Մեծ Հայրենական

Մաթևոսյանի սխրանքներն ու փորձությունները. ինչպես Ղարաբաղ գյուղի մարտիկին ողջ-ողջ թաղեցին

141
(Թարմացված է 16:37 09.01.2019)
Սերգեյ Բաբլումյան
Խիզախ մարտիկ Սամվել Մաթևոսյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին հրաշքներ է գործել։ Բազմաթիվ անգամ վիրավորվել է, բայց նորից ռազմաճակատ է վերադարձել ու հասել Բեռլին։ Նա ստիպված է եղել փորձությունների միջով անցնել նաև խաղաղ տարիներին։ Հայ մարտիկի զարմանալի ճակատագրի մասին պատմում է սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Խորհրդային տարիներն էին, յոթանասուննականները։ Կոռուպցիայի դեմ պայքարի ամենաթեժ պահը։ Ի՞նչ եղավ, երբ այդ պայքարին մասնակցեց ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամներից մեկը։ Ամոթալի ու տհաճ պատմություն դուրս եկավ։

ԽՄԿԿ ԿԿ կուսակցական հսկողության կոմիտեն ահազանգ ստացավ, որն այնքան կարևոր թվաց, որ քաղբյուրոյի անդամ ընկեր Պելշե Արվիդ Յանովիչը թողեց բոլոր գործերը և եկավ Երևան, որպեսզի անձամբ գործարկի ստուգման մեխանիզմը։

Անցնենք բուն թեմային։ Զոդում գտնվող ոսկու հանքավայրի մշակման տրեստի կառավարիչ Սամվել Մաթևոսյանը որոշել էր իր համար ամառանոց կառուցել։ Տարածք էր ստացել, շինանյութեր էր գնել, բայց ոչ թե խանութից, այլ տրեստին ենթակա պահեստից, այն էլ` մեծածախ գնով։ Ամբողջ արժեքը կազմել էր 641 ռուբլի 19 կոպեկ (միջին կարգի երկու վերարկուի գին), կառուցել էր ամառանոցն ու իր համար ապրում էր։ Եվ ահա այդ պահին անանուն նամակի հետքերով եկավ մոսկովյան հանձնաժողովը։ Սկսեցին հանգամանորեն, մանրակրկիտ ստուգել։

Ի՞նչ արդյունք ունեցավ ստուգումը։ Տրեստի կառավարչին ազատեցին աշխատանքից ու կես տարի տվեցին (պայմանական)։ Ամառանոցն առգրավեցին, 1975 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրահանգով զրկեցին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումից և դրանով սահմանափակվեցին։

Իսկ դրանից ոչ շատ առաջ երկրի բարձրագույն ատյաններում քննարկվում էր մեղավորին Խորհրդային Միության հերոսի կոչում տալու հարցը։ Այդ ինչպե՞ս։

Ահա թե ինչպես։ Պատերազմի առաջին օրերին քաղղեկի տեղակալ ու բաժնի հրամանատար Սամվել Մաթևոսյանը գլխավորել էր Մեծ հայրենականի առաջին հակագրոհը։ Հանկարծակիի եկած խորհրդային բանակը նահանջում էր, լավագույն դեպքում պաշտպանվում էր, ինչպես կարող էր, իսկ Բրեստի լեգենդար ամրոցում ավագ Մաթևոսյանը մարտիկներին հակագրոհի տարավ ու ոչնչացրեց ամրոցի կենտրոն ներխուժած զինյալներին։ Դա բարձրացրեց կայազորի մարտական ոգին։

Մարտերի երրորդ օրը Մաթևոսյանը ծանր վնասվածք ստացավ, նրան նկուղ տեղափոխեցին, ու նույն տարվա հուլիսի հինգին գերմանացիները նրան մյուսների հետ գերի վերցրին։ Այդ ժամանակ արդեն Սմոլենսկի մոտ էին մարտեր ծավալվել, իսկ ամրոցը դեռ պաշտպանվում էր։

Իսկ Մաթևոսյա՞նը։ Մաթևոսյանը փախավ ճամբարից, միացավ պարտիզաններին։ Հետո նորից վիրավորվեց մարտում։ Ջոկատում բուժվելու հարցը լուրջ էր, ու Սամվելին թողեցին գյուղացիներից մեկի ընտանիքում, որպեսզի ապաքինվի։ Դավաճաններն այդ մասին հայտնեցին պոլիցայներին, և Մաթևոսյանը ստիպված նորից փախավ։ Լուցկում հաջողվեց կապվել ընդհատակյա գործիչների հետ, իսկ 1944 թվականին քաղաքն ազատագրվեց։

Մաթևոսյանին երկրորդ անգամ բանակ կանչեցին, սպայական դասընթացների ուղարկեցին, որից հետո նորաթուխ լեյտենանտին տեղափոխեցին գրոհային վաշտ։ Նորից մասնակցեց մարտերին, ևս երեք անգամ վիրավորվեց, բայց հասավ Բեռլին։ Իսկ Ռեյխստագի պատին ինքնագիր թողեց. «Ես Բրեստից եմ։ Սամվել Մաթևոսյան»։

Մաթևոսյանը ծնվել է Կարսի մարզի Ղարաբաղ գյուղում։ Փրկվելով ցեղասպանությունից`ընտանիքը կարողացել է Վորոնեժ հասնել։ 1935 թվականին Սամվելը գերազանց ավարտել է Մոսկվայի Գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը, աշխատել է Կարագանդայում, հետո Կաֆանայում։

Հիմա վերադառնանք հետպատերազմական տարիների չարչարանքներին։ Առաջնորդը նենգ հրահանգ էր տվել զգուշությամբ վերաբերվել գերության մեջ եղած զինվորականներին։ Մաթևոսյանին աշխատանքի չէին վերցնում, բայց նա տեղավորվեց։ Եվ ոչ թե խաղաղ վայրում, այլ երկրահետախուզական արշավախմբում։

Գրող Սերգեյ Սմիրնովը սկսել էր ուսումնասիրել Բրեստի ամրոցի ֆենոմենը; Գտել էր Մաթևոսյանին, ծանոթացել ու ընկերացել նրա հետ, հետո գրել էր հայտնի «Բրեստի ամրոցը»։ Դրա համար Լենինի մրցանակ ու նույնանուն շքանշան ստացավ։

Իսկ Մաթևոսյա՞նը։ Նրա վիճակը վատ էր, շատ վատ։ 1971 թվականին լույս տեսավ Խորհրդային մեծ հանրագիտարանի հերթական հատորը։ «Բ» տառով հոդվածների շարքում գրվեց նաև Բրեստի ամրոցի մասին. «Խորհրդային ժողովուրդը հարգում է Բրեստի ամրոցի պաշտպանների հիշատակը»։ Հետո մահացածների անուններն էին, այդ թվում` Մաթևոսյանի։

Իսկ այդ հանրագիտարանը լուրջ գիրք է, եթե գրված է` մահացել է, ուրեմն մահացել է։

Իսկ ո՞վ է «մեր» Սամվել Մաթևոսյանը։ Ստացվում է` ինքնակոչիկ։ Կուսակցությունից հանեցին, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումից զրկեցին։ Պարոն Պելշեն կարող էր հանգիստ քնել։

Սակայն գրող Սմիրնովը չէր հուսահատվում. շարունակում էր մինչև վերջ պայքարել մարտիկի անվան համար։ 1987 թվականին հանցակազմի բացակայության պատճառով Մաթևոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, 1990 թվականին նրան նորից կուսակցական դարձրին։

...ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Մաթևոսյանը Ռուսաստան տեղափոխվեց։ 1996 թվականին Ռուսաստանի նախագահի հրահանգով նրան վերադարձրին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը։ Մաթևոսյանն արդեն ութսունչորս տարեկան էր։

Ապրեց մինչև 90 տարեկան, նրան թաղեցին Մոսկվայի Հայկական գերեզմանատանը։

Հ.Գ. Երևանյան մեր հանդիպումներից մեկի ժամանակ ասացի, որ հայրենիքի հանդեպ սերը պետք է փոխադարձ լինի, Մաթևոսյանը պատասխանեց. «Հայրենիքը երբեք մի շփոթի ղեկավարների հետ։ Ղեկավարները միշտ շատ են, հաճախ` տարբեր, իսկ հայրենիքը մեկն է»։

Հենց դրա համար էլ խմեցինք։ Կոնյակն էլ «Արմենիա» էր կոչվում։

141