Շիրակամուտ

Էպիկենտրոնը` Շիրակամուտ. այստեղ հիշում են մահացող երեխաների հառաչը և օտարների բարի գործը

234
(Թարմացված է 12:19 07.12.2018)
Նանա Մարտիրոսյան
30 տարի անց էլ Շիրակամուտի բնակիչները հիշում են 1988 թվականի «սառույցն ու կրակը»։ Երկրաշարժից հետո ամեն ինչ ավերվել էր։ Գյուղը զրոյից կրկին կառուցվեց։ Սակայն այսօր էլ կյանքը բաժանվում է «մինչևի» և «հետոյի»։

Վառվող տներ և ճաքող հող։ Սա առաջինն է, ինչ հիշում են Շիրակամուտ (նախկինում` Նալբանդ) գյուղի բնակիչները։ Հենց այս գյուղն էր 1988 թվականին դարձել երկրաշարժի էպիկենտրոնը։ Հենց այս գյուղում 30 տարի առաջ կյանքը բաժանվեց «մինչևի» և «հետոյի»։ Մահաբեր ալիքը տարածվեց և վայրկյանների ընթացքում տները, դպրոցները, կարի արտադրամասն ու գյուղի մյուս շենքերը ավերակների վերածվեցին։ Փլատակների տակ ավելի քան 300 մարդ  էր մնացել, նրանցից մոտ 100-ը երեխաներ էին։

Село Ширакамут, Лорийская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Շիրակամուտի դպրոցը

Դեկտեմբերի 7-ն էր. ֆիզկուլտուրայի դասը նոր էր սկսվել։ Ուսուցիչ Հենրիկ Մարգարյանն ուժեղ ցնցում զգաց և տեսավ, թե ինչպես պատերով ալիք անցավ։ Այնուհետև ամեն ինչ փոշով պատվեց ու մթնեց։ Նա սկսեց երեխաներին իր մոտ`անկյուն կանչել, որտեղ առավել անվտանգ էր։ Աշակերտները կողմնորոշվում էին ձայնով։ Ուսուցիչը փորձում էր ավելի բարձր բղավել։ Բոլորը` երկուսից բացի, գտան փրկության ճանապարհը։ Երբ փոշին նստեց և ցնցումները դադարեցին, ուսուցիչը փորձեց դուրս գալ և դուրս բերել նաև աշակերտներին։ Շատ ցուրտ էր։

Учитель школы Ширакамута Генрик Маркарян
© Sputnik / Aram Nersesyan ,
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հենրիկ Մարգարյանը

«Երբ դուրս եկանք քար լռություն էր տիրում։ Լսում էի երեխաների հառաչը։ Դադարներով օգնության խռպոտ ճիչեր էին հնչում։ Գյուղի տղամարդկանցով մենք այդ կողմ էինք վազում ու հանում երեխաներին։ Առաջին դիերը սարսափեցնում էին, հետզհետե ընտելացանք։ Գրեթե չէինք հասկանում, թե ինչ ենք անում։ Խելագարված փորում էինք և փորձում երեխաներին հանել փլատակների միջից, թեև հասկանում էինք, որ շանսերը քիչ են», – պատմում է ուսուցիչ Մարգարյանը։

Ժամը 11:41–ին 10-րդ դասարանի աշակերտները դասղեկ Անահիտ Երանոսյանի հետ դպրոցի երրորդ հարկում էին։ Նրանք դղրդյուն լսեցին։ Ոչ ոք չհասցրեց նկատել, թե ինչպես ամեն ինչ փլվեց, և նրանք փլատակների ու փոշու ծանր շերտի տակ հայտնվեցին։ 29-ամյա ուսուցչուհին լսում էր իր աշակերտների` օգնություն կանչող լացն ու ճիչերը։ Նա խնդրում էր երեխաներին չհանձնվել և օգնության սպասել։ Մի քանի ժամ աշակերտներն ու նրանց ուսուցչուհին պայքարում էին։

Учительница школы Ширакамута Анаит Ераносян
© Sputnik / Aram Nersesyan ,
Շիրակամուտի դպրոցի ուսուցչուհի Անահիտ Երանոսյանը

«Ինձ վրա սալաքար ընկավ։ Ես երեխաներին չէի տեսնում, միայն լսում էի նրանց ձայները։ Սակայն ձայներն աստիճանաբար լռեցին, և ես կորցրեցի գիտակցությունս կամ պարզապես շոկի ենթարկվեցի։ Մի քանի ամիս շարունակ անդադար լսում էի երեխաների օգնության աղերսները։ Նույնիսկ այսօր եմ երբեմն լսում», – արցունքները մաքրելով` պատմում է նա։

10-րդ դասարանցիներից միայն մի քանիսը փրկվեցին։ Ուսուցչուհին լուրջ վնասվածքներ ստացավ։ Առաջինը ինչ նա տեսավ, նրան փլատակների միջից դուրս բերած եղբոր` Աշոտի, դեմքն էր։ Այսօր Աշոտը զբաղեցնում է Շիրակամուտի գյուղապետի պաշտոնը։ Երկրաշարժի օրը նա Սպիտակի լեռներում էր և փորձում էր օգնել փախստականներին, որոնք Ադրբեջանից Հայաստան էին եկել։ Ցնցումներ չի զգացել, իսկ ավերված քաղաքի տեսարանը ստիպել էր մտածել, թե թշնամու հարձակում է եղել։ Ավելի ուշ իմացավ տեղի ունեցածի մասին և անմիջապես շտապեց գյուղ` ընտանիքի մոտ։ Ճանապարհն ամբողջությամբ ավերաված էր, երկաթգծի ռելսերը տեղաշարժվել էին և փակել Գյումրի–Վանաձոր ճանապարհը, իսկ գյուղը ծխի և փոշու մեջ էր։

Село Ширакамут, Лорийская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Շիրակամուտն այսօր

«Ալիքը մորս տնից փողոց էր շպրտել, քույրս և հայրս փլատակների տակ էին։ Բոլորը` մի մարդու նման, մաքրում էին ավերակներն ու փորձում տակից մարդկանց դուրս բերել, սակայն նրանք այնքան շատ էին... Մենք մի ձնակույտից մյուսն էինք վազում։ Փլատակների տակից հանում էինք երեխաներին, մեծահասակներին, վիրավորներին, դիակներին. թողնում էինք այդ դաժան գործը, եթե հարազատներ էին դուրս գալիս։ Տները, դպրոցները, գործարանը` ամեն ինչ ավերվել էր, ամենուր մարդկանց անշունչ մարմիններն էին», – հիշում է Երանոսյանը։

Глава сельской администрации Ширакамута Ашот Ераносян
© Sputnik / Aram Nersesyan ,
Շիրակամուտի գյուղապետ Աշոտ Երանոսյանը

Կարի գործարանում ավելի քան 60 աշխատակցուհի թաշկինակ էր կարում։ Եվս մի քանի տասնյակ մարդ տարբեր գործերով էին զբաղված։ Նրանց թվում էր նաև 24-ամյա Լալան։ Նա փաթեթավորող էր։ Առավոտյան սկեսուրը խնդրել էր աշխատանքի չգնալ։ Ասել էր, որ վատ երազ է տեսել, սակայն հարսը չլսեց։ Միայն ծիծաղով ասել էր. «Երկու երեխաներիս տեր կկանգնես, եթե իմ հետ որևէ բան պատահի»։

Село Ширакамут, Лорийская область
© Sputnik / Aram Nersesyan ,
Շիրակամուտն այսօր

«Նրան միայն հաջորդ օրը գտան։ Մի քանի աղջիկների հետ նկուղն էր ընկել և մահացել փլատակների տակ։ Մենք ամուսնուս` Վասիլի հետ քանդում էինք մինչև վերջ, մաքրում փոշու կույտերն ու շինանյութերը` հուսալով փրկել նրան, բայց ապարդյուն։ Հետո «դրանք» բերեցին, և մենք նրան թաղեցինք», – պատմում է աղջկա մայրը` Ռիմա Հարությունյանը, այդպես էլ չարտաբերելով «դագաղ» բառը։

Жительница села школы Ширакамута Рима Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan ,
Ռիմա Հարությունյանը

Այսօր գյուղում շարունակում է աշխատել կարի արտադրամասը։ Բոլոր այցելուներին ցույց են տալիս ալբոմը, որտեղ զետեղված են մահացած աշխատակցուհիների լուսանկարները։ Դպրոցի բակում երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան կա կանգնեցված։ Սակայն առանց այդ հիշեցումների էլ, գյուղի բնակիչները չեն կարողանում մոռանալ տեղի ունեցածը։ Չկա մի ընտանիք, որին չառնչվի ողբերգությունը։ Ցավից բացի Շիրակամուտի բնակիչները լավ են հիշում այն բարի գործը, որ արվել է։ Նրանցից յուրաքանչյուրը պատմում է` ինչպես էին մոտակա մարզերի բնակիչները փորձում իրենց օգնել մթերքով և տաք հագուստով, ինչպես էին վրացիներն ընդամենը մի քանի ժամ անց վիրավորներին հիվանդանոցներ հասցնում, իսկ ռուսաստանցիները օգնում վերակառուցել ավերված տները։ Այստեղ բոլորը հիշում են, հիշում ու աղոթում, որ նման բան էլ երբեք չկրկնվի։

  • Շիրակամուտի կարի ֆաբրիկայի աշխատակիցները
    Շիրակամուտի կարի ֆաբրիկայի աշխատակիցները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Շիրակամուտի կարի ֆաբրիկան
    Շիրակամուտի կարի ֆաբրիկան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Շիրակամուտն այսօր
    Շիրակամուտն այսօր
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Շիրակամուտի հուշակոթողը
    Շիրակամուտի հուշակոթողը
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Շիրակամուտի կարի ֆաբրիկայի աշխատակիցները
    Շիրակամուտի կարի ֆաբրիկայի աշխատակիցները
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 5
© Sputnik / Aram Nersesyan ,
Շիրակամուտի կարի ֆաբրիկայի աշխատակիցները
234
թեմա:
Սպիտակի երկրաշարժ. 1988թ. (39)
Ըստ թեմայի
Ի՞նչն էր Սպիտակի երկրաշարժի զոհերի ու վիրավորների մեծ թվի պատճառը. փրկարարի հուշերը
«Մինչև հիմա վնասվածքից ուշքի չեմ եկել». Պետդումայի պատգամավորը` Սպիտակի երկրաշարժի մասին
Զոհեր, ավերածություններ, կորուստներ. Սպիտակի երկրաշարժի մասշտաբները