ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ժամանակ

Հարմար «կաշառակերը» և սև PR–ը. Արամ Հարությունյանի հետ սկանդալում մի «բայց» կա

460
Ռուբեն Գյուլմիսարյան
Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, պատգամավոր Արամ Հարությունյանին կասկածում են 14 միլիոն դոլարի չափով կաշառք վերցնելու մեջ։ Մեղադրանքն ավելի քան լուրջ է, և դրա համար պատասխանատվությունը պետք է առավելագույն լինի։ Սակայն...

Հայաստանի խորհրդարանում հետաձգել են հանրապետական Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քննարկումը. նրան մեղադրում են կաշառակերության և փող լվանալու մեջ։ ԶԼՄ–ների հաղորդագրությունների համաձայն, նա մեղադրվում է խելահեղ չափերի հասնող կաշառք ստանալու մեջ, խոսքը 14 միլիոն դոլարի մասին է։

Չենք մտնի քննչական մարմինների գործերի մեջ, առավել ևս, որ ո՛չ կողմ, ո՛չ դեմ ապացույցներ չկան։ Սակայն պետք է ընդունել, որ նման մեղադրանքն ավելի քան լուրջ է, այն ենթադրում է պարտադիր պատասխանատվություն, եթե այն հաստատվի։

Գլխավոր դատախազությունը խնդրում է Ազգային ժողովին ապահովել Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջամտության քննարկումը և զերծ մնալ քննչական մարմինների վրա քաղաքական ճնշումից։ Նշվում է, որ քննիչները չեն կարող կապվել Հարությունյանի հետ և, համապատասխանաբար, կասկածում են նրան քննությունից թաքնվելու փորձի մեջ։

Մի խոսքով` սյուժեն շատ խրթին է։ Եվ, իհարկե, նման հանցագործության մեջ կասկածվող մարդը պետք է պատասխան տա օրենքի ամբողջ խստությամբ։ Բայց ամեն դեպքում  այստեղ մի «բայց» է նշմարվում։ Խորհրդարանը քվորում չի հավաքում, որպեսզի զրկի Հարությունյանին այդ անձեռնմխելիությունից։

«Ելք» խորհրդարանական խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը գործընկերների գործողությունները սաբոտաժ է համարում։ Նրա խոսքով` ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները դիտավորյալ չեն գնացել նիստի, որպեսզի «չքաշեն» համախոհին։ Անդրադառնալով նախկին նախարարի «արկածների» մասին ԱԱԾ բացահայտումներին` Սիմոնյանը նշել է, որ գումարը ահռելի է։

«Չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը, բայց ես վստահ չեմ, որ 14 միլիոն դոլարը մի գրպան է մտել», – ասել է նա։

Մի կողմից, ամեն ինչ պարզ է. մարդուն կասկածում են լուրջ հանցագործության մեջ, և ոչինչ չպետք է խանգարի օբյեկտիվ հետաքննությանը։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հիմա,  նախընտրական քարոզարշավի թեժ շրջանում, ցանկացած փաստարկ պահանջված է։ Ուստի բոլորովին չի զարմացնում հիմա` դրա համար ամենահարմար պահին, նման վարկաբեկող հայտարարության ի հայտ գալը։

Լիովին համաձայն եմ պարող Սիմոնյանի հետ` կրկնելով արդարացի խոսքերն այն մասին, որ ոչ մի դեպքում չի կարելի խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը, բայց ուշադրություն դարձնենք այդ տեղեկության հայտնվելու ժամանակին։

Նախընտրական շրջանը շատ հարմար է  նման տեղեկություն հրապարակելու համար։ Եվ իսկույն հարց է ծագում այդ թեման հրապարակ գալու ժամանակի ընտրության մասին. իբր տեսեք` «նախկիններն» ինչ վատն են։

Կարծես մենք չգիտենք, թե նրանք որքան վատն էին։ Ցանկացած մարդու հարցրեք, այնքան բան պատմի, որ չես էլ հավատա. բայց այսպիսի հանգամանքներում նման թեմայի ի հայտ գալը կարող է միայն մի բանով բացատրվել` սեփական հաղթանակի առիթով ակնհայտ հաղթողների անհանգստությամբ։

Եվս մի գիծ «նախկինների»` առանց այն էլ անպիտան կերպարի մեջ, ևս մեկ սև էջ նրանց պատմությունից։ Հիանալի է, հանցագործը (եթե նա այդպիսին ճանաչվի) պետք է պատիժ կրի, բայց նույնը կարելի էր անել ընտրություններից առաջ և հետո։

Այդպես էլ կստացվի. ամեն ինչ կորոշվի խորհրդարանի նոր կազմի օրոք, որքան էլ փորձեն հարցը լուծել մինչև ընտրությունները։ Իսկ դրանցից հետո արդեն կարևոր չէ, թե ինչ կլինի, չէ որ նպատակին արդեն հասած կլինեն։ Հերթական «սև փիառը» երկրի զարգացմանն ուղղված կառուցողական, ծրագրային առաջարկների փոխարեն։

Հիմա այդպիսին են ընտրությունները և այդպիսին է մեզ մոտ նախընտրական քարոզարշավը։

460
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ է կաշառքի գործում ներգրավված պատգամավորը. ԱԱԾ պետը խոստանում է հայտնել նրա անունը
Արամ Հարությունյանի շուրջ օղակը սեղմվում է. «Ժողովուրդ»
Պաշտոնյաներին կաշառքի մեջ մեղադրող Սիլվա Համբարձումյանը կկանչվի՞ դատարան