Արմեն Մխոյան. աճպարար

Ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն. հայ աճպարարը ավտոբուսը վերածում է համերգասրահի

379
(Թարմացված է 23:27 02.12.2018)
Ինքնուս աճպարար Արմեն Մխոյանը սիրում է ուրախություն նվիրել մարդկանց և շատ հաճախ զարմացնում է իր «հրաշագործությամբ»։ Նա նկարում է, երաժշտական գործիքներ նվագում և երեխաներին ռոբոտաշինություն սովորեցնում։

Նույնիսկ մի հեռուստահաղորդումը կարող է փոխել մարդու կյանքը։ Դա տեղի է ունեցել աճպարար Արմեն Մխոյանի հետ։

Պատմությունը սկսվեց 18 տարի առաջ։ Աճպարարներին դիմակազերծելու մասին հեռուստաշոու դիտելուց հետո նա հասկացավ, որ ցանկանում է զբաղվել հրաշագործությամբ և իսկույն սկսեց իրագործել իր երազանքը։ 10 տարեկան հասակում նա տեսաձայնագրել էր ծրագրի բոլոր թողարկումները և ժամերով դիտել դրանք՝ փորձելով հասկանալ աճպարարների գաղտնիքները, իսկ դրանից հետո երկար ժամանակ մարզվել հայելու առաջ՝ հղկելով վարպետությունը։ Հիմա նա ինքն է ֆոկուսներ հորինում, երբեմն նույնիսկ սովորեցնում գործընկերներին։

Թեև ասում են, որ ֆոկուսները պահանջում են ձեռքերի հմտություն և ոչ ավելին, սակայն մեր հրաշագործի յուրաքանչյուր համարը լի է բարությամբ և մարդկանց ուրախություն պարգևելու ձգտումով։ Նրան ամենից շատ ոգեշնչում են երեխաների ժպիտները։ Նա կարող է ժամերով զվարճացնել երեխաներին։ Նույնիսկ ամենագեղեցիկ մուսան մղվում է երկրորդ պլան, եթե լալիս է երեխան։

Երբեմն, Արմենը Երևան-Աբովյան ավտոբուսը վերածում է համերգասրահի։ Նա ներկայացում է կազմակերպում, որպեսզի ուրախացնի տխուր կամ լացող երեխայի։ Եթե նման երեխա տեսնի ուղևորների շարքում, ապա անպայման ֆոկուս ցույց կտա հայտնվող մետաղադրամով կամ անհետացող մատանիով։ Փոքրիկները  զարմանքից իսկույն դադարում են լացը։

Որպես կանոն՝ մեծահասակաները նույնպես անտարբեր չեն մնում, խնդրում են ինչ-որ զվարճալի հնարք ցույց տալ։ Այսպես` կատակներով ավտոբուսը հասնում է կանգառ։ Հետո այդ պատահական ուղեկիցները ճանաչում են նրան փողոցում և լայն ժպտում։

«Մարդիկ տարբեր արձագանք են ունենում։ Ոմանք փորձում են հասկանալ, թե ինչպես եմ ես դա անում, մյուսները խաբեբա են անվանում, իսկ ոմանք ուղղակի վայելում են և հավատում հրաշքների։

Фокусник Армен Мхоян
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Մխոյանը՝ հերթական հնարքը նախապատրաստելիս

Վերջինների շարքում հիմնականում երեխաներ են։ Դա այնքան զվարճալի է, երբ նրանք փայլող աչքերով պտտվում են շուրջս, զարմացած ճչում և հավատում, որ ես հրաշագործ եմ», - պատմում է Արմենը։

Թեև «հրաշագործությունը» լավ է վարձատրվում, բայց դրա պահանջարկը մեծ չէ։ Արմենը վստահ է, որ ժամանակի հետ ամեն ինչ կփոխվի, և «կախարդանքը» կդառնա ոչ միայն զբաղմունք, այլ նաև եկամտի հիմնական աղբյուր։ Առայժմ նա գոհանում է նրանով, ինչ կա և, երբեմն, շահում է աղջիկների համակրանքը իր հնարքների օգնությամբ։ Նախկինում նա հաճախ է դիմել «կախարդանքին», հիմա հրաժարվել է աղջիկների ուշադրությունը գրավելու այդ մեթոդից։ Ասում է՝  մեծացել է։

Արմենին ճանաչում են ոչ միայն նրա ֆոկուսների շնորհիվ։ Նա հայտնի է նաև որպես նվագախումբ-մարդ, որը նվագում է դաշնամուր, փողային գործիքներ, ակորդեոն և կիթառ։ Ի դեպ, հորինել է երաժշտական գործիքներ նվագել արագ սովորելու մեթոդիկա, որը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը։

Բացի այդ, Արմենը նկարում է, նախընտրում է մատիտ, բայց օգտվում է նաև ավազից և ներկերից։ Նա զբաղվում է նաև ռոբոտաշինությամբ և սովորեցնում նաև երեխաներին։ Վերջերս առաջարկ է ստացել խուլ երեխաներին ինֆորմատիկա սովորեցնել և մեծ հաճույքով ընդունել է այն։

Մի քանի տարի առաջ նա սովորել է ժեստերի լեզուն, այդ ժամանակ դեռ չի իմացել՝ պետք կգա արդյո՞ք այդ կարողությունը։ Հիմա հասկանում է, որ  ժամանակն իզուր չի ծախսել և կարող է օգնել լսողական խնդիրներ ունեցող երեխաներին։

«Ես միշտ ցանկացել եմ դասավանդել, և հիմա երազանքներս կատարվում են։ Ինչպե՞ս չհավատամ հրաշքների», - ասում է նա։

Այդ խոսքերից հետո աճպարարը մի կարմիր գնդակ է հանում մազերիս միջից։

379
Ըստ թեմայի
Աճպարար Հարություն Հակոբյանի ինքնագիրը դարձել է առցանց աճուրդի ամենաթանկ լոտը
Վարդանյան եղբայրները՝ Երևանից, ապշեցրել են «Փառքի րոպե» շոուի ժյուրիին
Ինչպես Հակոբյանը դիմակազերծեց լրտեսին, կամ ինչու աճպարարին թույլ չէին տալիս մեխ խփել
Ինչպես Լիպեցկի հայն օգնեց ՌԴ հավաքականին հաղթել Սաուդյան Արաբիային
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

1671
(Թարմացված է 23:32 02.03.2021)
Ադրբեջանը մտադիր է Արցախից իր տիրապետության տակ անցած տարածքում 3 օդանավակայան կառուցել՝ Ֆիզուլիում, Լաչինում ու Զանգելանում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինչի համար է Ադրբեջանին 3 օդանավակայան պետք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել հարցի պատասխանը։

Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։

Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։

Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ

Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։

Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։

Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:

ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում

Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։

Արամ Թաթոյան
© Photo : Tatev Duryan / Office of Human Rights Defender of Armenia

Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։

Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․

«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։

«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:

Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։

Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։

Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

1671
թեգերը:
Իլհամ Ալիև, Քաղավիացիա, օդանավակայան, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. 1 մարտի, 2021

Անքննելի է ընտրողների վարքագիծը

149
(Թարմացված է 21:15 02.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Մենք միշտ փորձում ենք կանխատեսել առաջիկա ընտրությունների արդյունքները։
Անքննելի է ընտրողների վարքագիծը

Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում  այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։

Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։

Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։

​Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։

Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն  տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։

​Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։

Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում

Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։

2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։

​Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։  Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։

Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը

Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։

Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։

149
թեգերը:
Հայաստան, Մեծ Բրիտանիա, Ընտրություններ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան
Հայտնի է, թե ինչու են Արցախում հետաձգվել ՏԻՄ ընտրությունները
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
 Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

0
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե ամենայն հավանականությամբ իշխանությունը նոր «ներկայացում» է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։

«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։

«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։

0