Այն, որ ներկա իշխանություններին պետք է Հայկ Մարությանի տեսքով քաղաքապետ, պարզից էլ պարզ է։ Ամբողջ հարցն այն է, թե ինչու հատկապես նա։
Հարցից անցնենք երևակայության. ենթադրենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջարկվում է փորձառու կառավարիչ, որը հինգ մատի նման գիտի քաղաքային տնտեսությունը, ճանաչված և սիրված է քաղաքի բնակիչների կողմից, կարողանում է պաշտպանել իր դիրքորոշումը և մեջքով շրջված է դեպի քաղաքականությունը, որպեսզի դեմքով լինի միայն ու միայն գործի կողմը։
Ահա այդ հիանալի քաղաքապետը քայլում է փողոցում, որը կառուցվել է անցած տարի «քրչի շուկայի» տեղը, ահա գնում է շինհրապարակ, որտեղ ավերակների մեջ վեր է հառնում քաղաքի համար նշանակալի ինչ–որ բան, մտնում է աշխղեկի սենյակ։ Սեղանին գծագրեր են, մակետ, սեղանի մոտ ինժեներներ են, տեխնիկական աշխատողներ, բրիգադավարներ և իրենց գործը իմացող այլ մարդիկ։ Քաղաքապետին զեկուցում են այդ ժամին գործերի վիճակի մասին։
Քաղաքապետը լսում է։ Այնուհետև հարցնում. ինչո՞ւ է մի տեղում ուշացնում և ժամանակացուցից հետ են մնում մյուս տեղում, հա, խնդիրը կոմունիկացիաների հետ է, լավ, այդ դեպքում ձեռնամուխ ենք լինում ցանցերի մոնտաժին…
Եվ այդ ոգով այլ բաներ։
Հարց–պատասխան, հարց–պատասխան։ Անմիտները և դատարկաբաններն անելիք չունեն, նման քաղաքապետին չես կարող խաբել, ճարտար լեզվով չես համոզի և մեծ փողերով չես գնի։
Դուք այդ դերում տեսնո՞ւմ եք կատակերգու Մարությանին։ Դա նույնքան բարդ է, որքան պատկերացնելը, թե ինչպես է Ալեքսանդր Թամանյանը թավալ տալիս կրկեսում։
Յուրաքանչյուրն իր գործով պիտի զբաղվի։ Գրիգորի Հասրաթյանը Երևան է եկել այն բանից հետո, երբ կարգի է բերել Լենինականը, իսկ դրանից առաջ աշխատել է նախագծային ինստիտուտում։
Էդուարդ Ավագյանը Երևանի քաղաքապետ է դարձել այն բանից հետո, երբ Աբովյանում կառուցել է բնակելի թաղամասեր, փողոցներ, իսկ մինչ այդ եղել է արդյունաբերական շինարարության նախարար։
Երևանի վերջին քաղաքապետը` Տարոն Մարգարյանը, դարձել է քաղաքագլուխ` իր մասին բարի անուն թողնելով Ավանում։
Առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը տնտեսագետ է, եղել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ, ընթացիկ տարօրինակ տարվա հուլիսի 9–ից քաղաքապետի պաշտոնակատար է։ Պարտականությունները կկատարի և կգնա։ Ո՞ւմ հետ կմնա քաղաքը։ Եթե Հայկոյի հետ, ապա ինչո՞ւ դա ծիծաղելի չէ։
Սկզբունքորեն կենգուրուին էլ կարելի է սովորեցնել մոտոցիկլետ քշել, բայց միայն եթե սովորեցնում է բանիմաց և փորձառու ուսուցիչը։ Իսկ եթե ո՞չ. իհարկե, կարելի է սովորել, բայց անհնար է դա անել առանց ոսկորները կոտրելու և մոտոցիկլետները փչացնելու։ Հետո էլ՝ եթե մենք կրկեսում չենք, ինչի՞ թանկարժեք մոտոցիկլետը վստահենք ինչ–որ պարկավորի։
Այստեղ հեղինակը կարտահայտի վիճելի ենթադրություն, բայց այլ բան չի գտնում։
Ասել, որ երկիրը ղեկավարող թիմը հիացնում է որակավորմամբ, զարմացնում կառավարման արժեքավոր փորձով, հաջողակ է ինչ–որ կարևոր գործերում` էլ չասած քաղաքական–տնտեսական հեռատեսության մասին, չափազանցություն կլիներ։ Ուստի նման բան չենք ասի։
Պատկերացնենք, որ ինչ–որ տեղից, ի ուրախություն երևանցիների և ի զարմանս իշխանությունների, հայտնվում է հրաշք–հրաշալի, բանիմաց քաղաքապետ։ Նա ամեն ինչ կարողանում է և գիտի, հասկանում է` ինչու այսպես, այլ ոչ թե այնպես և թույլ չի տա համոզել իրեն գործել տրամաբանության և խղճի դեմ և, ամենատարօրինակը, չի պատրաստվում քաղաքացիներին կիսել «սպիտակների» և «սևերի»։ Շոկոլադով կարկանդակ, այլ ոչ թե քաղաքապետ։
Եվ այդ դեպքում ինչպե՞ս կնայվեն նրանք, ովքեր դեռ շրջում են «Դուխով» գլխարկով։
Ոչ մի կերպ։
Նրանց պե՞տք է որ։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։
«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։
Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։
Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։
«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։
Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։
Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։
Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:



