Հայկ Մարության. արխիվային լուսանկար

Տրանսպորտային ճգնաժամի ակնթարթային լուծում, կամ Հայկ Մարությանի գրոտեսկային խորհուրդը

395
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, չի հասկանում` ինչու չինական արտադրության 70 ավտոբուսները, որոնք դեռ 5-6 տարի առաջ էին ստացվել, մինչ օրս չեն շահագործվել, անկախ նույնիսկ նրանից, որ նոր թավշյա ժամանակներում ենք ապրում։ «Հին «Գազելները» հաշված ամիսների ընթացքում վերջնականապես շարքից դուրս կգան»,– ասում է քաղաքապետը և կոչ անում ոտքով քայլել։ Ընդ որում, մենք սա կանխատեսում էինք։

Անցած ուրբաթ անսպասելի բացահայտում եղավ։ «Պարզվում է,–ասում է քաղաքապետ Հայկ Մարությանը, –մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքը հասել է ամենակրիտիկական կետին»։

«Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը ներկայումս գտնվում է ծայրահեղ դժվար վիճակում։ 2020 թվականին Երևանում 450 միկրոավտոբուս այլևս շահագործման ենթակա չի լինի։ Օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չեն կարող շահագործվել, և մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն Երևանի տրանսպորտային ցանցը, այն դեպքում, երբ օրական 900 միկրոավտուբուս է սպասարկում Երևանը, այսինքն` տրանսպորտային ցանցի մոտ կեսը այլևս չի կարողանա սպասարկել», – ասել է Մարությանը։

Իրենց իսկ ձեռքով իրենց համար դուրս գրված շռայլ պարգևավճարներից ոգևորված քաղաքապետը և նրա օգնականները հանկարծ այս բացահայտումն են արել և ուրախացել։ Իհարկե, պարգևավճարները ծանրակշիռ խթան են ավելի ու ավելի լավ աշխատելու համար, ինչն էլ տեղի ունեցավ. տարեսկզբից ընդամենը 1.5 ամիս անց քաղաքապետարանը հանկարծ բացահայտեց, որ 900 «Գազելների» ուղիղ կեսն էվթանազիայի կարիք ունի։

Քաղաքի բնակիչները, նույնիսկ նրանք, ովքեր քաղաքային տրանսպորտից չեն օգտվում, այդ մասին վաղուց գիտեին, բայց ինչ օգուտ։ Ինչպես նախկին քաղաքային ղեկավարությունը, այնպես էլ նորերը ավելի կարևոր հոգսեր ունեին, օրինակ`«Ռոլս Ռոյսի» արժողությամբ Ամանորի տոնածառը դնել ու հավաքել, փլուզել Արամի փողոցում գտնվող պատը, որտեղ փորձ էին անում Փոքրիկ երգիչները, Աջափնյակում մետրոյի կայարան խոստանալ... Մի խոսքով, բազմաթիվ գործեր։

Իսկ հիմա պարոն Մարությանը շվարել է, ասում է, թե չգիտի` ինչպես դուրս գալ իրավիճակից։ Բայց քաղաքապետը պարտավոր է ինչ-որ լուծում գտնել։ Ահա և նա խորհուրդ տվեց երևանցիներին ըմբռնումով մոտենալ և ավելի շատ ոտքով քայլել. օգտակար է  առողջության համար։ Մարությանը նույնիսկ պարծեցավ, որ նա էլ այս պահին հեռու է կայանել ավտոմեքենան և մեծ տարածություն ոտքով է անցել։

Երևանցիները, իհարկե, անչափ շնորհակալ են քաղաքապետարանին այս ամենի համար և կոլեկտիվ խնդրանք ենք նախապատրաստում. թող քաղաքապետարանը հաջորդ Ամանորին եռակի շատ պարգևավճար դուրս գրի ինքն իրեն։

Իսկ նման դեպքերի զարգացում, ինչպես պարզվում է, մենք արդեն կանխատեսել էինք մի քանի շաբաթ առաջ։ Խոսքը հարազատ քաղաքապետարանի նորամուծությունների մասին էր. ահա, օրինակ, փողոցային շների խնդիրը վայրկենական լուծում ստացավ` արգելվել է նրանց սպանելը։ Եվ վերջ, իսկ հետո ինչ ուզում եք արեք. փողոցային շները բազմանալ են ուզում, ինչն էլ անում են, իսկ մարդիկ  երբեմն ուզում են նրանց շրջանցել, երբ վտանգը մեծանում է։ Դե թող շրջանցեն, եթե այդպես ուզում են։ Չէ՞ որ կարևորը շներին սպանելն արգելելն է։

Կամ Շահումյան հրապարակում ավտոմեքենաների կայանման հետ կապված հարցը։ Ցանկացած հանճարեղ բան շատ պարզ է. այժմ այնտեղ արգելվում է կայանելը։ Իսկ որտե՞ղ է թույլատրվում, կհարցնեն նրանք ովքեր աշխատում են մոտակայքում, կամ գալիս են նախարարություններ, Կենտրոնական բանկ և այլ հաստատություններ։  Որտեղ ցանկանաք, թեկուզ 10 կիլոմետր հեռավորության վրա. չէ՞ որ քաղաքապետարանը լուծել է ավտոմեքենաներով գերծանրաբեռնված հրապարակի հարցը։ Լուծել է, իսկ մնացածն այլ խնդիր է, գուցե, դրան վերադառնան, նոր պարգևավճար ստանալուց հետո։

Կյանքում առաջին անգամ ինքս իմ խոսքերը մեջ կբերեմ` նախապես ներողություն խնդրելով նման երկար մեջբերման համար։ Այն հոդվածումս այսպես էր գրված.

«Ահա և նորարարությունը` արգելել ու թույլ չտալ, իսկ մնացածը՝ ինքներդ գլուխ հանեք։ Քաղաքապետարանն իր գործն արել է, մնացածն իր գլխացավանքը չէ։ Դրա համար մի զարմացեք, որ առաջիկայում քաղաքի տրանսպորտի խնդիրն էլ նույն ձևով լուծվի։

Բողոքո՞ւմ եք կիսաքանդ «Գազելներից»։ Ասո՞ւմ եք՝ ամեն ծակից փչում է, գազի ու վարորդի սիգարետի անտանելի հոտ է գալիս։ Քաղաքապետարանի որդեգրած տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է` վաղը «Գազելները» պարզապես հանեն հասարակական տրանսպորտի համակարգից։ Ոչ մի այլընտրանք չի առաջարկվի. չէիք հավանու՞մ «Գազելները», չկա՛ն, քաղաքի իշխանությունը սպասում է ձեր երախտագիտությանը, այնպես որ բարի եղեք՝ շնորհակալություն հայտնեք։ Թե ինչպես եք հասնելու աշխատանքի ու դպրոց, բոլորովին այլ հարց է. մրցույթ կհայտարարեն, ընկերություն կգտնեն, ու մի յոթ տարի հետո այլընտրանք կունենաք, իսկ հիմա ավտոբուսներից ու մետրոյից օգտվեք»։

Երկուսից մեկը. կամ ինձ ապագան կանխատեսելու հազվագյուտ պարգև է տրված, կամ քաղաքապետարանում կարդում են հոդվածներս։ Երկրորդ ենթադրությունը, իհարկե, այդքան էլ համեստ չէ, սակայն ամեն ինչ հնարավոր է. միգուցե իսկապես կարդում են։ Եվ ահա, եթե այս անհամեստ ենթադրությունը համապատասխանում է իրականությանը, ուզում եմ ասել, որ ուրախ եմ օգտակար լինել քաղաքի գլխավոր այրերին, որոնք կիրառում են գաղափարներս. չեմ ափսոսում։

Սակայն մի բայց կա։ Հասկանում եք` այն ինչ շարադրված էր նախորդ հոդվածում (2019 թվականի փետրվարի 2-ի ի դեպ) գործողությունների ուղեցույց չէ։ Դա գրոտեսկ է, իսկ ինչ է գրոտեսկը ըստ բառարանի.

«Գրոտեսկ– գեղարվեստական պատկերավորման տեսակ (կերպար, ոճ, ժանր), որ հիմնված է ֆանտաստիկայի, հիպերբոլի, երևակայականի և իրականի, գեղեցիկի և տգեղի, ողբերգականի և կատակերգականի, ճշմարտացի և ծաղրանկարայինի արտառոց զուգորդման ու հակադրության վրա»։

Նախորդ հոդվածում, իհարկե, գաղափար կար, բայց գրոտեսկային։ Կարծում եմ` նման գաղափարներով առաջնորդվել պետք չէ իրական քաղաք կառավարելու գործում, որքան էլ գաղափարի հեղինակին դա հաճելի լինի։

Իսկ այժմ, ինչպես հայտարարեց Մարությանը, քաղաքապետարանը մտահոգ է Երևանի մետրոյի նոր կայարան բացելու խնդրով, որը պետք է անցնի Աջափնյակ համայնքի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մերձակայքով։ Հայտնում են, որ քաղաքային իշխանությունները հիմա հայեցակարգ են մշակում և փորձում որոշել`կայարանն արդյոք ստորգետնյա, թե՞ վերգետնյա է լինելու։

Վախենում եմ արդեն որևէ բան ասել այս թեմայի առնչությամբ, բայց մի փոքր կանխատեսում անել ստիպված եմ։

Ելնելով Երևանի քաղաքապետարանի արդեն իսկ ուրվագծվող աշխատանքի մոդելից, հաշվի առնելով վերոնշյալ «նոու–հաուն», ինչպես նաև այն, որ նոր իշխանությունները ժողովրդին անվանում են մեզ սպասվող «տնտեսական հեղափոխության» հեղինակ և կատարող` դեպքերը հետևյալ կերպ կզարգանան։

Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի համար իշխանությունները վագոններ և մեքենավարներ կտրամադրեն, մնացածը պետք է անի «ժողովուրդը»։ Թունելներ փորել, ռելսեր դնել, կիրճի վրա կամուրջ կառուցել, կատարել ներքին աշխատանքները. այդ ամենը կդրվի «ժողովրդի» ուսերին, այլապես ինչ տնտեսական հեղափոխություն առանց նրա։ Այո, իշխանությունները կգտնեն ամենաբարդ հարցի պատասխանը. արդյո՞ք կայարանն այդ վերգետնյա, թե՞ ստորգետնյա է լինելու։ Այդ անգին որոշման վրա հիմնվելով էլ` «ժողովուրդը» կկառուցի կայարան իր համար։ Գուցե նույնիսկ մի քանիսը։

... Ոչ, հոդվածն այսպես ավարտել չի կարելի։ Սեփական խղճին դեմ չգնալու համար, ամեն դեպքում, ասեմ` հարգարժան քաղաքապետարան, այն ինչ այստեղ գրված է մետրոյի մասին, իրագործելի գաղափար չէ։ Սա հիպերբոլա է, փոխաբերություն, չափազանցություն. ցանկացած բան, սակայն ոչ մետրոյի կայարաններ կառուցելու հեղափոխական ձեռնարկ։  Այն կյանքի մի՛ կոչեք, ի սեր աստծո...

395
Ըստ թեմայի
Հայկ Մարությանը բացահայտեց Տարոն Մարգարյանի օրոք տրված պարգևավճարների գաղտնիքը
Հայկ Մարությանը թիկնապահ չունի, մեքենան էլ ինքն է վարում. «Հրապարակ»
Երևանի քաղաքապետարանը «նոու–հաու» է գտել, իսկ մենք խոսում ենք պարգևավճարների մասին
Թուրքիա. Հոպա քաղաք

700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում

167
(Թարմացված է 08:38 01.06.2020)
Ժամանակակից Թուրքիայի հյուսիս–արևելյան շրջաններն ընդգրկող Տրապիզոն, Ռիզե, Հոպա և մյուս բնակավայրերը միավորողը ոչ միայն ծովն ու թեյն են, այլև էթնիկ հայերը։ Համշենահայերը թեև մեծամասամբ մահմեդական են, բայց կարողացել են պահել լեզուն, սովորույթները, նույնիսկ հայերեն երգերը։

Համշենից տարբեր ժամանակներում մեծ արտագաղթ է եղել դեպի հարևան երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, սակայն արմատը շարունակել է մնալ մայր հայրենիքում։ Այսօր Համշենի տարածաշրջանում ապրող հայերի թիվը, ըստ տարբեր հաշվարկների, գերազանցում է 700 հազարը։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Հոպա քաղաքում, որը պատմական հայկական Խոպա բնակավայրն է, փորձում ենք գտնել հարմար հյուրանոց գիշերակացի համար։ Տեղացի թուրքերն իմանալով, որ հայ ենք, մատնացույց են անում քաղաքում հայտնի Ուստաբաշների հյուրանոցային ցանցը։

«Ձերոնք են»,- ասում են թուրքերը։

Ուստաբաշների ընտանիքը գործարար համբավ ունի ոչ միայն Հոպայում։ Նրանց հյուրանոցները, խանութներն ու թեյի արտադրամասերը տարածված են նաև Տրապիզոնում, Ռիզեում և Սև ծովի ափամերձ այլ խոշոր բնակավայրերում։

Армянский квартал в городе Хопа, Турция
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Թուրքիա. Հոպա քաղաք

Ուստաբաշների հյուրանոցում, որտեղ սենյակ ենք վարձում, մեծ մասամբ աշխատում են համշենահայեր։ Առաջին ծանոթությունը փոքր-ինչ լարված մթնոլորտում է լինում։ Ռեստորանի 39-ամյա խոհարարը` կապուտաչյա, շիկահեր մի տղամարդ, բավական ագրեսիվ տոնով արգելում է իրեն հայ կոչել, թեև գործընկերները մեզ հուշել են, որ զտարյուն հայերից մեկն է։

Ապագան հայերի համար հետաքրքիր ժամանակներ է խոստանում, կամ Դիրաբեքիրի ծպտյալների կյանքը

«Ես հայ չիմ։ Շատ ավալու (վաղուց) էկած ինք օրթա Ասիա։ Երեսս ճերմակ ա, խատուլիկ աչվերներս, ես թուխ չիմ, Հայաստան թուխ ա, ես հայ չիմ»,-իր հայ լինելու՝ իմ հարցին արձագանքում է Այգութ Սոլունը։

Армянин Хопы Айгут Солун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Այգութ Սոլուն

Նա այն աստիճան է դարձել թուրքական քարոզչության զոհ, որ հասկանալով հանդերձ՝ երկուսս էլ խոսում ենք նույն լեզվով, չի ընդունում, որ իր լեզուն հայերենն է: Այգութի նման հայեր էլ կան, ցավոք: Թուրքական կեղծ պատմագրությունը կարողացել է իր սև հետքը թողնել նաև այստեղ՝ հայտարարելով, որ համշենցիների լեզուն հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, իսկ համշենահայ էթնոսը ոչ թե հայերի սերունդ է, այլ օղուզական, բալքարական կամ աքադական ցեղերի հետնորդ:

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոց. զրույց հայերի հետ

Բարեբախտաբար, այդ քարոզչությունից մոլորյալ հայերի թիվն օրեցօր պակասում է Արևմտյան Հայաստանում՝ փոխարենը ավելացնելով ազգային արմատներին մոտեցողներին:

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Հյուրանոցի աշխատողների հետ զրույցում պարզեցի, որ նրանք ոչ միայն ընդունում են իրենց հայկական ինքնությունը, այլև հպարտանում են դրանով։

Армяне Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

«Էստեղ համշենցիներ շատ կան։ Հոպային կեսեն շատը համշենցի է։ Մուսուլման հայեր շատ կա էստեղ, բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես հայ իմ, մուսուլման իմ, էրմենի իմ, սորուն (հարց) ի՞նչ կա։ Ի՞նչ կուզեք ինձմե, հայ իմ»,-վրդովված ասում է համշենցի հայ Սոյլունը՝ նշելով, որ հաճախ են մարդիկ զարմանքով բացահայտում, որ համշենցիները կարող են հայկական արմատներ ունենալ։

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Համշենահայ Սոյլունը

Ավելի ուշ Սոյլունը մեզ ուղեկցում է հուշանվերների խանութներ, շուկա, նվիրում Համշենի թեյ՝ շեշտելով, որ այն կարելի է անվանել նաև հայկական թեյ, քանի որ աճեցրել են, հավաքել ու մշակել բացառապես հայերը։ 

Армянин Хопы
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ուստաբաշների հյուրանոցի հայերից

Հայերեն խոսող և իրենց հայ լինելն ընդունող մեր հայրենակիցները թուրքերի, քրդերի կամ լազերի հետ գոյակցելու խնդիր չունեն։ Նրանք չեն ձևավորվել ցեղասպանությունից հետո։ Համշենահայերին կամ համշենցիներին շատ պատմաբաններ համարում են յուրահատուկ հայկական էթնիկ խումբ, քանի որ նրանց մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը` մահմեդական: Հետաքրքիր է, որ շատ մահմեդական համշենցիներ պահպանել են մայրենի լեզուն` համշենահայերենը, իսկ որոշ քրիստոնյա համշենցիներ էլ չգիտեն հայերեն:

Армянин Хопы Сойлун
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Զրույց համշենահայ Սոյլունի հետ

Բոլոր ժամանակներում համշենահայերը զբաղեցրել են Հոփայի շրջանի բնակչության առնվազն 30%-ը։ Եթե հավատալու լինենք համշենահայ Ուստաբաշների տվյալներին, ապա միայն Հոփա քաղաքում այսօր 5000 հայ կա, այդքան էլ՝ հարակից գյուղերում։

167
թեգերը:
հայ, Արևմտյան Հայաստան, Նաիրի Հոխիկյան, Թուրքիա, համշենահայերեն
Ըստ թեմայի
Հայկական եկեղեցին` ոչխարների փարախ. ինչպես Խարբերդի հայերը փրկեցին մշակութային կառույցը
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Զույգ

Սերն ազգություն չի ճանաչում, կամ որն է ընտանեկան երջանկության գրավականը

255
(Թարմացված է 00:05 01.06.2020)
Խառնամուսնությունները հանրության կողմից միանշանակ չեն ընկալվում։ Ոմանք կարծում են, որ հայերը պետք է ամուսնանան միայն հայերի հետ, մյուսները այդ կարծրատիպերին ուշադրություն չեն դարձնում։ Ո՞րն է ճիշտ։

Իմ 5 ընկերներից երկուսն ամուսնացան ռուս կանանց հետ, երրորդը` կորեուհու, իսկ ես և հինգերորդ ընկերս` հայուհիների։ Հին պատմություն է, ընկերներիցս յուրաքանչյուրը կյանքի իր սյուժեն ունի, սակայն բոլորիս ընտանիքներն էլ հավասարապես ամուր են։ Ոչ ոք չի ամուսնալուծվել, բոլորը երեխաներ ունեն և արդեն վաղուց նաև թոռներ։

Երբ հայը հայի հետ է ամուսնանում լավ է, բայց, երբ հայ տղամարդը ոչ հայ կողակից է ընտրում վատ է. այս մասին հաճախ ենք լսում, սակայն բոլոր խոսակցություններն ի չիք են դառնում, երբ հանդիպում ես մի աղջկա, որին չսիրահարվելն անհնար է, չէ՞ որ նայում ես ոչ թե անձնագրի, այլ աչքերի մեջ։

Հետո ամեն ինչ նմանվում է «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմին, սակայն ճիշտ հակառակ ձևով։ Եթե ֆիլմում հայ մայրն է Ռուսաստան մեկնում որդուն ամուսնացնելու համար, իսկ հարսնացուի ռուս ծնողները ապագա խնամիներին մտավախությամբ են դիմավորում. «Кавказ – дело тонкое», մեր դեպքում հայ մայրերն են հյուսիսից եկող հարսնացուին և նրա բարեկամներին կասկածանքով վերաբերվում. «Ռուսաստանը մեծ քաղաք է, ինչ իմանաս...»:

Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը

Եվս մեկ նկատառում, որը բազմիցս լսել եմ մորիցս։

«Երբ հայրը հայ է, իսկ մայրը` ռուս (կամ հակառակը), նրանց երեխաներն ավելի խելացի և գեղեցիկ են լինում»,– ասում էր մայրս և օրինակ բերում իր ընկերների կամ ծանոթների երեխաներին։

Ճիշտը մնում է ճիշտ. նրանք և՛ խելացի են, և՛ գեղեցիկ։ Սակայն որոշ ժամանակ անց կինս սկեսրոջ մտորումներում որոշակի փոփոխություններ մտցրեց, և այնպես ստացվեց, որ խառնամուսնությունները (մոնոէթնիկ երկրում հատկապես) իհարկե լավ են, սակայն գեղեցիկ և խելացի երեխաներ ծնվում են նաև, երբ հայ տղամարդն ամուսնանում է հայուհու հետ։ Համոզվելու համար նայեք ձեր շուրջը։

Թե ինչպես էին իմ հայ ընկերներն ապրում իրենց ոչ հայ կանանց հետ, հարցնելու կարիք չկար, ինձ համար առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի էր: Ամեն ինչ ակնհայտ էր. ամուսնացել են սիրով, շարունակում են ապրել, ինչպես հարկն է` հաշտ ու համերաշխ։

«Հյուսիսից եկած հարսնացուները» աշխատել են, երեխաներ ունեցել, գժտվել, հաշտվել, սովորել են տոլմա փաթաթել, հայերեն խոսել, հայ ընկերուհիներ են ձեռք բերել և հարկ եղած դեպքում հայերենով «տեղը դրել» անկոչ երկրպագուներին:

Ժպտացող օդաչուն ու լողացող աղջիկներին նայող զինվորները. 97–ամյա վետերանի հուզիչ հուշերը

90-ականներին, երբ մեր երկրի համար ծանր տարիներ էին հայ ընտանիքներից շատերը Ռուսաստան մեկնեցին. հաճախ գնում էին իրենց կանանց հարազատների և բարեկամների մոտ։ Ոմանք մինչ օրս շարունակում են այնտեղ բնակվել, ոմանք վերադարձան, երբ Հայաստանում ապրելը փոքր-ինչ հեշտացավ, բայց դա այլ թեմա է։

Իսկ հիմա պատմեմ 60 տարի համատեղ ապրող անձանց մասին։

Արթուր Կիրակոսյան և Վալենտինա Պոլյակովա

«Որևէ գաղտնիք չկա, ամեն ինչ պարզ է՝ կնոջը պետք է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ես, որ նա քեզ վերաբերվի։ Իսկ ռուս է նա, գերմանացի, թե իտալուհի` որևէ նշանակություն չունի», – համոզված է Կիրակոսյանը։

Մեկ կարևոր հանգամանք Կիրակոսյանի կնոջ մասին. Վալյան բանասեր էր, Արզնու դպրոցներից մեկում ռուսաց լեզու էր դասավանդում, հայոց լեզվի ուսուցչի բացակայության դեպքում փոխարինում էր նրան։

Ռոբերտ Կայծունի և Ալեքսանդրա Տրետյակովա

Ռոբերտը կտրականապես դեմ էր այն կարծիքին, որ հայերը սիրում են հիմար, բայց գեղեցիկ կանանց։ Նման բան չկա։ Եթե հայ տղամարդու կողքին ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի և բանիմաց կին է, այն էլ այլազգի, ու նաև մարդ, որը կարողացել է ընկերանալ ամուսնու ընկերների հետ, ձեռք բերել ընկերներ, որոնք ևս խելացի են և որոնց հետ հաճելի է շփվել, դա միայն շոյում է ամուսնու ինքնասիրությունը։

«Հայ տղամարդը երբեք չի ների այլ տղամարդու հետ անհաջող համեմատությունը։ Նա պետք է կնոջ համար լինի միակը և միևնույն ժամանակ լավագույնն ամբողջ աշխարհում։ Եվ պետք չէ նրան հակառակը համոզել»,– կարծում է Կայծունին։

Տրետյակովան չէր էլ փորձում նրան հակառակը համոզել։ Նա ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտը։ Ապագա ամուսնու հետ միասին դասավանդել են Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդա գյուղում։

Լևոն Ղազարյան և Տատյանա Բելովա

«Կան բաներ, որոնք տղամարդիկ չեն ներում։ Դավաճանությունը տարբեր ենթատեքստ կարող է ունենալ, այդ թվում՝ հոգևոր։ Այն ժամանակ, երբ կինը դավաճանում է ամուսնուն, նա հասկացնել է տալիս, որ անտարբեր է նրա նկատմամբ, և համատեղ բոլոր հարաբերությունները` թվացյալ են»,– համոզված է Ղազարյանը։

Քարացած կանոն է ինչպես հայ, այնպես էլ օտար կանանց դեպքում։

Անկախ նրանից կինը հայ է, թե` ոչ, տղամարդը տան գլուխն է, եթե նույնիսկ կնոջ աշխատավարձը մի քանի անգամ ավել է։

Շանթը և Ռիթան սիրո երդում տվեցին. Քաթարում ՀՀ դեսպանատանը գրանցվել է առաջին ամուսնությունը

... Տեղեկություն, որը մտորելու տեղիք է տալիս։ Հայաստանում տարեսկզբից մինչև մարտ ամիսը ներառյալ 3 468 ամուսնություն է գրանցվել, ինչը 314–ով պակաս է 2019 թվականի հունվար–մարտին գրանցված ամուսնությունների թվից։ Պատկերը ուրախալի չէ, սակայն լուծելի է։ Ավելի վատ է այն, որ ավելացել է առաջին եռամսյակի ամուսնալուծությունների թիվն ու հասել 893-ի։ Համեմատելու համար` անցած տարվա նույն ժամանակահատվածում 850 ամուսնալուծություն է գրանցվել։

Ամուսինների ազգային պատկանելության մասին ոչինչ չի նշվում, սակայն այն այս դեպքում որևէ նշանակություն չունի։

255
թեգերը:
հայերեն, ռուս, հայ, ամուսնալուծություն, ամուսնություն
Ըստ թեմայի
Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը
Նրանք գիտեին, որ իրենց շատ են սիրում. Բրայանտի այրին խոսել է ամուսնու և դստեր մահվան մասին
«Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որ նրանք հպարտանան ինձնով». Դավիթ Ռոբերտս
«Սիրո ընկալումներն էնքան տարբեր են». հատված Նազենի Հովհաննիսյանի գրքից
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

0
(Թարմացված է 13:21 01.06.2020)
47-ամյա կինն ունի շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանը, որը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 44 մահճակալային օր է անցկացրել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ նրա մոտ եղել է հաստատված կորոնավիրուս, երկկողմանի թոքաբորբ։

47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է նաև ծրագրային հեմոդիալիզ:

«Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը»,- գրել է Խաչատրյանը։

Ինչպես է վարչապետ Փաշինյանի ինքնազգացողությունը. խոսնակը տեղեկություններ է հաղորդել

Նա տեղեկացրել է, որ 47-ամյա կինն արդեն այլ բուժկենտրոն է տեղափոխվել և մյուս հիվանդություններին համարժեք թերապիա է անցնում:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 և մահվան 55 անուղղակի դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի

0
թեգերը:
Կին, կորոնավիրուս, հիվանդանոց
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ
Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ