«Հրազդան» մարզադաշտը

Փառահեղ մարզադաշտի անփառունակ ճակատագիրը. ի՞նչ անել «Հրազդանի» հետ

285
(Թարմացված է 23:12 10.08.2018)
Ռուբեն Գյուլմիսարյան
Երևի ավելորդ է հիշատակել այն մասին, որ Երևանի կենտրոնական «Հրազդան» մարզադաշտը եզակի կառույց է։ Ու այդ եզակի կառույցը տարիներ շարունակ «պարապ» է, աչքի առաջ քայքայվում է ու նրա ապագան նույնիսկ մշուշոտ էլ չէ. ուղղակի՝ անմխիթար է։

«Ունեցածը չենք գնահատում, իսկ կորցնելիս` լացում ենք»,  –այս խոսքերը շատ են համապատասխանում երևանյան կառույցներից շատերին, օրինակ` Երիտասարդական պալատին։ Եթե ոչինչ չփոխվի, ապա շուտով պատմական «Հրազդան» մարզադաշտը կհամալրի այդ ողբալի ցուցակը։ Երիտասարդների պալատն արդեն  չկա, իսկ մարզադաշտը առաջիկայում կարող է էլ չլինել։

«Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ ընդգրկվել է 2017-2020 թթ. պետգույքի մասնավորեցման ծրագրում, բայց մարզահամալիրը գնելու ցանկություն առայժմ ոչ ոք չի հայտնել։ «Հրազդանն» այժմ շահագործող` նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը, դեռ այս տարվա փետրվարին  կարծում էր, որ հայկական ֆուտբոլի ներկա վիճակը հաշվի առնելով` մարզադաշտն այլևս որևէ մեկին պետք չէ, ուստի ավելի ճիշտ կլինի այն վերակառուցել ու դարձնել սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր։

Գործարարը ցանկանում է մարզադաշտի տեղում լողավազաններ կառուցել, լողափի վոլեյբոլի պայմաններ ստեղծել, նախկին վազքուղիները վերականգնել, որպեսզի Սև ծով գնալու փոխարեն հայերն իրենց ակտիվ հանգիստն անցկացնեն Հրազդանի կիրճում։

Սակայն Աղաբաբյանն այդ նախագծերի համար գումար դեռ չունի։ Համալիրի տարածքում տարիներով գործող շուկան վերացել է, իսկ դրա վարձակալության համար գումարով հնարավոր էր գոնե ինչ–որ չափով խնամել մարզադաշտը։

Հիմա չեմ անդրադառնա այն հարցին` ինչու է  մարզադաշտն ի սկզբանե սեփականաշնորհվել  ծիծաղելի գումարի դիմաց. ՀՀՇ–ական սեփականաշնորհումների ժամանակ շատ  «օբյեկտներ» են սեփականաշնորհվել նույնիսկ ոչ թե գումարի, այլ վաուչերների դիմաց։

Մարզադաշտի մոտի շուկայի աշխատողները դեռ քսան տարի առաջ էին ցույցեր անում, բողոքելով բարձր վարձերից, սակայն վարձն աճում էր, ու «Հրազդանի» վաճառականները կամաց–կամաց տեղափոխվեցին, ինչից հետո մարզադաշտը վերջնականապես «ձեռքից գնաց»։ Ու այսպիսով անլուծելի երկընտրանք առաջացավ։

Այն անլուծելի է այն մարդկանց համար, ովքեր  մի կողմից հասկանում են, որ «Հրազդանին» չի կարելի ձեռք տալ, դա քաղաքի հանդեպ հանցագործություն կլինի, մյուս կողմից էլ գիտակցում են, որ մարզադաշտն այլևս պահանջարկ չունի ու դրա հետ պետք է մի բան անել։ Հուսամ` Երևանի ապագա քաղաքապետն այդ մարդկանցից կլինի։

Կարող է մի ներդրող հայտնվել, որը պատրաստ կլինի իսկապես վերածել «Հրազդանը» սովորական մարզահամալիրի, կամ էլ ընդհանրապես մարզադաշտի վերջը կտա ու տեղում հերթական հյուրանոց կկառուցի։ Վայրը շատ գեղեցիկ է, ու քաղաքի կենտրոնի համար բավական մեկուսացած, այստեղ շատ բան է կարելի անել։

Ամենասարսափելին այն է, որ բիզնեսի տեսակետից այդ ներդրողին հակաճառելու բան չի լինի։ Միայն ոչ այդքան համոզիչ խոսքեր քաղաքի խորհրդանիշի, հայկական ֆուտբոլի պատմության ու դրա ոսկե ժամանակների մասին։ Սակայն նույնիսկ ամենահայրենասեր ներդրողն ու երևանյան «Արարատի» ամենամոլի երկրպագուն պարզապես չի իմանա` ինչ անել այդ մարզադաշտի հետ, եթե այն որպես ֆուտբոլի դաշտ պահպանի։

Հայկական ֆուտբոլի ներկա վիճակում ներքին առաջնության ժամանակ մարզադահլիճները գրեթե դատարկ են լինում, հավաքականի խաղերի ժամանակ էլ մարզադաշտերը ամբողջովին չեն լցվում։ «Փյունիկի» ու իսրայելական «Մակկաբիի» վերջերս կայացած խաղը հաճելի բացառություն էր, քանի որ մուտքն անվճար էր։

Եվ ահա այսպիսի անլուծելի խնդիր։ Երևի սեպտեմբերին Երևանը նոր քաղաքապետ կունենա, մոտավորապես նույն ժամանակ էլ կփոխվի երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։ Հավանաբար նոր ղեկավարները պետք է հանդիպեն ու մտածեն` «Հրազդանի» հետ ինչ են անելու։ Թեև, իհարկե դժվար կլինի մի բան անել. միայն Հայաստանում այնքան զարգացնեն ակումբային ֆուտբոլը, որ գոնե երկրի առաջնության առանցքային խաղերին 25–30 հազար երկրպագու գա։ Այսօր դա ֆանտաստիկ է թվում։

Սակայն, անպայման, պետք է մի բան հորինել, հակառակ դեպքում «Հրազդանը» Երիտասարդական պալատի պես կչքանա, ու եթե նույնիսկ դրա տեղն «ինչ–որ բան» հայտնվի, ապա դա հաստատ չի փոխարինի հայկական ֆուտբոլի ու մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկին։ Իսկ մենք արդեն պոստֆակտում կողբանք կորուստը։

285
թեգերը:
Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մամուլ. հանուն մեր ֆերմայի, քրեական հեղինակության և «Հրազդան» մարզադաշտի
Տուգանքն ու մրցակցությունը սնանկացրել են «Հրազդան» տոնավաճառը և մարզադաշտը
«Արարատ 73»–ին նվիրված արձանախումբը կտեղադրվի «Հրազդան» մարզադաշտի մոտ