Էրեբունի արգելոց–թանգարան

Յուպիտեր, դու բարկանո՞ւմ ես. ինչպես էր պրոֆեսոր Սուրեն Այվազյանը ճշմարտություն փնտրում

215
(Թարմացված է 00:02 12.08.2018)
Մի քանի օր առաջ արտասովոր անձնավորության` Սուրեն Այվազյանի 85-ամյակն էր։ Գեոֆիզիկոս, պատմաբան, հնագետ, հասարակական գործիչ... և սա դեռ ամբողջական ցանկը չէ այն գիտական ոլորտների, որոնցում առանձնացել է այդ արտասովոր մարդը։ Բայց ասենք, որ նա իր ուղղամտությամբ ոչ բոլորին էր դուր գալիս։

Ուզում էի Սուրեն Այվազյանի մասին գրելիս կիրառել «հակասական անձ» արտահայտությունը, բայց ժամանակին կանգ առա։ Նա հակասական չի եղել. հակասական էր նրա հանդեպ ունեցած վերաբերմունքը և այդպիսին էլ մնում է առ այսօր` նրա մահից 9 տարի անց։

Նրա կատարած աշխատանքներին (հատկապես պատմության և ուրարտական սեպագիր արձանագրությունների վերծանման ոլորտում) տարբեր կերպ են վերաբերվում, ընդ որում ակներև են զգացմունքների բոլոր դրսևորումները` ֆանատիկ հիացմունքից, զգուշավոր և կառուցողական քննադատությունից մինչև նույնքան ֆանատիկ թշնամանք։ Բնականաբար, ֆանատիզմը, անկախ նրանից, թե որ բևեռում է, ամենաանհամոզիչ փաստարկն է, և զգուշավոր ու կառուցողական քննադատությունն է իր մեջ ճշմարտություն պարունակում։ Նրանց համար, ովքեր կարողանում են ճշմարտությունը զանազանել։

Սուրեն Այվազյանն իր կյանքի երազանքը այսպես էր ձևակերպում. «Լծից ազատագրված Հայաստան»։

Իսկ իր կյանքի ամենանշանավոր իրադարձության մասին էլ այս պատմությունն էր պատմում։

«1957 թվականին ինձ ԽՍՀՄ ԳԱ նախագահության հատուկ հրամանով ուղարկեցին ԽՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտ` Էլբրուսի արշավին որպես ինժեներ մասնակցելու համար։ Էլբրուսի վրա` Տերսկոլի գագաթին, 1957 թվականի նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ավագ եղբորս` Հրաչիկ Այվազյանի հետ առաջին փորձարկումս անցկացրի և արդյունքի հասա, որի համար 1961 թվականին մյուս աշխատակիցների հետ մեկտեղ պետական մրցանակի արժանացա»։

Ինչ վերաբերում է ֆիզիկային, գեոֆիզիկային ու պաշտպանական ոլորտին, այստեղ նրա վաստակն ակնհայտ է և ճանաչվել է ամենաբարձր միջազգային մակարդակով։ Դրանք որևէ մեկը չի հերքում, բայց նրա` ուրարտական սեպագիր արձանագրությունների վերծանման և պատմության վերաբերյալ աշխատություններն ու դրանց ընթերցումը հին գրաբարով մինչ օրս մի շարք բևեռային հույզերի տեղիք է տալիս։ Սակայն Սուրեն Այվազյանը հայտնաբերել և պեղումներ է իրականացրել մ.թ.ա. III-I հազարամյակով թվագրվող Մեծամորի լեռնամետաղագործական օբյեկտում։

Պատմությունը ճշգրիտ գիտություն չէ և ենթարկվում է նրանց այժմեական պահանջմունքին, ովքեր իշխանություն ունեն պատմության նկատմամբ։ Պատմությունն անզոր է կամայական մեկնաբանությունների և խմբագրման հարցում։ Այդ պատճառով էլ Ուրարտուի պատմական խնդիրը` արդյոք այն գոյություն ունեցել է, թե ոչ, արդյոք հայկական է եղել, թե ոչ, մինչ օրս եղել ու մնում է վեճի առարկա։ Ցանկալի կլիներ, որ վեճերն անցկացվեին գիտական լուրջ բանավեճի շրջանակում, ոչ թե փողոցային հաշիվ պարզելու մակարդակում։

Պատմությունը միշտ հղի է սուբյեկտիվ գնահատականներով, դրանք հաստատվում կամ հերքվում են ոչ պակաս սուբյեկտիվ փաստարկներով։ Սակայն պատմությունը նաև անվիճելի փաստեր ունի, որոնք խմբագրել հնարավոր չէ, քանզի դրանք ակնհայտ են։ Եվ, օրինակ, տարակուսանք է առաջացնում, երբ հայ գիտնականներից լսում ես, որ XII-XIII դարերում գոյություն են ունեցել ինչ-որ Ադրբեջանի աթաբեկներ, թեև պետություն նշանակող նման տեղանուն միայն 7-8 դար հետո է հայտնվել։ Իհարկե, կարելի է Պարսկաստանի արվարձաններով ժամանակին դեգերող քոչվորներին վերագրել մետաղադրամ հատելու ունակությունը (և դրանով հաջողությամբ զբաղվում են պատմության կեղծարարները որոշ երկրներում), բայց հայաստանցի գիտնականներից նման բան լսելը, թեկուզ 1960-ականներին, առնվազն տարօրինակ է։

Գրածիս նպատակն ամենևին էլ Սուրեն Այվազյանի պատմական աշխատությունների ճշմարտությունը ներկայացնելն ու պաշտպանելը չէ։ Սա ավելի շուտ գիտական բանավեճերը քաղաքակիրթ վարելու կոչ է, նույնիսկ հաշվի առնելով պատմության պես առարկայի փոփոխական բնույթը։ Արտասովոր, հանդուգն վարկածները, ինչպես աստղաֆիզիկայում, այնպես էլ պատմության և բանասիրության մեջ կտրուկ են ընկալվում, բայց չի կարելի թշնամանքի վերածել։

Կոչ է այնպիսի քաղաքակիրթ ձևերին, որոնց, օրինակ, տիրապետում էին Այվազյանի թեզերին աջակցած ակադեմիկոսներ Վասիլի Ստրուվեն և Հովսեփ Օրբելին կամ Այվազյանի ատենախոս Բորիս Պիոտրովսկին։ Այդ հսկաների առաջ քաշած «դեմ» և «կողմ» փաստարկները միշտ հաշվի էին առնվում, այն էլ` մեծ երախտագիտությամբ։

Սուրեն Այվազյանի դուստրը` Նունե Այվազյանը, պատմում է, որ հայրը երբեք չէր պնդում սեփական իրավացիությունը, հակառակը, միշտ հաշվի էր առնում և համաձայնում էր մի շարք հակափաստարկների հետ։ Իսկ բարձրագոչ և անկոտրում դատողություններն ապացուցում էին, որ նա ճիշտ ուղու վրա է։ «Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն իրավացի չես», այս պնդումը դեռ ոչ ոք չի հերքել։

Այվազյանը անկեղծ ընդդիմություն էր դառնում ցանկացած իշխանության դեպքում` ինչպես խորհրդային, այնպես էլ երեք նախագահների (ճիշտ է` երրորդի ժամանակաշրջանում նա գրեթե չապրեց)։ Եվ ընդդիմադիր լինելն է բացասական երանգ հաղորդել Այվազյանի կերպարին։

Ցավոք, իշխանությունը սովորաբար չի կարողանում հասկանալ, որ ընդդիմությունը նրան օդի պես է պետք։ Այլակարծությունը ճնշող իշխանությունը ավելի շուտ վաղ, քան թե ուշ կհավատա սեփական անսխալականությանն ու կդեգրադացվի` ողջ-ողջ քայքայվելով և շուրջբոլորն ամեն ինչ թունավորելով։

Սրանք են հենց այն անվիճելի փաստերը, որոնք մեզ սովորեցնում է պատմությունը։ Դեռ չի եղել դեպք, որ այդպես չլինի։

215
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

364
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

364
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

75
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

75
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

0
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

0
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ