Կարելի է համարել, որ բուռն ներքաղաքական գործընթացների առաջին փուլը` «թավշյա հեղափոխությունն», ավարտվել է։ Ավելի ճիշտ, այն կավարտվի մայիսի 8-ին, երբ, հուսանք, որ կընտրվի նոր վարչապետ։ Ինչպիսին կլինեն մյուս փուլերը, ինչ կտանք դրանք, ցույց կտա ժամանակը, իսկ առայժմ կարելի է որոշ հետևություններ անել։
«Թավշյա հեղափոխության» դրական և նույնիսկ զարմանալի (դրական առումով) կողմերի մասին այս օրերին միայն ծույլը չի խոսել, և հիմա չարժե նորից անդրադառնալ դրանց։ Ուստի կխոսենք չափազանց տհաճ երևույթի մասին, որն առկա էր առաջին հեղափոխական փուլի ողջ ընթացքում։
Ատելության և անհանդուրժողականության մասին։ Հասկանալի է, որ զգացմունքներ են, հասկանալի է, որ կուտակվել էր, որ արդեն անհնար էր դիմանալ անարդարությանը, կոռուպցիային և այլ մղձավանջներին։ Բայց գլխավոր գործող անձինք, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել իրադարձություններին, մեծամասամբ արժանավայել են պահել իրենց։ Թե՛ մի կողմից, թե՛ մյուս։
Իհարկե, եղել են զգացմունքների պոռթկումներ նաև նրանց մոտ, բայց դա մարդկային առումով հասկանալի է, չի կարելի պահանջել հետախույզի զսպվածություն։ Առավել ևս, եթե խորհրդարանի ամբիոնից կամ հրապարակում ինչ-որ կտրուկ բան է ասվել, հռետորները հետո այն հարթել են` թույլ չտալով գլորվել անթույլատրելի պահվածքի անդունդը։
Այլ հարց են սոցիալական ցանցերը, որոնք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր մարդու արտահայտել իր կարծիքը։ Միշտ չէ, որ ձևը, որով այդ կարծիքն արտահայտվում է, համապատասխանում է բարեկիրթ հասարակության մեջ ընդունված վարվելակերպի կանոններին։ Սոցիալական ցանցերը բառացիորեն ողողված են աղբի, զրպարտության, ատելության հոսքերով, հաշվեհարդարի և մահապատժի կոչերով։ Հասկանալի է, թե ինչու է այդպես, չէ՞ որ այդ դեպքում կարելի է գրեթե անպատիժ մնալ։
Քաղաքական փոթորիկների օրերին ակնթարթորեն հայտնվում են բազմաթիվ կեղծ էջեր և նույնիսկ կայքեր, որոնք ստեղծվում են կարճ ժամանակով, այդտեղից էլ գալիս է այդ ամբողջ կեղտի հիմնական հոսքը։ Ցույցերին կանգնող մարդիկ, որոնք փակում են փողոցները և հրապարակները, բնականաբար, ներգրավված չեն այդ ամենի մեջ կամ շատ քիչ մասնակցություն են ունենում։ Այդ ամենով զբաղվում են այսպես կոչված «բազմոցային» սադրիչների ջոկատները։
Կասկած չկա, որ նրանք սադրիչներ են։ Անկախ նրանից, թե ում կողմից են, վնասում են բոլոր կողմերին։ Ընդ որում` առաջին հերթին այն ճամբարին, որին նրանք իբր աջակցում են։ Բայց խոսքը նրանց մասին չէ։
Չէ՞ որ կան լիովին իրական մարդիկ, որոնք զբաղված են տհաճ արարքներով։ Հավանաբար մեզանից յուրաքանչյուրը, ով ինչ-որ ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում, այս օրերին տեսել է հանրապետականների կամ հեղափոխականների հասցեին հնչող կեղտոտ խոսքեր, զզվելի ֆոտոկոլաժներ, ատելության, հաշվեհարդարի կոչեր։ Ուրիշի կարծիքի հանդեպ անհանդուրժողականությունն անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Միայն ես եմ ճիշտ, իսկ նա, ով նույնիսկ մի ստորակետով այլ կերպ է մտածում, ժողովրդի թշնամին է և պետք է անմիջապես մինչև «յոթ պորտ» բոլոր հարազատների հետ տանջամահ արվի։
Կրկին զգացմունքներ են, կասեք դուք, կգա ժամանակը, բոլորը կհանդարտվե՞ն, մարդիկ կհանգստանան։ Կասեք, որ նրանց կարելի է հասկանալ, քանի որ այդքան տարի տեսել են անարդարություն, նվաստացում, զգացել են իրենց անզորությունը, ուստի ինչ-որ կերպ պե՞տք էր պարպել կուտակվածը։
Բայց եկեք սթափ դատենք։ Եթե մի կողմ թողնենք վերոհիշյալ ֆեյքերի բանակը, կմնան իրական մարդիկ, որոնք երբեմն թաքնվում են հորինված անունների, կեղծանունների հետևում, երբեմն էլ չեն թաքնվում։ Եվ դա շատ վատ է։
Եթե չեմ շփոթում, մենք արդեն երեք տասնամյակ ապրում ենք ժողովրդավարական երկրում։ Սկզբից մենք այն կառուցել-կառուցել ենք, պետք էր թեկուզ ինչ-որ բան կառուցել 30 տարիների ընթացքում, նման ժամկետում մյուս երկրները զրոյից դարձել են մեզ մոտ այդքան քարոզված «սինգապուրներ»։ Պարզվում է, որ մեզանում հասարակական ժողովրդավարական գիտակցության հետ մոտավորապես կատարվում է նույնը, ինչ «Հյուսիս-հարավ» ճանապարհի` թե՛ մեկը, թե՛ մյուսը ուղղակի չկան։
Ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը սեփական կարծիքն արտահայտելու իրավունքն է` սահմանափակված միայն որոշ արգելքներով` օրինակ, ռասիզմի անթույլատրելիությամբ։ Այդ սկզբունքը ստեղծվում է ոչ թե որոշումներով և իշխող կուսակցությունների հրամաններով, այն արմատավորվում է այդ գաղափարն իմաստավորելու ընդունակ գլուխներում։
Եվ այս դեպքում պետք է շատ տխուր հետևություն անել` մենք կենցաղային, հասարակական մակարդակում հեռու ենք ժողովրդավարական հասարակությունից, ինչպես Լուսնից։ Եթե մեզ մոտ անզուսպ ցասում և կենդանական ագրեսիայի պոռթկումներ է առաջացնում մեր կարծիքից տարբերվող ցանկացած կարծիք, ապա դեռ աճելու տեղ ունենք։
Հեշտ է բազմոցի մեջ նստած կեղտ լցնել ինչ-որ մեկի վրա, համացանցում վիրավորական լուսանկարներ և կարգախոսներ, հաշվեհարդարի կոչեր տեղադրել։ Իրենց այդպես հաճախ պահում են վախկոտները, որոնք չեն համարձակվի նույն բանն ասել աչքերիդ նայելով` ելնելով դաստիարակության և սոցիումում տարրական պահվածքի նորմերից։ Միաժամանակ դա թվացյալ անվտանգություն է` նման «հերոսի» գտնվելու վայրը ցանկության դեպքում կարելի է շատ արագ գտնել։
Ահա հենց այդ հերոսները, որոնք վայելում են իրենց խաբուսիկ «ամենազորությունը», վաղը կսկսեն պահանջել իրենց նկատմամբ պատշաճ վերաբերմունք։ Եվ երբ ի պատասխան ստանան այն, ինչ թույլ են տվել ուրիշների նկատմամբ, կսկսեն նեղանալ, անիծել հերթական իշխանությանը և բոլորին։ Բումերանգի օրենքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։
Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչ անեմ դրա հետ։ Շատ թե քիչ հասկանալի է, թե ինչու է ծնվել այս երևույթը, որը սպառնում է դառնալ զանգվածային (քանզի վարակիչ է)։ Դրա ակնհայտ պատճառներից մեկը կարելի է համարել կրթության մակարդակի աղետալի անկումը։ Մյուս կողմից նույն երիտասարդության մեծամասնությունը գրեթե կատարյալ է դրսևորել իրեն այդ դժվարին օրերին։ Ամեն դեպքում փոքրամասնությանը բնորոշ է անազնիվ բնույթը։
Վեճում փաստարկների բացակայությունը պետք է ծնի չարություն և ատելություն, բերանից թափվող թուքը փոփոխամիտ մարդկանց «զենքն» է, որոնք միշտ խոսում են նրանց հետևից, ովքեր տվյալն պահին ավելի ուժեղ են։
Կարելի է վստահ լինել սեփական իրավացիության մեջ, բայց երբեք չեմ հասկանա, թե միաժամանակ ինչու պետք է ատել նրան, ով քեզ հետ համաձայն չէ։ Անձամբ ես այդ պատճառով այս օրերին սոցիալական ցանցերում կորցրել եմ մի քանի ծանոթների, որոնց հետ, բարեբախտաբար, շփվում էի միայն վիրտուալ աշխարհում։ Ոչ ոք, ում հետ շփվում եմ իրական կյանքում, նման պահվածք թույլ չի տվել։ Կարծում եմ` չեմ սխալվի, եթե ենթադրեմ, որ գրեթե բոլորի մոտ նույն վիճակն է։
Սեփական իրավացիության մեջ վստահ մարդիկ ասում են, որ ցանկանում են ունենալ արդար հասարակություն և «ժողովրդի թշնամի» են հայտարարում նրանց, ովքեր թույլ են տալիս իրենց ոչ բոլոր հարցերում համաձայնել նրանց հետ։ Նրանք հեռակա կարգով հանցագործներ և գողեր են անվանում մյուսներին` մոռանալով, որ նորմալ հասարակությունում դա բացառապես դատավորի առանձնաշնորհն է։
Նայում ես սոցիալական ցանցերում նման հրապարակումների քանակին և ապշում դրանց տակ «լայքերի» քանակից։ Ուստի պետք է փաստել, որ հասարակության պահանջների մակարդակն առայժմ գերազանցում է նրա քաղաքացիական հասունության միջին մակարդակը։ Պետք չէ հուսալ, որ իրավիճակն արագ կշտկվի, այն դեռ շատ երկար չի կարգավորվի։
Անհրաժեշտ են նպատակաուղղված միջոցներ։ Տարբեր ոլորտների մասնագետները` հոգեբաններից մինչև անգամ տնտեսագետներ, պետք է որոշեն, թե ինչպիսի։ Ընդ որում` դա պետք է ցանկացած պետական իշխանությանը, որը ձևավորվում է կամ ձևավորվելու է, ինչպես նաև նրան, որը վաղ թե ուշ կփոխարինի այդ իշխանությանը։
Առանց ուրիշի կարծիքի նկատմամբ անհանդուրժողականությունն արմատախիլ անելու ոչ մի թավշյա և վեհ հեղափոխություն չի հասնի իր նպատակին։ Առավել ևս 21-րդ դարում։
Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։
Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։
Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։
Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։
Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա
«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։
Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․
«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։
«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:
Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։
Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։
Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։
Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։
Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։
Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։
2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։
Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։ Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։
Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը
Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։
Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում Ադրբեջանի քաղաքացին պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Նշվում է, որ Արտեզյան հորատանցքերի շահագործման վարչության պետ Հաֆիզ Ազիզզադեն, գտնվելով Նովրուզլու գյուղում, պայթել է ականի վրա է:
Տղամարդը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։ Փետրվարի 25-ին նման միջադեպ է տեղի ունեցել Ջրականում (Ջեբրայիլ) ։ Տղամարդը վնասվածքներ էր ստացել ՝ պայթելով ականի վրա։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:



