Սևանա լիճը

Աբսուրդի թատրոն՝ Սևանի ափին. ինչի՞ դեմ են բողոքում գեղարքունիքցիները

210
(Թարմացված է 09:48 09.08.2018)
Ռուբեն Գյուլմիսարյան
Վերջին ժամանակների տարատեսակ ու բազմազան իրարանցումների, բացահայտումների ու աղմկահարույց դեպքերի շարքում այս տարվա Սևանի ջրի «վտանգի» շուրջ մտահոգություններն առանձնանում են թեկուզ միայն այն պատճառով, որ վերաբերում են մեր առողջությանն ու եզակի լեռնային լճի ճակատագրին։

Սևանի ջրի կապտականաչ երանգը վերջերս լուրջ անհանգստացրել է  մասնագետներին, հանգստացողներին ու տեղացիներին։

Մասնագետները դա մի քանի գործոնով են բացատրում. օդի բարձր ջերմաստիճանն ու տաք ձմեռվանից հետո երկարատև ամառային շոգը, ֆոսֆորի պարունակության բարձրացումը, նաև ջրի մակարդակի բարձրացումը։ Ափամերձ տարածքում  չափից շատ է  տարածվել թունավոր համարվող կապտականաչ անաբենա ջրիմուռը։  Արդյունքում լճի կրկնակի աղտոտման վտանգ է առաջացել։

Ու գնաց… Թեև մեր առողջապահության նախարարությունը պնդում է, որ կարելի է հանգիստ լողալ լճում, խուսափելով միայն «ներկված» տարածքներից, ինչպես միշտ զանազան լուրեր  են տարածվում, այդ թվում նաև խուճապային ու երբեմն՝ սարսափելի։ «Սևան» ազգային պարկի տնօրենը բոլորի աչքի առաջ խմեց Սևանի ջուրն ու առողջ մնաց, իսկ Գեղարքունիքի մարզպետն ու առողջապահության նախարարը լողացին լճում ու կոչ արեցին հետևել իրենց օրինակին։

Պետք է նշել, որ մարդիկ չխաբվեցին բամբասանքներին ու իմ սուբյեկտիվ դիտարկմամբ այս տարի Սևանում հանգստացողների պակաս չկա։

Այդ ֆոնին էլ ավելի անսպասելի է Երևան–Սևան մայրուղու վրա տեղացիների կազմակերպած բողոքի ակցիան։ Նրանք Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում են պահանջում` խնդիրը քննարկելու համար։

Մեծ մասն ապրում են Սևանից ստացած գումարով, ու բնականաբար լուրերն այն մասին, որ ջուրը լողալու համար անպիտան է, նրանց համար վնասակար են։

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ իրականում մարդկանց առողջությանը ոչինչ չի սպառնում, սակայն լուրերի պատճառով հանգստացողների թիվն, իբր թե, պակասել է։ Խոսում էին նույնիսկ հանգստացողների թվի 70 տոկոս անկման մասին։ Կրկնեմ, որ անզեն աչքով դա չի երևում, կարծես հանգստացողների թիվը նախորդ տարիների համեմատ նույնն է մնացել։

Այսօր տեղի գործարարները արդեն երկրորդ բողոքի ակցիան են կազմակերպել, սպառնալով, ինչպես վերջերս նորաձև է դարձել, փակել մայրուղին։ Սակայն այդքան էլ հասկանալի չէ` ինչի դեմ են բողոքում այդ մարդիկ։

Նրանք ասում են, որ իրենց վրդովեցրել է «որոշ բնապահպանների ձևական պահվածքն ու նրանց տարածած ապատեղեկատվությունը», իբր ջուրը ազոտով թունավորված է, լողալը սպառնում է կյանքին ու առողջությանը, սոցիալական ցանցերում ու որոշ ԶԼՄ–ներում ինչ–որ անհեթեթություն  է տարածվում, իբր լճում հրեշի են բռնել ու նման հիմարություններ։ Տեղացիները պնդում են, որ հակագովազդը հանգեցրել է Սևանում հանգստացնողների թվի անկմանը։

Նրանք բողոքում են, որ պետությունն այդ հարցում բավարար քարոզչություն չի անցկացնում ու հարկ եղած տեղեկությունը չի տրամադրում, որ շրջանի գործարարները ապատեղեկատվությունից չտուժեն։ Թեև ազգային պարկի տնօրենը Սևանից ջուր է խմում, իսկ մարզպետն ու առողջապահության նախարարը լողում են ջրում։ Դրանցի այն կողմ էլ ի՞նչ քարոզչություն…

Անհասկանալի է, ինչու՞ է պետք ավտոմոբիլային ճանապարհի վրա բողոքի ակցիա անել։ Պետությունը, որքան էլ որ ցանկանա, չի կարևող բռնել բոլոր այն մարդկանց, ովքեր Սևանում հայտնաբերված կոկորդիլոսի պոչերով շնաձկների մասին լուրեր են տարածում։ Ու չի կարող նաև ստիպել նրանց լռել. չե՞ն կրակելու չէ բոլորին։ Պաշտոնապես հայտարարվել է` ինչ է պետք այդպիսի դեպքերում անել։

Փողոցը փակելու միջոցով բողոքի շարժումների նորաձևությունը մտահոգիչ է դառնում ու աբսուրդի թատրոն է  հիշեցնում։ Այս տեմպերով գործը կհասնի այն բանին, որ բողոքի ակցիա կհայտարարեն կողքի խանութի հալած պաղպաղակի կամ խաչմերուկի անսարք պուլպուլակի համար։

Հնարավոր է, անցած տարվա համեմատ հանգստացողների թիվն իսկապես պակասել է։ Բայց հնարավոր է  գործարարները պետք է մտածեն, օրինակ, հանգստի պայմանները լավացնելու մասին։ Արդեն վաղուց Աջարիայում հանգստանալը շատ ավելի էժան է, քան Սևանում, որը տնից 70 կիլոմետր հեռավորության վրա է։

Բամբասանքներն, իհարկե, վատ ու անարդյունավետ բան են, բայց դրանց դեմ բողոքի ակցիաներով չեն պայքարում։ Թեև, եթե մարդը լրջորեն բիզնեսով է զբաղվում, նա գիտի`ինչ պետք է անի, որ մարդիկ իր մոտ գնան։

210
թեգերը:
Արսեն Թորոսյան, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ փողեր են «հոսում» Արփա–Սևան թունելով և ո՞ւմ գրպանը
Սևանա լճին պետք չէ ջրի տարայի տեղ դնել. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման խնդիրները
Հայկական Ջոնի Դեպն ու Սևանի զորությունը, կամ ինչպես է նավապետ Սեմը գրավում մարդկանց սրտերը
Գաբրիելյան.« Սևանա լիճն այնքան իջած է, որ յուրաքանչյուր սանտիմետրը խնդրահարույց է»
Ինչպե՞ս «Սեստրիցա Նյուշան» դարձավ «Գեղանուշ». Սևանի հին ու նոր նավատորմերը
Գյուղնախարարը դեմ է Սևանից ավել ջրառին.ինչ է առաջարկում նա` չորացող բույսերը փրկելու համար
Մինչև առուն ջուր գա, Սևանը կճահճանա. բնապահպանները պահանջում են արգելել լրացուցիչ ջրառը
Արսեն Թորսյանը փորձարկել է Սևանի ջուրը. հետևանքներն ու օգտատերերի արձագանքը. տեսանյութ