Գնորդը խանութում

Գնաճը և աշխատավարձերը Հայաստանում. ով ինչքանի է «արժանի»

336
(Թարմացված է 01:35 15.01.2019)
Հայաստանում գնաճը շարունակում է ցածր մնալ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք ավելի շատ ապրանք գնել։ Առայժմ հասկանալի չէ, թե աճում է արդյոք հայկական արդյունաբերության արտադրողականությունը։

Որքան էլ տարօրինակ լինի այդ մասին ասելը, բայց վերջին տարիներին Հայաստանում գները դանդաղ են աճում։ Մեկ այլ հարց է, որ այդքան արագ չեն աճում մեր եկամուտները։

2018թ–ին գները միջինում աճել են 2,5 տոկոսով։ Հայաստանում 2018թ–ի հոկտեմբերին միջին աշխատավարձը կազմել է 169 հազար դրամ (այսինքն առձեռն հիմա ստանում են միջինում մոտ 130 հազար դրամ)։ Դա մոտավորապես 4 հազարով կամ 2,4 տոկոսով ավելի է, քան տարվա սկզբում։ Այսինքն, մոտավոր գնահատականով, 2018թ–ին գնաճը և աշխատավարձերը մոտավորապես հավասարաչափ են աճել։

Այստեղ մեզ կառարկեն. այդ ինչպե՞ս, եթե կարագը և միսը կրկին թանկանում են։ Այդպես էլ կա։ Ճիշտ է, միևնույն ժամանակ հացամթերքի, կաթնամթերքի գները գրեթե չեն բարձրացել, իսկ մրգի և բանջարեղենի գները նույնիսկ նվազել են։

Մի կողմ թողնենք գների փոփոխությունների մասին հարցը և փորձենք «երևակայել» մեր բարեկեցության մասին։ Չէ՞ որ եթե գնաճը ցածր է, ապա մենք կարող ենք ավելի շատ գնել այն, ինչ ուզում ենք։ Իսկ դա ե՞րբ տեղի կունենա։

Դրա համար երկու ճանապարհ կա. մենք պետք է կամ շատ գնենք կամ «քիչ ուզենք»։ Եվ ահա երբ մենք ստիպված են «քիչ ուզել», այդ ժամանակ ապրանքների պահանջարկը թուլանում է, և գները չեն աճում։ Այդ ժամանակ բիզնեսը վարկեր չի վերցնում ներդրումների համար, ավելի քիչ նոր աշխատողներ է վարձում և նրանց աշխատավարձը չի բարձրացնում։

2015թ–ին մենք ստիպված էինք հենց «քիչ ուզել», երբ ռուսական ռուբլին և ռուս սպառողների եկամուտները անկում ապրեցին (որոնք գնում են հայկական կոնյակ և միրգ)։

Ուստի 2015թ–ից սկսած` Հայաստանի Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի բանկային վարկերն ավելի մատչելի լինեն, իսկ ներդրումները` ավելի ակտիվ։ ԿԲ մտահղացմամբ` այդ դեպքում գնաճը մի քիչ կաճի, բայց արդարացված կլինի նոր ապրանքների և ծառայությունների թողարկումով։

Վարկերի տոկոսադրույքներն իսկապես նվազում են։ Վիճակագրական տվյալներով` 2017թ–ի մարտից մինչև 2018թ–ի նոյեմբեր վարկերի միջին տոկոսադրույքները նվազել են գրեթե 4,4 տոկոսային կետով (16,80–ից մինչև 12,36 տոկոս)։ Իսկ դրանք ուղղորդվե՞լ են արդյոք վերամշակող արդյունաբերություն։

Այո։ Հիմա արդյունաբերական ձեռնարկությունները ամսական միջինում 20 տոկոսով ավելի շատ վարկ են վերցնում, քան երկու տարի առաջ (ԿԲ վիճակագրությամբ)։

Իսկ դրանից ապրանքները շատանո՞ւմ են։ Ահա դա էլ առանցքային հարցերից մեկն է։ Մենք առայժմ չենք կարող պատասխանել դրան։ Հայաստանում վարձու աշխատողը միջինում որքա՞ն ապրանքներ և ծառայություններ է արտադրում, ինչ արժողությամբ։ Հայաստանում նման վիճակագրություն չի հրապարակվում (ի տարբերություն Եվրամիության)։

Թեև տվյալներ կան այն մասին, թե երկրի ընդհանուր ՀՆԱ–ի որ մասն է բաժին ընկնում մեկ վարձու աշխատողին։ Համաշխարհային բանկի տվյալներով` դա տարեկան մոտ 22 հազար դոլար է, ընդ որում վերջին տարիներին այդ ցուցանիշն աճում է։ Բայց այդ ցուցանիշը մեզ չի համապատասխանում։ Քանի որ այն հաշվի է առնում ամբողջ ՀՆԱ–ն, այդ թվում դրա հումքային մասը (օրինակ, մետաղների կոնցենտրատները)։ Բայց ահա հումքի ինչպիսի՞ մշակում է անցկացնում մեկ աշխատողը, ի՞նչ ծավալով և ի՞նչ արժեքով։ Մենք այդ մասին տվյալներ չունենք։

Իսկ դրանք ինչի՞ համար են պետք։ Հասկանալու համար, թե կարող են արդյոք երկրում աճել աշխատավարձերը։ Չէ՞ որ հենց դա է ուզում կառավարությունը` առաջարկելով նվազեցնել եկամտահարկը։ Թող գործատուն ավելի քիչ փող վճարի բյուջե և ավելի շատ թողնի իր աշխատողի գրպանում։

Բայց դրա համար կա՞ն արդյոք երկարաժամկետ ռեզերվներ։ Ձեռնարկություններում բարձրանո՞ւմ է արդյոք արտադրողականությունը։

Շատ առումներով այդ հարցից է կախված, թե կբարձրանա՞ն մեր աշխատավարձերը և հնարավոր կլինի՞ դրանցով ավելի շատ  ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերել։

Բայց վերջին տարիներին Հայաստանում աշխատավարձերն ավելի շատ աճում են ոչ թե արդյունաբերության, այլ ծառայությունների և շինարարության ոլորտում։

Այդ դեպքում մենք «արժանի՞» ենք աշխատավարձերի աճի, որը կփակի գնաճը։ Հարցը բաց է մնում։

336
Ըստ թեմայի
Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայկական գինուն և կոնյակին 2019թ.–ին. մեկնաբանում է փորձագետը
«Վերադառնալ ԽՍՀՄ». կարո՞ղ է արդյոք Հայաստանը կրկին մաքուր պղինձ ու մալուխներ արտադրել
Նա հրաժարվում է հարստանալ․ ինժեներ Հովհաննիսյանն ու նրա գործարանը Ստեփանավանում
«Միս ու աղ». տնտեսության ոլորտում ինչ է խոստանում անել ՀՀ նոր խորհրդարանը
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

43
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

43
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Ալաա Ալ-Սաիդ

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

723
(Թարմացված է 19:03 03.03.2021)
22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։

«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։

Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с однокурсниками
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդը համակուրսեցիների հետ

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։

Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։

«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։

Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։

Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид на озере Севан
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդ

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։

Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

Студент факультета фармакологии ереванского университета “Евразия” Алаа Ал-Саид с друзьями у храма Гарни
© Photo : provided by Alaa al-Said
Ալաա Ալ-Սաիդն ընկերների հետ
723
թեգերը:
հայերեն, մուսուլման, Իրաք, Ուսանող, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք դատապարտված ենք հարևանության. միակ ուղին երկխոսությունն է». թուրքահայ հոդվածագիր
«Օրորոցային վրեժ». ո՞րն է հիմա Արծրուն Հովհաննիսյանի և իր ընտանիքի հաղթանակի բանաձևը
Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

33
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

33
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ