Խորհրդային Միության տարիներին Ջերմուկը բարձր արվեստի բարգավաճման համբավ ուներ։ Նույն ժամանակաշրջանում Ջերմուկի կենտրոնում մշակույթի կենտրոն կառուցեցին` կինոդիտման համար նախատեսված մեծ դահլիճներով, երկհարկանի գրադարաններով, լողավազանով և այլ հարմարություններով։ Հնաբնակներն ասում են, որ համալիրում երիտասարդների պակաս չկար։ Այստեղ փառատոներ էին անցկացվում, այլ քաղաքներից և գյուղերից մարդիկ էին գալիս լողալու և կինո դիտելու։
Բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսեց քանդվել նաև համալիրը. գրադարանը թալանեցին, շենքը մի քանի անգամ հայտնվեց հրդեհի ճիրանում և դարձավ տեղի հարբեցողների սիրելի վայրը։
Այսօր Ջերմուկի կենտրոնում գտնվող ամենամեծ շենքերից մեկն այս տեսքն ունի։

Շենքը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին և արտհաուսային արվեստի սիրահարներին։ Ի դեպ, հիանալի տեղ է ինքնատիպ ֆոտոշարք անելու համար։
Մշակութային մռայլ համալիրից դուրս գալուց հետո հայտնվում ես փոքրիկ, տեղ-տեղ ճահճակալած լճի մոտ։ Մի փոքր շրջանցելով` տեսնում ես բավականին գեղեցիկ մի ծառուղի, որը քվեսթ է հիշեցնում։ Առաջադրանքը հերոսին գտնելն է։
2000-ականների սկզբին Ջերմուկում կառուցել են ջերմուկցի պատգամավոր և գրող Ֆերդինանտ Ղազարյանի անվան ծառուղին։ Այստեղ ամենուր հայ ֆիդայիների արձաններ են։ Կարելի է տեսնել և՛ Հրայր Դժոխքին, և՛ Աղբյուր Սերոբին, և՛ նրա կնոջը` Սոսե Մայրիկին։ Ի դեպ, Հայաստանի տարածքում հայուհիների սակավաթիվ քանդակներ կան, այնպես որ այս արձանը հետաքրքրական է նաև այդ առումով։

Քանդակներ կան ամենատարբեր տեղերում, տարբեր բարձրությունների վրա, ծառերի տակ։ Բոլորը գտնելու և հերոսների կենսագրությանը ծանոթանալու համար առնվազն մեկուկես ժամ է պետք։
Վերջերս Ջերմուկում ճոպանուղի են կառուցել, և դա շատ տեղին է։ Զբոսաշրջիկների տեղ ու դադար չկա։ Ճանապարհը տանում է անանուն լեռան մոտ։ Մենք այն անվանել ենք «համով լեռ»` բուսական հարուստ աշխարհի պատճառով։ Այստեղ ամեն ինչ կա` և՛ սունկ, և՛ անանուխ, և՛ ուրց։

Ընդհանուր առմամբ պատկերն այսպիսին է` ճոպանուղով բարձրանում են կա՛մ լուսանկարչական սարքերով զինված զբոսաշրջիկները, կա՛մ հսկայական տոպրակներով տեղացիները` խոտաբույսեր և սունկ հավաքելու համար։
Իսկ լեռան վրայից տեսնում ես հիասքանչ Ջերմուկը։ Այստեղից երևում է, որ քաղաքը «բնակելի» և «զբոսաշրջային» հատվածների է բաժանված. քաղաքի երկրորդ հատվածում բնակելի տներ և շենքեր գրեթե չկան։ Այնտեղ ջերմուկցիներն աշխատում են և զբոսնում, իսկ երեկոյան վերադառնում են տուն` քաղաքի մյուս ծայր։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաք հայտնի է իր եկեղեցիներով ու սրբատեղիներով։ Ջերմուկն էլ բացառություն չէ։ Ամենահայտնի վանքը, ուր ձեզ կտանեն բոլոր տուրօպերատորները, Գնդեվանքն է։ Բայց աչքից հեռու մի վայր կա, ինչն ավելի արժեքավոր է դարձնում այն։
Փիլքյասը կամ Սուրբ Օքասը սրբավայր է հենց քարանձավում։ Այստեղ հասնելը հեշտ չէ, հատկապես ավտոմեքենայով, բայց Փիլքյասում իսկապես զգում ես աստվածային մթնոլորտը։

Ջերմուկում բարգավաճում է ամենագնացներ ունեցողների գործը։ Ջերմուկի «Տաք ջրերի» մոտ բարձրանալու համար այնպիսի ավտոմեքենա է պետք, որն ամեն ինչին կդիմանա` և՛ ճահճին, և՛ ցեխին, և՛ մարգագետիններին։ Զբոսաշրջիկները շատ են սիրում շրջել ջիփերով։ Թեև չի բացառվում, որ հետո ամբողջ մարմինդ պատվի կապտուկներով, բայց այդ ճանապարհն իսկապես արժի անցնել։

Գեյզերներից մեկը ջերմուկցիները «Օձի աչք» կամ «Թթուջուր» են անվանում։ Այստեղ միշտ կարելի է մեկանգամյա օգտագործման բաժակներ գտնել, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող կարողանա համտեսել տարօրինակ ջուրը։ Բացի այդ, կարելի է լողազգեստ և սրբիչ վերցնել, վերև բարձրանալ, պառկել գեյզերներից մեկում և վայելել ջուրը, ինչպես ջակուզիում։ Այն էլ բացարձակ անվճար։ Այս ամենից կարելի է օգտվել, քանի դեռ տեղացիները հիմնովին չեն «զբաղվել» այս տարածքով։ Այնպես որ պետք է շտապել ու առանց մեծ գումար ծախսելու տեսնել Ջերմուկը։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։
«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։
Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։
Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։
«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։
Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։
Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։
Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում



