Կոթի գյուղի աշակերտները

Դպրոցին հայեցակարգ է պետք. միայն այդ ժամանակ Նարեկացուն կդադարեն տիեզերագնաց անվանել

106
(Թարմացված է 21:29 01.02.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օրերս մի քանի հայտարարություն արեց, որոնք շատ հետաքրքրեցին հանրությանն ու մամուլին։ Միջնակարգ կրթության խնդիրները բոլորին են վերաբերում, իսկ այն` ինչ դրա հետ արել են վերջին տասնամյակների ընթացքում, հնարավոր չէ մի ակնթարթում ուղղել։ Թեև հրաշքների ակնկալիքներն ավանդականորեն ուժեղ են, այդ ակնկալիքները չիրականանալու հատկություն ունեն։

Այն, ինչ Հայաստանում արել են կրթական համակարգի հետ վերջին երեսուն տարիների ընթացքում, անհնար է շտկել կարճ ժամանակահատվածում։ Անկախության առաջին իսկ տարիներին, 1990–ականների սկզբին ոլորտին չափազանց մեծ հարված է հասցվել։ Հետո ամեն ինչ իներցիայով էր շարժվում, անընդհատ ինչ–որ բարեփոխումներ էին արվում, փոփոխումներ, սակայն իրավիճակը որակապես չէր փոխվում։

Արդարացի լինելու համար պետք է նշել, որ այդ խնդիրը զուտ հայկական չէ, նման իրավիճակում են գտնվում հետխորհրդային բոլոր երկրները, որոնք կոտրել են կրթական մի համակարգ ու այդպես էլ այլընտրանքայինը չեն կառուցել։ Իսկ եթե մենք հստակ չենք գիտակցում` ինչ ենք ուզում ստանալ, անհնար է մշակել մի ռազմավարություն, որը կօգնի հասնել այս նպատակներին։

Մյուս կողմից` գլխավոր նպատակն իհարկե հասկանալի է. կառուցել այնպիսի համակարգ, որ դպրոցի շրջանավարտները որակյալ կրթություն ստանան ու Գրիգոր Նարեկացուն առաջին հայ տիեզերագնացը չհամարեն, ունենանք շրջանավարտներ, որոնք ոչ թե միայն թղթադրամները հաշվել գիտեն, այլ (մարդ վախենում է ասել)` հեկտարները։ Այսօր մենք հեռու ենք դրանից. այն մարդիկ, որոնք ուզում են ու կարող են ինչ–որ բան սովորել, սովորում են, եթե կարելի է այդպես արտահայտվել, «իրենց ալիքներով» ու հույսը չդնելով հանրակրթական դպրոցի վրա։

Խնդիրն այն չէ, որ ուսուցիչները վատն են, նրանք նորմալ են, լավն են։ Ու հարցը նույնիսկ այն չէ, որ ուսուցիչները չնչին աշխատավարձեր են ստանում. եթե այն չնչին է, ստացվում է, որ դրա դիմաց աշխատում են այն մարդիկ, որոնք այդ գործն իրենց կոչումն են համարում։ Մեծ հաշվով՝ ուսուցիչների պակասը երբեք հայկական դպրոցի խնդիրներից չի եղել։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին հաճախ են քննադատում, սակայն  հիմա խոսքն այլ բանի մասին է։ Կարծես` Հարությունյանը իրատես է, ինչի մասին վկայում է վերջերս արված նրա անկեղծ հայտարարությունն այն մասին, որ անհնար է առաջիկայում վերանայել ուսուցիչների աշխատավարձերը` դրանք բարձրացնելու համար։ Հարությունյանը խոսել է նաև այն մասին, որ գրեթե բոլոր առարկաների դասավանդումը պետք է վերանայել։

Բոլորը հանկարծակի վախեցան, ու խոսակցություններ սկսվեցին, որ դպրոցներում կդադարեն շախմատ դասավանդել։ Հարությունյանը ստիպված էր հերքել այդ լուրերը։

Մեկնաբանելով դպրոցական առարկայացանկից շախմատը հանելու մասին լուրերը՝ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ առարկան ոչ թե ամբողջությամբ դուրս է գալու, այլ պարզապես վերանայվելու է:

Ու փառք Աստծու, շախմատը մնալու է. ըստ էության, վերջին երեսուն տարիների ընթացքում դա կրթության ոլորտի միակ դրական նորամուծությունն էր։

Նախարարն ասել է, որ պետք է քննարկվեն բոլոր խնդիրները, որոնց հետ բախվում են ուսուցիչները դասավանդման ընթացքում ու աշակերտները` ուսման ընթացքում, պետք է քննարկվի նաև ծնողների հարցը, քանի որ, նախարարի խոսքով, նրանք ուսումնական գործընթացի կարևոր մասն են։ Նա ավելացրել է, որ պետք է քննարկել չափանիշները ծրագրերը, դասագրքերն ու առարկաների ցանկը։ Նա հույս է հայտնել, որ մինչ 2023 թվականը նախարարությունը կլուծի այդ խնդիրը։

Սա իհարկե համալիր մոտեցում է, միայն թե չափազանց այն դժվար է այնքան խելքի բերել, որ գործի այն գաղափարախոսության շրջանակում, որում համակարգը կառուցվելու է։ Գաղափարախոսություն բառն այստեղ ոչ քաղաքական, ոչ էլ պրոպագանդիստական իմաստով է. այստեղ հենց կրթական համակարգի գաղափարախոսություն է։

Այդ պատճառով եթե սկսենք մեր կրթական համակարգ ներմուծել ընտրողական, համատեքստից կտրված կամ ոմանց  հավանած մանկավարժական տարրեր, ապա մեզ մոտ ծույլիկի պատրաստած ապուր կլինի. այն անհնար է ուտել, սակայն ձևականորեն այն եփել ու մատուցել են։ Ինչ ասես կստացվի, միայն ոչ ըմբռնելի ընդհանուր հայեցակարգ, որն ընդունելի է ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների համար։

106
թեգերը:
Հայաստան, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Միֆեր «Սաշիկի» մասին և եվրոպական դատարան. էլ ի՞նչ կարող է քննվել ՄԻԵԴ–ում
Իսրայելցիների անօրինական արկածներն Ադրբեջանում. դրոնների գործին Թել Ավիվը խիստ է մոտեցել
Թաղայինների չգործող ինստիտուտն ու հանցավորության աճի միտումը. որտեղի՞ց է ամենաթողությունը