Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Այն, ինչ կարելի է ԱՄՆ–ին ու Եվրոպային, չի կարելի Հայաստանին. երկակի ստանդարտներ

274
(Թարմացված է 19:44 13.01.2019)
Պատկերացումը, թե ինչ է ժողովրդավարությունը թույլ տալիս, իսկ ինչը, մերժում հայ հասարակության շրջանում, հիմնականում, դեռ չի ձևավորվել։ Որպես ամենաթողության քարտ–բլանշ «ժողովրդավարական գործընթացների» վերաբերյալ բացարձակ սխալ ընկալումը քիչ ընդհանրություն ունի այն պայմանների հետ, որում ապրում են «արևմտյան ժողովրդավար» պետություն կոչվող երկրները։

Հայաստանում հանրահավաքների, փողոցային ցույցերի միջոցով խնդիրներ լուծելու փորձերն արդեն վաղուց սովորական են դարձել։ Երևանի երթևեկությունը կարող է կաթվածահար լինել շաբաթներով, օրինակ, երբ բողոքում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ կամ «թավշյա հեղափոխություն» է տեղի ունենում։ Զինված խումբը կարող է հարձակվել ոստիկանության գնդի վրա, և դարձյալ շաբաթներով այնտեղ բանակցություններ կընթանան, իսկ հետագայում այդ խմբի անդամներին ազատ կարձակեն համաներմամբ կամ խափանման միջոցը փոխելով... 

Մեզ համար նման երկարատև բողոքի ցույցերը նորմալ երևույթ են դարձել։Հայաստանի իշխանությունները միշտ էլ ցուցարարներին ավելին են թույլ տվել այն ամենից, ինչը վայրկենապես կկանխվեր այդ ցուցարարներից շատերի կողմից այդքան սիրված արևմտյան երկրներում։ Ձեռքիս տակ ընկավ հայտնի լրագրող Վիկտոր Մարախովսկու հոդվածը. ամբողջությամբ այն կարելի է ընթերցել` անցնելով հետևյալ հղումով, իսկ այստեղ միայն մի փոքր հատված մեջբերեմ։

«Շատերը տարակուսանքի մեջ են արտերկրից ստացվող տեղեկությունների պատճառով։ Ֆրանսիայի վարչապետը խոստացել է խստացնել անօրինական հանրահավաքներին մասնակցելու պատիժը, և հանրությունն իմացավ, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 6 հազար մարդ է կալանավորվել, իսկ ավելի քան 1000-ը` դատապարտվել։ Իմացավ նաև, որ չհամաձայնեցրած բողոքի ցույց կազմակերպելու համար ֆրանսիացուն առաջին անգամ կես տարվա ազատազրկում է սպառնում և 7.5 հազար եվրոյի տուգանք, իսկ կրկնվելու դեպքում` 1 տարի ազատազրկում և տուգանք 15 հազար եվրոյի չափով (ընդ որում, Ֆրանսիայում միջին աշխատավարձը 2.25 հազար եվրո է)։

Գրեթե բոլոր առաջադեմ ժողովրդավարական երկրներում «մայդանների» վերաբերյալ օրենսդրությունն արագ և դաժան գործողություններ է նախատեսում։ Պարզապես այն պատճառով, որ նորմալ արևմտյան ժողովրդավարությունը կառուցված է վերնախավի շահերի հավասարակշռության վրա, վերնախավ, որոնցից յուրաքանչյուրը հասարակության մի մասի վստահության փաթեթն ունի (միևնույն ժամանակ ոչ ոք նրա վերահսկիչ փաթեթը չունի)։

Խաղի նման կանոնների դեպքում բռնության պատրաստ զանգվածներ փողոց դուրս բերելն ահավոր հանցագործություն և կոնվենցիայի խախտում է։ Այդ իսկ պատճառով բոլոր նրանց, ովքեր հակված են դրան, աչքի տակ են առնում վաղ փուլում և բավական արագ դուրս անում ոչ միայն քաղաքական գործընթացներից, այլև ընդհանրապես լիարժեք կյանքից իջեցնում հասարակության հատակը», – գրում է Մարախովսկին։

Իհարկե, հեղինակը գրում է ռուսական լսարանի համար, սակայն այս ամենը հիանալի կիրառելի է նաև հայկական հողի վրա։ Մեզնից ո՞վ է երկարատև զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպողների նկատմամբ երբևէ լսել լուրջ միջոցներ կիրառելու մասին, թեկուզ զուտ վարչարարական։ Բայց չէ՞ որ վախենալու է նույնիսկ մտածելը, թե ինչ տեղի կունենար Ֆրանսիայում, եթե այնտեղ զինված մարդիկ գրավեին ոստիկանական գունդը, որտեղ կա զենք, առավել ևս իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը զոհվեր` իր պարտականությունների կատարման ժամանակ։ Հազիվ թե չափազանցություն լինի ենթադրելը, որ կա՛մ հարձակվողները մի քանի ժամ անց կհանձնվեին ինքնակամ, կա՛մ ամբողջ տարածքը հրանետերով այրված կլիներ, հավանաբար պատանդների հետ միասին, դե շենքը պաշարած ահաբեկիչների մասին խոսք լինել չի կարող։

Կամ պատկերացնենք, որ Նյու Յորքում շաբաթներով փակված են կենտրոնական փողոցներն ու պողոտաները։ Ավելի ճիշտ դա անհնար է պատկերացնել, քանի որ ոչ թե մեկ շաբաթ, այլ նույնիսկ 24 ժամ դրանք փակ չէին մնա, և իշխանությունների արձագանքն ավելի խիստ կլիներ, քան կարելի է պատկերացնել Երևանում։

Հայրենական իշխանությունները մեզ սովորեցրել են, որ բողոքել կարելի է ուզածի չափ երկար և ուզածի պես, նույնիսկ ամենաանհեթեթ առիթով։ Եվ հիմքեր կան կարծելու, որ բողոքի ցույցերը, որոնք դրանց շարքային և միամիտ մասնակիցները «ժողովրդական» են համարում, վաղուց արդեն հարմարեցվել են որպես իշխանության (ցանկացած իշխանության` և՛ հեռացած, և՛ եկած, և՛ նրանց, ովքեր դեռ նախագծում են) ձեռքի գործիք։ Ամենածայրահեղ դեպքում բողոքի ցույցերը թույլ կտան «ժողովրդական զանգվածներին» պարպել բարկությունը, չէ՞ որ դա էլ արդյունք է։

Ահա այդպես, օրինակ, տեղի է ունենում փողոցների փակում ընդդեմ, ասենք, Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշման։ Ցուցարարները դատարանը մի ատյան են համարում, որն իրենց ենթակայության տակ է գտնվում, որը պարտավոր է ենթարկվել իրենց, իսկ իրենք իրենց իրավասու են համարում փակել օդանավակայան տանող ճանապարհը` սպառնալով կաթվածահար անել արդեն ոչ թե մայրաքաղաքը, այլ երկիրը։

Թույլ կտամ ինձ ևս մեկ անգամ անդրադառնալ Մարախովսկու հոդվածին։ Ամենատարբեր տեղեկության անվերջանալի հոսքում գտնվելով, ասում է նա, մարդն իր համար ինքնատիպ ֆիլտրեր է «աճեցնում», որոնք թույլ են տալիս ներս թողել միայն այն տեղեկությունը, որը նա  համարում է անհրաժեշտ և օգտակար։ Սա, հավանաբար, փրկում է խելագարվելուց, սակայն անխուսափելիորեն անհատի մոտ աշխարհի աղավաղված պատկեր է ստացվում, ճկված սեփական պատկերացումների կողմ, որտեղ նա իրեն առավելագույնս հարմարավետ է զգում։

Այսպիսով` ամբողջ զտված ու մաղված տեղեկությունը «լինում է միակողմանի, ծառայում պատրանքների ամրապնդմանն ու դրանց վրա հենվելուն։ Իսկ շատերի համար ընդունելի պատրանքը ծայրահեղ պահի կարող է կոլեկտիվ զառանցանքի վերածվել, և այդժամ հասարակությանը նախանձել չի լինի»։ Սա Մարախովսկու տեսությունն է, իսկ մենք վերապրեցինք այն գործնականում բոլորովին վերջերս։

Այնպես որ մարդը բղավելու և բողոքելու ազատություն, օրինակ, Հայաստանում ավելի շատ ունի, քան որևէ մեկի կողմից իդեալականացվող Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այս հարցում մենք այդ ժողովրդավար երկրներից հարյուր միավոր առաջ ենք։

Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այն, ինչ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ «հասարակ մարդկանց»։ Ցույցը դաժանորեն ցրելը, գուցե նաև զոհերով, նորմալ է արևմտյան երկրների համար, որևէ մեկը երբեք նրանց դրա համար չի մեղադրի։ Միայն փորձիր այնտեղ փակել Հիթրոու օդանավակայան տանող ճանապարհը։ Իսկ նման ցույցը մեզ մոտ ցրելու դեպքում, անմիջապես նույն Արևմուտքից կժամանեն արտիստներ և ռոքերներ, մարդու իրավունքների պաշտպաններ, միջազգային կազմակերպություններ, իսկ համապատասխան ԶԼՄ–ները մեծ աղմուկ կբարձրացնեն։

Եվ դա նորմալ է, քանի որ արդեն վաղուց է նորմալ դարձել կրկնակի կամ եռակի ստանդարտների կիրառումը և՛ միջպետական, և՛ միջանձնային հարաբերություններում։

274
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան
Ըստ թեմայի
Էջմիածնի բնակիչները ցույց են կազմակերպել. սպառնում են փակել նաև «Զվարթնոցի» ճանապարհը
Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը. փաստաբանի պարզաբանումը
Ցուցարարները բացեցին Երևան–Էջմիածին ճանապարհը
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

363
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

363
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

75
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

75
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Пресс-секретарь МИД Армении Анна Нагдалян

Ալիևի ասած` «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցքը մտացածին է. ՀՀ ԱԳՆ

0
Նաղդալյանի խոսքով` նման հռետորաբանությունը անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը և սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։ 

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը: 

Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը: 

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:

Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են: 

 

0
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Եռակողմ հայտարարություն, Հայաստան, Զանգեզուր, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ