Ծովափ

Ի՞նչ կարելի է անել, որ չգողանան. ինչո՞ւ են հայ կոռուպցիոներները սիրում հանգստանալ ծովափում

287
Հայաստանի նոր իշխանությունները սկսել են ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մտորում է քաղցկեղի պես անբուժելի այդ հիվանդությամբ վարակվելու մասին։

Կաշառք վերցնում են այն ժամանակ, երբ տալիս են։ Կաշառք չեն տալիս այն մարդուն, որը չի կարող գործն առաջ տանել. ինչի՞ համար տան։ Ստացվում է`այն մարդիկ, որոնք չեն կարող օգնել, ազնիվ են, բայց չի նշանակում, որ եթե առիթ լինի, հարստանալու գայթակղությունը չի հաղթի անկաշառության սկզբունքին։ Գայթակղության փորձությանը դիմանալ է պետք։

Հաշվի առնելով այս հանգամանքը` ես հայտնվել եմ որոշակի շփոթության մեջ ու ասելիք ունեմ ՀՀ քննչական կոմիտեի պետին։

Մի փոքր անցյալի մասին

Ժամանակին ես էլ եմ ապօրինի հարստություն ձեռք բերելու հնարավորություն ունեցել, ու կարելի է ասել` անտեսել եմ ու չեմ զղջում դրա համար, իսկ խղճի խայթի մասին խոսք անգամ չկա։ Բայց կարելի՞ է արդյոք պնդել, որ եթե մարդն ընդհանրապես գումար չունի, ուրեմն նա երկնքի պես ջինջ է։ Ուզում եմ վերադառնալ անցյալ ու հասկանալ` երբ է մարդը բացարձակ ազնիվ, երբ` համեմատաբար ազնիվ, ու երբ` շան տղա։

Կոնկրետ խոսեմ։ Քննչական կոմիտեի պետը կարող է չիմանալ, որ Հայաստանում ցանկացած քիչ թե շատ նշանակալի պետական պաշտոնյանի հետ հանդիպումն ավարտվում էր, ժողովրդական լեզվով ասած, «մի կտոր հաց կիսելով»։ Վայրը, որտեղ կիսում էին այդ «կտորը», կախված էր զգացմունքների ջերմության աստիճանից, բայց առաջին հերթին` հյուրի ծառայողական կարգավիճակից. որքան ավելի նշանավոր էր նա, այնքան ավելի շատ էին կիսում։

Արդյո՞ք կարող է երբեմնի Հայկական ԽՍՀ-ում «Իզվեստիա» թերթի թղթակիցը, որը 27 տարի այդ պաշտոնում աշխատելու ընթացքում բազում անգամներ մասնակցել է խնջույքների ու «հացի այդ կտորը» կիսել իրեն հարգող ու հաճախ նաև սիրող մարդկանց հետ, պնդել, որ այդպիսի խնջույքները ոչ մի հետևանք չեն ունենում։ Չէ որ «մի կտոր հաց ուտելու» գնացած մարդը շատ լավ գիտի, որ իրեն թույլ չեն տալու վճարել կերածի համար, և նա ոչ միայն չի դիմադրում, այլ (ինչը շատ ավելի վատ է) համարում է, որ դա հենց այդպես էլ պետք է լինի։ Բայց սա դեռ ամենը չէ…

Իսկ հիմա ոչ թե կոնկրետ, այլ շատ կոնկրետ։ Մի քառասուն տարի առաջ ծանոթացա, իսկ հետո ընկերացա Ջալալ Մանուկյանի հետ, որը Հայկական ԽՍՀ-ի Մարտունու շրջանի Սովխոզի ղեկավարն էր։ Սովխոզը ոչ միայն շրջանի, այլև հանրապետության առաջատարն էր։ Իսկ ընկերս էլ աղքատ տնօրեն չէր (թեև չեմ հիշում, որ թեկուզ ոչ հարուստ սովխոզներն աղքատ տնօրեններ ունենային)։

Ամեն անգամ ծնունդների, նոյեմբերյան տոների կամ Ամանորի նախաշեմին Ջալալը գառան թարմ միս, հրաշալի սիգ ու իշխան էր ուղարկում։

Չեմ կարող պնդել, որ Ջալալը ոչխարին ոչ թե հասարակական հոտից էր ընտրում, այլ իր սեփականից, որ իշխանին ինքն էր որսում, իսկ աննման քյավառական քյուֆթան գործից ազատ ժամանակ էր պատրաստում։ Այդ պատճառով ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա համոզված չեմ, որ նա գոնե մասամբ հանրային ունեցվածքից մի կտոր չէր «պոկում», ու դա չպետք է մարդու բերան մտներ։ Բայց մտնում էր, քանի որ համեղ էր, ու դրան դիմադրել հնարավոր չէր։ Այնուամենայնիվ, հիմարություն կլիներ կարծել, թե եղբայրական օգնության անվան տակ լրագրողին կաշառք էին տալիս… Այլ ժամանակներ էին, մարդիկ էլ էին ուրիշ։

Որպես հիշեցում։ Կաշառակերության առումով Խորհրդային Անդրկովկասը ոչ մի բանով չէր զիջում միջինասիական հանրապետություններին, և դա ոչ միայն կինոյում էր, այլև կյանքում։ Մինչդեռ այնտե՛ղ էլ, այնտե՛ղ էլ ազնվորեն ապրողներն ու արդարության տենչացողները ոչ միայն շատ էին, այլև մեծամասնություն էին կազմում։ Այդ մեծամասնությունն էր որոշում կյանքի օրենքները, և ամեն մեկը չէր համարձակվի խախտել դրանք։ Կաշառակերի համբավ ձեռք բերելը նշանակում էր վերջ տալ ծառայողական առաջխաղացմանը, էլ չենք խոսում քրեական հետապնդման մասին։ Սակայն ամենածանր պատիժն այն էր, որ կաշառքի վրա բռնված մարդը դուրս էր մղվում արժանապատիվ մարդկանց շրջանակից։

Ուշադրություն դարձրեք` «հարուստ» ու «ազնիվ» բառերի համադրությունն այսօր շատ հազվադեպ է հանդիպում։ «Հարուստը» հաճախ ասոցացվում է խաբեբայի, խարդախի, պնակալեզի հետ։ Նրանք եղել են, կան ու միշտ կլինեն։

«Մեր իրականության մեջ ի՞նչն է ամենից շատ վշտացնում», — մի անգամ հարցրեց մոսկովյան գործընկերս, որը նույնպես լրագրող է։ Ու ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Թերևս այն, որ անխղճությունն այլևս անխղճություն չի համարվում։ Պարզապես անխղճություն հասկացությունն անհետացել է։ Այն չկա»։

Այդ կապակցությամբ ի՞նչ կարելի է առաջարկել քննչական կոմիտեին։ Խուզարկությո՞ւն հայտարարել։

Մի փոքր այն մասին, թե հիմա ինչ վիճակ է

Հիմա վատ է, տեղ-տեղ` շատ վատ։ Ժամանակներ կային, որ մարդիկ գրեթե հպարտանում էին իրենց աղքատությամբ ու կարծում էին, որ դա լավ է։ Վատն այն է, որ ապօրինի կուտակած ունեցվածքից հիմա ոչ թե ամաչում են, այլ հպարտանում են դրանով։ Երևանյան թեժ ամսվա պատմություններն ապացուցեցին դասական դարձած արտահայտությունը. «Պետական ծառայողն այն անձն է, որին վերևից նշանակում են կաշառքները բաշխելու համար»։

Քիչ եմ գրում ներկայի մասին, քանի որ պարզապես հիմարություն է խնդրել Քննչական կոմիտեին ուշադրություն դարձնել նրան, ինչի մասին հիմա յուրաքանչյուրը գիտի։ Այնուամենայնիվ, ուշադրություն դարձնենք մի հանգամանքի`Հայաստանի իշխանությունն ինչքան կարողացել է, տակից-վրայից գողացել է։ Ու եթե «տակից-վրայիցը» չափազանցություն է, սուտ, ապա փաստ է, որ շուրջբոլորը գողացել են։ Պաշտոնյաները սիրել են դրսում հանգստանալ, ծովի ճողփյունը լսել ու յուրաքանչյուր ալիքի հետ հաշվել «ատկատների» բերածը։ Սիրել են խաղատուն գնալ, «մեկնոց» վերցնել. սրանք են եղել խաղի կանոնները։

Հարգարժան պարոն Գրիգորյան, բոլորի կողմից սիրված Քննչական կոմիտեի պետ։ Իսկ հիմա համեմատեք գողացած դոլարների ծովը մի քանի կիլո ոչխարի մսի, սիգի ու Սևանի մի քանի իշխանի հետ։ Ասեք` արածիս մեջ կոռուպցիայի նշաններ կա՞ն։ Եթե այո, հաշվի առնելով այն գործոնը, որ դա վաղուց է եղել` կարո՞ղ եմ արդյոք ներողամտության հույս ունենալ։ Կուզեի, որ հոգիս հանգիստ լինի։

Մի փոքր ապագայի մասին

Հայաստանը երբեք չի կարողանա լիովին ազատվել կոռուպցիայից, քանի որ ոչ մի տեղ դրանից լիովին չեն ձերբազատվել։ Հարցն այն է, թե ինչ աստիճանի է երկիրը վարակված քաղցկեղի պես անբուժելի հիվանդությամբ։

Թվում է` այսօր չորսբոլորը կա՛մ գողեր են, կա՛մ խաբեբաներ, կա՛մ յուրացնողներ։ Բայց այդպես չէ (եթե այդպես է, ուրեմն դժբախտություն է)։

Իմ կարծիքով` ավելի լավ է չինական ձևով գործել. կրակ բացել շտաբների վրա ու հանգիստ թողնել շարքային մեծամասնությանը։ Քանի որ պատճառը նրանք չեն։ Ու եթե վերացվի գլխավոր շտաբը, մյուսներն արդեն ինքնուրույն կվերանան։

Ուրիշ տարբերակ էլ կա։ Որպեսզի պաշտոնյաները կաշառք չվերցնեն, պետք է նրանց աշխատավարձը բարձրացնել կաշառքի միջին ամսականի չափով, իսկ մնացածին զրկել աշխատավարձից, որպեսզի կաշառք չառաջարկեն։

Կամ էլ համաձայնել Գանայի առաջին նախագահ Կվամե Նկրումայի հետ. «Կապիտալիզմը չափազանց բարդ համակարգ է անկախ պետությունների համար»։

Ու այդ դեպքում նոր հարցեր են ծագում` ի՞նչ անել և ո՞ւր գնալ։

287
Ըստ թեմայի
Գյուղապետը վերցրել է գյուղի փողերն ու փախել. տեսանյութ
Երևանի դպրոցներից մեկի տնօրենը, տնտեսվարն ու աշխատողը յուրացրել են փողերը
Ոստիկանությունը հայտնեց Մալիշկայի գյուղապետի միջոցով ընտրակաշառք բաժանած ՀՀԿ–ականի անունը
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

347
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

347
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

70
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

70
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Եռաբլուր

Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հուշարձանին

0
(Թարմացված է 12:13 05.03.2021)
Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։

«Վազգեն Սարգսյանի  ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

0
թեգերը:
ծնունդ, Ծաղիկ, Եռաբլուր պանթեոն, գերեզման, Հուշարձան, Վազգեն Սարգսյան, Արմեն Սարգսյան