Սեփական ընտրության արդյունքից ոգևորված` Թուրքիայի լիիրավ տիրակալ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես որոշել է, որ այդ ընտրությունները վերջնականապես իրեն գործողությունների բացարձակ ազատություն են տվել։ Թուրքիայի իշխանությունները աշխատանքից ազատել են ավելի քան 18 հազար տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատակցի, դադարեցվել է 12 ՀԿ-ի, երեք թերթի ու մեկ հեռուստաալիքի աշխատանքը։
Այս մասին նշվում է կառավարության «օրենքի ուժ ունեցող հրամանագրում», որը ներկայացնում է Anadolu-ն՝ հղում անելով Resmi Gazete պաշտոնական լրաբերին։
«Ուժի օրենք ունեցող հրամանագիրը» կառավարության որոշում է, որը Թուրքիայի տևական արտակարգ իրավիճակի պայմաններում հավանություն ստանալու համար կարիք չունի խորհրդարան ուղարկվելու։ Այն ուժի մեջ է մտնում անմիջապես կառավարության անդամների ու նախագահի ստորագրելուց ու հիշատակված լրաբերում հրապարակվելուց հետո։
Ահա որոշ թվեր, դրանք քիչ են, բայց բավականին խոսուն․ ամենաշատը գործից ազատվել են Անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները՝ գրեթե 9 հազար (ավելի ստույգ՝ 8998) մարդ։ Թուրքիայի ԶՈՒ-ի ցամաքային զորքերից հեռացվել է 3077 մարդ, ռազմածովային ուժերից՝ 1126, ՌՕՈՒ-ից՝ 1949 սպա ու կրտսեր հրամանատարային կազմի զինծառայող։ Թուրքիայի արդարադատության համակարգից հեռացվել է 1052 մարդ։
Բացի այդ, դադարեցվել են չորս նահանգապետների տեղակալների ու տեղական գործադիր իշխանությունների ղեկավարների լիազորությունները։ Աշխատանքից զրկվել են նաև 199 ակադեմիկոս։ Գործից ազատված բոլոր մարդիկ զրկվում են պետծառայողների արտոնություններից ու էլ չեն կարող աշխատել պետական կառույցներում։
Դա բարդացնում է ոչ միայն գործից ազատվածների ու նրանց ընտանիքների կյանքը, այլ նաև այն մարդկանց, որոնց ճնշումներն առաջին հայացքից շրջանցել էին։ Խոսքն այդ թվում նաև ազգային ու կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես, հայ համայնքի մասին է։ Այն հատվածի, որը չի հետևել սկանդալային Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին։
Վերջինները իրենց տեղը գտել են․սուսուփուս նստել են, ու ծպտուն չեն հանում, որ պահպանեն հանգստությունը, ունեցած արտոնությունները ու անձեռնմխելիությունը։ Ճիշտ է, կարծես այդ անձեռնմխելիությունը ժամանակավոր է, ուրեմն՝ վաղանցիկ։
Չի բացառվում, որ Էրդողանին հաջողվի անել այն, ինչի համար նա երկար ու համառորեն պայքարում է․ տրամադրել թուրք հասարակության մեծ մասին իր դեմ. ու դա կարող է շատ արագ տեղի ունենալ։ Էրդողանը դրա համար անում է ամեն բան՝ սեփական օրինակով ապացուցելով պարզ ճշմարտությունը` շատ հեշտ է սկսել ճնշումներ գործադրել, իսկ երբ զգում ես ամենաթողության համը, շատ քչերին է հաջողվում կանգ առնել։
Էրդողանին ծառայող Աթեշյանը, ինչպես նաև ցանկացած սպասավոր, բացարձակ զուրկ է առաջ նայելու ունակությունից։ XXI դարում Թուրքիայի ներկայիս ռեժիմի պես համակարգերը երկար կյանք չեն ունենում․ դրանց գործունեությունը դադարեցնելու բազում միջոցներ կան։ Դա և՛ ներքին հակազդեցությունն է, որը կարող է միավորվել և ուժեղ ու անհաշտ ընդդիմություն ստեղծել, և՛ արտաքին խաղացողներն են, որոնք ամբողջ աշխարհում իրենց համար անցանկալի իշխանությանը գահընկեց անելու մեծ փորձ ունեն ու Էրդողանի վրա «մուռ ունեն»։ Այսօր գրեթե բոլորն Էրդողանի վրա «մուռ ունեն»։
Ծպտյալ հայերին էլ կարելի է դասել այն մարդկանց շարքը, որոնց բարեկեցությունը, հանգստությունն ու նույնիսկ կյանքը մազից են կախված։ Հատկապես այն հայերի, որոնք ուզում են ազատվել «ծպտյալ» նենգ բառից։
Ու հենց նրանք էլ, առաջին հերթին, կարող են զրկվել ամեն ինչից, այդ թվում՝ կյանքից, պարզապես նույնականությունը փոխելու համար։ Որպես ռասիզմի ու խտրականության օրինակ կարելի է հիշել՝ ինչպես է այնտեղի խուրալի ուլտրաազգայնական ընդդիմության պատգամավորը մի քանի տարի առաջ մեղադրեց թուրք նախագահ Աբդուլա Գյուլին, որ նրա ընտանիքը հայկական ծագում ունի։ Ժամանակակից Թուրքիայում դա ասես «սև նշան» լինի։ Ինչպես նաև քրդական, ինչպես նաև ցանկացած ոչ թուրքական ծագումը։
Թուրքիան, որը վերջերս բարձրաձայնել էր «հարևանների հետ զրո խնդիր» բանաձևը, հիմա հակառակ բան է ստացել․ անթիվ խնդիրներ բոլոր հարևանների հետ, Ադրբեջանից բացի։ Եվ ոչ միայն հարևանների, այլև ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների ու Եվրամիության։
Իսկ մինչ այդ Էրդողանը շարունակում է իր դեմ տրամադրել տասնյակ և հարյուր հազարավոր հայրենակիցների։ Միանգամից նա ավելի քան 18 հազար թշնամի ձեռք բերեց։ Ոչ, սխալվում եմ, այդ 18 հազարը պետք է բազմապատկել 3-ի, 4–ի, հնարավոր է՝ 5-ի։ Դուրս շպրտած այդ մարդկանցից յուրաքանչյուրն ունի ընտանիք, ընկերներ, համախոհներ․ այն մարդիկ, որոնք չեն վախենում նորաթուխ սուլթանից, ու վրեժի ժամանակը վաղ թե ուշ գալու է։
Չեմ փորձում մարգարեի դեր ստանձնել, բայց համարձակվում եմ հիշեցնել, որ Քադաֆին ու Սադամը սեփական քաղաքացիներին շատ ավելի քիչ անարդարություն ու տառապանք էին պատճառել։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։
«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։
Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։
Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։
«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։
Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։
Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։
Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում



