Բրիտանացի մասնագետներ

Թունավորում եղե՞լ է, թե՞ ոչ. ինչպես է Միրզայանովը հայտնաբերել հիմարների հետքը

232
(Թարմացված է 22:14 13.04.2018)
Ռուբեն Գյուլմիսարյան
Սկրիպալների գործը հետզհետե ավելի է խճճվում։ «Նովիչոկի» ստեղծողներից մեկը ներկայացող Վիլ Միրզայանովը սկզբում չէր կասկածում, որ Ռուսաստանի մատը խառն է, այնինչ մեկ ամիս անց փոխեց կարծիքը։

Մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյա Սկրիպալին, թունավորել են «Նովիչոկ» թույնով: Ժամանակին այդ նյութի մասին աշխարհին հայտնել էր Վիլ Միրզայանովը։ ВВС ռուսական ծառայության հարցազրույցում նա ասել է, որ մասնակցել է խորհրդային քիմիական զենքի մշակմանը։

Հենց Միրզայանովն էր դեռ 1992 թվականին Ռուսաստանին մեղադրել այդպիսի զենքի ոչնչացման պայմանավորվածությունները խախտելու համար, իսկ 2008 թվականին գիրք էր հրատարակել, որում ներկայացրել էր այդ նյութի ստեղծման վերաբերյալ հետազոտություններն ու աշխատությունները։ Նա գրել էր նաև ընդհանուր առմամբ ԽՍՀՄ-ում քիմիական զենքի ծրագրի մասին։ Հիմա էլ այդ գիրքը շարունակում է մնալ «Նովիչոկի» մասին տեղեկության գլխավոր ու գրեթե միակ աղբյուրը։ Յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել` հավատալ, թե չհավատալ այդ գրքում ներկայացված տեղեկություններին։

Երբ լույս տեսավ «Պետական գաղտնիքներ. քիմիական զենքի ռուսական ծրագիրը ներսից» գիրքը, Միրզայանովն արդեն ութ տարի ԱՄՆ-ում էր ապրում։ Նա հանգիստ հեռացել էր Ռուսաստանից, թեև 1992 թվականին պետական գաղտնիքը բացահայտելու մեղադրանք էր ներկայացվել նրան։ Նույնիսկ նստել էր «Մատրոսսկայա տիշինայում» ու «Լեֆորտովոյում»։ Նա ամերիկյան մամուլում հոդվածներ էր գրում այն մասին, որ չնայած միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին, Ռուսաստանն իբր թաքցնում է իր մոտ եղած քիմիական զենքի իրական ծավալները և չի վերացրել այն ամենը, ինչը պետք է վերացներ։

Հետխորհրդային «դիսիդենտներից» մեկը բանտերում այնքան չի նստել, որ տառապյալի համբավ ստանար։ 1994 թվականին գործը դադարեցվել է` հանցակազմի բացակայության հիմունքով, և ինչպես արդեն նշեցինք, թույլ են տվել, որ ԱՄՆ մեկնի։ Այնտեղ նա դասավանդում էր համալսարանում, ու երկար տարիներ ձայնը դուրս չէր գալիս։

Բայց բավական էր, որ Թերեզա Մեյը հայտարարեր, թե Սկրիպալներին հենց «Նովիչոկով» են թունավորել, և Միրզայանովը դուրս եկավ համալսարանի լսարանից ու հատուկ The Telegraph-ի համար ասաց, որ միայն Ռուսաստանը կարող էր այդ քայլին գնալ։ Քանի որ մշակումները խորհրդային էին, հետո` ռուսական։ Հարց` ուրիշ ո՞վ պիտի աներ։

Ենթադրենք։ Բայց բանն այն է, որ Միրզայանովը, իր իսկ պնդմամբ, հրապարակել էր «Նովիչոկի» բանաձևերը, այնպես որ խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ` դիվերսիոն նպատակներով` որտեղ ասես կարող էին պատրաստել այդ նյութը։ Այստեղ բարդություն է առաջանում. փորձագետներն ասում են, որ իբր «Նովիչոկի» մի երկու տասնյակ բանաձև կա, բայց այդ բանաձևերով բոլորովին այլ նյութ է ստացվում։

Ավելին` մի շարք հետազոտողներ «Նովիչոկը» կիսաառասպելական նյութ են համարում, որի գոյությունը մեծ հարցականի տակ է։ Եթե ենթադրենք, որ նման նյութեր են օգտագործվել, ապա այդպիսի նյութերը շատ են, և դրանք հանգիստ կարող էին ստեղծված լինել Պորտոն Դաունում, որպեսզի մոտ լիներ դեպքի վայրին ու այս աղբը (եթե իհարկե, այն ընդհանրապես գոյություն է ունեցել) դեպքի վայր հասցնողի գործը հեշտանար։ 

Մեկ ամիս անց անկանխատեսելի Միրզայանովը որոշեց ինքն իրեն հերքել` այս անգամ «Կոմերսանտ- FM»-ին հայտնելով, որ Սկրիպալներին չէին կարող թունավորել Մեծ Բրիտանիայում։

«Միայն հիմարը կարող էր այդ նյութը կիրառել խոնավ պայմաններում», — մեջբերում է «Կոմերսանտը» նյարդային-պարալիտիկ մասնագետի ասածը և նշում` «Նովիչոկի» ու դրա նման նյութերի գլխավոր թերություն այն է, որ բոլորն ըստ էության, խոնավությանը չդիմացող միացություններ են։

Քիմիայի դասախոսություններով չվախեցնելու համար ավելի պարզ ասենք. խոնավ ժամանակ անհնար է թունավորել այդպիսի նյութով, դրանք քայքայվում են ու կորցնում իրենց հատկությունները։ Իսկ քանի որ Բրիտանիայում միշտ և ամենուր խոնավ է, ապա միայն հիմարը կարող էր փորձել դա կիրառել։ Սա ավելի է խճճում իրավիճակը, քանի որ ստացվում է` Ռուսաստանը չէր կարող Սկրիպալներին Բրիտանիայում թունավորել։ Կամ էլ մեկ այլ տարբերակ. Ռուսաստանն է արել, բայց պատահաբար մոռացել է իր կիրառած զենքի թույլ կողմերի մասին։ Չգիտես ինչու, դժվարանում եմ հավատալ այս վարկածին։

Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցում նշվում է, ոչ Սկրիպալների դեմ մահափորձի ժամանակ օգտագործած թունավոր քիմիական նյութը բարձր մաքրություն ունի. գրեթե առանց խառնուրդների է։

Հարց է ծագում. ի՞նչ հրաշքով են ապաքինվել մարդիկ, որոնց թունավորել են մաքուր, առանց խառնուրդների, հատուկ թունավորման համար ստեղծված աղբով։ Այստեղից, իհարկե, նաև շատ այլ հարցեր են բխում, օրինակ` ի՞նչ է իրականում կատարվում Սկրիպալների հետ, արդյո՞ք նրանք ողջ են։ Եվ ընդհանրապես թունավորում եղե՞լ է, թե՞ ոչ…

232