1986 թվականն էր։ Էկրաններին հայտնվեց ԽՍՀՄ-ԱՄՆ առաջին տեսակապերից մեկը։ Հաղորդավարներն էին Վլադիմիր Պոզներն ու Ֆիլ Դոնահյուն։
«Մեզ մոտ հեռուստատեսային գովազդում ամեն ինչ պտտվում է սեքսի շուրջ։ Դուք այդպիսի հեռուստագովազդ ունե՞ք», — հարցնում են օվկիանոսի մյուս կողմից։
«Դե, մեզ մոտ սեքս… չկա, ու մենք կտրականապես դեմ ենք դրան», — պատասխանում է «Խորհրդային կանանց կոմիտեի» անդամ Լյուդմիլա Իվանովան։
Լյուդմիլա Իվանովան չարաչար սխալվում էր։
ԽՍՀՄ-ում սեքս կար։
Անձնական փորձից։ Երևան, «Մոսկվա» կինոթատրոն, «Կորուսյալ անուրջներ» ֆիլմի համառոտ բովանդակությունը։ Աննա Ձակեոն գեղեցկուհի է, որը տղամարդկանց կրքոտ ու հիացած հայացքների պակաս չունի, բայց նա դժբախտ է։ Վերջապես հանդիպում է իր սիրուն`նավաստի Անդրեին։
Աննան աշխատանքի է անցնում գովազդային գործակալությունում, լուսանկարիչը նկարում է նրան։ Խաբեությամբ հաջողվում է լուսանկարել կիսամերկ Աննային։ Բանից անտեղյակ Աննան մի անգամ իր լուսանկարը տեսնում է նորաձևության ամսագրի շապիկին։ Աղջիկը դառնում է երկրի սեքս-խորհրդանիշը, բայց Անդրեն չի կարողանում ներել աղջկան ու լքում է նրան (ի դեպ, ֆիլմը ոչ թե հնդկական է, այլ իտալական)։
Շատ դժվար էր տոմս գտնել։ Մինչև տասնվեց տարեկան երեխաները պաշարում էին դրամարկղերը։ Ֆիլմը 102 րոպե էր, բայց ոչ թե րոպեն, այլ վայրկյանը ստիպում էին շունչը պահել. գեղեցկուհի Աննան փոխում է հագուստը և իր ամբողջ գեղեցկությամբ կանգնում անպատրաստ հանդիսատեսի առաջ։
Մերկ Աննայի պատկերով կինոկադրը, որը վարպետները ֆոտոթղթի վրա պատկերեցին, ձեռքից ձեռք անցավ, բայց ամենամեծ տպավորությունը գործեց միջին տարիքի դպրոցականների վրա։ Ցնցված մինչ այդ չտեսածից` դպրոցականները սկսեցին ուշադիր նայել իրենց դասարանի աղջիկներին, իսկ վերջիններն էլ, նայելով հայելու մեջ, սկսեցին հասկանալ, որ կնոջ գեղեցկությունը միայն հյուսը չէ։
ԽՍՀՄ-ում սեքս կար։ Ճիշտ է` սեքսի ճանապարհին հազար ու մի խոչընդոտ կար, բայց արգելված պտուղը միայն քաղցրանում էր դրանից։
Իսկ ի՞նչ արգելքներ։ Ահա թե ինչ։
«Հեղափոխություն և երիտասարդություն» ձեռնարկից. «Սեռական ակտը պետք է լինի խոր և բարդ ապրումների շղթայում վերջնական օղակը, որը տվյալ պահին կապում է սիրահարներին»։
Կամ. «Սեռական ակտը չպետք է հաճախ կրկնվի»։
Հրահանգի շարունակության մեջ այսպիսի խորհուրդ կար. «Չպետք է հաճախ փոխել սեռական օբյեկտին, սեռական բազմազանությունը պետք է քիչ լինի»։
Եվ վերջապես. «Դասակարգը (սոցիալական առումով` Ս.Բ.) հեղափոխական նպատակահարմարության շահերից ելնելով` իրավունք ունի խառնվելու իր անդամակիցների սեռական կյանքին. սեռականը պետք է ենթարկվի դասակարգայինին` ոչ մի բանով չխանգարելով վերջինին, բայց ամեն ինչում սպասարկելով»։
Ինչ էլ որ լինի, երիտասարդները հանդիպել են, սիրահարվել, ծնվել են երեխաներ, բայց եթե նրանք ծնվել են ամուսնությունից առաջ, ապա դա արդեն ոչ թե սիրո պտուղ է, այլ զուտ անբարոյականություն։ Բայց երեխաներն ամեն դեպքում ծնվում էին։
Ինչպե՞ս են պայքարել չնախատեսված ժողովրդագրական բումի դեմ։ Կոմունիստական բարձր գիտակցությունը` մեկ, անգիտակիցների համար ընկերական դատարանները` երկու, ամբողջ երկրի միակ ռետինատեխնիկական գործարանը, որն արտադրել է պահպանակներ կամ «№2 արտադրանք»` երեք։
Ինչո՞ւ «№2», որովհետև «№1»-ի տակ մերձմոսկովյան Բակովկայում արտադրվել է ռազմական արտադրանք, ավելի կոնկրետ` հակագազներ։ Ընդ որում, ձեռնարկության աշխարհիկ արտադրանքը քիչ է տարբերվել քիմիական պաշտպանության միջոցներից։ Հետաքրքիր է, որ 70-80-ականներին պահպանակները փաթեթավորելու հարցում գործարաներին օգնել են ենթակայության տակ գտնվող դպրոցների սովորողները։
Պայքարն ընթացել է տարբեր ճակատներում` ներառելով ծառայողական աշխատասենյակները և կառավարական առանձնատները, որտեղ աղախիններին արգելել են հայտնվել մինչև առավոտյան ժամը 10-ը։
«Այդ ընթացքում ղեկավար ընկերներն արդեն աշխատանքի են գնացել, և կանայք կարող էին հանգիստ լինել իրենց չարաճճի ամուսինների համար», — բացատրում է Նատալյա Ն.-ը, որն աշխատում է Ռուբլովյան առանձնատներում այն ժամանակներից, երբ քաղխորհրդի գործկոմի նախագահը Պրոմիսլովն էր։
«Փլեյբոյ» դիտող պատանիները չգիտեն, որ հին ժամանակներում այն ամենը, ինչ վերաբերել է ինտիմին, այդ թվում` հին հնդկական «Կամասուտրան», համարվել է հակախորհրդային գրականություն և խստորեն արգելվել։ Թույլատրված գրքերից է եղել «Հիգիենիկ խորհուրդներ ամուսնացողներին» գրքույկը, այն էլ` ոչ մեծ տպաքանակով։
Այլ հարց է Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» անսեռ հերոսներով վեպը. այն հրատարակվել է 750 անգամ և թարգմանվել ԽՍՀՄ 75 ժողովուրդների լեզուներով։
Բայց ամեն դեպքում երկրում ոչինչ չէր կարող խանգարել զգայական կյանքին։ Առաջին տեսամագնիտոֆոններով դիտում էին էրոտիկ ֆիլմեր, կապիտալիստական երկրներում հայտնվելուն պես ձգտում էին սթրիփթիզի ակումբներ, Փարիզը շատերի համար միայն Մոնմարտրը չէր, այլ նաև Պիգալը` կարմիր լապտերներով, Լոնդոնը միայն Բիգ Բեն աշտարակը չէ, այլ նաև` Սոհոն։
Նեղ անձնականից։ 70-ականներին խորհրդային լրագրողների պատվիրակությունը Վաշինգտոնում էր։ Երեկոյան հյուրանոց է մտնում դեսպանատան կցորդ Մալայանը։
— Ջի՞նս, սթե՞յք, մերկապա՞ր, — հարցնում է նա։
— Մերկապար, ջինս, սթեյք, — ճշտում ենք առաջնահերթությունները։
Ավելի ուշ սթրիփ-ակումբում նկատում ենք Բելառուսի, Լիտվայի և Ուկրաինայի գործընկերներին։ Տարբեր ժողովուրդների զավակները…
Ստացվում է, որ «Կորսված անուրջները» ֆիլմը դիտել են ոչ միայն Երևանում, իսկ «Խորհրդային կանանց կոմիտեի» անդամ Լյուդմիլա Իվանովան վճռականորեն սխալվել է։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։
«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։
Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։
Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։
«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։
Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։
Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։
Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են


