Նիկոլ Փաշինյան

Տվյալ դեպքում կարևոր չէ` Փաշինյանին սիրում ես, թե ոչ. եթե չստացվի, բոլորը կպարտվեն

344
(Թարմացված է 14:21 23.01.2019)
Սերգեյ Բաբլումյան
Հասարակությունը ոչ միանշանակ գնահատական է տալիս Հայաստանի նոր ղեկավարության քաղաքականությանը, բայց պարզ է մի բան` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողման դեպքում կտուժեն հանրապետության բոլոր բնակիչները։

Այնտեղ, որտեղ կա քաղաքականություն, հնարավոր է նաև քաղաքական ճգնաժամ։ Այնտեղ, որտեղ չկա (կամ անորոշ քաղաքականություն է), ճգնաժամի հնարավորությունն ավելի մեծ է։ Հայաստանում տնտեսական քաղաքականությունը դեռ միայն ձևավորման փուլում է։ Ինչպե՞ս են վարվում նման պայմաններում խելացի մարդիկ, և ի՞նչ պետք է անեն նրանք։

Չափից դուրս չհրապուրվեն. Հայաստանը 25 ամենախելացի երկրների ցանկում չկա, հուսանք` ոչ միշտ այդպես կլինի։

Ընդհանուր պատկերացման համար, թե ով է այս աշխարհում խելացի և ինչու. առաջին հինգ հորիզոնականում են Ճապոնիան, Շվեյցարիան, Չինաստանը, ԱՄՆ–ն և Նիդեռլանդները։ Նրանք մրցակիցներից առաջ են անցել երեք գլխավոր ցուցանիշով` նոբելյան մրցանակակիրների թվով, բնակչության միջին IQ–ով և դպրոցակաների առաջադիմության արդյունքներով։

Իսկ մե՞նք։ Տնտեսության մեջ մենք հաստատ չենք ձգի Նոբելյան մրցանակի, բնակչության լայն շերտերի IQ մակարդակը, որպես կանոն, հանրահավաքների հրապարակներում չի բարձրանում, մնում են դպրոցները, ուր հաճախում են իսկապես խելացի հայ երեխաները, և դա ինչ–որ հույսեր է արթնացնում։

Իսկ մեծահասակնե՞րը։ Նրանց դեպքում ամեն ինչ խառն է։ Ինչ–որ մեկը սպասում է Հայաստանի տնտեսական հաջողությանը, ինչ–որ մեկը` ձախողմանը, կան նաև մարդիկ, որոնք արդեն ոչ մի քանի չեն սպասում։ Բոլոր երեք մոտեցումներն էլ հասկանալի են, բայց աղմկոտ հաջողություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլորը լծվում են գործի և սկսում են աշխատել հանուն արդյունքի։ Կամ, համենայն դեպս, չեն խանգարում։

Տվյալ դեպքում կարևոր չէ` Փաշինյանին սիրում ես, թե ոչ։ Տնտեսությունը վերելք կապրի` լավ, դրանից բոլորը կշահեն, իսկ եթե չստացվի` վատ, կրկին բոլորը կպարտվեն։

Հոդվածը գրելու ընթացքում թերթեցի կայքերի ու թերթերի էջերը, փորձեցի «Աշխատանքային հերթափոխ» խորագրով ինչ–որ բան գտնել։ Այնպես չէր, որ հուսադրող նորություններից տեղ ու դադար չկար, բայց դատարկություն էլ չէր. ինչ–որ բան կա, ինչ–որ բանի սպասում ենք, ոմանց (առաջին հերթին երիտասարդներին և իմացասերներին) արդեն կարելի է գովել արածների համար։

Ի՞նչ կա, և ի՞նչն է շատ կարևոր։ Ինչպես հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2018թ–ի հուլիս–սեպտեմբերին ուղիղ ներդրումները կազմել են 75,5 միլիոն դոլար` 2017թ–ի 50,9 միլիոն դոլարի համեմատ։

Ի՞նչն է սպասելի։ Եվրամիությունը պատրաստվում է մեզ 450 միլիոն եվրո հատկացնել, իսկ հայաստանյան բոլոր նախագծերում ներդրումները կկազմեն 732 միլիոն եվրո։ Հույս է տալիս։

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է գնահատել, իսկ Բանկային հսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանելու մակարդակը` բարձր (97 տոկոս)։ Վատ չէ։

Հայաստանի օդանավակայաններում 2018թ–ին ավելացել է ուղևորահոսքը։ Երևանի «Զվարթնոցն» ու Գյումրու «Շիրակը» 2018թ–ին սպասարկել են 2 856 673 ուղևորի, ինչը 2017թ–ի ցուցանիշը գերազանցում է գրեթե 12 տոկոսով։

Կամ էլ ահա սա։ «Հայաստանը սկսել է ավելի շատ մալուխներ և հաղորդալարեր արտադրել։ Դրա համար արտասահմանից գնում են պատրաստի պղինձ, իսկ տեղում` պղնձի ջարդոն։ Վերջերս գործարաններից մեկում որոշել են վերամշակել ոչ միայն մաքուր պղնձի ջարդոնը, այլ նաև հին մալուխները», – հաղորդում է Sputnik Արմենիայի գործընկերս։

Ինչի՞ համար է վերոհիշյալը։ Նրա համար, որ լավատեսություն ներշնչող ցանկացած նորություն կարելի է հեշտությամբ հակադրել միայն դեպրեսիա առաջացնող երկու կամ երեք լուրով։ Ո՞րն ընտրենք։ Զգուշորեն ասեմ, որ իսկական լավատեսությունը հիմնվում է ոչ թե այն պատկերացման վրա, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ համոզմունքի, որ վատ չի լինելու։ Կանգ առնենք ինչ–որ միջինի վրա, ընտրենք անկանխակալությունը։

Խելացի հայի խոսքեր։ «Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ: Երկիրը բարեփոխումների և արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Փաշինյանին դժվար աշխատանք է սպասում, և մենք բոլորս պետք է օգնենք նրան, որովհետև եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահության մեծ մանդատ են տվել, և ես հույս ունեմ, որ նա կկարողանա արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժվար լինի», – հայտարարել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը գերմանական Deutsche Welle–ին տված հարցազրույցում։

Բայց կարելի է նաև չօգնել, երկիրը դրդել տնտեսական լճացման` անցում կատարելով քաղաքական կոլապսի։ Բայց Հայաստանը Ամերիկան չէ, որտեղ կառավարությունն արդեն մեկ ամիս չի աշխատում, բայց նահանգները չեն քանդվում։

Մեզ մոտ այդպես չի ստացվի, մեր դեպքում աղմկահարույց տնտեսական դատարկություն կլինի, որը գուցե երկպառակության վերածվի։ Այդ դեպքում հավանական է դառնում պատերազմը` հաշվի առնելով անբարյացակամ հարևաններին։

Ինչ վերաբերում է բարյացակամներին, ապա ոչ մի դեպքում չի կարելի վատացնել նրանց հետ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսությունում խոշորագույն ներդրողը Ռուսաստանն է։

Որտեղի՞ց է մակերեսայնությունը, որտեղի՞ց է գոռոզությունը։ Գյումրիում ռուսական ռազմակայանի դարպասների մոտ հավաքվածների և Երևանում դեսպանական պատերի մոտ գոռացողների հիմարությունից, որոնց գլուխներում պարզ մտքերի փոխարեն միայն մշուշ է։ Նրանք ինչ–որ բանով օգնո՞ւմ են։ Նրանք բարձրացնո՞ւմ են IQ–ի մակարդակը։ Նրանց մեջ Նոբելյան դափնեկիրներ կա՞ն։ Նրանց հետ Հայաստանը համաշխարհային խելոքների ակումբին կմոտենա՞։

... Ասում են, որ խելոքների և հիմարների տարբերությունը մեկն է. առաջինը միշտ մտածում է և հազվադեպ ասում, երկրորդը միշտ ասում է և երբեք չի մտածում։

Երաժշտական պահ։ Ռայմոնդ Պաուլսի հարցազրույց է տվել Sputnik Լատվիա գործակալությանը և ասել. «Այստեղ աշխատելը հայրենասիրության իմ ընկալումն է։ Ոչ թե կարգախոսներ բղավելը, այլ ինչ–որ բան անելը»։

Նա նաև ավելացրել է, որ դժգոհ է երկրի իշխանության քաղաքականությունից։ Ստացվում է` մեկը մյուսին չի խանգարում։

344
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դավոսյան հանդիպման հակառակ երեսը. տեղի՞ն է արդյոք հայ հասարակության խուճապը
Ալիխանյան.«Փաշինյանը վստահ է, նա մի փոքր ավելի հանգիստ է նստած, քան Ալիևը. ժեստերի լեզուն»
Ավելի լավ է` լռեր. Արմեն Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին
Դավոսը մի կողմ. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում պարգևավճարներ բաժանելուն
Ռեգիոնալ իրավիճակ, երկկողմ հարաբերություններ. ի՞նչ չեն քննարկել Փաշինյանն ու Բոլթոնը