Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Վարչապետի հանձնարարականներից ծնված հարցեր, կամ արժե՞ ջնջել հինը նույնը ստեղծելու համար

498
(Թարմացված է 17:43 18.02.2019)
Կառավարության վերջին նիստի հանձնարարականները ուշագրավ էին։ Դրանք վրիպել են հասարակության, բայց չեն վրիպել Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանի ուշադրությունից։ Նա մանրակրկիտ ուսումնասիրել և յուրովի վերլուծել է դրանք։

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք` ընդհանուր 15 կետից բաղկացած, հանձնարարականներ տվեց, որոնց կատարման վրա պետք է կենտրոնանան գործադիր իշխանության պաշտոնյաները: Ավելի ճիշտ՝ արդեն պիտի որ կենտրոնացած աշխատելիս լինեն նախանշված բոլոր ուղղություններով, որոնք, ինչպես ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, առաջնահերթ են՝ անկախ թվարկման հերթականությունից:

Թվում էր, որ պետության ղեկավարի նման՝ բավականին կոնկրետացված հանձնարարականների շարքը պետք է քննարկումների առարկա դառնար: Բայց, ինչպես հաճախ է դա նկատվում մեր իրականության մեջ, լուրը ասվեց, հաղորդվեց ու վերջ: Քննարկումների համար բազմազան այլ թեմաներ ծագեցին (ինչպես միշտ), սկսած 23-ամյա դատախազության դատախազից, վերջացրած Սահակաշվիլու դեզօքսիռիբոնուկլեինաթթուների էթնիկ բաղադրությամբ: Ինչ-ինչ, սակայն Սահակաշվիլու ԴՆԹ-ի արդյունքները մեր սոցիալ-տնտեսականին ի՞նչ: Մինչդեռ կառավարության վերջին նիստում հնչեցված 15 կետերից գրեթե յուրաքանչյուրը, այսպես թե այնպես, կարող է իր անդրադարձն ունենալ մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Հետևանքնե՞ր, թե՞ արդյունքներ` դա էլ կյանքի ընթացքը ցույց կտա, միգուցե՝ «լայվով»:

Դիտարկենք նշված կարևոր հանձնարարականներից մի քանիսը:

Թվարկված կետերից երեքի դեպքում հանդիպեց «գույքագրել» բառը: Մասնավորապես, հանձնարարվեց վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

... 13. Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ:

14. Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը:

Երկու կարծիք հազիվ թե լինի՝ ներդրումային ծրագրերը, դրանցից յուրաքանչյուրի ընթացքի գույքագրումը, այսինքն՝ ներդրումային վիճակի, նաև խնդիրների համակարգված պատկերն ունենալը խիստ կարևոր է: Ասենք` մյուս գույքագրումներն էլ: Բայց անխուսափելիորեն հարցեր են ծագում: Կներեք, իսկ անցած ամիսներին, չասենք՝ կես տարում կամ 10 ամսում, այլ թեկուզ վերջին եռամսյակում հնարավո՞ր չէր այդ ամենը գույքագրել, այսինքն՝ եղած-չեղած վիճակը, ներդրումային ծրագրերն ու մնացյալ հանգամանքները ֆիքսել ու արդեն լծվել կոնկրետ գործի: Գույքագրելը որքան էլ կարևոր լինի, այնուամենայնիվ, դա նախա-նախամեկնարկային կազմակերպչական քայլ է:

Ի դեպ, այս մի հանձնարարականն էլ հետաքրքիր թվաց. 3.Արագացնել Ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը:

Անշուշտ, եթե ներդրումային հոսք է սպասվում, կամ եթե ոչ մի կերպ ներդրումներ չեն սպասվում, անհրաժեշտ է ունենալ առանձին կառույց, որն ամբողջովին, ոտով-գլխով, ինչպես ասում են, կլծվի այդ գործին: Սպասվելու դեպքում՝ հոսքը հնարավորինս կարգավորելու, իսկ ներդրումներ չսպասվելու դեպքում՝ սպասման գործնական նախադրյալներ ստեղծելու համար:

Հիմնադրամ (ֆոնդ) բառը ծանոթ թվաց: Հիշեցի` տարիներ առաջ էր չէ՞, որ Զարգացման հիմնադրամ ստեղծվեց, որ կարծես հենց նման գործառույթ ուներ՝ ներդրումների ներգրավում, խթանում և այլն: Պարզվում է, որ այդ հիմնադրամը կա, այսօր էլ է գործում, ճիշտ է` մի փոքր վերափոխված անվանմամբ, բայց կա: Պաշտոնական կայք էլ ունի, որտեղ շատ պարզ ու մատչելի «Մեր մասին» բաժնում, «Ո՞վ ենք մենք» հարցին ի պատասխան, գրված է. «Բիզնես Արմենիան (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2015 թ., երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ: Կառույցի գլխավոր նպատակն է Հայաստանի վարկանիշի և մրցունակության բարձրացումը, ներդրումների ներգրավումը, արտահանման խթանումը: Բիզնես Արմենիան իր ծրագրերով նպաստում է պետական մարմինների և գործարարների միջև համագործակցությանը, իրականացնում համատեղ նախագծեր, աջակցում օտարերկրյա ներդրումներին և հետներդրումային ծառայությունների մատուցմանը»:

Այստեղ արդեն տրամաբանական հարց է ծագում, կներեք, նույնիսկ՝ մի քանի հարց: Նախ, եթե կա կոնկրետ մասնագիտացված կառույց, այն էլ ՀՀ կառավարության որոշմամբ, ապա ինչո՞ւ չօգտվել  դրա ծառայություններից և ձևավորել լրացուցիչ «Ներդրումային հիմնադրամ»: Երկրորդ` մի՞թե «Բիզնես Արմենիա» (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) արդեն ու անընդմեջ թարմացմամբ չունի ներդրումային ծրագրերի գույքագրում: Դատելով կայքում արտահանման պայմանագրերի, ներդրումային ծրագրերի վերաբերյալ մեծ ու երևացող թվերով հաղորդվող տվյալներից` ոնց որ թե լավ էլ գույքագրում են:

Առավել հետաքրքիր է դառնում ներդրումային մի նոր հիմնադրամի ձևավորման անհրաժեշտությունը, երբ տեղեկանում ես, որ արդեն հիշատակված «Բիզնես Արմենիայի» (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի անդամներ են փոխվարչապետ Ավինյանը, մի շարք ոլորտային նախարարներ, ներառյալ ԱԳ նախարարին: Այսինքն` կառավարության կազմի նկատելի թվով ներկայացուցիչներ կան այդ՝ վերաբրենդավորված Զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: Բայց նրանք կառավարության վերջին նիստում հանձնարարական ստացան ներդրումային հիմնադրամ ստեղծելու աշխատանքներն արագացնելու վերաբերյալ:

Հարց. իսկ ինչո՞վ է այդ ստեղծվելիք հիմնադրամի գործառույթն էապես տարբերվելու արդեն եղած հիմնադրամի արածից կամ անելիքից: Կամ՝ մի՞թե հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կառավարության հարգարժան անդամները չեն կարող համապատասխան խնդիր դնել արդեն եղած հիմնադրամային կառույցի առջև:

Եվ կառավարության վերջին նիստում տրված մի կարևոր հանձնարարական էլ.

15. Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Ռուսական մի լավ ասացվածք կա՝ սահնակն ամռանը պատրաստիր: Լավ է, որ փետրվարի կեսին հայրենի կառավարությունն ու վարչապետն արդեն մտածում են պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին պատրաստվելու մասին: Սա ոչ թե լավ, այլ ուղղակի գերազանց է: Պետք է հուսալ, որ կառավարության հաջորդ նիստում արդեն կհետևեն հանձնարարականներ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստվելու, մասնավորապես՝ դիզվառելիքի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, որակյալ սերմացուների գնային մատչելիությունն ու համահասանելիությունն ապահովելուն ուղղված կոնկրետ քայլեր անելու վերաբերյալ: Դա, կարծում ենք, կօգնի, որ արտահանման սեզոնին հայկական արդարության գյուղմթերքը մի քիչ ավելի մրցունակ լինի:

Սպասենք կառավարության հաջորդ նիստին ու հանձնարարականներին:

498
թեգերը:
ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը
Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը
Դեմ քվեարկելով՝ մնում ենք կառավարության և մեծամասնության համախոհը. Նաիրա Զոհրաբյան
Հայկ Ղազարյանը

«Ռուսական մաֆիան» հայկական դեմքով, կամ ինչպես Ղազարյանը փրկեց Սան Դիեգոյի իր ռեստորանը

247
Հին խորհրդային դպրոցներում աշակերտին, որն ասում էր «չգիտեմ», ուսուցիչները սովորաբար պատասխանում էին. «Բա Պուշկի՞նը գիտի»։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում քչերը գիտեին, թե ինչպես պաշտպանվել ողջ Ամերիկան ընդգրկած ջարդերից ու բռնությունից։ Պուշկինը գիտեր։

«Պուշկինը» ռեստորան է Սան Դիեգոյում, այդպիսի հաստատություններն Ամերիկայում շատ-շատ են, բայց դրանցից քչերի սեփականատերերի մտքով է անցել կոչել այն մեծագույն ռուս պոետի անունով։ Ազգությամբ հայ Հայկ Ղազարյանն այդ քչերից մեկն է։ Դժվար է կռահել, թե ինչու Պուշկին և ոչ թե, օրինակ, Սայաթ Նովա, ինչպես Չիկագոյի ռեստորաններից մեկի դեպքում է, որի տերը նույնպես հայ է։

Беспорядки в Сан-Диего у ресторана Пушкин
«Պուշկին» ռեստորանը Սան Դիեգոյում

 

Գուցե Հայկ Ղազարյանը սովորել է Երևանի Պուշկինի անվան դպրոցում և շատ է սիրել դպրոցը։ Բացառված չէ, որ մինչև ԱՄՆ տեղափոխվելը մեր հայրենակիցը Մոսկվայում է ապրել, հաճախ է այցելել Տվերսկայա փողոցի «Պուշկին» ռեստորանը, որտեղ ամեն ինչ բարձրագույն դասի է, և ցանկացել է նույնը կրկնել Կալիֆոռնիայում։ Չի կարելի բացառել նաև ամենապարզ տարբերակը՝ Հայկ Ղազարյանը սիրում է Պուշկինի բանաստեղծությունները։

ԱՄՆ-ում հետզհետե ազգային աղետի վերաճող անկարգությունները սկսվել են սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինի ոչ պրոֆեսիոնալ գործողություններից։ Մահացել է սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Ոչ պրոֆեսիոնալ, քանի որ ծնկով սեղմելով գետնին պառկած Ֆլոյդի պարանոցը, ոստիկանը փակել է նրա շնչառությունը և բառացիորեն «գործն ավարտին հասցրել»։

Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ մաշկի տարբեր գույն ունեցող մարդկանց հակասություններով լցված վառոդի տակառը պայթում է։ Եվ Ամերիկան միակ երկիրը չէ, որտեղ արտահայտվում են այդ հակասությունները։ Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում Նահանգներում, որոնք արդեն դժվար է «միացյալ» անվանել, գերազանցում է ամենավատ սպասելիքներն ու ավելի շատ պատերազմ է հիշեցնում, որտեղ հաղթողի դերում են կատաղած ամբոխներն ու կողոպտիչները։

Եվ անհնազանդության ալիքը`սեփական անպատժելիությունից և ոստիկանության անզորությունից էլ ավելի ոգևորված, վերածվեց ցունամիի, հասավ Կալիֆոռնիա, մտավ Սան Դիեգո, մոտեցավ «Պուշկին» ռեստորանին. իսկ նրանց ձեռքերին  քարեր, Մոլոտովի կոկտեյլներ ու մետաղական ձողեր էին (Երևանի հայտնի դեպքերից մեզ ծանոթ պատկեր)։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո։

Հայկ Ղազարյանը հասկացավ, որ ուր-որ է՝ իր ռեստորանը ջարդուփշուր կանեն, որ ինքը մենակ հաստատ  գլուխ չի հանի, առաջին պահին կարծեց` որևէ բան հնարավոր չէ անել։ Պարզվեց՝ հնարավոր է։

Հատված հայ ռեստորանատիրոջ՝ ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցից․

«Ես հասկացա, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել։ Իմ ընկերները` այստեղի հրեաները, հայերը, ռուսները, ուկրաինացիները, ադրբեջանցիները` բոլորը միավորվեցին։ Դե, բոլորը զենքի արտոնագրեր ունեն։ Մոտ տասը մարդ հավաքվեց՝ իմ ընկերները, ռեստորանի հյուրերը, որոնց հետ մենք միշտ ժամանակ ենք անցկացնում, որոնց այս ռեստորանն ամենից շատ է դուր գալիս։ Բոլորն իրենց հետ զենք էին վերցրել»,-պատմում է ռեստորանատերը։

Այնուհետև Ղազարյանն իր ընկերների հետ դուրս է գալիս և կանգնում հաստատության դռների մոտ։ Իրավիճակը լիակատար վերահսկելու համար ներսում որսորդական հրացաններով զինված երկու մարդ են թողնում։ Այսպես նրանք ուզում էին ցուցարարներին հասկացնել իրենց մտադրությունների լրջությունը։ Արդյունքում կատաղած ամբոխն ուղղակի անցնում է ռեստորանի կողքով, «Պուշկինին» ոչ ոք չի համարձակվում ձեռք տալ։

Այժմ ամենակարևորի մասին, որին մեր ընթերցողը գուցե և ուշադրություն չդարձրեց։ Ընդհանուր դժբախտությունից պաշտպանվելու համար միավորվեցին հայերը, հրեաները, ադրբեջանցիները, ռուսները, ուկրաինացիները...։ Վեցը մեկում։ Միևնույն գործում։

Մեզ համար այստեղ առանցքային բառը «ադրբեջանցին» է։ Ադրբեջանցին զենքը ձեռքին ելել է հայի ունեցվածքը պաշտպանելու՝ անհավանական երևույթ, բայց և ակնհայտ փաստ։ Չէ՞ որ այդ մասին անվստահելի մեկը չի պատմել, այլ Հայկ Ղազարյանը. սա այն դեպքն է, որ չի կարելի չհավատալ։ Այլ հարց է`ուզու՞մ ենք արդյոք հավատալ։ Ես ուզում եմ։

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ

...Երկու խոսք ակնհայտի մասին։ Հրկիզում ու ջարդուփշուր են անում ոչ միայն Սան Դիեգոյում, և տարբեր ազգությունների ամրակազմ տղամարդիկ բնակվում են ոչ միայն Սան Դիեգոյում, ու ամբոխի կամայականությունների դեմ վրդովվում ու բողոքում է ոչ միայն Սան Դիեգոն։ Բայց ամերիկացիների ինքնապաշտպանության մասին` զենքով կամ առանց զենքի, լուրեր չկան։ Ոստիկանությունը միայն տպավորություն է ստեղծում, թե ակտիվ է, իսկ ջարդարարները սոսկալի եռանդով իրենց գործն են անում։ Եվ ի՞նչ։

Ամերիկան պետք է ընտրություն անի ռասիզմի և անարխիայի միջև

Հարևաններից մեկը ռեստորանի մոտ կանգնած տղամարդկանց լուսանկարել է, և տեղադրել սոցիալական ցանցերում ու գրել. «Ռուսական մաֆիան է՝ մինչև ատամները զինված»։ ՌԻԱ Նովոստիի թղթակցին տված հարցազրույցում Ղազարյանն այդ մեղադրանքը կատակի վերածեց․«Ամերիկայում սիրում են այդ արտահայտությունը։ Պարզապես հավաքված մարդկանց մաֆիա են անվանում»։ Նրա խոսքով՝ չի պատրաստվում  հարևանին հակառակը համոզել՝ Աստված նրա հետ։ Կեցցե՛ս, Ղազարյան, Պուշկինը հավանություն կտար։

247
թեգերը:
ռուս, հրեա, ադրբեջանցի, Ռեստորան, հայ, սևամորթ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները
«Հազիվ թե դատարանն իրեն լավ դրսևորի»․ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակման մասին
Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. լուսանկար
Երևան. արխիվային լուսանկար

Տարօրինակ աշխարհ, կամ խելոք հավերի, թռչող թագավորների և փոխխոսնակ դարձած տաքսիստների մասին

302
(Թարմացված է 21:11 04.06.2020)
​Եկեք անկեղծ լինենք ու, շեղվելով կորոնավիրուսի մշտական դարձած թեմայից, խոստովանենք, որ աշխարհը գնալով ավելի ու ավելի տարօրինակ է դառնում։
Խելոք հավերի, թռչող թագավորների եւ խորհրդարանի փոխնախագահ դարձած տաքսիստների մասին

Կամ էլ աշխարհը նույնն է մնում, ուղղակի մենք ենք նոր բաներ իմանում աշխարհի մասին և գիտակցում, որ մեր նախկին պատկերացումները թերի էին և ոչ ամբողջական։ Թույլ տվեք այսօր մի քանի օրինակ բերել։

Շատերի նման ես էլ էի միշտ համոզված, որ հավը բավական անխելք թռչուն է։ Բա հո իզուր չի ժողովուրդն ասում՝ հավի խելք։ Այնինչ  ԲիԲիՍի-ի ինտերնետային կայքում կարդացի, որ իտալացի գիտնականները պարզել են՝  հավն ամենևին էլ այնքան պարզունակ էակ չէ, որքան մենք ենք պատկերացնում ու կարող է նույնիսկ բացահայտել աքլորի սուտը։ Աքլորները սովորություն ունեն ուտելիք գտնելիս, այսպես ասենք՝ պարային շարժումներ անել և հատուկ ձայներ արձակել, փորձելով գրավել հավերի ուշադրությունը։

Բայց երբեմն այդ ինքնասիրահարված աքլորներն այնքան են ձգտում դուր գալ հավերին, որ սկսում են պարել ու ձայներ արձակել նույնիսկ երբ ոչ մի ուտելիք էլ չեն գտնում։ Եվ պատկերացրեք՝ հավերը, ըստ հետազոտողների, շատ արագ հասկանում են դա ու լիովին կորցնում են հետաքրքրությունը այդ սուտասան և ինքնահավան աքլորների հանդեպ։ Իսկ դուք ասում եք՝ հավի խելք։

Ինձ թվում է, գոնե այս հարցում հավերը մեզանից ավելի խելոք են, որովհետև մենք շատ ավելի դյուրահավատ ենք ու պատրաստ ենք անընդհատ հավատալ այն մարդկանց, որոնք մեզ գայթակղիչ խոստումներ են տալիս, թեև վաղուց արդեն համոզվել ենք, որ նրանք հերթական ընտրություններից առաջ պարում ու ուրախ ձայներ են արձակում նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար ոչ մի առիթ բացարձակապես չկա։

​Կամ վերցրեք թագավորներին։ Ինչպես ենք մենք սովորաբար պատկերացնում թագավորի կյանքը՝ երևի հայտնի երգի բառերով՝ կեր, խմի, քեֆ արա շարունակ։ Իսկ գիտեք արդյոք, թե վերջին քսան տարվա ընթացքում ինչով է զբաղվել Հոլանդիայի թագավոր Վիլեմ Ալեքսարդրը։ Մի անգամ նա գաղտնազերծել է. շաբաթը մոտ երկու անգամ ինքնաթիռ է վարել, իհարկե, մինչև այս կորոնավիրուսային սահմանափակումները։

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

Ու խոսքը բոլորովին էլ փոքրիկ անձնական ինքնաթիռի մասին չէ, թագավորը որպես երկրորդ օդաչու պարբերաբար նստել է նախկինում ազգային ուղևորափոխադրող համարվող Քեյէլէմ ավիաընկերության մեծ ինքնաթիռների ղեկին ու չվերթեր իրականացրել դեպի եվրոպական քաղաքներ։ Բա հո իզուր չէ, որ այդ ընկերությունը կոչվում է «Հոլանդական թագավորական ավիաուղիներ»։ Այսինքն՝ այդ մարդը որպես օդաչուների անձնակազմի անդամ պարբերաբար այցելել է տարբեր երկրներ, բայց այդ պետությունների իշխանությունները տեղյակ էլ չեն եղել, որ իրենց մոտ թագավոր է ժամանել։

​Ավելի անսովոր դեպք պատմեմ։ Երևանցի տաքսիստների հավերժական պատմությունները հո լսել եք. «Էդ հիմա է, որ ստիպված տաքսի եմ քշում, Մոսկվայից նոր եմ վերադարձել, էնտեղ կյանքն ուրիշ էր՝ ռեստորան ունեի Տվերսկոյի վրա, ով ասես գալիս էր՝ Ժիրինովսկի, Պուգաչովա, Ջիգարխանյան… Մի անգամ Պուտինը եկավ, ասացի Վլադիմիր Վլադիմիրիչ, ադրբեջանցիները նեղում են, մեզ մի երկու հատ «Իսկանդեր» է հարկավոր, ասաց՝ հարց չկա»… և այլն, և այլն։ Իսկ արդյոք պատկերացնում եք հակառակը՝ որ մարդ արտագաղթի, հեռավոր ինչ-որ երկրում տաքսի վարի, հետո վերադառնա հայրենիք ու միանգամից դառնա խորհրդարանի փոխխոսնակ։

Չեք հավատո՞ւմ։ Ուրեմն տեղյակ չեք Սոմալիի բնակիչ Մովլիդ Հուսեյն Գուհադի պատմությանը։ Տարիներ առաջ այդ մարդը մեր հազարավոր հայրենակիցների նման գնացել էր օտար ափերում բախտ որոնելու, հաստատվել էր Ֆինլանդիայում, որտեղ աշխատում էր որպես հասարակ տաքսու վարորդ։ 2016 տարվա ամռանը որոշել էր մի երկու շաբաթով գալ հայրենիք՝ հարազատներին տեսնելու։ Եկավ ու պարզվեց, որ Սոմիլիում խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Մերձավորները սկսեցին համոզել Մովլիդին՝ թեկնածությունդ առաջադրիր, դու աշխարհ տեսած մարդ ես, եվրոպաներում ես ապրել։

«Ինչո՞ւ Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների վրա». Անաստաս Միկոյան

Տաքսու վարորդը համաձայնեց ու ոչ միայն պատգամավոր դարձավ իշխող կուսակցության ցուցակով, այլև ընտրվեց Սոմալիի պառլամենտի փոխխոսնակ։ Ինչ կապ ունի՝ նախկինում օրենսդրական աշխատանքով ես զբաղվել, թե տաքսի վարելով՝ համաձայնեք՝ գլխավորը ճիշտ ժամանակին ճիշտ կուսակցության ցուցակում և ճիշտ տեղում հայտնվելն է։

302
թեգերը:
հավ, Սոմալի, փոխխոսնակ, տաքսի
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել
Աշխատելու համար թողեց դպրոցը, հետո դատապարտվեց պորտաբուծության համար. Բրոդսկին ու կյանքը
Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

458
(Թարմացված է 00:18 05.06.2020)
SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

458
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները