Շներ

Ինչպես Երևանը կարող է Եվրոպա դառնալ առանց հաչոցի ու աղբի. բոլոր շները Չալոյի բախտը չունեն

195
(Թարմացված է 00:16 10.02.2019)
Սերգեյ Բաբլումյան
Ուզու՞մ եք իմանալ՝ ինչ է պետք, որ Երևանն իսկապես եվրոպական քաղաք դառնա։ Նախ՝ մաքրել աղբը, հետո արգելել շներին օրական երեք րոպեից երկար հաչել։ Ահա այդ ժամանակ մաքուր ձեռքերով ու մաքուր խղճով կարելի է մեր մայրաքաղաքը հավասարեցնել Լոնդոնին կամ Ժնևին, կամ Լոզանին, որի մասին դեռ կխոսենք։

Լոզանում զբոսնող մարդը չի կարող չզարմանալ տարբեր ցեղատեսակների, գույների ու բարքերի շների ներկայությունից։ Շվեյցարական այդ քաղաքում շների թիվը համարյա հասնում է բնակիչների թվին։ Բայց դուք ոչ մի հաչոց չեք լսի․ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը, ո՛չ փողոցում, ո՛չ բակերում, ոչ մի տեղ։ Իսկ կծելու մասին խոսք անգամ լինել չի կարող։

Սկզբում կարող է տարօրինակ թվալ, եթե չիմանաք, որ չորքոտանիներն օրական ամենաշատը երկու-երեք րոպե հաչելու իրավունք ունեն։ Իսկ եթե շունը դրանից շատ հաչի, լռությունը խախտելու ու համաքաղաքացիներին անհանգստություն պատճառելու մեղադրանք է ներկայացվում տիրոջը։ Ինչպե՞ս են շվեյցարացիները դրա մասին հայտնում իշխանությանը։ Անշուշտ, «խաբարբզիկության» տարբերակով։ Բայց դա լիովին արդարացված է։

Հասկանալի է, որ շները ոչ թե լռակյաց են ծնվում, այլ դառնում են։ Ինչպե՞ս։

Լրագրող գործընկերս այդ հարցն ուղղել էր միանգամից երեք շուն պահող մի մարդու (այնտեղ դա սովորական բան է)։ Նա պատասխանել էր․ «Ժամանակի մեծ մասը տանն եմ, այդ պատճառով մի թեթև բղավում եմ շներիս վրա։ Գիշերը կապում եմ ու փակում պատշգամբում, որպեսզի տարածքով մեկ չվազվզեն։ Երբ չորսով երեկոյան տեղ ենք գնում ու գիտենք, որ ուշ ենք վերադառնալու, շներին դնչկալ եմ հագցնում։

Սա է շվեյցարական շների կյանքը։ Եթե կարգը խախտվի, հանցագործությունն անպատիժ չի մնա։ Ներկայացնենք պատժիչ միջոցների մոտավոր ցանկը․ առաջին անգամվա համար՝ զգուշացում, երկրորդի դեպքում` մոտ 200 դոլար տուգանք, երրորդի դեպքում տուգանքն արդեն կարող է 500–ի հասնել։ Բացառիկ դեպքերում շանը վերցնում են․․․

․․․Մոտավոր տվյալներով՝ այսօր Երևանում թափառող շների թիվը չորս հազարի է հասնում։ Թե նրանցից որքանն են կծել կամ վախեցրել երևանցիներին ու քաղաքի հյուրերին, հայտնի չէ։ Թե քանիսին են կրակել, ստերջացրել, քանիսն են բնական մահով մահացել, նույնպես չգիտենք։

Թե որքանն են հմուտ ձեռքերում հայտնվել ու ճանաչված դարձել, գիտեն բոլորը։ «Չալո» անունով անտուն շունը ժամանակին իր քայլն է արել նույնանուն քաղաքական շարժմանն ընդառաջ ու այդպիսով խորամանկել ճակատագրին։ Բայց դա քիչ է մի քաղաքի համար, որը պատրաստվում է ամեն ինչում հավասարվել Եվրոպային։

․․․Մեզ մոտ նաև «Սանիթեք» ընկերություն կա։ Իրեն բնութագրում է որպես «փորձառու ինժեներների, տեխնիկական մասնագետների ու աշխատակիցների թիմ, որը մշտապես լավացնում է իր որակավորումը»։ Վերջերս «Սանիթեքը» վերջնականապես խրվել է աղբանոցների մեջ, ու ոչ ոք չի կարող ասել՝ ինչ է լինելու քաղաքի ու մեզ հետ։

Մի քանի բարեսիրտ բնապահպանների պնդմամբ՝ թափառող շները քաղաքի սանիտարներն են։ Նրանք ուտում են աղբանոցներում լցվող ուտելիքի մնացորդները և սոված թողնում առնետներին։ Եթե թափառող շների թիվը կրճատվի, առնետների թիվը կաճի երկրաչափական պրոգրեսիայով, ու ի՞նչ օգուտ երևանցիներին։ Տարբերակը, որ աղբ ընդհանրապես չլինի, չգիտես ինչու խեղդվում է աղբամանում։

Հիմա Երևանը Հայաստանում թողնենք, Լոզանը՝ Շվեյցարիայում, գնանք Ռուսաստան՝ Մոսկվայի մարզ։ Այս տարվա հունվարի մեկից այնտեղ աղբի հավաքման ու վերացման նոր կարգ է գործում։ Բնապահպանական չափորոշիչները եվրոպական են։ Այսինքն՝ մարդիկ արդեն տանը պետք է տեսակավորեն աղբը` ապակին, պլաստիկը, մետաղը, թուղթը՝ առանձին, սննդի ու բուսական թափոնները՝ առանձին։ Երկու պարկ է ստացվում։ Շատ չէ, բայց էլի բան է։ Շվեյցարիայում ու Եվրոպայի այլ երկրներում պարկերը հինգն են, Ամերիկայում՝ երեք-չորսը, իսկ մեզ մոտ ամեն ինչ իրար գլխի, պատռված տոպրակներով ու բակերում։

Ի՞նչ անել։ Սովորել ու կենցաղային մշակույթ սովորեցնել։

Կրճատել քաղաքապետարանի աշխատակիցների արտասահմանյան գործուղումների գումարներն ու դրանք ուղղել երևանյան կարևորագույն թեմաներից մեկի մասին հեռուստանյութեր պատրաստելուն, որ նայեն ու սովորեն՝ ժամանակակից աշխարհում ով, որտեղ ու ինչպես է լուծում այդ խնդիրը։

Երևանի ավագանու հարգելի անդամներ, բավականին հաճելի հատկանիշներ ունեցող տիկնայք և պարոնայք։ Միանգամից մի մերժեք «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի «արթնանալ ու քնել աղբի նկարներով» առաջարկը։

Քաղաքապետարանի ղեկավարության հարգելի ջենտլմեններ։ Պաթոսը փոխարինեք ռեալիզմով ու ադեկվատությամբ։ Աղբի մեջ կորած քաղաքում մետրոյի նոր գիծ անցկացնելը վատ գաղափար է։ Ոչ թե այն պատճառով, որ նոր կայաններ պետք չեն, այլ որովհետև ամեն ինչ իր ժամանակն ունի։ Կեղտի մեջ խրված, շների հաչոցների տակ փողոցով քայլելն անարդյունավետ է ու ոչ խելամիտ։ Խոսքից գործի անցնելու ժամանակն է։

Առջևում մի ամբողջ տարի կա, սկսե՞նք։

195
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Դուք խայտառակ եղաք, պարոն Մարության». Անի Սամսոնյանը` աղբահանության խնդրի մասին
850 հազար դոլարը` աղբարկղ. ինչո՞ւ է Երևանի նոր քաղաքապետը դեն նետում նախորդի փաստաթուղթը
ՀՀ–ում ստեղծվել է աղբի վերամշակման առցանց հարթակ. Sputnik–ի հյուրը Հռիփսիմե Մկրտչյանն է
Երևանցի արտադրողները լուծել են աղբից ազատվելու հարցը. լցնում են Գետառը. լուսանկարներ