Կարեն Կարապետյանը Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումում

Հանճարեղ և պարզ. Նիկոլ Փաշինյանի երեք քայլը դեպի Կարեն Կարապետյանի «Սինգապուր»

2322
(Թարմացված է 21:51 17.01.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Սփյուռքի հայրենադարձությունը դանդաղում է, թեև Հայաստանում ներդրումների և մարդկային ներուժի կարիք կա։ Իսկ մենք արդեն արմատախիլ ենք արել կոռուպցիան և լուծել օլիգարխների հարցերը, և երկրում մնացել է լուծել երեք հիմնարար խնդիրներ՝ աղբը, կրպակները և ավտոմեքենաների կմախքները։

«Կյանքը լավացել է»․ չենք շարունակի մեջբերումը, որովհետև մինչև լիակատար և վերջնական ուրախությունը դեռ պետք է մի քիչ աշխատել: Կարգախոսները և խոստումները, որոնցով տեղի է ունեցել «թավշյա» իշխանափոխությունը, հիմնականում, կատարվել են՝ ոչ մեծ բացառությամբ, բայց բացառությունները նույնպես ժամանակի հարց են։

Այն, ինչ կարելի էր չեղյալ հայտարարել կարգադրություններով, չեղյալ է հայտարարվել, ինչպես, օրինակ, օլիգարխները և կոռուպցիան։ Մի հիանալի առավոտ մենք արթնացանք առանց կաշառքների երկրում և հայտնվեցին խոշոր սեփականատերեր օլիգարխների փոխարեն, որոնք պատմության գիրկն են անցել մենատիրությունների հետ։ Դե, իհարկե, առանց նախկին իշխանությունների։

Որոշ բաներ, իհարկե, չի ստացվում կյանքի կոչել հրամայական մեթոդներով. օրինակ, որքան ուզում ես հրամայիր կարծել, որ հայրենադարձությունը հասել է աննախադեպ մակարդակի: Եթե չկան հայրենադարձներ, նման հրամաններով կարելի է ձախողվել: Հենց այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, սփյուռքի նախկին նախարարը, այժմ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսպես է արտահայտվում։

«Այսօր ակտիվ հայրենադարձության մասին խոսելն ակտուալ չէ։ Որովհետև այն կազմակերպելու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան իր տնտեսությամբ։ Տնտեսության զարգացման համար մարդկային կապիտալը, իհարկե, կարևորագույն արժեքն է, և սփյուռքից կադրային ռեսուրսներ ներգրավելու խնդիրը պետք է ամենից առաջ լուծել օրենսդրությամբ», - ասաց Հայրապետյանը։

Սակայն, ինչպես կարելի է համոզվել, զբոսնելով Երևանի փողոցներով, շատ են ասիական երկրներից միգրանտները, որոնց համար, դատելով ամեն ինչից, դժվար չի լինի հայկական իրողություններին հարմարվելը։ Նրանք մուրացկանություն չեն անում, նշանակում է՝ ինչ-որ տեղ աշխատում են։ Միգուցե դա այն պատճառով է, որ, ի տարբերություն հայրենադարձների, նրանցով ինչ-որ մեկը զբաղվո՞ւմ է։

Թե՞ մենք սպասում ենք միայն պատկառելի ներդրումներով հայրենադարձների։ Հազիվ թե դա ինքնանպատակ է, հետո էլ ներդրումներ չեն լինի, եթե լսեն կոնկրետ գործերով չամրագրված կոչեր։ Դե ինչ, ինչպես ասել է նույն Հայրապետյանը, հայության ահռելի ներուժն օգտագործելու համար  անհրաժեշտ է ուսումնասիրել և լուծել տնտեսական միջավայրի և պետական կառավարման համակարգի խնդիրները։

Այնպես որ, պետք է սպասել այդ իսկապես կարևոր խնդիրների լուծումներին։ Թեև, հնարավոր է, բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել ավելի հեշտ միջոցով, քան մենք մինչև հիմա պատկերացնում էինք։

Հինգշաբթի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Ես բանաձև ունեմ, որով մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկ՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որ ամենուրեք կան, և երրորդը ավտոմեքենաների կմախքներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»։ Ահա և ձեզ եթե ոչ բոլոր, ապա խնդիրների մեծամասնության լուծումը։

Էխ, Կարեն Կարապետյան, Կարեն Կարապետյան. ահա՛ երկիրը Սինգապուր դարձնելու գաղտնիքը, որը Դուք այդպես էլ չբացահայտեցիք․․․

Աղբը կհավաքենք, կրպակները կհանենք, ավտոմեքենաների կմախքները որպես մետաղի  ջարդոն կհանձնենք և կապրենք։ Ե՛վ կենսաթոշակները կբարձրանան, և՛ հայրենադարձություն կլինի (միայն հասցրու ընդունել), և՛ ներդրումներ կլինեն, թե չէ ինչ ներդրումներ, երբ շուրջբոլորն աղբ է։

Մեկ այլ հարց է, որ նշված երեք խնդիրները վերացնելու համար անհրաժեշտ են անհավանական ջանքեր, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, մի խոսքով՝ շատ ժամանակ։ Բայց հանուն լուսավոր ապագայի մենք կարող ենք մի քիչ դիմանալ։

2322
թեգերը:
Հայաստան, Կարեն Կարապետյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Խաղադրույքները չափազանց բարձր են». Քոչարյանի գործը իշխանության համար բեռ է դարձել
Փաշինյանը լրատվամիջոցներին մեղադրել է իրենց իշխանությանը «հանրապետականացնելու» մեջ
«Հարձակում իրերի էության վրա». երբ խոսեց Կաթողիկոսը
Նոր ժամանակների Հայոսն ու Քարթլո՞սը. փորձագետները դրական միտում են տեսնում