Հայաստանի ֆուտբոլի հավաքական

Հաղթում է թիմը, պարտվում մարզիչը. ո՞վ կփոխարինի Արթուր Պետրոսյանին

155
Խաչիկ Չախոյան
Ինչո՞ւ հեռացավ Արթուր Պետրոսյանը։ Երեք հավանական անուններից ո՞ւմ կվստահվի այս բարդ ու կարևոր գործը։ Այս հարցը հիմա հետաքրքրվում է թե ֆուտբոլիստներին, թե հավաքականի երկրպագուներին։

Ապրիլի 6-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական տվեց, ինչն էլ ընդունվեց ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Գաղտնիք չէ, որ մարզչական աշխատանքը շատ հաճախ անշնորհակալ է: Երբ թիմը հաղթում է, կարծես թե, ամեն ինչ կարգին է, երբ պարտվում է, մարզիչը մեղավոր է: Ինչպես ասում իտալացիները` հաղթում է թիմը, պարտվում մարզիչը: Շատ քիչ մարզիչներ կարող են հպարտանալ նույն թիմում իրենց «երկարակեցությամբ»: Մեր հավաքականի նախկին ռմբարկու Արթուր Պետրոսյանի նշանակումը հավաքականի գլխավոր մարզիչ դերում ընդունվեց մեծ ոգևորությամբ: Շվեյցարիայում մարզչական փորձ կուտակած Պետրոսյանը ծրագրերով լի էր:

Նշանակումից 1 տարի 5 ամիս անց ստիպված ենք խոսել արդեն նրա հեռանալու մասին։ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մեր հավաքականն անցկացրել է 12 խաղ, որոնցից հինգում հաղթանակ ենք տոնել, երկուսում ոչ-ոքի խաղացել և կրել հինգ պարտություն: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Պետրոսյանի դեբյուտը առավել քան հաջող էր՝ երեք խաղ, երեք հաղթանակ: Բայց հետո արդյունքի տեսանկյունից ուրախանալու առիթ քիչ ունեցանք: Իսկ ընտրական խաղերում Դանիայից, Չեռնոգորիայից և Լեհաստանից խոշոր հաշվով կրած պարտություններից հետո պարզ էր, որ մեր թիմ լավ վիճակում չէ:

Լեհաստանի հավաքականի հետ խաղում կրած ցավալի պարտությունից հետո Արթուր Պետրոսյանը նշեց, որ հավաքականին նոր «արյուն» է հարկավոր: Ու, աստիճանաբար, նոր խաղացողներ ունեցանք: 2017 թվականը ընկերական երկու խաղերում եզրափակելով  երկու հաղթանակներով` նորից հույս առաջացավ, որ հավաքականը կկարողանա Ազգերի լիգայի խաղարկությունում հասնել հաջողության: Առաջ գնալով նշենք, որ այդ հույսը հիմա էլ կա ու կար մինչև Պետրոսյանի հրաժարականը: Սակայն ստուգողական վերջին երկու խաղերում հաղթանակ չտոնելուց հետո, Արթուր Պետրոսյանը հրաժարական տվեց:

Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ էին հայտնում մարզչի աշխատանքի ու հավաքականի խաղի վերաբերյալ: Իմ խորին համոզմամբ` Արթուր Պետրոսյանը և նրա մարզչական շտաբը կարող էին հասնել արդյունքի, քանի որ Պետրոսյանը շատ լավ տիրապետում էր մարզչական գործին: Միգուցե կար փորձի պակաս, չեմ  առարկի: Ուղղակի չմոռանանք, որ ինչքան էլ հրաշալի մարզիչ ունենանք, նաև նույնքան հրաշալի խաղացողներ են պետք նպատակներին հասնելու համար: Հավաքականում եվրոպական մակարդակի ինչքա՞ն ֆուտբոլիստներ ունենք: Այդ հարցի պատասխանը կարծում եմ բոլորն էլ գիտեն:

Ոչ մի դեպքում չեմ ուզում մեր ֆուտբոլիստների կատարած աշխատանքի վրա ստվեր գցել: Կասեմ հակառակը` խաղադաշտ դուրս եկած բոլոր ֆուտբոլիստներն էլ հիմնականում արել են ինչ կարողացել են: Բայց ինչպես տեսնում ենք` արդյունք չկա: Հետևաբար, Արթուր Պետրոսյանը այս կազմով չկարողացավ հասնել այն արդյունքին, ինչը հնարավորություն կտար այս պահին լիարժեք խոսել ապագա հաղթանակների մասին: Բայց այդ հաղթանակներին մենք, միևնույնն  է, սպասում ենք: Պարզապես հիմա գլխավոր հարցն այլ է՝ ո՞վ կառաջնորդի մեր ընտրանին:

Հայաստանում գործող մարզիչներից քչերը կարող են գլխավորել հավաքականը: Վարդան Մինասյան, Արմեն Գյուլբուդաղյանց, Աբրահամ Խաշմանյան: Վերջինիս տարբերական ինչ- որ տեղ կարելի է բացառել, քանի որ Խաշմանյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից: Արմեն Գյուլբուդաղյանցը գլխավորում է «Փյունիկը», իսկ Վարդան Մինասյանը հետևում է Հայաստանի մինչև 17 և 19 տարեկան ֆուտբոլիստների ընտրությանն ու խաղին: Այս երեք մարզիչներից այս պահին, երևի, ամենահարմար տարբերակը Վարդան Մինասյանն է, որը ազգային հավաքականի պատմության լավագույն մարզիչն է: Բայց, թե քանի դեռ նշանակում չկա, մեզ մնում է սպասել:

Իհարկե, կա տարբերակ նաև արտասահմանցի մասնագետ հրավիրելու: Ազգերի լիգայի մրցաշարը մեկնարկում է սեպտեմբերին: Թվում է, թե ժամանակ շատ կա, բայց չմոռանանք, որ ֆուտբոլիստները հավաքականի մարզչի տրամադրության տակ չեն կարող գտնվել  ինչպես իրենց ակումբներում: Հետևաբար`  ժամանակ ոչ թե շատ կա, այլ շատ քիչ կա: Իսկ արտասահմանցի մասնագետի հետ նաև բանակցությունների համար է ժամանակ պետք: Ի՞նչ է մնում ֆուտբոլասերին և երկրպագուներին: Նորից սպասել ու հուսալ:

155
Ըստ թեմայի
Հայաստանի ֆուտբոլի խորհրդանշական հավաքականը
Ո՛չ առաջ, ո՛չ հետ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը վարկանիշային աղյուսակում
Երիտասարդական հավաքականը լավ խաղ ցուցադրեց, բայց նորից պարտվեց
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարզվում է ու պատրաստվում ընկերական հանդիպումների