Դոնալդ Թրամփը

Ինչու Թրամփի թվիթերյան երկրորդ գրառումն աննկատ մնաց. տեղեկության հլու սպառողները

105
(Թարմացված է 22:06 12.04.2018)
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում միանգամից երկու գրառում էր կատարել։ Առաջինն այնքան էր ցնցել համաշխարհային հանրությանը, որ դրա բովանդակությունը հերքող երկրորդ հրապարակումը հանրության կողմից աննկատ մնաց։ Սակայն երբեմն օգտակար է հետևել իրադարձություններին` ըստ ժամանակագրության։ Երբեմն դա օգնում է խուսափել ավելորդ իրարանցումից։

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը վերջերս Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին վիրավորական մականուններով էր կոչել և խոստացել նրան իր երկրի հետ միասին վերացնել աշխարհի երեսից, Twitter-ում նույնատիպ անեծքներ է ուղղել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հասցեին։ Վիրավորական խոսքերին հետևել է` ամերիկյան հրթիռները «որսալու» Ռուսաստանի հրավերը, որոնք շուտով բաց կթողնվեն Սիրիայի ուղղությամբ, իսկ այդ հրթիռներից Ամերիկան, Թրամփի խոսքով, շատ ունի` և՛ լավերը, և՛ խելացիները, ամեն տեսակի։

Այդ գրառման մասին բոլորը հիանալի գիտեն։ Այն մեծ իրարանցում էր առաջացրել` ընդհուպ մինչև ազգային արժույթի անկում և ատոմային պատերազմին զանգվածային նախապատրաստում։ Այն մասին, որ Թրամփն այդպես էլ ոչինչ չարեց Հյուսիսային Կորեայի հանդեպ, քչերը հիշեցին։

Աշխատանքային օրվա վերջում, հազվագյուտ խելամիտ ձայները, որոնք կոչ էին անում կարդալ ԱՄՆ նախագահի երկրորդ գրառումը և վերջ դնել խուճապին, վերջապես հասան նորությունները սպառող հանրության ականջներին, և շատերը վերջապես հանգստացան։ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները այժմ ավելի վատ են, քան երբևէ` ներառյալ սառը պատերազմի ժամանակները։ Դրա համար պատճառներ չկան։ Ռուսաստանը մեր օգնության կարիքն ունի իր տնտեսության զարգացման հարցում` դա շատ հեշտ կլիներ անելը։ Պետք է, որ բոլոր երկրները միասին աշխատեն։ Կանգնեցնե՞նք սպառազինության մրցապայքարը», — առաջարկել էր Դոնալդը, կարծես թե նա չէր 40 րոպե առաջ մոլորակին խուճապահար արել։

Սակայն այդ երկու գրառումները միակը չէին։ Դրանցից առաջ Թրամփն, այսպես ասած, նախաբան էր հրապարակել, որում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառ է անվանել «ռուսական դոսյեի» կեղծ ու ծախու հետաքննությունը, որը կազմակերպել էին «ժողովրդավարների կողմնակիցները կամ Օբամայի համար աշխատող մարդիկ»։ Այսինքն` ամեն ինչ շատ պարզ է` Թրամփի նկատմամբ կոմպրոմատ են փնտրում, և «ռուսական հետքն» այն ուղղությունն է, որտեղ տեսականորեն այն կարող են գտնել։ Իսկ դա նշանակում է, որ որքան Թրամփը խիստ է Ռուսաստանի հետ, այնքան ավելի շատ կասկածներ է ցրում։

Եվ այս դեպքում բախվում ենք մի ֆենոմենի, որը երկար էր խմորվում և հասունացավ վերջերս։ Այն կապված է մարդկանց զանգվածների հետ, որոնց արդարացիորեն սկսեցին անվանել «նորությունների սպառող»` մաստակի, փոփ-քորնի և լվացքի փոշու սպառողների նման։ Դա այն է, երբ, պայմանականորեն ասած, «նորության մեկ միավորը» ներթափանցում է նման սպառողի գիտակցություն ու մնում այնտեղ անփոփոխ։ Այսինքն` սպառողը տեղեկությունն ընկալում է այն տեսքով, որով այն մատուցվում է` առանց վերլուծության ենթարկելու և ընկալելու։

Քանի որ նման սպառողը տեղեկությունը ստանում է մեծամասամբ մի աղբյուրից, որը նա ժամանակին գերադասել էր մյուսներից, ապա այն մեկ այլ նորության հետ համեմատելու տարբերակ չունի։ Դա մարդու գիտակցված ընտրությունն է, որը վերջին տարիների ընթացքում իր համար նոր մարմին էր աճեցրել` սմարթֆոնը։ Իսկ եթե տեղեկությունը որևէ բանի հետ համեմատելու տարբերակ չկա, իսկ «տեղեկության հաջորդ միավորը» ընկալվում է առանց որևէ կապի այն բանի հետ, ինչի մասին խոսվել է մինչ այդ և կհայտնեն հետո, ապա այն ընկալվում է որպես միակ հնարավորը, և այդ պատճառով էլ` հավաստին։

Ահա այդ պատճառով է խուճապ առաջացել։ Թվիթերում տարածված տեղեկությունն անմիջապես վերածվում է «թվիթերյան դիվանագիտության», իսկ նման դիվանագիտություն վարելն ավելի հեշտ է, քան ավանդականը, գոնե այն պատճառով, որ տարակուսանքով լի հայացքներ չես տեսնում այն մարդկանց շրջանում, ովքեր դեռ չեն կորցրել իրադարձությունները վերլուծելու կարողությունը և ամբողջական վերլուծելու, այլ ոչ «միավորի» չափով։

Այդ պատճառով էլ հնարավոր դարձավ անտեսել, օրինակ, անմեղսունակության կանխավարկածը, տրամաբանությունն ու ճշմարտացիությունը, էլ չենք խոսում «մահկանացուն կնքած» միջազգային իրավունքի սկզբունքների մասին։ Եթե ասել են «թունավորել են», նշանակում է` թունավորել են, ասել են` Ռուսաստանը, ուրեմն միայն նա, և ուրիշ ոչ ոք։ Եթե ձեզ ասում են, որ թունավոր գազը կարող է դռան բռնակների վրա մնալ շաբաթներով, ուրեմն սպառեք տեղեկությունը, և պետք չէ հիշել միջին դասարաններում դասավանդվող ֆիզիկայի օրենքները։

Մոտ մեկ ժամում Թրամփը կարողացավ կատարել Ռուսաստանի հասցեին ռազմատենչ հռետորության ամենօրյա պլանը, որը կոչված էր ցույց տալու Մոսկվայի հետ իր կապի անհնարինությունը։ Այնուհետև տեղեկության հաջորդ չափաբաժինը տարածվեց` «եկեք համերաշխ ապրենք»։ Եվ որևէ հակասություն չկա, դրանք տեղեկության տարբեր միավորներ են, միմյանց հետ կապ չունեցող, և եթե այդպես էլ ընդունեք դրանք, ապա ամեն ինչ չափից դուրս պարզ է։

Նման սկզբունքների վրա հիմնված թվիթերյան դիվանագիտությունը կարող է խնդիրներ առաջացնել` սոցցանցերում խուճապ է առաջացել և պատրաստվում են Դատաստանի օրվան, նույնը բորսաներում, մի շարք ԶԼՄ-ներում… Եվ մի քանի ժամ անց միայն, վերջապես, տեսնելով, որ ապոկալիպսիսը չեղյալ են հայտարարել, մարդիկ սկսում են զբաղվել իրենց սովորական գործերով, մինչև հաջորդ պոտենցիալ վտանգավոր «տեղեկատվության միավոր» ստանալը։ Վտանգավոր, որովհետև ոչ բոլորն են «սպառող», իսկ «չսպառողների» թվում կարող են սադրիչներ կամ պարզապես խելագարներ լինել, իսկ նրանք իսկապես կարող են իսկական աղետի պատճառ դառնալ։

Իսկ լսող սպառողներից բաղկացած հասարակությանն ավելի հեշտ է կառավարելը։ Եղանակը փչացնում են վերլուծող մարդիկ, նրանք, ովքեր սովոր չեն հավատալ ասածին։ Ինչպես գրված էր մի օգտակար գրքում, «Գրագետ մարդը թագավորի թշնամին չէ։ Թագավորի թշնամին երազկոտ, կասկածամիտ, չհավատացող գրագետ մարդն է»։

105
Ըստ թեմայի
ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրացումը լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսության համար
Դամասկոսում հայտնել են ԱՄՆ-ի ավիացիայի հարձակմանը պատասխան տալու պատրաստակամության մասին
Թերեզա Մեյը մերժել է Թրամփին
Թրամփի սերը հույների հանդեպ կամ ընդդեմ թուրքերի,և ինչու է կարմրել Թուրքիայի հյուպատոսարանը
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

1164
(Թարմացված է 23:32 02.03.2021)
Ադրբեջանը մտադիր է Արցախից իր տիրապետության տակ անցած տարածքում 3 օդանավակայան կառուցել՝ Ֆիզուլիում, Լաչինում ու Զանգելանում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինչի համար է Ադրբեջանին 3 օդանավակայան պետք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել հարցի պատասխանը։

Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։

Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։

Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ

Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։

Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։

Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:

ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում

Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։

Արամ Թաթոյան
© Photo : Tatev Duryan / Office of Human Rights Defender of Armenia

Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։

Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․

«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։

«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:

Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։

Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։

Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

1164
թեգերը:
Իլհամ Ալիև, Քաղավիացիա, օդանավակայան, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. 1 մարտի, 2021

Անքննելի է ընտրողների վարքագիծը

140
(Թարմացված է 21:15 02.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Մենք միշտ փորձում ենք կանխատեսել առաջիկա ընտրությունների արդյունքները։
Անքննելի է ընտրողների վարքագիծը

Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում  այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։

Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։

Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։

​Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։

Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն  տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։

​Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։

Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում

Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։

2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։

​Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։  Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։

Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը

Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։

Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։

140
թեգերը:
Հայաստան, Մեծ Բրիտանիա, Ընտրություններ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան
Հայտնի է, թե ինչու են Արցախում հետաձգվել ՏԻՄ ընտրությունները
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Tерритория памятника национального значения «Ахтамирская крепость», расположенного в общине района Воскеваз

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը

0
Անհայտ անձը կամ անձինք վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։

0