«Սպիտակ» ֆիլմը նկարելուց առաջ ռեժիսոր Ալեքսանդր Կոտը պատրաստվել է էկրանավորել «Թռչող Մոնախովին»։ Այդ կապակցությամբ նա գնացել է վեպի հեղինակի՝ Անդրեյ Բիտովի մոտ։
Հենց Կոտի խոսքերը․
- Իսկ ինչո՞ւ «Մոնախովը», - հանկարծ հարցրեց Բիտովը։
- Չգիտեմ։ Դուրս եկել է, - պատասխանեցի ես։
- Պրոդյուսերներն են ուղարկե՞լ։
- Ոչ, ինձ իսկապես դուր է եկել։
Լռեց։ Հարցրեց․
- Կարդացե՞լ ես «Հայաստանը»։
- Այո, - ստեցի ես։
«Պուշկինյան տնից» և «Մոնախովից» բացի, ուրիշ բան չէի կարդացել։
- Հայաստանը կինո է։
Ինչպե՞ս է ստեղծվել «Հայաստանի դասերը»։ Երիտասարդ Բիտովը երազել է լինել Ճապոնիայում, սակայն նրան թույլ չեն տվել, և նա սրտնեղությունից Երևանի տոմս է գնել և եկել Կինեմատոգրաֆիայի բարձրագույն պետական ինստիտուտի (ВГИК)
սցենարային կուրսերի ընկեր Հրանտ Մաթևոսյանի մոտ։ Եվ իր համար բացահայտել է Հայաստանը։ Որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի մարդը գրի այն մասին, թե ինչն է իրեն ապշեցրել։ Բիտովը «Հայաստանի դասերը» գրել է յոթ օրում։
1969թ-ն է եղել, «Ժողովուրդների բարեկամություն» ամսագիրը (ի դեպ, Հրանտ Մաթևոսյանին Հայաստանի և աշխարհի համար բացահայտել է հենց այդ ամսագիրը) հրապարակել է ձեռագիր տարբերակը, իսկ հետո «Դասերը» հրատարակվել են առանձին հատորով, այնուհետև լույս է տեսել երկրորդ գիրքը, տասներորդը, քսանհինգերորդը․․․
Դրանից հետո գրեթե կես դար է անցել, և ի՞նչ ենք մենք անում, երբ ուզում ենք, որպեսզի մեզ սիրեն։ Առաջարկում ենք կարդալ ռուս գրողի «Հայաստանի դասերը»։
Ինչո՞ւ է Բիտովի մոտ ստացվել։ Ենթադրում եմ, որ Հայաստանը ոչ միայն զարմացրել է, ոչ միայն դուր է եկել, այլև այրել է նրան՝ իր ցնցող գույներով և վառ մարդկանցով, շփման ջերմությամբ և սրտաբացությամբ, այն ամենի անկրկնելի համով, ինչ դրված է սեղանին։ Եվ այդ ամենը Հայաստանն է։ Ավելի ճիշտ` նրա մի մասը։
«Հայկական եկեղեցիների պատկերները աչքիս առաջ են, դրանք ապրում են իմ հիշողության մեջ, իմ հոգում։ Այդ պատկերները տեսնելու համար կարիք չկա գրադարակից հանել հին լուսանկարչական ալբոմները կամ տեսամագնիտոֆոնի մեջ դնել փոշոտ տեսաժապավենը։ Ես համեմատում եմ իմ ստեղծագործությունները հայկական և ռուսական եկեղեցիների պատկերների հետ», - խոստովանում է հենց Բիտովը։
Երբ նա նոր պատմվածք կամ նոր վիպակ է հորինել, հիշել է հայկական և ռուսական եկեղեցական ճարտարապետությունը Մոսկվայում և Երևանում, Պետերբուրգում և Աշտարակում, Վլադիմիրում և Արմավիրում, Սուզդալում և Դվինում, Պսկովում և Գյումրիում։ Իսկ հետո հարցրել է իրեն, թե իր ստեղծագործության մեջ հասե՞լ է նույն ներդաշնակությանը, որը կա եկեղեցում։
«Հայաստանը կա իմ յուրաքանչյուր ստեղծագործությունում, ոչ միայն «Հայաստանի դասերը» գրքում», - նշել է գրողը։
Բոլոր նրանց, ովքեր Հայաստան են գալիս առաջին անգամ, Բիտովը խորհուրդ է տալիս չմոռանալ՝ երկիրն աշխարհին այնքան հայտնի մարդկանց է նվիրել, որ ոչ մի երկիր այդ ցուցանիշով չի համեմատվի նրա հետ։ Հայերն իրենց արմատներն են գտնում գրեթե բոլոր մեծերի մոտ, տաքացած պահին կարող են նույնիսկ հայտարարել, որ Հիսուս Քրիստոսն էլ է այստեղ ծնվել, կատակում է հեղինակը։
«Որպես ապացույց՝ ձեզ անպայման կասեն՝ իզուր չէ, որ Նոյի տապանը կանգնել է հենց Արարատի վրա և ստորոտին տնկել խաղողի առաջին որթը։ Հենց այդ պատճառով հայերի հետ ուրիշների գինու կամ, աստված մի արասցե, կոնյակի գերազանցության մասին վիճելն ուղղակի անիմաստ է», - նշում է նա։
Չի կարելի ասել, որ Բիտովն առաջին ոչ հայն է, որ սեր է խոստովանել Հայաստանին։ Իսկ Մանդելշտա՞մը, Գորոդեցկի՞ն, Իլյա Էրենբուրգը՞։ Բայց չգիտես ինչու Բիտովն առաջինն է անցնում մտքովդ։ Ինչո՞ւ։ Չգիտեմ։
Այնպես է ստացվել, որ Հայաստանից հետո գրողը եղել է Վրաստանում և, իհարկե, գիրք է գրել։ Բայց ցանկացած հայ ընթերցող կապացուցի, որ Հայաստանի մասին գիրքն ավելի լավն է։ Իսկ հարևանները կպնդեն հակառակը և կրկին կապացուցեն դա։ Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք։ Երևանի «Արարատի» և Թբիլիսիի «Դինամոյի» սինդրոմ, և ուրիշ ոչինչ։
«Ես մինչև հիմա ամաչում եմ, որ կոտորածի մասին լսել եմ 30 տարեկանում։ Հայաստանում սերունդների միջև կա ամուր կապ, ուժեղ են ազգակցական կապերը։ Հայերը սիրում և գնահատում են իրենց երկիրը, իրենց լեզուն, միաժամանակ բաց են աշխարհի համար», - ասել է Բիտովը։
P.S. Վերջին շրջանում մեզ մոտ տեղի և անտեղի խոսում են «նոր Հայաստանի» մասին։ Որտեղի՞ց կարող էր առաջանալ և աշխարհին ներկայանալ նոր Հայաստանը, եթե չաճեր իր պատմության խորքերից։ Էլ չխոսենք այն ժամանակների մասին, որոնց մասին պատմել է Բիտովը։ Բայց նույնիսկ նրա գրքում ներկայացվածը մեր ժողովրդի ու պատմության երկար պատմության միկրոսկոպիկ կտորն է։ Դեպի ապագա գնալու համար չի կարելի խզել սերունդների կապը, այլ, ինչպես ասել է իմաստուն Բիտովը, պետք է սիրել, գնահատել անցյալը և բաց լինել ամբողջ աշխարհի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, ասել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:
«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,–ասել են Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն խոսքին, թե լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը`Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:
«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները»,–ասել է Նաղդալյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում:
Նա նշել է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են:



