Արցախ

«Գորշությունը» կորցրած գոտիները․ ինչպես է ԵԽԽՎ-ն Արցախի հետ ուղիղ կապ հաստատում

216
Ռուբեն Գյուլմիսարյան
Հայաստանում հեղափոխական իրադարձությունների հույզերի ու ռիթմի ֆոնին, որին գումարվում է նաև Ֆրանկոֆոնիայի իրարանցումը, մի իրադարձություն անարդարացիորեն անտեսվեց։ ԵԽԽՎ-ն արձանագրություն ընդունեց, որ իրավապաշտպան առաքելությունները մուտք են ստանում Եվրոպայի Խորհրդի տարածքներ, այդ թվում «գորշ գոտիներ»։

Եվրոպայի Խորհրդի իրավապաշտպան առաքելություններն առանց խոչընդոտ պետք է այցելեն «գորշ գոտիներ» ու հակամարտության կողմերը պետք է անվերապահորեն այդ այցելությունների թույլտվություններ տրամադրեն։ Այս մասին նշված է հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևում։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ փաստաթուղթն ընդունվել է՝ չնայած Ադրբեջանի դժգոհությանը։

Քաղաքական տերմինաբանության մեջ «գորշ գոտի» արտահայտությունը հստակ սահմանում չունի։ Այս եզրույթով բնութագրվող տարածքը կարող է կախված լինել տեսակետից, իրավիճակից, դիտարկվող հարցի շրջանակից և այլ, բավականին սուբյեկտիվ գործոններից։ Հոկտեմբերի տասի բանաձևի հետ կապված՝ «գորշ գոտի» են ճանաչվել այն տարածքները, որոնց փաստացի իշխանություններին համաշխարհային հանրությունը միանշանակ չի ճանաչել, օրինակ` Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը, Հյուսիսային Կիպրոսը, Լեռնային Ղարաբաղը։

ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի «Իրավապաշտպան առաքելությունների անսահմանափակ մուտքը ԵԽ երկրների տարածք, ներառյալ «գորշ գոտիներ»  բանաձևն առաջին հերթին մարդասիրական կարևորություն ունի։ Սակայն Արփինե Հովհաննիսյանը ևս մեկ կարևոր ասպեկտ է առանձնացնում․ ԵԽԽՎ-ն մերժել է Ադրբեջանի առաջարկած ուղղումները։ Արդյունքում` Ադրբեջանը փաստաթղթի ընդունման դեմ քվեարկած միակ երկիրն է եղել։

«Ի սկզբանե հակահայկական ձևակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձև, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձևակերպումներ, այլ հակառակը` պարունակում է ձևակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում և թերևս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևին»,  - հայտնել է Հովհաննիսյանը։

Բանն այն է, որ ԵԽԽՎ մասնագետների խմբակցության ղեկավար Ֆրանկ Շվաբեի պատրաստված փաստաթղթում նշվում է, որ ԵԽ երկրները պետք է ներառեն «իրավապաշտպան առաքելություններին երկրի իշխանությունների ենթադրվող համաձայնությունը` մուտք գործելու այն տարածքներ, որտեղ մարդու իրավունքների կամ մարդու արժանապատվության լուրջ խախտումներ են արձանագրվում» հասկացությունը։ Բացի այդ, բանաձևում ընդգծվում է, որ «գորշ գոտիներում» փաստացի իշխանությունն է պատասխանատվություն կրում բնակիչների իրավունքների պաշտպանության համար ու պարտավոր է համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ։

«Փաստացի իշխանությունը» Լեռնային Ղարաբաղում, այսինք՝ ներկայիս իշխանությունը, ոչ թե երբեք չի խոչընդոտել, այլ հակառակը՝ ամեն կերպ ողջունել է միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան կառույցների ցանկացած մոնիթորինգը։ Արցախում  մարդու իրավունքների հարցում իրավիճակն օրինակելի է` դա բազմիցս նշել են չշահագրգռված կողմերը։

Շվաբեն խոսում էր այն մասին, որ «գորշ գոտիներում» իրավապաշտպան մոնիթորինգի խնդիրը գործնական ու քաղաքական ասպեկտ ունի։ Օրինակ` նա պնդում էր, որ եթե միջազգային առաքելությունը վիճելի տարածք մուտք գործի «գորշ գոտու» իշխանությունը փաստացիորեն հսկող երկրի տարածքով, դա կարող է ընկալվել որպես օրինականացում ու միջազգային ճանաչում։

Անհասկանալի էր նաև՝ կոնկրետ որ իշխանություններն են մոնիթորինգային առաքելության խորհրդատվություններ ուղարկելու ու ով է պատասխանատու  դրանց իրականացման համար։ Հենց այդ տարաձայնությունների պատճառով ԵԽ մարմիններին չէր հաջողվում հաճախ այցելել հակամարտության գոտիներ։

Կարելի է ենթադրել, որ ընթացակարգը հեշտացվելու է ու ավելի պարզ է դառնալու։ Որ «դրսից» չի հսկում իշխանությունն Արցախում, այստեղ գործում են անհրաժեշտ բոլոր կառույցները, որոնք համապատասխան իրավասություններ ունեն։ Ու եթե նախկինում ԵԽԽՎ-ի համար անհասկանալի էր՝ ուր է պետք խորհրդատվություններ ուղարկել, ապա հիմա ավելի հեշտ է՝ Ստեփանակերտ՝ էլ ու՞ր։

Փաստացիորեն Արցախի իշխանությունները հիմա կկարողանան անմիջապես շփվել ԵԽԽՎ իրավապաշտպան կառույցների հետ։  Նրանք միշտ էլ պատրաստ էին ու պատրաստ են այդ շփմանը, այնպես որ փաստաթղթում «ենթադրվող համաձայնության» մասին պարտադրվող պարբերությունը մեր մասին չէ։

Դա, առաջին հերթին, կբարձրացնի չճանաչված հանրապետության համբավը մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ու իհարկե, կհեշտացնի երկխոսությունը․ուղղակիորեն, առանց ավելորդ միջնորդների շատ ավելի հեշտ է միմյանց հասկանալ։

216
թեգերը:
Արփինե Հովհաննիսյան, Արցախ
Ըստ թեմայի
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ–ին կոչ արեց սատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները խոսել են Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին
Արցախի հիմնահարցը և մարդու իրավունքները Միյատովիչի-Մնացականյան հանդիպման օրակարգում էին
Նախարարները շարունակել են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները
Ռուսաստանն աջակցելու է Արցախի հարցով դրական միտումներին. Զախարովա
Շարմազանովը Թուրքիայում պատասխանել է ադրբեջանցի պաշտոնյանի Արցախի մասին ելույթին