Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանը «նոու–հաու» է գտել, իսկ մենք խոսում ենք պարգևավճարների մասին

1255
Ռուբեն Գյուլմիսարյան
Ամեն ինչ իր ժամանակին է տեղի ունենում, ու ճիշտ էին ասում, որ պետք է իշխանություն ստացած նորեկներին թույլ տան աշխատել, և ժամանակի հետ ամեն ինչ տեղը կընկնի։ Պաշտոնյաների ինքնապարգևատրման հանդեպ ուշադրությունը մի տեսակ անառողջ է, որովհետև քաղաքապետարանն առնվազն մեկ նորարարություն է արել, որը կիրառելի է գրեթե ցանկացած իրավիճակում։

Տարբեր գերատեսչությունների ղեկավարների առանձնապես մեծ պարգևավճարներից հետո դրսևորված վրդովմունքը, որը ծավալվեց սոցցանցերում ու հասարակության շրջանում, երևի այդքան էլ անհիմն չէ, համենայն դեպս` Երևանի քաղաքապետարանի դեպքում։

Իսկական աշխատողի աշխատանքը հաճախ աննկատ է մնում, աչք չի ծակում, իսկական նվիրյալն իր արածը չի ցուցադրում, թե տեսեք-տեսեք՝ ինչեր եմ արել, պարզապես քրտինքը մաքրում է ճակատից, նստում ու մշակում է հաջորդ խնդրի լուծման ռազմավարությունը։

Մենք էլ՝ անշնորհակալներս, մտածում էինք՝ Երևանի քաղաքապետարանի նոր կազմը միայն Նոր Նորքի ապօրինի կառույցներից մեկն է ապամոնտաժել ու Հանրապետության հրապարակում տոնածառ-տոնածառ է խաղացել՝ ձեռքի հետ օպերայի շենքի տարածքում եղած սրճարանների տերերին ծանուցելով, որ իրենց բիզնեսի համար նոր տեղ գտնեն։ Մենք սխալվում էինք։

Քաղաքապետարանի գործունեությունն ուշադիր քննելու դեպքում կարելի է տեսնել, որ նրանք լուծման եզակի բանաձև են մշակել եթե ոչ բոլոր, ապա քաղաքային բազում խնդիրների համար։ Քանի որ այդ թեմայով մամուլում հրապարակումների ալիք չի եղել, ապա այդ իրադարձությունները հասարակական մեծ իրարանցում չեն առաջացրել։ Իսկ դա անարդարացի էր։

Ահա օրինակը։ Քաղաքում երկար ժամանակ գոյություն ուներ ու հիմա էլ կա թափառող կենդանիների խնդիրը։ Հիմնականում խոսքը շների մասին է, քանի որ կատուները մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում։ Այնպես չէ, որ շներն ամբողջ օրը զբաղված են մարդկանց կծելով, բայց նման դեպքեր գրանցվել են։ Նախկինում շների հետ վարվելու շատ պարզ տարբերակ էր գործում․ գիշերները կրակում էին, իսկ առավոտյան երեխաները դպրոց ու մանկապարտեզ գնալու ճանապարհին զարհուրելի տեսարանի ականատեսն էին դառնում։

Նախորդ տարվա դեկտեմբերի կեսին քաղաքապետ Հայկ Մարությանը ժողովի ընթացքում ասաց, որ թափառող կենդանիներին վնասազերծող ընկերության նոր մրցույթ է հայտարարվել, ու այդ ընկերությանը ներկայացվող պահանջները համապատասխանելու են միջազգային չափանիշներին։ Մոտավորապես այդ ժամանակ էլ Մարությանը հայտարարեց, որ կենդանիներին կրակելու պրակտիկան անցյալում է մնում։

Որ սպանդագործներ այլևս չկան, շատ լավ է։ Առանց հեգնանքի։ Վաղուց էր պետք։ Նորից եմ ասում՝ այնպես չէ, որ կծան շները քաղաքի ամենաակնհայտ խնդիրն էին, բայց Հաղթանակ թաղամասի, Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բողոքում էին, ահազանգում էին նաև Չարբախի ու էլի մի երկու թաղամասի բնակիչները։ Խնդիրն ընդհանուր առմամբ մեծ չէ, բայց շան ատամի տակ ընկած մարդու համար միշտ արդիական է։

Եվ ի՞նչ է ստացվում։ Քաղաքի իշխանությունն այլևս չի կրակում շների վրա ու մրցույթ է հայտարարում։ Որոշման ընդունումից մինչ այն պահը, երբ մրցույթում հաղթած ընկերությունը կսկսի քաղաքակիրթ ձևով լուծել խնդիրը, անորոշ ժամանակ կանցնի։ Չի բացառվում` մի քանի տարի։ Այդ տարիների ընթացքում շները միայն կշատանան, ու մարդը, որի երեխաներին սպառնում է թափառական շների ոհմակը, կա՛մ պետք է հաշտվի այդ ոհմակի հետ, կա՛մ ինքնուրույն դիմի ինչ-որ միջոցների։ Իսկ թե միջոցներն ինչպիսին կլինեն, անհնար է կանխագուշակել. կոնկրետ մարդուց է կախված։

Փոխարենը քաղաքապետարանը կարող է հանգիստ ասել, որ շներին կրակելով չի սպանում։

Քաղաքապետարանը նույն հանգստությամբ լուծեց քաղաքի հրապարակների բեռնվածության խնդիրը՝ պարզապես արգելելով, որ այնտեղ մեքենաներ կայանեն։ Ոչ մի այլընտրանք չառաջարկվեց։ Արգելվում է, և վերջ։

Արդյունքում իրենց մեքենաները տարիներ շարունակ Շահումյանի հրապարակում կանգնեցնող մարդկանցից շատերը մի գեղեցիկ օր ստիպված էին նոր կայանատեղի փնտրել սովորական տեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք, ովքեր խախտել էին օրենքը կամ գլուխ չէին հանել նշաններից, իրենց մեքենաները, բնականաբար, հայտնաբերել էին բոլոր վարորդներին հայտնի «Փոսի ԳԱԻ»-ում։ Մեքենաները տարել էին սխալ տեղում կայանելու համար, իսկ դուրս բերելու համար տուգանք էին պահանջել։

Միաժամանակ քաղաքապետարանը խոստովանում է, որ վարորդների համար ոչ մի այլընտրանք չի կարող առաջարկել։ Գուցե ստորգետնյա կայանատեղի կառուցվի։ Մինչև սկսեն, մինչև մրցույթ հայտարարեն, մինչև նախագիծը հաստատեն, մինչև կայանատեղի կառուցեն, տարիներ կանցնեն, իսկ մեքենաների տերերն այդ ընթացքում թող յոթ սարից այն կողմ կայանատեղի փնտրեն։ Իսկ այդ հատվածում, ի դեպ, նախարարների «կացարանն» է ու երկրի Կենտրոնական բանկը։ Չենք խոսում բազում այլ` ավելի մանր հաստատությունների մասին։

Փոխարենը քաղաքապետարանը կարող է հանգիստ ասել, որ Շահումյանի հրապարակի հարցը լուծվեց։

Ահա և նորարարությունը` արգելել ու թույլ չտալ, իսկ մնացածը՝ ինքներդ գլուխ հանեք։ Քաղաքապետարանն իր գործն արել է, մնացածն իր գլխացավանքը չէ։ Դրա համար մի զարմացեք, որ առաջիկայում քաղաքի տրանսպորտի խնդիրն էլ նույն ձևով լուծվի։

Բողոքո՞ւմ եք կիսաքանդ «Գազելներից»։ Ասո՞ւմ եք՝ ամեն ծակից փչում է, գազի ու վարորդի սիգարետի անտանելի հոտ է գալիս։ Քաղաքապետարանի որդեգրած տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է` վաղը «Գազելները» պարզապես հանեն հասարակական տրանսպորտի համակարգից։

Ոչ մի այլընտրանք չի առաջարկվի․ չէիք հավանու՞մ «Գազելները», չկա՛ն, քաղաքի իշխանությունը սպասում է ձեր երախտագիտությանը, այնպես որ բարի եղեք՝ շնորհակալություն հայտնեք։ Թե ինչպես եք հասնելու աշխատանքի ու դպրոց, բոլորովին այլ հարց է․ մրցույթ կհայտարարեն, ընկերություն կգտնեն, ու մի յոթ տարի հետո այլընտրանք կունենաք, իսկ հիմա ավտոբուսներից ու մետրոյից օգտվեք։

Համաձայնեք` խնդիրների լուծման եզակի միջոց է, իսկ դուք խոսում եք պարգևավճարների մասին։ Հիմա մենք՝ հարկատուներս, պետք է խնդրենք քաղաքապետարանին, որ իրենց աշխատակիցներին ավելի մեծ պարգևավճարներ տան․ մենք մեր հարկերը նման բանի համար չենք ափսոսում։

Բայց դե այս մեթոդն էլ ամեն տեղ հնարավոր չի լինի կիրառել։ Օրինակ` չի ստացվի ձյանը արգելել, որ ձմռանը գա։ Դրա հետ պետք է համակերպվել։ Բայց ո՞վ ենք մենք, որ բնության ուժերին դեմ գնանք․ դա էլ է պետք հիշել ու անհնարինը չպահանջել մարդկանցից։

1255