխանավորների հայտարարությունների հատ կապված):

Ամփոփենք, ինչպես ասվում է թեմայի «տերևներն» ու «ցողունները»:

Ներկայիս իշխանության բավականին ազդեցիկ ներկայացուցիչներ, ի դեմս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամ, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ընդամենը 1-2 տարի առաջ, իսկ իրենց հայտարարություններից դատելով՝ շատ ավելի վաղուցվանից, հետևողականորեն հանդես են եկել մարիխուանայի օրինականացման դիրքերից, դրան հասնելը եղել է իրենց քաղաքական պայքարի, գործունեության նպատակներից մեկը: Եվ հիմա այդ մարդիկ ժողովրդական վստահության մեծ մանդատով ունեն ըստ էության՝ ռեալ իշխանություն են: Հարց է ծագում նրանք ի՞նչ է, հրապարակավ ու միարժեքորեն հրաժարվե՞լ են մարիխուանայի հետ կապված իրենց մտադրություններից ու մոտեցումներից: Նման բան ինչ-որ չենք մտաբերում:

Հիմնական հարցերից մեկը. ի՞նչ մանիպուլյացիաների, ի՞նչ հորինվածքների մասին է հիմա խոսում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, եթե այդ թեման հասարակական-քաղաքական օրակարգ բերած հիմնական գործիչները իր իսկ կուսակցական ընկերներն են, ավելին՝ կուսակցական ղեկավարության ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ու ո՞վ է այս դեպքում հորինողն ու մանիպուլյացիաներ անողը, պարոնայք:

Թե՞ հիմա էլ ելնելու եք, ու փորձեք հանրությանը համոզել, որ «պլանը» թմրանյութ չէ, «պլանքյաշությունն» էլ, հետևաբար, պախարակելի չէ, ու առհասարակ, «թմրանյութ» ասելով, դուք միայն կոկաի՞նն ու հերոի՞նը նկատի ունեք ու նման այլ տեսակները:

Կրկնենք՝ ուղղակի շատ լավ է, որ առողջապահության նախարարը կտրական ու հստակ ասում է, որ առաջինն ինքը կարգելի թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման որևէ նախաձեռնություն: Բայց հետո, երբ վստահ խոսում է, թե նույնը կանի կառավարության ամբողջ կազմը, կարելի է առաջարկել առողջապահության նախարարին, որ նախ ճշտի, թե այդ հարցով ի՞նչ է անցնում ԿԳ նախարարի և ԱԺ հիշատակված փոխնախագահի մտքով։

 

   

 

       

 

   

 

 

 

 

 

 

 

 

426
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Արսեն Թորոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օրենքով գողին` թմրանյութի համար. Ալեքսանդր Մակարյանին մեղադրանք է առաջադրվել
Անակնկալով անանաս․ իսպանական ոստիկանությունը թմրանյութի խոշոր խմբաքանակ է հայտնաբերել
Իրանից թմրանյութի ներկրման փորձ է կանխվել. ՊԵԿ