Վարչապետը՝ Սանկտ Պետերբուրգում

Ով չի թաքնվել՝ ես մեղավոր չեմ... կառավարությունը սպասում է անառակ կապիտալի վերադարձին

220
(Թարմացված է 09:45 11.08.2018)
Ռուբեն Գյուլմիսարյան
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը, որ այդ կառույցի օգնությամբ վերադարձնի երկրից ապօրինի կերպով հանած կապիտալը։ Մտադրություն կա օգտագործել StAR - Stolen Asset Recovery Initiative–ի հնարավորությունները։ Դա Համաշխարհային բանկի ու UNODC–ի ստեղծած նախաձեռնությունն է։

«Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,– գրել է Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Չի կարելի չհամաձայնել` երկիրը թալանված է։ Նույնիսկ զարմանալի է` ԽՍՀՄ–ի ամենափոքր երկրներից մեկը 1991 թվականից անդադար թալանում են, ու դեռ «պոկելու» բան կա։ Նոր կառավարության նախաձեռնությունը միայն ողջունելի է. ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ շատ բան վերադարձնել չի լինի։ Սակայն անհրաժեշտ է  վերադարձնել այն, ինչ հնարավոր է։

Հնարավոր է, վերջապես, հիշեն անկախության առաջին տարիների գռփողական սեփականաշնորհումն ու այն, ինչպես էր ՀՀՇ–ն փորձում պետական բյուջեում ֆիքսել Հայաստանի ծովային նավատորմի ծախսերը, գործարանների ու ֆաբրիկաների եզակի սարքավորումների վաճառքը մետաղի ջարդոնի գնով։ 1996 թվականին խորհրդարանում ելույթ  ունենալու ընթացքում այն ժամանակվա վարչապետ Արմեն Դարբինյանն ասում էր.

«Ինչու՞ չեք փորձում ստուգել սեփականաշնորհման ամբողջ գործընթացը, այն գործարքները, որոնց արդյունքում ոմանք մի ամբողջ կարողություն են դիզել։ Ստուգեք ավելի քան 5 հազար օբյեկտների սեփականշնորհման գործարքները, որոնցից ոչ մի լումա չի գնացել պետբյուջե»։

Հնարավոր է, հիշեն դրա մասին ու ոչ միայն։ Նաև դրան հաջորդող ամեն ինչի մասին ընդհուպ մինչև 2018 թվականը։ Իհարկե, ցուցակը բազմահատորյակ կկազմի, իսկ գումարներն աստղաբաշխական կլինեն։

Միայն մեկ բան հասկանալի չէ. ինչու՞  նոր իշխանության այս նախաձեռնությունն այսքան ուշացավ։ Եթե չեմ սխալվում, «թավշյա հեղափոխության» նպատակներից մեկն է բացահայտել թալանչիներին ու գումարները վերադարձնել։

Ըստ տրամաբանության պետք էր միջազգային կառույցներն այդ գործընթացում ներառելու մտադրությունը դեռ մայիսին հայտնել։

Ստացվում է` մտածված թե ակամա, բայց «ապօրինի կապիտալի արտահանողներին» տարկետում է տրվել։

Իսկ հիմա, ով չի թաքնվել, ես մեղավոր չեմ…

Ի դեպ` պետք չէ  մեծ հույսեր կապել «անառակ» կապիտալների վերադարձի հետ։ Դա հաստատում է նաև այլ երկրների վիճակագրությունը։ Չինաստանը, օրինակ, տասը տարվա ընթացքում նախապես հայտարարված ապօրինի հանված գումարի 2%–ն է վերադարձրել. նույն միջազգային ինստիտուտների օգնությամբ։ Դրանից հետո չինացիները որոշեցին անհատական մոտեցում ցուցաբերել, աշխատել յուրաքանչյուր գնացած ու կապիտալը տարած մարդու հետ, ըստ էության սկսեցին բռնել նրանց։

Չինաստանի այդ գործողությունը նույնիսկ իր անվանումը ստացավ, այդ գործընթացը կոչվեց «Աղվեսների որսը», իսկ ԱՄՆ–ն էլ դժգոհ էր, որ Չինաստանի գործակալներն իրենց երկրի տարածքում գործողություններ էին անում։ Սակայն նույնիսկ այդ դեպքում չհաջողվեց շատ բան վերադարձնել։

Ինդոնեզիայի նախագահ Սուխարտոյի օրոք ապօրինի կերպով 10 միլիարդ դոլար է հանվել։ Հաջողվել է  վերադարձնել միայն երեք միլիոնը, ևս 920 միլիոնը սառեցվել են, բայց երկիր չի վերադարձվել։

Նիգերիայի նախագահ Աբաչան ապօրինի կերպով երկրից 5 միլիարդ դոլար է հանել։ Հաջողվել է Շվեյցարիայից վերադարձնել միայն 825 միլիոնը։

Ֆիլիպինների նախկին նախագահ Ֆերդինանդո Մարկոսը նույնպես 5 միլիարդ է հանել։ Ֆիլիպինները դեռ գրեթե ոչինչ չի վերադարձրել։

Բայց բավական է խոսենք թվերի մասին, հատկապես, որ չեմ ուզում ներկայացնել դրանք որպես գաղափարի անօգուտ լինելու փաստարկ։

Հակառակը, պետք է վերադարձնել այն ամենը, ինչը հնարավոր է, ու զուգահեռ մշակել արդեն ոչ թե չինական, այլ հայկական «Աղվեսների որսի» տարբերակը։

Պետբյուջե մտած ոչ մի գումար ավելորդ չի լինի, միայն թե դա չարվի ընտրողաբար, այլ սկսվի հենց 1991 թվականից, այլ ոչ թե 1998։

Ու իհարկե, պետք չէ գրգռել տեղեկատվության սպառողներին խոստումներով, թե ամեն ինչ հետ կբերվի։ Գումարների մեծ մասն արդեն վաղուց «լվացվել» ու օրինականացվել է, մնացածով զբաղվել ու զբաղվում են «լվացքատները», բանկերն էլ միամիտ չեն.շարքային հաճախորդներից դրանք ներդրումների հայտարարագրեր են պահանջում, որոնք չպետք է գերազանցեն 10 հազար դոլարը, իսկ այստեղ խոսքը միլիոնների ու միլիարդների մասին է. դրանք մի ձև նստում են չէ՞ «կատարյալ մաքուր» բանկերում։

Ամեն ինչից զատ, այդպիսի գործընթացի նախաձեռնումը կստիպի ապագա հավանական «պետթալանչիներին» հազար անգամ մտածել։  25–30 տարի առաջ գողացածն ավելի հեշտ է թաքցնել, քան վերջին մեկ–երկու տարվա ընթացքում «թռցրածը»։

ՖինԷկ գործակալության գլխավոր փորձագետ Միխայիլ Բելյաևը, ողջունելով Հայաստանի կառավարության նախաձեռնությունը, նույն բանն է ասում. «Քիչ է հայտարարել, որ ուզում ես դա։ Պետք է վճռական քայլեր անել։ Ընդ որում` ճանապարհ այդ բարդ է ու լի է խոչընդոտներով»։

Բայց չէ՞ որ խոչընդոտները հաղթահարելու համար են։

220
թեգերը:
Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պետությունից թալանված գումարներից ոչ մի լումա պետական բյուջե չի մտել. որտե՞ղ է այն
Փաշինյանը ցնցված է թալանչիներ ցինիզմից. քանի՞ միլիոն է արդեն վերադարձվել պետբյուջե
Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներներին. Նիկոլ Փաշինյանի կոչը
Թալանողին կբռնենք. Փաշինյանը նոր աշխատաոճ է առաջարկում համայնքներին
Երևանում թալանել են Վերաքննիչ դատարանի դատավորի տունը
Երևանում թալանել են Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը