Վերջերս Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտնեց, որ այսպես կոչված IPA-ն (Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը, որը կապված է Եվրամիություն մտնելու հայտի հետ) 2018 թվականին 40%-ով կկրճատվի։ Պատճառները շատ միանշանակ են ձևակերպված ու սխալ մեկնաբանությունների տեղիք չեն տալիս. ժողովրդավարության պայմանների, օրենքի գերակայության ու երկրում մարդու իրավունքների վատթարացումը։
Հայտնել են նաև, որ եթե մինչև 2018 թվականի ավարտը Թուրքիայում առաջխաղացումներ չլինեն այդ ոլորտներում, ապա 2019 ու 2020 թվականների համար նախատեսված ֆինանսական օգնությունը կկրճատվի 253 միլիոն եվրոյով։ Ընդ որում, բյուջեն կարող է ավելի կրճատվել. 2014-ից 2020 թվականներին այն կարող է կրճատվել 750 միլիոն եվրոյով։ Եթե Թուրքիան շարունակի իր քմահաճ գործունեությունը։
Ֆինանսական օգնության կրճատման մասին հայտարարությունից բացի, Հանը հայտնել է ևս մի բան, որը չէր կարող չազդել Անկարայի նյարդերի վրա. նա ասել է, որ «ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության անկումով Թուրքիան հեռանում է Եվրոպայից», ու տրամադրվող ֆինանսական աջակցությունը պետք է կրճատվի և ուղղվի Եվրոպայի համար ավելի «առաջնային» ոլորտներ։
Պետք է նշել, որ Եվրոպական Միությունն առաջին անգամ է կրճատում ԵՄ անդամ դառնալու հավակնություն ունեցող պետությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Եվ դա սպասելի էր, քանի որ արդեն պարզ է` ԵՄ-ն Թուրքիայի հետ հույսեր չի կապում։
Անկարայի ներկայիս ռեժիմի համար ևս մեկ տհաճ հայտարարություն արվել է դեռ նախորդ տարի. այն ժամանակ Յոհաննես Հանը նշում էր, որ քանի դեռ պաշտոնապես չեն դադարեցվել Թուրքիայի` ԵՄ մտնելու բանակցությունները, իրավական տեսակետից դեռ անհնար է լիովին կրճատել Միության կողմից Թուրքիային տրամադրվող ֆինանսավորումը։ Ակնհայտ է, որ ֆինանսավորման դադարեցման հարցն այսօր չէ, որ դարձել է արդիական ու քննարկման ենթակա։
Եթե այդ առումով Թուրքիայում ոչ մի բան շտապ չփոխվի, իսկ դրա համար ոչ մի նախապայման չի երևում, ապա ընտրությունների ընթացքն ու դրանց արդյունքներն ամենայն հավանականությամբ կուժեղացնեն եվրոպացիների վճռականությունը գումարային խրախուսումը դադարեցնելու հարցում։ Թուրքիայի` ԵՄ-ին միանալու մասին բանակցությունները դե ֆակտո դադարեցված են, պարզապես դեռ չեն չեղարկվել։ Պարզ է, որ Եվրոպան ընտրությունների է սպասում։
Իսկ այդ ընտրությունների ելքը կանխորոշված է, նույնիսկ եթե պատկերացնենք, որ Էրդողանի վարկանիշը զրոյի հասնի։ Միջազգային դիտորդները, ինչպես մենք սեփական օրինակով բազմիցս տեսել ենք Հայաստանում, կբաժանվեն երկու անհավասար ճամբարի։ Նրանց մեծ մասը կասի, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լեգիտիմ էին, թեև խախտումներ են գրանցվել, բայց դրանք չէին կարող ազդել արդյունքների վրա։ Ու միայն եզակի մարդիկ կասեն այն ամենի մասին, ինչը սեփական աչքերով են տեսել, բայց նրանց ձայնը կխորտակվի միաձայն երգչախմբում։
Եթե մի փոքր էլ հեռու գնանք, ապա եթե իրավիճակը լրջորեն սրվի, Էրդողանը կարող է արտակարգ միջոցների դիմել. մի անգամ արդեն «պետական հեղաշրջում», ավելի շուտ «հեղաշրջման փորձ» եղել է։ Կարող է նորից նման մի բան պատահել. հոգեբանական արգելքը կոտրվել է, հիմա կարելի է ամեն միջոց կիրառել հակառակորդին ճնշելու միջոցների ընտրության հարցում։
Ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը։ Եթե (ավելի շուտ`երբ) Էրդողանը հաղթի ընտրություններում, մեզ համար ոչինչ չի փոխվի։ Միայն անորոշ ժամանակով կհետաձգվի մեր արևմտյան հարևանի կառուցողական ուժերի իշխանության գալը։ Սակայն մենք տարիներ շարունակ սովորել ենք, որ Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չկա։ Եվ ամուր փակված սահմանի պայմաններում (սա` իմ խորին համոզմամբ) բացառապես մեր օգտին է։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Տարբերակներ ունեի՝ կա՛մ Ադրբեջանում սովորելու, կա՛մ էլ Հայաստանում։ Ընտրեցի Հայաստանը»,– ժպտալով ասում է թխամաշկ բարետես երիտասարդը։ Ասում է արտահայտված առոգանությամբ, բայց գրագետ հայերենով։ Ալաա Ալ-Սաիդն է, ծնունդով` Իրաքից, ազգությամբ` արաբ, կրոնով՝ մուսուլման։ 22 տարեկան է, երեք տարի առաջ է ընտրության առաջ կանգնել՝ ո՞ր երկրում շարունակի կրթությունը։
«Երկու երկրների տարբերակներն էլ լավն էին, բայց ես որոշեցի, որ պատրաստ եմ ինձ համար լրիվ անծանոթ միջավայրում լինել։ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, Հայաստանը՝ քրիստոնյա։ Ես գիտեի, որ ինձ այստեղ ավելի անսովոր է լինելու», - բացատրում է Ալաան։
Այժմ նա ուսանում է «Եվրասիա» միջազգային համալսարանի դեղագիտության ֆակուլտետում։ Դասերը անգլերենով են անցնում, վարժ հայերենը սովորել է Հայաստանում կամավորություն անելու միջոցով։

«Սկզբի ամիսներին անգիր էի արել «ես հայերեն չեմ խոսում» արտահայտությունը ու դա էի ասում տաքսու վարորդներին։ Մեկ ա՝ շարունակում էին հետս հայերեն խոսել, - ասում է ու ծիծաղում, - հետո սովորել էի «հորս արև, հայերեն չեմ խոսում, ախպերս»։ Մեկ ա՝ լսող չկար»։
Ալաան մինչև հիմա իր հեռախոսի մեջ հավաքում է նոր լսած հայերեն բառերը։ Իր ցանկում «արևից» մինչև «մեռնեմ քեզ» ու «լվացքի փոշի» բառերը կան։ Վերջերս դրանց ավելացավ «պատերազմ» բառը։ Այս բառի հայերեն տարբերակը նորություն էր Ալաայի համար, բայց բովանդակությունը` ոչ։
«Դե, Իրաքից եմ, - տխուր ժպիտով ասում է Ալաան, - մեր տունը բուն մարտական գործողություններից հեռու է եղել, բայց շատ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, որոնց վնասել ա պատերազմը։ Նույնը, ինչ էստեղ եղավ՝ մարդիկ վախեցած էին, մահանում էին երիտասարդներ, կանայք լացում էին․․․»։

Ալաան պատմում է, որ պատերազմի օրերին մարդիկ սկսեցին ավելի սերտ ասոցացնել իսլամը Ադրբեջանի հետ։
«Ադրբեջանը վատն է, Ադրբեջանում իսլամ են դավանում, ուրեմն իսլամը վատն ա։ Նման մտածող մարդիկ իրենց կյանքում մուսուլմանների չեն տեսել, լսել են միայն մեդիայից։ Եթե ես էլ միայն մեդիայից պատկերացում կազմեի մուսուլմանների մասին, ես էլ կմտածեի՝ վատն են», - պատմում է իրաքցին։
Պատերազմի օրերին մի անգամ ընկերոջ հետ տաքսի է նստել։ Վարորդը, իմանալով, որ Ալաան մուսուլման է, ընկերոջն ասել է՝ չարժի հետը շփվես։ Չի իմացել, որ Ալաան հասկանում է հայերեն։

«Հիմնականում կոպիտ են լինում հենց վարորդները։ Իմ հայ ընկերները շատ ուշադիր են իմ նկատմամբ ու շատ հարգանքով են վերաբերվում կրոնիս։ Եթե փաբ ենք գնում, մատուցողին խնդրում են ինձ ալկոհոլի մենյու չտալ․ իմ կրոնով թույլատրված չէ խմել։ Աղջիկներից մեկը անգամ ուսումնասիրում էր աղցանս՝ համոզվելու, որ մեջը խոզի միս չկա (դա էլ մուսուլմանները չեն ուտում)», - պատմում է Ալաան։
Ասում է, որ բաց է կրոնի մասին խոսելու համար, որովհետև մարդկանց հետ հարաբերությունները իր համար հորիզոնական դիրքի վրա են, իսկ աստծո հետ՝ ուղղահայաց․ մեկը մյուսին չի հատվում ու չի կարող խանգարել։ Պատմում է, որ մի օր Facebook-ով իրեն ընկերության առաջարկ է ուղարկել մի հայ տղա ու հարցրել՝ իսկ ճի՞շտ է, որ մուսուլմանների համար արդարացված է քրիստոնյաների սպանությունը։

«Նման հարց են տալիս, երբ Ղուրանում մի ամբողջ հատված կա՝ նվիրված քրիստոնեությանը, Մարիամին, Հիսուսին, երբ ասված է, որ պետք է հարգել մյուս կրոնները ու խաղաղության մեջ ապրել քրիստոնյաների ու հրեաների հետ։ Հիմա այդ հարց տվող տղան իմ ամենամոտ ընկերներից է։ Այժմ Գերմանիայում է սովորում, ես էլ իրեն Հայաստանից մատնաքաշի ֆոտոներ եմ ուղարկում, որ կարոտի», - ասում է Ալաան։
Ալաան այստեղ ապրելու տարիներին շատ է շրջագայել Հայաստանով, եղել է ամենահայտնի եկեղեցիներում, շատ է սիրել Գառնու տաճարը։ Երևանի Կապույտ մզկիթում էլ է եղել, բայց աղոթք չի արել․ այն որպես թանգարան է դիտարկել։ Ասում է՝ աղոթքը դրսի աշխարհի մասին չէ, և դրա համար տաճարի պատերից առավել կարևոր են ներսի կայացած պատերը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



