Ադրբեջանական կողմը պատրաստվում է Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան ուղևորության հարցը բարձրացնել ԵԽԽՎ–ի հուլիսյան նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։ Հետաքրքիր է` արևելյան կողմն ամեն անգա՞մ է այդպես արձագանքում հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերին, թե՞ նրանք հենց Փաշինյանի դեմ ինչ-որ բան ունեն։
Թերևս, ամեն անգամ։ Բայց այդ դեպքում «բարձրացված հարցն» այդպես էլ կախված կմնա, որովհետև Հայաստանի ղեկավարությունը հաճախ է այցելում Ստեփանակերտ, ու եվրոպական համապատասխան կառույցները երևի նույնիսկ հոգնել են Ադրբեջանի հարցերին չարձագանքելուց։ Բայց պաշտոնական Բաքուն համառորեն շարունակում է բարձրացնել բոլորի կողմից անտեսվող հարցը։
Հետո էլ վիրավորվում է։ Վիրավորվում է, որ Հայաստանի նորընտիր վարչապետն էլ է մի տեսակ «ապակառուցող» ու ոչ մի կերպ չի ուզում Արցախը տալ։ Իսկ Բաքվում այնքան մեծ հույսեր էին կապում, որ իրենց ցանկությունները փոխադարձ կլինեն…
Սա հերիք չէր, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ` մյուս կողմից։ Հիշեք նրա պաշտոնը` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, հենց արտաքին գործերի նախարարության, այլ ոչ թե ԵԽԽՎ կաշառքների համար նավթից սև ձկնկիթ պատրաստող կիսաօրինական արտադրամասի։
Այդպիսի պաշտոն զբաղեցնող մարդը ինչ-որ աներևակայելի անհեթեթություններ է դուրս տալիս։ Ահա մի մեջբերում նրանից. «1992 թվականի մարտին ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես ղարաբաղյան հակամարտության կողմեր հաստատվեցին Հայաստանն ու Ադրբեջանը, շահագրգռված կողմեր ճանաչվեցին Լեռնային Ղարաբաղի հայկական ու ադրբեջանական համայնքները»։
Անհասկանալի է` որտեղից է Հաջիևը սա վերցրել։ ԵԱՀԿ-ի կայքում կարելի է գտնել մի փաստաթուղթ, որը կոչվում է ԵԱՀԿ ՄԽ մանդատ, որում հակամարտության կողմերի մասին ոչ մի խոսք չկա։
Հաջիևի պաշտոնը ենթադրում է, որ նա գոնե տարրական բաները պետք է իմանա. երբեք ու ոչ մի տեղ, աշխարհի ոչ մի հակամարտության դեպքում էթնիկ համայնքները որպես կողմ չեն ճանաչվել, համենայն դեպս` այդ մակարդակով։
Հետո էլ վիրավորվում են, պատրաստվում են Ինտերպոլի միջոցով ձերբակալել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, և վիրավորվում են, որ իրենց վրա ծիծաղում են։
Եվ ինչպես միշտ ադրբեջանական լրատվամիջոցներում զվարճալի արտահայտություններ են հայտնվում։ Մասնավորապես` Հայաստանին առաջարկում են դուրս գալ բանակցային գործընթացից, որպեսզի, հասկանո՞ւմ եք, ղարաբաղյան բանակը ադրբեջանականի հետ մենակ մնա։ Իբր նրանք Ադրբեջանում դեմ չեն։
Հետո էլ վիրավորվում են, երբ հիշեցնում ես` ղարաբաղյան բանակը ադրբեջանականի հետ մի անգամ արդեն մենակ մնացել է` 1990-ականների սկզբին։ Ինչո՞վ ավարտվեց։ Ճիշտ է` նրանով, որ մեկ դարի պատմության ընթացքում Ադրբեջանի «ամենահզոր» հրամանատարը ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի հրամանատարին «Ձերդ Գերազանցություն» ասաց ու հրադադար խնդրեց։ Ավարտվեց նաև նրանով, որ մեր արևելյան հարևանը սկսեց անընդհատ վիրավորվել ու երևի դեռ երկար է շարունակելու վիրավորվել։
Մեր «Իսկանդերներն» էլ, պարզվում է, շարքից դուրս եկած են։ Աստված չանի, իհարկե, որ այդ «շարքից դուրս» եկած «Իսկանդերները» ստիպված լինեն հերքել ադրբեջանական լրատվամիջոցների ախտորոշումը։ ՄՆում է հասկանալ` ինչպե՞ս կարող է «շարքից դուրս եկած» լինել այն զենքը, որի փորձարկումների առաջին փուլը 2011 թվականին է ավարտվել։ Իսկ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ամենամյա պարբերականը` Military Balance-ը, նախորդ` 2017 թվականին համեմատել է ԱՄՆ-ի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն ու «Իսկանդերը»` նշելով, որ «Իսկանդերը» գործողության հեռավորության առավելություն ունի։
Շարքից դուրս եկած «Իսկանդերների» մասին ապշերոնյան ափերում երևի խոսում են ափամերձ պաշտպանության նախարարությունից։ Այդ ժամանակ պետք չէ նախարարությունից վիրավորվել։
Վիրավորվում են նաև, որ արցախցիները պաշտոնական Բաքվին չեն հավատում, երբ հայտարարում է, որ նրանց լայն ինքնավարություն և այլ արտոնություններ կտրամադրի։ Վերջից սկսենք. հենց Արցախն է «արտոնություններ» տալիս միայն այն փաստով, որ բանակցություններ է վարում մի պետության հետ, որի տարրական դասարանների երեխաներին սովորեցնում են, թե հայերին պետք է սպանել։ «Հիտլերյուգենդը» նախանձից կմեռներ, իսկ վիրավորվում են հայերից, որ այդ նենգ մարդիկ չեն հավատում ադրբեջանցիների մեծ ու լուսավոր սիրուն։ Բայց Սումգայիթից, Բաքվից ու Մարաղայից հետո մարդու հավատը մի տեսակ չի գալիս, ուզում եք նեղացեք, ուզում եք` ոչ։
Իսկ վիրավորանքների ամբողջական հավաքածուի համար պակասում է միայն վիրավորանքը Եվրախորհրդարանից, որը ոչ լիովին է կաշառված։ Կարող եմ գրազ գալ, որ Բաքվում հիմա ամենայն լրջությամբ զղջում են, որ չեն հասցրել այդ խորհրդարանում բոլորին անխտիր կաշառել։ Քանի որ այնտեղ համոզված են` ցանկացած մարդու կարելի է կաշառել. անկաշառ մարդ չկա։ Իրենց արշինով են չափում։
Դե ինչ, Ադրբեջանի այսօրվա վիճակում դրա օգտին կարելի է ձայն տալ միայն լավ կաշառքի դիմաց։ Դա հասկանում է նույնիսկ պաշտոնական Բաքուն, հակառակ դեպքում` ինչի համար էին գումար ծախսել։ Հետո էլ վիրավորվում են եվրոպացիներից։
Գիտեմ, որ Ադրբեջանում պաշտոնական քարոզչության դեմ իմունիտետ ունեցող շատ մարդիկ կան, փորձից գիտեմ։ Պաշտոնական Բաքուն կարող էր մտածել քարոզչությունը փոխելու մասին, որպեսզի անտեղ հայատյացությունը չհնչեր լայն ինքնավարության ու հավերժ բարեկամության առաջարկություններին զուգահեռ։ Այդ դեպքում կարող է վիրավորվելու առիթ էլ չլիներ։ Քայլ առ քայլ, սկսած մեկ վիրավորանքից ձերբազատվելուց մինչև մյուս վիրավորանքի չնչինությունը հասկանալը։
Ու կհամարձակվեմ խորհուրդ տալ պարոնայք Գուլիևին ու Հաջիևին և նրանց նման անհամար մարդկանց. մի փոքր քիչ վիրավորվեք ուրիշներից։
Ինչպես ասում էր մեծն զինվոր Շվեյկը, «ձեզ ոչ ոք չի ասել այնպիսի մի բառ, որը կարելի էր վատ մեկնաբանել։ Եթե, օրինակ, մենք ձեզ ասեինք, որ դուք մշկամուկ եք, դրա համա՞ր էլ մեզ վրա կբարկանայիք»։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։
Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։



