«Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,– գրել է Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Չի կարելի չհամաձայնել` երկիրը թալանված է։ Նույնիսկ զարմանալի է` ԽՍՀՄ–ի ամենափոքր երկրներից մեկը 1991 թվականից անդադար թալանում են, ու դեռ «պոկելու» բան կա։ Նոր կառավարության նախաձեռնությունը միայն ողջունելի է. ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ շատ բան վերադարձնել չի լինի։ Սակայն անհրաժեշտ է վերադարձնել այն, ինչ հնարավոր է։
Հնարավոր է, վերջապես, հիշեն անկախության առաջին տարիների գռփողական սեփականաշնորհումն ու այն, ինչպես էր ՀՀՇ–ն փորձում պետական բյուջեում ֆիքսել Հայաստանի ծովային նավատորմի ծախսերը, գործարանների ու ֆաբրիկաների եզակի սարքավորումների վաճառքը մետաղի ջարդոնի գնով։ 1996 թվականին խորհրդարանում ելույթ ունենալու ընթացքում այն ժամանակվա վարչապետ Արմեն Դարբինյանն ասում էր.
«Ինչու՞ չեք փորձում ստուգել սեփականաշնորհման ամբողջ գործընթացը, այն գործարքները, որոնց արդյունքում ոմանք մի ամբողջ կարողություն են դիզել։ Ստուգեք ավելի քան 5 հազար օբյեկտների սեփականշնորհման գործարքները, որոնցից ոչ մի լումա չի գնացել պետբյուջե»։
Հնարավոր է, հիշեն դրա մասին ու ոչ միայն։ Նաև դրան հաջորդող ամեն ինչի մասին ընդհուպ մինչև 2018 թվականը։ Իհարկե, ցուցակը բազմահատորյակ կկազմի, իսկ գումարներն աստղաբաշխական կլինեն։
Միայն մեկ բան հասկանալի չէ. ինչու՞ նոր իշխանության այս նախաձեռնությունն այսքան ուշացավ։ Եթե չեմ սխալվում, «թավշյա հեղափոխության» նպատակներից մեկն է բացահայտել թալանչիներին ու գումարները վերադարձնել։
Ըստ տրամաբանության պետք էր միջազգային կառույցներն այդ գործընթացում ներառելու մտադրությունը դեռ մայիսին հայտնել։
Ստացվում է` մտածված թե ակամա, բայց «ապօրինի կապիտալի արտահանողներին» տարկետում է տրվել։
Իսկ հիմա, ով չի թաքնվել, ես մեղավոր չեմ…
Ի դեպ` պետք չէ մեծ հույսեր կապել «անառակ» կապիտալների վերադարձի հետ։ Դա հաստատում է նաև այլ երկրների վիճակագրությունը։ Չինաստանը, օրինակ, տասը տարվա ընթացքում նախապես հայտարարված ապօրինի հանված գումարի 2%–ն է վերադարձրել. նույն միջազգային ինստիտուտների օգնությամբ։ Դրանից հետո չինացիները որոշեցին անհատական մոտեցում ցուցաբերել, աշխատել յուրաքանչյուր գնացած ու կապիտալը տարած մարդու հետ, ըստ էության սկսեցին բռնել նրանց։
Չինաստանի այդ գործողությունը նույնիսկ իր անվանումը ստացավ, այդ գործընթացը կոչվեց «Աղվեսների որսը», իսկ ԱՄՆ–ն էլ դժգոհ էր, որ Չինաստանի գործակալներն իրենց երկրի տարածքում գործողություններ էին անում։ Սակայն նույնիսկ այդ դեպքում չհաջողվեց շատ բան վերադարձնել։
Ինդոնեզիայի նախագահ Սուխարտոյի օրոք ապօրինի կերպով 10 միլիարդ դոլար է հանվել։ Հաջողվել է վերադարձնել միայն երեք միլիոնը, ևս 920 միլիոնը սառեցվել են, բայց երկիր չի վերադարձվել։
Նիգերիայի նախագահ Աբաչան ապօրինի կերպով երկրից 5 միլիարդ դոլար է հանել։ Հաջողվել է Շվեյցարիայից վերադարձնել միայն 825 միլիոնը։
Ֆիլիպինների նախկին նախագահ Ֆերդինանդո Մարկոսը նույնպես 5 միլիարդ է հանել։ Ֆիլիպինները դեռ գրեթե ոչինչ չի վերադարձրել։
Բայց բավական է խոսենք թվերի մասին, հատկապես, որ չեմ ուզում ներկայացնել դրանք որպես գաղափարի անօգուտ լինելու փաստարկ։
Հակառակը, պետք է վերադարձնել այն ամենը, ինչը հնարավոր է, ու զուգահեռ մշակել արդեն ոչ թե չինական, այլ հայկական «Աղվեսների որսի» տարբերակը։
Պետբյուջե մտած ոչ մի գումար ավելորդ չի լինի, միայն թե դա չարվի ընտրողաբար, այլ սկսվի հենց 1991 թվականից, այլ ոչ թե 1998։
Ու իհարկե, պետք չէ գրգռել տեղեկատվության սպառողներին խոստումներով, թե ամեն ինչ հետ կբերվի։ Գումարների մեծ մասն արդեն վաղուց «լվացվել» ու օրինականացվել է, մնացածով զբաղվել ու զբաղվում են «լվացքատները», բանկերն էլ միամիտ չեն.շարքային հաճախորդներից դրանք ներդրումների հայտարարագրեր են պահանջում, որոնք չպետք է գերազանցեն 10 հազար դոլարը, իսկ այստեղ խոսքը միլիոնների ու միլիարդների մասին է. դրանք մի ձև նստում են չէ՞ «կատարյալ մաքուր» բանկերում։
Ամեն ինչից զատ, այդպիսի գործընթացի նախաձեռնումը կստիպի ապագա հավանական «պետթալանչիներին» հազար անգամ մտածել։ 25–30 տարի առաջ գողացածն ավելի հեշտ է թաքցնել, քան վերջին մեկ–երկու տարվա ընթացքում «թռցրածը»։
ՖինԷկ գործակալության գլխավոր փորձագետ Միխայիլ Բելյաևը, ողջունելով Հայաստանի կառավարության նախաձեռնությունը, նույն բանն է ասում. «Քիչ է հայտարարել, որ ուզում ես դա։ Պետք է վճռական քայլեր անել։ Ընդ որում` ճանապարհ այդ բարդ է ու լի է խոչընդոտներով»։
Բայց չէ՞ որ խոչընդոտները հաղթահարելու համար են։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։ «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։



