Գեյմերներ

«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար

223
(Թարմացված է 18:35 26.11.2018)
Նոր պլատֆորմը թույլ է տալիս սոցիալական ցանցերում դրամահավաք սկսել` քեզ, եղբորդ կամ ընկերներիդ համար համակարգչային խաղ գնելու համար։

Մեր աշխարհում ալտրուիստները քիչ են։ Երբեմն մենք և մեր երեխաները սկզբում նվեր ենք ուզում հենց մեզ համար։

Մենք արդեն գիտենք քրաուդֆանդինգի հարթակների մասին, երբ դրամահավաքի կոչով կարելի է դիմել օգտատերերին։ Կարելի է դրամահավաք կազմակերպել հասարակական նշանակություն ունեցող նախագծի (օրինակ` այդպես է աշխատում Վիքիպեդիան) կամ սեփական բիզնեսի համար։ Միաժամանակ կարելի է ապագա բիզնեսում մասնաբաժին խոստանալ նրանց, ովքեր գումար են ներդրել։

Հիմա քրաուդֆանդինգն օգտագործում են նվերների համար փող հավաքելու նպատակով։ Հարցը հատկապես արդիական է համակարգչի մոտ նստած «ընչազուրկ» երեխաների համար։ Թողարկվել է նոր վարկած կամ լրացում, կամ էլ նոր խաղի «թույն» սքրինշոթեր են հայտնվել, որոնք դեռ երբեք չենք տեսել։ Այս բոլոր հարցերի համար հնչում է մի պատասխան. «Ուզում եմ»։ Տարբեր հետազոտություններով` գեյմեր երեխաները շաբաթվա մեջ 3-7 ժամ են ծախսում համակարգչային խաղերին նվիրված կայքերում ու ֆորումներում. որոնում են վերջին սքրինշոթերը, նկարագրությունները, կարդում ֆորումները և այլն։

Հիմա այդ «ուզում եմ»–ը կարելի է ասել ոչ թե ծնողներին, այլ համացանցի օգտատերերին։ Եվ նման հայտարարությունների համար հարթակ է առաջարկել Մաթյե Սահակյանը։

Մաթյեն ավարտել է ֆրանսիական Լա Ռոշելի բիզնես դպրոցը։ Դեռ ուսանելու տարիներին հասցրել է աշխատել Իսպանիայում, այնուհետև` ԱՄՆ–ում և Արգենտինայում։

«Արգենտինայում մենք զարգացնում էինք շոկոլադի արտադրության գործարանը։ Իսպանիայում աշխատել եմ սոցիալական ցանցերի մարքեթինգի վրա», – պատմում է նա։

Մաթյեն Հայաստան է եկել որպես կամավոր` Birthright Armenia ծրագրով։ Այստեղ էլ բաց չի թողել ինչ–որ նոր բան սովորելու հնարավորությունը։ Հարազատ ֆրանսերենին զուգահեռ նա ժամանակին իսպաներեն և անգլերեն է սովորել։ Իսկ հիմա արդեն բավականին լավ խոսում է նաև հայերեն։

Բացի այդ, այստեղ նա հետաքրքրվել է ՏՏ նախագծերով։ Որպես նախագծերի մենեջեր` ուժերը փորձել է հայկական Volo ՏՏ ընկերությունում նա։

«Հետո գլխումս գաղափարներ ծնվեցին, որոնք ես քննարկեցի ընկերներիս հետ։ Եվ մենք որոշեցինք նոր նախագիծ ստեղծել։ Ծրագրավորողներն օգտագործում են իրենց գիտելիքները, իսկ ես նրանց օգնում եմ իմ փորձով։ Շատ ընկերներ ունեմ, որոնք իրենց հերթին ուրիշ ընկերներ ունեն։ Դա օգնել է ինձ ներդրողներ և պոտենցիալ հաճախորդներ ներգրավել», – ասում է Մաթյեն։

Նոր նախագիծը, որը կոչել են Factor Fan, լուրջ մրցակիցներ ունի։ Նրանց շարքում է Amazon–ը` իր Wishlist հավելվածով։ Մաթյեն դրան պատասխանում է զուտ ֆրանսիական ոգով. «Մենք մրցակիցներ ունենք, բայց մենք նախընտրում ենք նրանց ոգեշնչման աղբյուր անվանել։ Երբ մենք տեսնում ենք այն, ինչ նրանք են անում, փորձում ենք բարելավել սեփական արտադրանքը»։

Իսկ ինչ–որ առավելություններ կա՞ն

«Մենք օգնում ենք ավելի հեշտ տարածել հայտարարությունը սոցիալական ցանցերում։ Դա կարելի է անել բառացիորեն մի քանի կոճակ սեղմելով։ Դուք նշում եք, թե ինչ նվեր եք ուզում, իսկ հետո ինչու եք կարծում, որ արժանի եք դրան։ Ինքներս առաջարկում ենք պատասխանի մի քանի տարբերակ. «Քննությունս հանձնել եմ», «Շուտով իմ ծննդյան օրն է» կամ «Ես ուղղակի արժանի եմ դրան», – ասում է Մաթյեն։

Ծնողներին դուր կգա՞ արդյոք, որ իրենց երեխան անծանոթ մարդկանցից նվերի փող խնդրի։ Խաղում առաջ գնալը հաճելի բան է, բայց ինքնասիրությունն անտեսել նույնպես չարժե։ Այդ թվում` ծնողների ինքնասիրությունը։

Իհարկե, այդ հարցը կիրառելի է ոչ միայն խաղերի և ոչ միայն երեխաների դեպքում։ Առայժմ Factor Fan–ը ցանկանում է վաճառքի նոր ալիքներ ստեղծել խաղեր մշակողների համար, նշանակում է` ևս մի քանի աշխատատեղեր Գյումրիում։։

«Մենք ծրագրավորողներին հավաքել ենք Գյումրիում, և մեր պլատֆորմը ստեղծվում ու փորձարկվում է հենց այնտեղ», – ասում է Մաթյեն։

Նախագծի խորհրդատուն` Խեսուս Լոզանոն, փորձառու մասնագետ է Իսպանիայից, որը գրեթե կես տարի աշխատել է Հայաստանում` օգնելով տեղի սթարթափներին։ «Բացի այդ, նա համակարգչային խաղերի մեծ գիտակ է։ Նույնիսկ ավելի շատ, քան ես», – ժպտում է Մաթյեն։

Նախագծին աջակցել է նաև ֆրանսիական StartDoon–ը («Սթարթափների տուն»)։ Դա աքսելերատոր է սկսնակ հայթեք ընկերությունների համար, հիմնել է ֆրանսիացի գործարար Ֆիլիպ Պուն։

Հիմա նրանք օգնում են մեզ կապվել Իսպանիայում և Ֆրանսիայում գործող գեյմերական կայքերի հետ։ Այսինքն գործընկերներ կարելի է որոնել և գտնել ամենատարբեր երկրներում։ Ես որոշեցի իմ հմտությունները միավորել Հայաստանի ծրագրավորողների վարպետության հետ։ Կարծում եմ, որ Հայաստանի և մեր սփյուռքի համագործակցության հաջող օրինակ է։ Մեր ընկերության ներկայացուցիչներից մեկը երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանի հետ և այնտեղ շատ կապեր ունի։ Եվ դա նույնպես օգնում է մեզ», – ասաց Սահակյանը։

Ընկերությունն իր նախագիծը ներկայացրել է սթարթափների STEP մրցույթում, որն անցկացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Եվրամիության EU4Business նախագծի, ինչպես Գերմանիայի Միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ։

223
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայ ինժեներների «խելացի» ակվարիումը. ձկների համար այլևս պետք չէ մտահոգվել
Հայաստանում կբացվի համացանցի զարգացման կենտրոն
Աշխատանք կա, փող չկա. ո՞րն է հայաստանյան գործազրկության գաղտնիքը
Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ