Մոխրոտիկի ճակատագրով` նորացող հին Դվինը

Բարդ ճակատագրով երևանյան «մոխրոտը» կամ ինչ կլինի նոր հին «Դվինի» հետ

819
(Թարմացված է 01:02 01.06.2018)
2019թ.–ին Երևանի ամենահայտնի շենքերից մեկը` «Դվին» հյուրանոցը, կնշի 40–ամյա հոբելյանը։ Դեռ անցած տարվա վերջին Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ 87,2 միլիոն դոլարի ներդրումներ կուղղորդվեն դեպի այդ հյուրանոցային համալիրի վերակառուցումն ու կստեղծվի 400 աշխատատեղ։

2019թ.–ին Երևանի ամենահայտնի շենքերից մեկը` «Դվին» հյուրանոցը, կնշի 40–ամյա հոբելյանը։ Այդ շենքին բաժին է ընկել բարդ ճակատագիր. վերելքի շրջանն ավարտվել է ԽՍՀՄ կործանման հետ, հետո սկսվել է ամայության և լքվածության երկար փուլ։ Այժմ թվում է` հայտնվել է հույսի շող։

Հայկական ԶԼՄ–ները, հղում անելով «Դվին» հյուրանոցի պաշտոնական կայքին, հաղորդում են, որ նախատեսվում է «վերակառուցել և վերաբրենդավորել հյուրանոցային համալիրը» և այն վերանվանել Hayastan Hotel։ Բացումը նախատեսված է 2018թ–ի վերջին։ Խոստանում են, որ վերակառուցումից հետո «Դվինը» կդառնա Երևանի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցներից մեկը։ Այստեղ կլինեն առաջնակարգ ռեստորաններ, խանութներ, բիզնես և սպա կենտրոն, լողավազան, մարզասրահ, հանդիսությունների սրահ և ակումբներ, այդ թվում` մանկական։

Макет интерьера Hayastan Hotel
Hayastan Hotel ներքին հարդարման մանրակերտը

Բլրի հյուսիսային լանջին, որտեղ ծվարել է Երևանի հնագույն թաղամասերից մեկը` Կոնդը, «Դվին» հյուրանոցն իր ամբողջ գեղեցկությամբ վեր է խոյացել 1979թ–ին։ Ճարտարապետների խումբը` Է. Սաֆարյանը, Ա. Ալեքսանյանը և Ֆ. Հակոբյանը, ստացել են Հայկական ԽՍՀ պետական մրցանակ, և պետք է խոստովանել, որ` ոչ հենց այնպես։

«Դվինը» դարձել էր նոր ժամանակների յուրահատուկ շունչ կիսախարխուլ Կոնդի ֆոնին և, չնայած հայկական ճարտարապետության համար ավանդական ոճին, բավական ժամանակակից և համարձակ տեսք ուներ։ Առանց «նեղացնելու» հանդիպակաց վեր խոյացող «Հրազդան» հյուրանոցին, որը գտնվում է համանուն կիրճի մոտ, պետք է ասել, որ «Դվինի» համեմատ այն սովորական բազմահարկ շենք էր` ապակուց և բետոնից։ Երևանցիները հպարտանում էին նոր հյուրանոցով, որի ռեստորանը շատ արագ հայտնի էր դարձել. այնտեղ գնում էին ոչ միայն ուտելու–խմելու, այլ երբեմն` նաև էքսկուրսիայի։

Հենց ինքը Կոնդն էլ էր դարձել հայտնի. զբոսաշրջիկները լուսանկարում էին հին թաղամասը` բակերը, տները և հյուղակները, պատշգամբների մարդկանց և բակում խաղացող երեխաներին, ոչ մեծ եկեղեցին։ Այդ ժանրային լուսանկարներն արագ տարածվում էին ամբողջ աշխարհում և հարյուրավոր պարբերականներում։

Երբ վախճանվեց համամիութենական «Ինտուրիստը», որի շնորհիվ հյուրանոցը կենվորների պակաս չէր ունենում, և փոխվեցին ժամանակները, «Դվինը» մատնվեց անգործության։ Ինչ–ինչ պատճառներով լուրջ հավակնորդներ չգտնվեցին, և 90–ականների սկզբին հյուրանոցը հապճեպ մասնավորեցվեց։ Հավանաբար սեփականատերերն ուղղակի չգիտեին, թե ինչպես կարելի է տնօրինել այդպիսի անշարժ գույքը, և «Դվինը» մեկը մյուսի հետևից սկսեց փոխել տերերին։

Տարիներ անց զբոսաշրջությունը հայտարարվեց երկրի համար գերակա ոլորտ, ու թեև զգալիորեն աճեցին հյուրանոցների, հյուրատների և մոթելների շինարարության տեմպերը, «Դվինը» շարունակեց մնալ լուսանցքի այն կողմում։ Ներքին հարդարանքի մեծ մասը փչացավ, շենքը կամաց–կամաց սկսեց քանդվել ու տարեցտարի այն խելքի բերելու նախահաշվարկի թվերն ավելացան։

Բազմաթիվ խոստումներ եղան, եղավ նույնիսկ հրդեհ, անկեղծ ասած` տարօրինակ հրդեհ. թե երբեմնի հիանալի շենքի քարե կմախքից ի՞նչը կարող էր այրվել` անհասկանալի է, բայց ինչ եղել, եղել է։

Пожар в бывшей гостинице Двин
© Sputnik / Ani Liparityan
Հրդեհ Դվին հյուրանոցի շենքում

Հրդեհը բռնկվել էր այն բանից հետո, երբ 2014թ–ին տարածքում հայտնված բանվորներն ինչ–որ բան էին կոտրել։ Լրատվամիջոցներն այդ օրերին գրում էին, որ քննարկվում է շենքը քանդելու հարցը, բայց տեղեկատվության հավաստի աղբյուրներ չէին նշում. դա այդպես էլ մնաց որպես չհաստատված լուր, բայց հաշվի առնելով քաղաքային խորհրդանիշները քանդելու` Երևանի գրեթե բոլոր քաղաքապետների հակումը, դա այնքան խելքից հեռու խոսակցություն չէր թվում։

Ամեն դեպքում, «Դվինը» կանգուն մնաց։ Հավանաբար շատ մեծ ներդրումներ էին պահանջվում, որոնք կարող էին կատարել միայն միջազգային ցանցերը, ինչպիսին է օրինակ Marriott–ը։ Բայց, ինչպես արդեն ասվեց, նրանց կողմից հետաքրքրություն չեղավ, իսկ ավելի փոքր ներդրողները կա՛մ չէին հաղթահարի նման ծավալները, կա՛մ պարզապես չէին էլ ձգտում հաղթահարել ։

Դեռ անցած տարվա վերջին Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ 87,2 միլիոն դոլարի ներդրումներ կուղղորդվեն դեպի այդ հյուրանոցային համալիրի վերակառուցումն ու կստեղծվի 400 աշխատատեղ։ Եթե այդպես է և սայլը վերջապես շարժվել է տեղից` լավ է, որ հիանալի շենքը կվերականգնվի` թեկուզ որոշ արտաքին փոփոխություններով. այսքան տարիներ անց դրանից չես խուսափի։ Ենթադրվում է ստեղծել մոտ 55 հազար քմ մակերեսով հյուրանոցային համալիր, որը կդառնա նմանօրինակ բնութագրերով միակը Երևանում։

Макет интерьера Hayastan Hotel
Hayastan Hotel–ի ներքին հարդարման մանրակերտը

Իհարկե, սպասելի է, որ ինտերիերն ամբողջությամբ կփոխվի. առաջին հերթին` հինը չի պահպանվել, և հետո` անցած տասնամյակների ընթացքում նման կարգի հյուրանոցներից ակնկալիքներն արմատապես փոխվել են։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, ներքին հարդարանքի հին տարբերակը վերականգնելու իմաստ չկա։

Դե ինչ. եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա հին «Դվինի» նորացված տարբերակը ողջունելի է։ Նույնիսկ այն պարագայում, երբ Երևանի փոքր կենտրոնում դժվար է գտնել մի շենք, որը չի լինի այս կամ այն հարմարավետությամբ և հեղինակությամբ հյուրանոց։

819
թեգերը:
Կնոդ, Դվին հյուրանոց, Տարոն Մարգարյան, Կոնդ
Ըստ թեմայի
Հրդեհ Դվին հյուրանոցում
Հին Երևանի կանգուն վկաները. Հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

29
(Թարմացված է 23:44 06.05.2021)

Ադրբեջանցի պաշտոնյաներն անուղղակիորեն ընդունել են այն փաստը, որ Շուշիի հայկական գլխավոր խորհրդանիշի՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարի, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, տեսքի փոփոխության մասին քաղաքական ղեկավարության կարգադրություն կա: Վերականգնման աշխատանքների պատրվակով արդեն ջնջվել են հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ ինչպես են Բաքվում պատրաստվում արդարացնել այդ վանդալիզմը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Շուշիում, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ապամոնտաժվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրածայր գմբեթը և դրա փոխարեն կլոր մի կառույց է տեղադրվել։ Մինչ այդ եկեղեցու պատերի մոտ արդեն շինհրապարակ էր ծավալվել։ Բաքվում հայտարարել են, որ տաճարը վերականգնվում է, քանի որ այն տուժել է պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու թիրախային հրթիռային հարված հասցրեցին տաճարին։ Արդյունքում վիրավորվել էին եկեղեցում աղոթող մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ռուսաստանցի երեք լրագրողներ։ Վնասվել էր տաճարի գմբեթը։ Վնասված գմբեթը վերականգնելու փոխարեն այն վերականգնման պատրվակով ամբողջությամբ վերացվել է։ Բաքվում պնդում են, թե, իբր, տաճարն ի սկզբանե այդպիսի տեսք ուներ մինչ «հայերի կողմից հայաֆիկացվելը»։

Մտահաղացման վերջնական նպատակի վերաբերյալ մի քանի վարկած կա։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով, հնարավոր է, որ տաճարը մահմեդական մզկիթի վերածվի: «Չի կարելի բացառել այդ հավանականությունը։ Հիշենք թուրքական իշխանության կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն ամենը, ինչ անում է ավագ եղբայրը, հետո օրինակ է ծառայում կրտսերի համար»,- ասել է Բաբայանը։

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարի ճարտարապետական կերպարը խեղելուց հետո պատրաստվում են հայտարարել, որ այն ալբանական է ու փոխանցել ձևավորվող ուդիների քրիստոնեական համայնքին։ Այս մասին է վկայում, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթը, որը հունվարի կեսերին ասել էր, որ «Շուշիի Ղազանչի եկեղեցին, ինչպես և Ղարաբաղի ալբանական մյուս եկեղեցիները, կվերականգնվեն ու կփոխանցվեն օրինական տերերին»:

Церковь Сурб Казанчецоц на фото-открытке 1911 года
© Photo : Public domain
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, 1911 թվականի բացիկ

Նույն ոճով են արտահայտվում նաև Բաքվի իշխանամետ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակները։ Ահա թե ինչ է գրում Haqqin.az-ը. «Ադրբեջանական իշխանությունն ուղղում է սխալները։ Սկսվել է Շուշիի տաճարի վերականգնումը։ Դրա հետագա ճակատագիրը կորոշեն ադրբեջանցի քրիստոնյաները՝ հին ալբանների ժառանգները ՝ ուդիները»։ Եվ դա այն դեպքում, երբ կովկասյան ալբանացիները ձուլվել են Ղազանչեցոց եկեղեցու կառուցումից շատ առաջ, իսկ ալբանացիների հետնորդ ուդիներն ապրում են Շուշիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Երրորդ վարկածի համաձայն ՝ տաճարը պատրաստվում են ներկայացնել որպես ուղղափառ ու հետագայում հանձնել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Դրա համար վաղուց են հող պատրաստում։ Դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցի պատմաբանները փորձել են զգուշորեն խոսակցություններ սկսել այն մասին, թե իբր Ղազանչեցոցն ի սկզբանե ուղղափառ է, ու այն կառուցել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Դա հաստատում են լուսանկարներով, որոնցում տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի։ Այս ձևով այն հեռվից նման է ուղղափառ եկեղեցու։ Հենց այդ ֆոտոշարքերն են դրված ներկայումս ակտիվորեն շահագործվող լեգենդի հիմքում։

Церковь Сурб Казанчецоц, 1990-е годы
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 1990-ականներին

«Վերականգնողական աշխատանքները կատարվում են ինքնատիպ ճարտարապետական ոճով Շուշա քաղաքի պատմական տեսքը վերստեղծելու նպատակով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Եկեղեցին կվերականգնվի սկզբնական տեսքով, ինչպես նախկինում էր, առանց սրածայր գմբեթի», - պարզաբանել է Ադրբեջանի եվրաինտեգրման կոմիտեի անդամ Տողրուլ Ջուվարլին: «Հայերը փոխել են եկեղեցու տեսքը։ Նրանք վերակառուցել են այն և կառուցել սրածայր գմբեթը, որը նախկինում չկար։ Այժմ աշխատանքներ են տարվում եկեղեցին սկզբնական տեսքի վերադարձնելու ուղղությամբ», - ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որը խնդրել է չհիշատակել իր անունը։

Ի՞նչ է եղել իրականում։ Լուսանկարները, որոնց վրա տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի, իրական են։ Տաճարը դրանց վրա պատկերված է 1920 թվականի հայերի կոտորածից հետո։ Հայտնի է, որ ջարդերի օրերին տեղի թաթարները քանդել են Ղազանցոց եկեղեցու գմբեթը և հանել խաչը։ Մերկացված ներքին կառույցը, որի վրա հենվում էր գմբեթը, կլորացված էր և արտաքնապես հիշեցնում էր ուղղափառ եկեղեցու գմբեթի ձևը։ Տաճարն այդպիսի տեսք ուներ մինչև 1992 թվականը, երբ դրա նախնական տեսքը վերականգնվեց։ Վերականգնումն իրականացվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի լուսանկարների հիման վրա։ Բազմաթիվ արխիվային նյութեր հաստատում են, որ ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցը տաճարը նախագծել է հենց սուր գմբեթով։ Այսպիսին է այն կառուցել գլխավոր շինարար Ավետիս Երամիշյանցը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ճարտարապետի և շինարարի անունները փորագրված են եկեղեցու խորանի ճակատային հատվածում։ Հարավային հատվածի վերին մասի արձանագրությունը փաստում է, որ տաճարը կառուցվել է ծխականների միջոցներով և նվիրատվություններով։ Այնտեղ նշվում է, որ շինարարությունը սկսվել է 1868-ին Գևորգ Դ կաթողիկոսի օրոք և ավարտվել 1887-ին ՝ պատրիարք Մակար Ա-ի օրոք։ Տաճարից մի փոքր ավելի վաղ կառուցված զանգակատան արևելյան պատին փորագրված է․ «Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասանի և որդիների՝ Արուպի և Ստեփանի և բոլոր ղազանչեցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր ողջերի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Բոլոր գրությունները բնականաբար հայերեն են։ Այս ամենով հանդերձ ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկեղեցին հայերը չեն կառուցել, ու որ այն գործել է որպես ուղղափառ տաճար։

Պարզվում է ՝ առասպելն այն մասին, որ Ղազանչեցոցը ռուսական ուղղափառ եկեղեցի էր, շարունակություն ունի։ 

Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի պրոֆեսոր Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն էլ իրենց հերթին են գողացել տաճարի շենքը: Նկարագրելով Ղազանչեցոց եկեղեցու ծագման պատմությունը՝ ճարտարապետը պնդում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար եկեղեցի հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակային ղեկավարությունը զանգ կախեց Ղարաբաղյան խանի պալատի աշտարակին և այստեղ երկրպագելու պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում ղարաբաղյան խանության շենքը ռուսական բանակի հրամանատարության հրամանով վերանորոգվել է և հարմարեցվել է եկեղեցական ոճին»։ Կարելի է, իհարկե, այս ամենին հումորով վերաբերել։ Բայց Շուշիից գաղթած հայերի ծիծաղը չի գալիս։

Շուշիում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելու Ադրբեջանի իշխանության փորձերը, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում Բաքվից հնչող հավաստիացումների ենթատեքստում, թե նրանք պատրաստ են պայմաններ ստեղծել Արցախում երկու համայնքների խաղաղ գոյակցության համար: Ադրբեջանի իշխանության շարունակական վանդալիզմի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելության՝ տարածաշրջան այցին խոչընդոտելու փաստը հատուկ իմաստ է ստանում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մոտեցումն այս հարցում միանշանակ է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցության հստակ է արտահայտվել․ «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կողմնակից ենք: Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգեւոր արժեքների պահպանմանը։ Մենք հաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ տարածաշրջան այցը շուտափույթ կազմակերպելու կարևորությունը »։ Միայն թե դա շուտ լինի։

29
թեգերը:
Շուշի, Ադրբեջան, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Մարիամ Զաքարյանի հավաքածուից

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

35
(Թարմացված է 21:59 06.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ Էկվադորում ուր որ է կավարտվի Լենինի դարաշրջանը, իսկ Հնդկաստանում այս շաբաթ մեծ հաջողության է հասել Ստալինը՝ հաստատ շատ կզարմանաք։

 

Փորձեք կռահել, թե ինչ է նշանակում Ույուրվկոս

Ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ Հնդկաստանի Ստալինը դեմոկրատ է և մի ժամանակ ճաղերի հետևում է հայտնվել իր ժողովրդավարական հայացքների պատճառով։ Շատ ճիշտ եք, խոսքն ընդամենն այն մասին է, որ Հնդկաստանի Թամիլնադ նահանգում առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար է ընտրվել Ստալին անունով քաղաքական գործիչը՝ Մութհուվել Քարունանիդհի Ստալինը։ Ինչ վերաբերում է Էկվադորին, ապա, երևի գիտեք, որ վերջին տարիներին այնտեղ նախագահում էր Լենին Մորենոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի երկրորդ կեսին։

​Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ հեռավոր Էկվադորում  նախագահում էր մի մարդ, որի անունը Լենին է, սակայն մասնագետները պնդում են՝ Լատինական Ամերիկայում դա շատ սովորական երևույթ է, որովհետև անցած դարի 60-ական թվականներին՝ Կուբայի հեղափոխությունից հետո, Խորհրդային Միության և այդ պետությունների հարաբերությունները շատ  էին սերտացել, և կտրուկ ավելացել էր այն ծնողների թիվը, որոնք իրենց երեխաներին տալիս էին խորհրդային հայտնի առաջնորդների անունները։ Մի հանրահայտ օրինակ բերեմ։ Հաստատ լսել եք Շնագայլ Կառլոսի անունը։ Վենեսուելացի այդ ահաբեկիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման և գտնվում է Ֆրանսիայի բանտերից մեկում։ Նրա լրիվ անունն է Իլյիչ Ռամիրես Սանչես։ Ինչո՞ւ։ Հայրը՝ Խոսե Ռամիրեսը, Մարքսի և Լենինի ուսմունքների մոլի հետևորդ էր և ավագ որդուն անվանել էր Վլադիմիր, միջնեկին՝ Իլյիչ, իսկ կրտսերին, բնականաբար, Լենին։

​Ասենք, ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում։ Չէ՞ որ մեզ մոտ՝ Հայաստանում էլ են տարածված այն անունները, որոնք առնչվում են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի և նրա զինակիցների հետ՝ Վիլեն, Վլադիլեն, վերջապես Լենդրոշ։ Շատերը կարծում են, թե դա նշանակում է Լենինյան դրոշ։ Այնինչ ի սկզբանե այդ անունը հնչել է այսպես՝ Լենտրոշ, այսինքն՝ Լենին, Տրոցկի, Շահումյան։ Իհարկե, Հայաստանում շատ ավելի տարածված են շեքսպիրյան անունները, մանավանդ՝ Համլետը , ինչը շատերը բացատրում են նրանով, որ մենք՝ հայերս, առանձնակի սեր ունենք մեծ անգլիացու հանդեպ։ Բայց վերջերս կարդացի, որ Մոսկվայի զագսերում միայն անցած տարի գրանցվել է առնվազն 5 Համլետ։ Իհարկե, շատ ճիշտ եք, չի բացառվում, որ այդ նորածինները Մոսկվայում ապրող հայերի երեխաներն են։

​Այո, հայերը սիրում են իրենց երեխաներին անսովոր անուններ տալ։ Ունեինք Ժակ և Շիրակ, վերջերս ունեցանք նաեւ Ջոբայդեն։ Այս վերջինն, ասում են` կատակ է. ինչևէ։ Սա նոր երևույթ չէ։ Դեռ դպրոցական տարիքում հայրս ու մայրս ինձ տարել էին Սև ծով։ Եվ, պատկերացրեք զարմանքս, երբ ավազին պառկած մի կին, որի ամուսինը լողում էր ափից բավական հեռու, հանկարծ վեր թռավ տեղից ու բղավեց. «Ժուլվեռն, հե՛տ արի, ես քեզ ասում եմ՝ հե՛տ արի, այ Ժուլվեռն»։ Ու հեռվից լսվեց ամուսնու զիլ ձայնը. «Բրդուճը պատրաստիր, գալիս եմ, Դեզդեմոնա ջան»։

​Բայց ասեմ ձեզ՝ եթե կարծում եք, թե մենք՝ հայերս, այս իմաստով եզակի ազգ ենք, չարաչար սխալվում եք։ Մի քանի տարի առաջ Նոր Զելանդիայում իշխանությունները հրապարակեցին մոտ 100 անունների ցուցակ և զգուշացրեցին քաղաքացիներին՝ այսպիսի անուններ համապատասխան մարմինները չեն գրանցելու։ Շատ արտասովոր անուններ կան այդ ցուցակում, բայց ինձ ամենից շատ դուր եկավ այս մեկը՝ «16 համարի ավտոբուսի կանգառ»։ Ծիծաղո՞ւմ եք, իսկ ես պատկերացնում եմ, որ ծնողները, որոնք նման ոչ կոնվենցիոնալ անունով են ցանկացել կոչել իրենց տղային, հանդիպել են հենց 16 համարի ավտոբուսի կանգառում և ուղղակի ցանկացել են որդու անվան միջոցով հավերժացնել իրենց սիրո մասին հիշողությունը։ Պարզապես չեմ պատկերացնում, թե հետո, երբ տղան դպրոց գնա, ինչպե՞ս է մայրը դուրս գալու պատշգամբ ու կանչելու բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղացող որդուն. «16 համարի ավտոբուսի կանգա՛ռ, արի տուն՝ դասերդ արա»։

Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը

​Բայց երևի թե տարօրինակ անունների ամենամեծ բազմազանությունը ժամանակին գոյություն ուներ ԽՍՀՄ-ում, և դա երբեմն կապված էր կոնկրետ իրադարձությունների հետ։ Վերջերս Վիքիպեդիայում կարդացի, որ կար նույնիսկ այսպիսի անուն՝ Դոգնած-Պերեգնած։ Ես հո լավ եմ հիշում Կոմիտասի փողոցի շենքերից մեկին փակցրած խռուշչովյան կարգախոսը. «Догнать и перегнать Америку!»։ Եվ վերջում, եկեք գրազ գանք, որ երբեք չեք կռահի, թե որտեղից է ծնվել էլի Սովետի ժամանակ տղաներից մեկին տված անունը՝ Уюрвкос։ Լավ, հուշեմ՝ դա եղել է ուղիղ 60 տարի առաջ։ Չկռահեցի՞ք։ Էդ դեպքում վերջին հուշումը՝ այդ երեխան ծնվել էր ապրիլի 12-ին։ Տեսաք, որ ճիշտ էի, երբ պնդում էի, որ կյանքում երբեք չեք կռահի, թե ինչ է նշանակում Уюрвкос։ Էլ չտանջեմ ձեզ և ասեմ, որ Уюрвкос  հապավումը բացվում է շատ հասարակ՝ «Ура, ЮРа В КОСмосе!»։ Իսկ դուք ասում եք՝ Դոգնած-Պերեգնած։

35
թեգերը:
անուն, ԽՍՀՄ, Վլադիմիր Իլյիչ Լենին, Իոսիֆ Ստալին, Հնդկաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը