Իլհամ Ալիև

Երևան, թե՞ Բաքու`ո՞վ է ավելի հաճելի. ԵՄ-ն հետաձգում է Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումը

261
Իշխանափոխությունից հետո արևմտյան երկրներն ակնհայտորեն ավելի ջերմ սկսեցին վերաբերվել Հայաստանին։ Միևնույն ժամանակ, արդեն Երևանի վերջին գործընթացների հետ կապ չունեցող, Եվրոպայի քննադատության ալիքն Ադրբեջանի նկատմամբ աճում է։

Բացահայտված կոռուպցիոն դեպքերով պայմանավորված` եվրոպական կառույցներում իրականացված աղմկահարույց հրաժարականներից հետո, ԵՄ–ում որոշում է կայացվել հետաձգել այդ երկրի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը։

Դե ինչ, այժմ կարելի է փաստել, որ Հայաստանի միջազգային վարկանիշը վերջին իրադարձություններից հետո իսկապես աճել է, և համապատասխան հայտարարություններն ինքնագովազդով զբաղվելու համար չեն արվել։ Արտասահմանյան քաղաքական գործիչների, դիվանագետների և ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ երկրի նոր ղեկավարության հանդիպումների (և դրանց բովանդակության) առատությունն էլ դրա լավագույն ապացույցն է։

Ինչ վերաբերում է Իրանի, Վրաստանի և կոլեկտիվ Արևմուտքի հետ Ռուսաստանի, ԵԱՏՄ–ի և ՀԱՊԿ այլ երկրների հարաբերությունների կառուցմանը, ապա որքան հնարավոր է դատել, սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունենա։ Հայաստանի նոր ղեկավարությունը ձգտում է բոլոր պետությունների հետ հարաբերություններում որոշակի պրագմատիզմ և օպտիմալություն մտցնել։ Նման մոտեցումները կարելի է միայն ողջունել` առավելագույն արդյունքներ մաղթելով։

Միաժամանակ ակնհայտ է դառնում, որ եվրոպացիների պահանջկոտությունն Ադրբեջանի նկատմամբ աճում է. ԵՄ–ի և Բաքվի միջև գործընկերության մասին համապարփակ նոր համաձայնագիրը 2017-ի փոխարեն ստորագրման պատրաստ կլինի 2019 թվականին միայն։ Ինչպես հայտնում է Eureporter պորտալը, Եվրախորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ համաձայնագիրը ստորագրելու հարցում շտապել պետք չէ։

Եվրոպական խորհրդարանը 56 կողմ և ընդամենը 2 դեմ ձայներով (7 ձեռնպահ) ընդունեց` ԵՄ–ի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ ԵՄ խորհրդին և Արտաքին գործողությունների ծառայությանն ուղղված հանձնարարականները։ Այդ հանձնարարականներում, մասնավորապես, գրված է,  որ ԵՄ–Ադրբեջան հարաբերությունները նոր մակարդակի հանելը պետք է հիմնված լինի «ժողովրդավարությունը, գերակա օրենքը, մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները հարգելու սկզբունքի վրա»։

Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել ԵՄ խորհրդին հիշեցնել Ադրբեջանին, որ «ոչ մի համաձայնագիր չի կարող վավերացվել մի երկրի հետ, որը չի պահպանում ԵՄ հիմնական արժեքները», ինչպես նաև խթանել Բաքվին կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական հանցագործությունների, փողերի լվացման փաստերի վերաբերյալ հետաքննություն անցկանցել։  Այնուհետև ստանդարտ շարք է գնում. մինչև ԵՄ–ի հետ համաձայնագրի բանակցությունների ավարտն ազատել Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներին, և նման մի քանի բան։  Բացի այդ, Եվրախորհրդարանը պնդում է, որ«Ադրբեջանի և Հայաստանի հետ ԵՄ յուրաքանչյուր համաձայնագիր պետք է պայմանավորված լինի արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և սրացման անթույլատրելիության պարտավորություններով»։

Ադրբեջանի նկատմամբ ԵՄ մոտեցումներում քիչ բան է փոխվել, նման հանձնարարականներ եղել են նաև նախկինում։ Սակայն այժմ, եվրաչինովնիկներին կաշառելու ծանր նոկաուտից հետո, Հայաստանի նկատմամբ ջերմացած վերաբերմունքի հետ մեկտեղ, Բաքվում այդ ամենը ցավագին է ընդունվում։

Այս օրերին ադրբեջանական մամուլը լի է «վիրավորված» հոդվածներով. իբրև թե, ինչպես կլինի` իրենք և՛ գազ են նրանց տրամադրում, և՛ դիվերսիֆիկացիա, և՛… Լավ է գոնե խավիարը տարաներով այժմ չեն բեռնում բոլորի աչքի առաջ։ Բայց փոխարենը` թեման վայրկենապես շեղեցին. իբրև թե ԵՄ–ն, լիովին աջակցում ու խրախուսում է Ստեփանակերտի «անջատողական ռեժիմին», Հայաստանին չի պատժում (թե ինչի համար, հետաքրքիր կլիներ իմանալ), և ընդհանրապես «Եվրոպան իրենց նկատմամբ արդարացի չէ»։ Մի խոսքով, ինչ-որ կանխակալ Եվրոպա, իսկ թե Բաքվում ինչպես են հասկանում «անկանխակալությունն»` ակնհայտ է, և հազարերորդ անգամ այդ մասին հիշատակել չարժե, հետաքրքիր չէ։

Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի համեմատությանը, ԵՄ–ում, իհարկե, նման բան անում են, սակայն այդ համեմատությունների արդյունքը չէ, որ կարևոր դեր է խաղում եվրոպական կառույցներում երկու երկրների նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի հարցում։ Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվում են միասին միայն արցախյան հակամարտության համատեքստում,  որքան էլ Բաքուն փորձի հակառակն ապացուցել։

Ավելի ծանրակշիռ դեր է խաղում Անկարայում և Բաքվում ռեժիմների փաստացի նմանությունը։  Եվրոպայում Էրդողանի նկատմամբ վերաբերմունքը ինքներդ գիտեք ինչպիսին է, իսկ երբ Բաքուն ինքնակամ և լիովին ընթանում է թուրքական ուղիով, ապա գնահատականների, չափանիշների որոշակի փոփոխությունն անխուսափելի է դառնում։

Եվրոպական քաղաքական գործիչներն ավելորդ սենտիմենտալությամբ չեն տառապում, նրանք պրագմատիկ են, այդ պատճառով նրանք առաջնորդվում են ոչ թե հույզերով, այլ իրական հանգամանքներով։  Իհարկե, ժամանակակից աշխարհի բազմաթիվ խնդիրների վրա Եվրոպան նայում է իր տեսանկյունից, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը դրանց թվում չէ, այստեղ ամեն ինչ հիմնված է զուտ իրական պատկերի վրա։

Իսկ այդ պատկերն այսպիսին է`Երևանն առնվազն եվրախորհրդարանականներին չի կաշառել իր օգտին քվեարկելու համար։

261
Ըստ թեմայի
Նախիջևանյան ջոկեր կամ Ալիևի ձեռքում թաքնված խաղաթուղթը
Փաշինյանը պատրաստ է բանակցել Ալիևի հետ և Արցախը վերադարձնել բանակցային սեղանի մոտ
Տոնոյան. «Ալիևի հայտարարությունների նպատակը բարոյահոգեբանական ազդեցություն գործելն է»
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

1106
(Թարմացված է 23:32 02.03.2021)
Ադրբեջանը մտադիր է Արցախից իր տիրապետության տակ անցած տարածքում 3 օդանավակայան կառուցել՝ Ֆիզուլիում, Լաչինում ու Զանգելանում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինչի համար է Ադրբեջանին 3 օդանավակայան պետք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել հարցի պատասխանը։

Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։

Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։

Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ

Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։

Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։

Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:

ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում

Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։

Արամ Թաթոյան
© Photo : Tatev Duryan / Office of Human Rights Defender of Armenia

Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։

Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․

«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։

«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:

Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։

Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։

Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

1106
թեգերը:
Իլհամ Ալիև, Քաղավիացիա, օդանավակայան, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. 1 մարտի, 2021

Անքննելի է ընտրողների վարքագիծը

139
(Թարմացված է 21:15 02.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Մենք միշտ փորձում ենք կանխատեսել առաջիկա ընտրությունների արդյունքները։
Անքննելի է ընտրողների վարքագիծը

Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում  այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։

Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։

Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։

​Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։

Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն  տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։

​Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։

Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում

Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։

2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։

​Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։  Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։

Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը

Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։

Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։

139
թեգերը:
Հայաստան, Մեծ Բրիտանիա, Ընտրություններ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան
Հայտնի է, թե ինչու են Արցախում հետաձգվել ՏԻՄ ընտրությունները
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

81
(Թարմացված է 12:48 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

81
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը նախագահին առաջարկում է ինչ–որ մեկին ազատել, ու խնդիր է առաջանում. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ